Թագավորական քոլեջի մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորական քոլեջի մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՔեմբրիջ[2]
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ԹեմAnglican Diocese of Ely?[3]
Հիմնական ամսաթվերը1446[1]
Մասն էԹագավորական քոլեջ, Քեմբրիջ
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճԳոթիկա
Հիմնադրված1446[1]
Քարտեզ
Քարտեզ
 King's College Chapel, Cambridge Վիքիպահեստում
kings.cam.ac.uk/chapel(անգլ.)

Թագավորական քոլեջի մատուռ Քեմբրիջում՝ Անգլիա, անգլիական ուղղափառ գոթիկայի[4] գլուխգործոց, Քեմբրիջի համալսարանի այցեքարտը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմբրիջ ու Օքսֆորդ քաղաքները, որտեղ գտնվում էին Անգլիայի խոշորագույն համալսարանները, միշտ հատուկ ուշադրություն են արժանացել անգլիական գահակալների կողմից։ Դա ենթադրում էր նաև նրանց հետաքրքրությունը քոլեջների և դրանց հարակից շինությունների նկատմամբ։

Թագավորական քոլեջի մատուռի շինարարությունը սկսվել է 1444 թվականին անգլիացի թագավոր Հենրի VI-ի հրամանով, որն ինքն է որոշել ապագա մեծ կառույցի չափերը։ 1446 թվականի հուլիսի 25-ին Հենրի VI-ն անձամբ դրեց մատուռի հիմքը։ Մատուռի ճարտարապետներն են Ռեջիալնդ Էլին և Նիկոլաս Կլաուսը։ Ռիչարդ III-ի թագավորության ավարտին (1485 թվական), չնայած վարդերի պատերազմին, ավարտվել է և տանիքի տակ ամփոփվել է մատուռի հինգ թռիչք։ 1506 թվականին Քեմբրիջ այցելեց թագավոր Հենրի VII-ը և ֆինանսավորեց շինարարության ավարտը, ընդ որում՝ այնքան գումար թողեց, որպեսզի շինարարությունը շարունակվի նաև նրա մահից հետո։ 1515 թվականին՝ Հենրի VIII-ի օրոք, Քեմբրիջի Թագավորական քոլեջի մատուռի շինարարությունն ավարտել է ճարտարապետ Ջոն Ուեսթելին։

XVII դարի քաղաքացիական պատերազմի ժամանակ մատուռն օգտագործվել է Օլիվեր Կրոմվելի զորքերի կողմից՝ որպես ուսումնական պոլիգոն։ Սակայն նա խուսափել է լուրջ վնասվածքներից հավանաբար այն պատճառով, որ Կրոմվելն ինքը ժամանակին Քեմբրիջի ուսանող է եղել։ Զինվորների թողած գրությունները մինչ օրս կարելի է գտնել խորանի հյուսիսային և հարավային պատերի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վիտրաժների մեծ մասը հանվել է, և Թագավորական քոլեջի մատուռը կրկին անվնաս է մնացել։

Թագավորական քոլեջի մատուռն ակտիվորեն օգտագործվում է ինչպես իր անմիջական նշանակությամբ, այնպես էլ Թագավորական քոլեջի հանդիսավոր միջոցառումների անցկացման համար։ Ամեն տարի՝ մայիսին, թագավորական երաժշտական հասարակությունն անցկացնում է համերգների շաբաթ։ Այս իրադարձությունը մշտապես հայտնի է Քեմբրիջի ուսանողների, շրջանավարտների և հյուրերի շրջանում՝ նաև անվճար շամպայնի և սերուցքով ելակի շնորհիվ, որոնք հյուրասիրում են համերգից հետո։ Մատուռը հայտնի է իր հիասքանչ ակուստիկայով։ Մեծ ճանաչում ունի Թագավորական քոլեջի մատուռի երգչախումբը, որը բաղկացած է Քեմբրիջի համալսարանի ուսանողներից։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական իշխանության հովանու ներքո կառուցված Քեմբրիջի Թագավորական քոլեջի մատուռն իսկապես թագավորական չափսեր ունի։ Շենքի երկարությունը 289 ֆուտ է (88 մետր), նեփիի լայնությունը ՝ 12 մետր, կամարի բարձրությունը ՝ 29 մետր։ Մատուռի շենքն ունի ուղղանկյուն զուգահեռանիստի պարզ ընթեռնելի ձև, որի ծավալն ակնհայտորեն ավելի մեծ է ֆունկցիոնալ հիմնավորված մեծություններից։

