Ընտրական վարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտրական վարք (անգլ.՝ voting behavior), քաղաքական վարքի դրսևորման տարատեսակ գործընթաց, որում արտահայտվում են քաղաքական նախապատվությունները, ինչպես նաև բնակչության ընտրություններին մասնակցելու և որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին քվերակելու ցանկությանը։ Շատ հաճախ քաղաքական գիտություններում այս տերմինը օգտագործում են միայն ցույց տալու համար, թե ինչպես է ձևավորվում քաղաքացիների որոշումը որևէ թեկնածուի օգտին քվեարկելիս։ Ավելին` ընտրությունների ընթացքում ընտրողների ակտիվության բնորոշման համար շատ հաճախ կարելի է հանդիպել ընտրական մասնակցություն, ընտրական ակտիվություն և աբսենտեիզմ տերմիններին։

Ընտրական վարքի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեցող գրականության մեջ չկա ընտրական վարքի հստակ տիպաբանություն, սակայն տարբեր մակարդակներում անցկացվող 1) նախագահական, 2) խորհրդարանական, 3) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում և հանրաքվեների ընթացքում մարդիկ դրսևորում են միմյանցից տարբերվող ընտրական վարք։ Նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկելիս մարդիկ հիմնականում առաջնորդվում են իրենց քաղաքական հայացքներով և դիրքորոշումներով։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տարածաշրջանային մակարդակի ընտրութունները տարբերում են, քանի որ շատերը ձգտում են ընտրել նրանց, ում միջոցով կարող են իրենց գործունեության բնագավառում աջակցություն ստանալ։ Հանրաքվեն այլ տրամաբանություն ունի, քանի որ մարդիկ ընտրություն են կատարում՝ դեմ կամ կողմ քվեարկելով որևէ հարցի շուրջ[1]։

Ընտրական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրական վարքի ձևավորումը առաջին հերթին պայմանավորված է երկրում ձևավորված ընտրական մշակույթով։ Ընտրական մշակույթը անմիջականորեն կապված է և համարվում է քաղաքական մշակույթի տարատեսակ դրսևորում[2]։ Որքան արդար և թափանցիկ է ընտրությունների անցկացման գործընթացը որևէ երկրում, այնքան մեծ վստահությամբ կարելի է խոսել այդ երկրում ձևավորված ընտրական մշակույթի մասին[3]։ Ընտրական մշակույթի մեջ շեշտադրվում են ընտրություններին քաղաքացիների քվեարկության կարևորության, դրա գաղտնիության ապահովման և գիտակցված ընտրություն կատարելու դրույթները, ինչպես նաև արդյունքների նկատմամբ ցուցաբերվող հասարակական վստահության անհրաժեշտությունը[4]։ Ընտրական մշակույթի և իրավունքների փոխկապվածության և փոխազդեցության հիմնախնդիրների ուսումնասիրությունը առանձնակի կարևորություն ունի, քանի որ դրանք ժողովրդավարական գործընթացների գլխավոր ցուցիչն են։ Ավելին՝ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը ենթադրում է ընտրական համակարգի այնպիսի տիպ, որը ապահովում է լեգիտիմ իշխանական մարմինների ձևավորում և քաղաքացիների ազատ կամարտահայտում։ Ընդ որում այս գործընթացում շեշտադրվում է նաև ընտրողների քաղաքացիական իրազեկումը, որը ենթադրում է տեղեկատվության մատուցում քվեարկության ողջ ընթացքի, քվեաթերթիկների լրացման, ընտրացուցակներում ընդգրկվելու, ընտրարշավի և ընտրությունների ընթացքում ծագող բոլոր հարցերի շուրջ, ինչպես նաև ընտրություններին մասնակցության կարևորության և գաղտնիության ապահովման վերաբերյալ մի շարք այլ հարցեր[5]։

