Ընտրական իրավունք
Ընտրական իրավունքը հանրային իրավունքի ճյուղ է, որը վերաբերում է ժողովրդավարական գործընթացներին, ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց ընտրությանը, ինչպես նաև հանրաքվեներին՝ ընտրական համակարգի, ակտիվ ընտրական իրավունքի, քվեաթերթիկում ընդգրկվելու հնարավորության, ընտրությունների կառավարման մարմինների, ընտրարշավի, տարածքի՝ ընտրական շրջանների բաժանման, ընտրողների և թեկնածուների գրանցման ընթացակարգերի, դրանց ֆինանսավորման և քարոզչության, քվեարկության, ձայների հաշվարկի, արդյունքների ստուգման, ընտրական վեճերի, ընտրությունների դիտարկման և դրանցից բխող բոլոր վիճելի հարցերի կարգավորման միջոցով։ Այն գիտակարգ է, որը գտնվում է սահմանադրական իրավունքի և քաղաքագիտության հատման կետում և ներառում է «իրավունքի քաղաքականությունը և քաղաքականության իրավունքը»[1]։
Պատմություն և հետազոտության ոլորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, որը իրավական վեճերի առարկա է դարձել՝ Ջորջ Ու. Բուշի և Ալբերտ Գորի միջև, ընտրական իրավունքի նշանակությունը զգալիորեն աճել է Միացյալ Նահանգներում։ Ըստ National Law Journal-ի՝ ընտրական իրավունքը «նեղ մասնագիտացումից վերածվել է բազմամիլիոնանոց ոլորտի»[2]։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հասենը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործերով դատավարությունների թիվը երկու տասնամյակ շարունակ աճել է և ռեկորդային մակարդակի է հասել 2020 թվականի ընտրությունների ընթացքում[3][4]։
2000-ականների սկզբից ընտրական իրավունքը դասավանդվում է ԱՄՆ-ի իրավաբանական դպրոցների մեծ մասում[5]։ Ամերիկացի ընտրական իրավունքի մասնագետներն ու գիտնականները միավորված են ակադեմիական ցանցում, որը հիմնադրել են Դանիել Հ. Լոուենշտեյնը և Ռիչարդ Հասենը։ Լոուենշտեյնը համարվում է ընտրական իրավունքի «նախաձեռնողը» և այն անձը, ով «ստեղծել է» այս ոլորտը[6][7][8]։ 2000-ականներին Լոուենշտեյնն ու Հասենը խմբագրում էին Election Law Journal-ը և ընտրական իրավունքի փոստային քննարկումների ցանկը (mailing list)[6]։ 2022 թվականի դրությամբ Հասենը ղեկավարում է Election Law Blog-ը և նույն փոստային ցանկը[9][10]։ Election Law Journal-ը գիտական հանդես է, որը նվիրված է ընտրական իրավունքին և ներկայումս խմբագրվում է Դեյվիդ Քենոնի կողմից[11]։ Հանդեսում հրապարակվող հոդվածների մեծ մասը վերաբերում է Միացյալ Նահանգների ընտրական իրավունքին[12]։
Ըստ Routledge Handbook of Election Law գրքի՝ ընտրական իրավունքը համաշխարհային մակարդակով զարգացող ոլորտ է[13][14][15]։ Աշխարհի տարբեր երկրներում ընտրողները գնալով ավելի հաճախ են վիճարկում ընտրությունների արդյունքները։ Ավստրիան, Շվեյցարիան, Սլովենիան, Իսլանդիան, Քենիան և Մալավին այն երկրների շարքում են, որոնց դատարանները վերջին տարիներին անվավեր են ճանաչել ազգային ընտրությունները կամ հանրաքվեները[16]։ Գրքի խմբագիրների կարծիքով՝ ընտրական վեճերը նպաստում են ժողովրդավարությանը[13]։ Դրանք կարող են «փարատել ընտրողների կասկածները, վերացնել խախտումների հետևանքները, բարձրացնել վստահությունը և, անհրաժեշտության դեպքում, անվավեր ճանաչել թերություններով անցկացված ընտրությունները՝ պաշտպանելով ընտրական գործընթացի ամբողջականությունը։ Բոլոր մասնակիցներին ցույց տալը, որ խախտումները չեն հանդուրժվելու, օգտակար է ապագա ընտրությունների համար»[16]։
Խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրական իրավունքն ուսումնասիրում և կարգավորում է հետևյալ հիմնական հարցերը․
- Որ անձինք ունեն ընտրություններին մասնակցելու (քվեարկելու) իրավունք (օրինակ՝ տարիքային, բնակության, գրագիտության պահանջներ կամ գլխահարկ), ինչպես նաև այն ընթացակարգերը, որոնց միջոցով նրանք պետք է գրանցվեն որպես ընտրող կամ ներկայացնեն ինքնությունը հաստատող փաստաթուղթ՝ քվեարկելու համար։