Թագավորական քոլեջի մատուռը կարող է իրավամբ համարվել գոթիկայի ուղղահայաց ոճի չափանիշ։ Վաղ շրջանի գոթական կառույցների համար անսովոր նրա ուղղանկյուն գծագիրը ստեղծվել է՝ որպես եկեղեցական կառույցների շինարարության ավելի վաղ կուտակված տեխնիկական փորձի արդյունք։ Մատուռի բարձր պատերը պատված են պատուհանների լայն ապակեպատ հարթություններով, որոնք կապված են մանրամասն մշակված քանդակների հետ։ Սա զուտ անգլիական ճարտարապետական ավանդույթ է, որը նմանը չունի եվրոպական ճարտարապետության մեջ։ Կողային պատերին խոշոր պատուհանների տեղադրումը հնարավոր է դարձել շենքը սեղմող կոնտրֆորս համակարգի շնորհիվ։ Արտահայտիչ գլխավոր ճակատը կիսով չափ պատված է վիտրաժներով հսկայական պատուհանով։ Երկու անկյունային աշտարակները ստվերում են ապակեպատ ճակատը, հիշեցնելով անգլիական ամրոցների աշտարակները, որոնք համապատասխանում են XV դարի ճարտարապետական կանոններին։

Բարձրագույն ձգտումները ընդգծվում են նրբագեղ սյուներով, որոնք աջակցում են հանգույցի հովհարային կամարները։ Հովհարային ծածկը անգլիական գոթիկայի վառ առանձնահատկությունն է, նախկինում դա կիրառվել է միայն համեմատաբար փոքր տարածքների համար։ Առաջին անգամ այն կիրառվել է Գլոստերի տաճարի ճարտարապետության մեջ, բայց միայն Քեմբրիջում հովհարային կառուցվածքը ստացել է վառ և ամբողջական գեղարվեստական մարմնավորում։ Հատուկ հիացմունք է առաջացնում այն փաստը, որ մատուռի հովհարային ծածկը կառուցված է ոչ ավանդական եղանակով, երբ սկզբում տեղադրվում են կողերը,և ապա դրանց միջև եղած տարածությունն է լցվում, այլ հավաքվել է փորագրված զգալի զանգված ունեցող քարե բլոկներով, որոնք բարձրացվել և տեղադրվել են գլխապտույտ բարձրության վրա[6]։

Քեմբրիջի Թագավորական քոլեջի վիտրաժները համարվում են XVI դարի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Արևելյան ճակատային և քսանչորս կողային պատուհանները ապակեպատել են ֆլամանդացի վարպետները (1515- 1531 թվականներ)։ Միայն արևմտյան պատի մեծ պատուհանն է վիտրաժով ապակեպատվել 1879 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.historicengland.org.uk/listing/the-list/list-entry/1139003
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://www.achurchnearyou.com/
  4. Saltmarsh, John King’s College (в сборнике Victoria County History of Cambridgeshire, Часть III, изд. J.P.C. Roach, 1959).
  5. В частности, изображение часовни Королевского колледжа присутствует на логотипе городского совета
  6. Франческа Прина, Елена Демартини. 1000 лет мировой архитектуры/Пер. с англ. — М.: Омега, 2008. — С. 126—127. — 432 с. — ISBN 978-5-465-01682-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորական քոլեջի մատուռ» հոդվածին։