Թագավորական ցուցահանդեսային կենտրոն (Մելբուրն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարժանություն
Թագավորական ցուցահանդեսային կենտրոն
անգլ.՝ Royal Exhibition Building
Royal exhibition building tulips straight.jpg
Թագավորական ցուցահանդեսային կենտրոն
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Քաղաք Մելբուրն
Նախագծի հեղինակ Ջոզեֆ Ռիդ
Շինարարության վերջ 1880
Կարգավիճակ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1131
ռուս..անգլ..ֆր.
Կոորդինատներ: 37°48′22″ հվ. լ. 144°58′13″ ավ. ե. / 37.80611° հս․. լ. 144.97028° ավ. ե. / 37.80611; 144.97028
Թագավորական ցուցահանդեսային կենտրոնը Վիքիպահեստում

Թագավորական ցուցահանդեսային կենտրոն (անգլ.՝ Royal Exhibition Building), շենքը Մելբուռնում, Ավստրալիա: Գտնվում է մելբուրնյան Կառլտոնյան այգիներում, որը հարում է Մելբուրնի հյուսիսարևելյան ծայրամասում գտնվող Կենտրոնական գործարար թաղամասին։ Այս շենքն առաջինն է Ավստրալիայում, որին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։ Թագավորական ցուցահանդեսային կենտրոնը հարում է Մելբուրնյան թանգարանին և ինքնին հանդիսանում է Վիկտորիայի թանգարանի ամենամեծ օբյեկտը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի առաջին խորհրդարանի բացումը 1901 թվականի մայիսի 9-ին, Թոմ Ռոբերթսի նկար
Թագավորական ցուցահանդեսային կենտրոնի Մեծ դահլիճի տեսքը

Շենքը նախագծվել է ճարտարապետ Ջոզեֆ Ռիդի կողմից, ով եղել է նաև Մելբուրնի Քաղաքային դահլիճի և Վիկտորիայի Պետական գրադարանի հեղինակը։ Թագավորական ցուցահանդեսային կենտրոնի շինարարությունն ավարտվել է 1880 թվականին՝ Մելբուրնի միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։ Շենքը իր մեջ ներառում է 12 000 մ2 մակերեսով Մեծ դահլիճ և շատ ավելի փոքր շինություններ։ Համարվում է, որ շինության հայտնի գմբեթի համար օրինակ է ծառայել Ֆլորենցիայի Մայր Տաճարը:

Թագավորական ցուցահանդեսային կենտրոնի պատմության մեջ կարևորագույն իրադարձություն դարձավ 1901 թվականի մայիսի 9-ին Ավստրալիայի Խորհրդարանի առաջին շենքի բացումը և Ավստրալական Միության անկախության հռչակումը։ Բացման պաշտոնական արարողությունից հետո դաշնային կառավարությունը տեղափոխվեց Վիկտորիա նահանգի Խորհրդարանի շենք, մինչդեռ Վիկտորիայի կառավարությունը տեղափոխվեց Թագավորական ցուցահանդեսային կենտրոն, որտեղ այն գործեց հաջորդող 26 տարիներին։

Դրանից հետո ցուցահանդեսային կենտրոնն օգտագործվել է տարբեր նպատակներով։ Շնորհիվ իր դեկորի՝ 1940-ական թվականներին հայտնի է եղել որպես «Սպիտակ փիղ»[1]: 1950-ական թվականներին քննարկվել են շենքի քանդման և նրա տեղում նոր գրասենյակների ստեղծման նախագծեր[2]: Շինություններից մեկը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Մելբուրնի ակվարիումը, այրվել է 1953 թվականին։ Մեծ պարահանդեսային դահլիճն էլ քանդվեց 1979 թվականին։ Դրանից հետո քաղաքում հիմնական շենքի պաշտպանությանն ուղղված և այն թանգարանի վերածելու ալիք բարձրացավ։

1984 թվականին, երբ թագուհի Եղիսաբեթ II-ն այցելեց Մելբուրն, նա Ցուցադրական կենտրոնին շնորհեց «Թագավորական» տիտղոսը, ինչն էլ խթան հանդիսացավ շենքի ներքին շինությունների վերականգնման համար[3]:

1996 թվականին այն ժամանակվա Վիկտորիայի վարչապետ Ջեֆ Քենեթ առաջարկել է կառուցել նոր Մելբուրնյան թանգարան շինությանը հարակից հարթակում։ Թանգարանի անմիջական հարևանությունը շենքին առաջացրել է ուժեղ ընդդիմություն Լեյբորիստական կուսակցության, Մելբուրնի քաղաքապետարանի և հանրության շրջանում։ Հենց Թագավորական ցուցահանդեսային կենտրոնի՝ նախնական տեսքով պահպանելու պայքարի արդյունքում է ծնվել է գաղափարն առաջադրել շենքն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալու։ Սակայն այս գաղափարը աջակցություն չի գտել, մինչ Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց Վիկտորիայի 1999 թվականի ընտրություններում։

2004 թվականին Թագավորական ցուցադրական կենտրոնին հարակից պուրակին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության կարգավիճակ: Նա դարձել է առաջին շենքն Ավստրալիայում, որ արժանացել է այդ կարգավիճակին։

Ժամանակակից օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական ցուցահանդեսային կենտրոնը մինչ օրս օգտագործվում է տարբեր ցուցահանդեսների անցկացման համար, ինչպիսին է ամենամյա Մելբուրնի միջազգային ծաղկային ցուցահանդեսը։ Այստեղ իրականացվում են նաև մասնավոր էքսկուրսիաներ Մելբուրնի թանգարանից։ Ցուցահանդեսային կենտրոնն օգտագործվում է նաև այնպիսի ուսումնական հաստատությունների քննությունների անցկացման համար, ինչպիսիք են Մելբուրնի համալսարանը, Տեխնոլոգիաների Մելբուրնի թագավորական ինստիտուտը, Մելբուրնի Բարձրագույն դպրոցը և ՄաքՌոբերտի Կանանց բարձրագույն դպրոցը։

Վերջին շրջանում, սակայն, շենքը ցուցահանդեսների և կոնֆերանսների անցկացման համար քաղաքի խոշորագույն կենտրոն չէ։ Ակտիվության կենտրոնը տեղափոխվել է այդ նպատակների համար նոր կառուցված Ցուցահանդեսների և հավաքների մելբուրնյան կենտրոն, որը գտնվում է Յարրա գետի հարավային ափին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Museum of Victoria.։ «The Royal Exhibition Building.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-17-ին։ Վերցված է 25 августа 2008 
  2. The Age.։ «Who will save Melbourne from the wrecker's ball?» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-17-ին։ Վերցված է 25 августа 2008 
  3. The Age.։ «Global status for our greatest building» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-17-ին։ Վերցված է 25 августа 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]