Ընտրական վարքի վրա ազդող գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ ընտրական վարքը բարդ գործընթաց է, որը ենթադրում է մի խումբ կարճաժամկետ և երկարաժամկետ գործոնների ազդեցություն և որպես այդպիսին ընտրական վարքի ուսումնասիրությունը համեմատաբար նոր երևույթ է։ Վերջինիս անհրաժեշտությունը նկատվել է քաղաքական թատերաբեմում լայնածավալ ընտրազանգվածների դերակատարության բարձրացմամբ։ Ընտրական վարքի ուսումնասիրման սկիզբը դրվել է հայտնի ֆրանսիացի ազգագրագետ Անդրե Զիգֆրիդի կողմից, ով համարվում է «ընտրական աշխարհագրություն» ուղղության հիմնադիրը։ Զիգֆրիդը առաջին անգամ շրջանառության մեջ դրեց այս տերմինը, որով բացատրում էր բնական միջավայրի բնորոշիչների և ընտրությունների արդյունքների միջև փոխպայմանավորվածությունը։ Զիգֆրիդի կարծիքով բնակչության քաղաքական հայացքների ձևավորումը, որն ընկած է ընտրական վարքի հիմքում, պայամանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում երկրի ձևավորման պատմական, ադմինիստրատիվ և սոցիալ-քաղաքական առանձնահատկություններով, դրա սոցիալական կառուցվածքով, կրոնական նախապատվություններով, արտաքին միջավայրի ազդեցությամբ, ինչպես նաև հետազոտվող օբյեկտի ունակությամբ հակազդելու նմանատիպ ազդեցություններին։ Սոցիալական գործոնները Զիգֆրիդը անմիջականորեն բխեցնում էր աշխարհագրականից։ Ուսումնասիրելով Ֆրանսիայում ընտրողների վարքը Երրորդ Հանրապետության ժամանակ` Զիգֆրիդը փորձեց բացատրել, թե ինչու են քաղաքական հայացքների բնույթը տարբեր տարածքներում մնում անփոփոխ, չնայած ոչ ստաբիլ և հաճախ փոփոխվող կուսակցական կառույցների և կուսակցական համակարգի գոյության։ Նա բացատրում էր անհատական վարքի կայունությունը բնական և սոցիալական պայմանների համադրությամբ և տեսնում էր բնական պայմաններում, օրինակ՝ այս կամ այն շրջանի երկրաբանական առանձնահատկություններում, հիմնական նախադրյալները սոցիալական և քաղաքական վարքի ձևավորման համար։ Զիգֆրիդի աշխատանքները բազմաթիվ հետազոտությունների անցկացման սկիզբ հանդիսացան, որոնք ուղղված էին ընտրական վարքի և մարդկանց կեցության օբյեկտիվ պայմանների միջև կապերի բացահայտմանը[6]։ Ազատ և արդար ընտրությունների անցկացումը ենթադրում է մի շարք փոխպայմանավորող գործոնների առկայություն, ինչպիսիք են անկողմնակալ ընտրական դաշտ, վստահելի ընտրական վարչակարգ, ընտրական գործընթացի արդյունավետ վերահսկողություն, իրազեկ և ակտիվ քաղաքացիներ, ներկայացուցչական և մրցունակ բազմակուսակցական համակարգ՝ թափանցիկ, բաց և հաշվետու կուսակցություններով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andreadis, Ioannis; Chadjipadelis, Th (2006). Differences in voting behavior (pdf). Fukuoka, Japan: Proceedings of the 20th IPSA World Congress. pp. 1–13. July 9–13, 2006.
  2. http://politike.ru/termin/elektoralnaja-kultura.html
  3. 4. Օրդուխանյան Է.; Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում; Երևան 2012
  4. Погорелый Е.Д., Филиппов К.В., Фесенко В.Ю. Политологический словарь-справочник. Ростов н/Д : Феникс, 2010 http://politike.ru
  5. Мерло П. Электоральная практика, права человека и общественное доверие к демократической системе // Политические исследования. – 1995. - №4. - С.130.
  6. Охременко И.В. Электоральное поведение: теория вопроса: Учебное пособие: В 2 ч. Ч.1. - Волгоград: Изд-во ВолГУ, 2002; стр. 5
  7. Հանսեն Հ. Ընտրությունների անաչառ և հավասարակշռված լուսաբանում. Ձեռնարկ լրագրողների համար, Էջ7