- Որ անձինք ունեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք (օրինակ՝ տարիքային, բնակության, ծննդյան կամ քաղաքացիության պահանջներ), ինչպես նաև այն ընթացակարգերը, որոնք թեկնածուները պետք է անցնեն քվեաթերթիկում ընդգրկվելու համար (օրինակ՝ առաջադրման ստորագրահավաքների ձևակերպում և ներկայացում), և ինքնառաջադրված (write-in) թեկնածուների վերաբերյալ կանոնները։
- Այն կանոնները, որոնք սահմանում են, թե որ հարցերը կարող են դրվել անմիջական ժողովրդական քվեարկության՝ հանրաքվեի միջոցով, ինչպես նաև այն պահանջները, որոնք պետական մարմինները կամ քաղաքացիների խմբերը պետք է պահպանեն հարցերը հանրային քվեարկության դնելու համար։
- Քաղաքական կուսակցությունների ներքին կառավարման կազմակերպման և պետական պաշտոնների համար թեկնածուներ ընտրելու իրավական շրջանակը (օրինակ՝ նախնական ընտրությունների միջոցով)։
- Ընտրությունների ֆինանսավորումը (օրինակ՝ նվիրատվությունների սահմանափակումները, պետական ֆինանսավորման կանոնները, նվիրատուների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և թեկնածուների նախընտրական շտաբներից բացի այլ շահերի խմբերի գործունեությունը կարգավորող նորմերը)։
- Ներկայացուցչական մարմինների ընտրական շրջանների ձևավորման պահանջները (օրինակ՝ խորհրդարանական, կոնգրեսական, համայնքային կամ այլ ընտրատարածքներ)։
- Նախընտրական քարոզչության նկատմամբ սահմանվող սահմանափակումները (օրինակ՝ անանուն գովազդի, կեղծ տեղեկատվության տարածման և խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ կանոնները)։
- Քվեարկության կազմակերպման կարգը, ներառյալ՝ թղթային քվեաթերթիկների, մեխանիկական կամ էլեկտրոնային քվեարկության սարքերի կիրառումը, ինչպես նաև ընտրողներին տեղեկատվության ներկայացման ձևերը։
- Ձայների հաշվարկման, վերահաշվարկման և ընտրությունների արդյունքների վիճարկման ընթացակարգերը։
- Այն հարցը, թե արդյոք և ինչ կարգով ընտրողները կամ թեկնածուները կարող են դատարան կամ վարչական մարմին դիմել՝ իրենց իրավունքները պաշտպանելու կամ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով։
- Ընտրական կեղծիքների և ընտրական համակարգի դեմ ուղղված այլ իրավախախտումների սահմանումը։
- Ընտրական իրավունքի աղբյուրները (օրինակ՝ սահմանադրությունը, ազգային օրենքները, տեղական կամ նահանգային օրենքները, դատական որոշումները) և դրանց փոխհարաբերությունները։
Համեմատական իրավունքի ռեժիմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում ընտրական հարցերի մեծ մասը կարգավորվում է Ֆրանսիայի ընտրական օրենսգրքով (French Electoral Code)։ Սակայն որոշ հատուկ ընտրությունների հետ կապված հարցեր կարգավորվում են նաև այլ իրավական ակտերով։ Մասնավորապես, Ֆրանսիայի Սահմանադրությունը սահմանում է մի շարք հիմնական դրույթներ՝ նախագահական, օրենսդիր և սենատորական ընտրությունների վերաբերյալ։
Ընտրական վեճերի քննության հարցում իրավասու դատարանը կախված է ընտրության տեսակից։ Ամենակարևոր ընտրությունների՝ նախագահական ընտրությունների, սենատորական ընտրությունների և հանրաքվեների դեպքում իրավասու է Սահմանադրական խորհուրդը։ Իսկ համայնքային և շրջանային ընտրությունների հետ կապված վեճերը քննում է վարչական տրիբունալը, որի որոշումները կարող են բողոքարկվել Պետական խորհրդում։ Տարածաշրջանային և եվրոպական ընտրությունների դեպքում Պետական խորհուրդը գործում է որպես առաջին և վերջին ատյանի դատարան։
Ընտրական հարցերով որոշումներ կայացնելիս դատարանները հաշվի են առնում խախտումների ազդեցությունը վերջնական արդյունքի վրա։ Եթե խախտվել է ընտրական գործընթացի որևէ հիմնարար սկզբունք, ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել։ Սակայն եթե առկա են «սովորական» ընտրական խարդախություններ (օրինակ՝ քվեատուփերի լցոնում, ընտրողների չգրանցում, մահացած անձանց անունից քվեարկություն և այլն), բայց հաղթող թեկնածուն պահպանել է զգալի առավելություն նույնիսկ վիճելի քվեների բացառման դեպքում, դատարանը հազվադեպ է անվավեր ճանաչում ընտրության արդյունքները[17]։
Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի Սահմանադրությունը սահմանում է օրենսդիր ընտրությունների վերաբերյալ որոշ հիմնական դրույթներ։ Իտալիայում ընտրական վեճերի լուծման համակարգը բավականին բարդ է, քանի որ իրավասությունները բաշխված են տարբեր դատական մարմինների միջև։ Օրինակ՝ թեկնածուների գրանցման կամ քվեաթերթիկներում նրանց ընդգրկման հետ կապված վեճերը քննում է վարչական դատարանը։ Իսկ թեկնածուների ընտրվելու իրավունքի կամ ընտրական իրավունքից զրկման հարցերով գործերը քննվում են ընդհանուր իրավասության դատարանների կողմից[18]։
Եթե դատարանը հաստատում է ընտրական խարդախության առկայությունը, դա ինքնաբերաբար չի հանգեցնում ընտրությունների անվավեր ճանաչմանը[19]։ Ընտրությունները չեղարկվում են միայն այն դեպքում, երբ դատարանը գտնում է, որ առանց տվյալ խախտումների ընտրությունների արդյունքը կարող էր այլ լինել։ Բացի այդ, իտալական դատական պրակտիկան (նախադեպային որոշումները) հիմնականում պաշտպանում է երրորդ անձանց օրինական վստահությունը։ Հետևաբար, նույնիսկ եթե ընտրությունները հետագայում անվավեր ճանաչվեն, ընտրված մարմինների կողմից մինչ այդ կատարված գործողությունները հաճախ շարունակում են պահպանել իրենց իրավական ուժը[20]։
Մեքսիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկայում ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր 6 տարին մեկ՝ նախագահ ընտրելու համար, և յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ օրենսդիր մարմին ընտրելու համար։ Այս ընտրություններով որոշվում է, թե ով է ազգային մակարդակում զբաղեցնելու պետության ղեկավարի՝ նախագահի պաշտոնը, ինչպես նաև ձևավորվում է օրենսդիր մարմինը։ Տեղական մակարդակում Մեքսիկայի 31 բաղկացուցիչ նահանգներից յուրաքանչյուրը ընտրում է նահանգապետ՝ վեցամյա ժամկետով, ինչպես նաև ընտրում է նահանգային կոնգրեսներում աշխատող օրենսդիր պատգամավորներ և համայնքային նախագահներ (presidentes municipales կամ քաղաքապետեր)։ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն քաղաքապետի փոխարեն ընտրում է կառավարության ղեկավար, նահանգային կոնգրեսի պատգամավորների փոխարեն՝ քաղաքային ժողովի անդամներ, իսկ համայնքային քաղաքապետերի փոխարեն՝ շրջանային քաղաքապետեր։
Ֆիլիպիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպիններում նախագահը, փոխնախագահը և սենատորները ընտրվում են վեցամյա ժամկետով, մինչդեռ Ներկայացուցիչների պալատի անդամները, նահանգապետերը, փոխնահանգապետերը, Sangguniang Panlalawigan-ի անդամները (նահանգային խորհրդի անդամներ), քաղաքապետերը, փոխքաղաքապետերը, Sangguniang Panlungsod-ի/Sangguniang Bayan-ի անդամները (քաղաքային/համայնքային խորհրդականներ), բարանգայի պաշտոնյաները և Sangguniang Kabataan-ի անդամները (երիտասարդական խորհրդի անդամներ) ընտրվում են երեքամյա ժամկետով։
Ազգային ընտրությունների հետ միաժամանակ անցկացվում են նաև տեղական ընտրությունները։ Ընտրողը կարող է քվեարկել հետևյալ պաշտոնների համար․
- Նահանգային մակարդակ՝ մեկ նահանգապետ, մեկ փոխնահանգապետ, մեկից յոթ Sangguniang Panlalawigan-ի անդամ (նահանգային խորհուրդ)
- Քաղաքային կամ համայնքային մակարդակ՝ մեկ քաղաքապետ, մեկ փոխքաղաքապետ, չորսից տասներկու Sangguniang Panlungsod/Sangguniang Bayan-ի անդամ (համապատասխանաբար՝ քաղաքային կամ համայնքային խորհուրդ)
Եթե ընտրողն ապրում է բարձր ուրբանիզացված քաղաքում, անկախ բաղադրիչ քաղաքում կամ Պատերոսում, ապա նա չի կարող քվեարկել նահանգային մակարդակի որևէ պաշտոնի համար։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրություններն անցկացվում են դաշնային, նահանգային և տեղական մակարդակների պետական պաշտոնյաների ընտրության համար։ Դաշնային մակարդակում երկրի պետության ղեկավարը՝ նախագահը, ընտրվում է յուրաքանչյուր նահանգի ժողովրդի կողմից անուղղակիորեն՝ Ընտրողների քոլեջի (Electoral College) միջոցով։ Ներկայումս այս ընտրեողները գրեթե միշտ քվեարկում են իրենց նահանգում ժողովրդական քվեարկության արդյունքներին համապատասխան։ Դաշնային օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի բոլոր անդամները ուղղակիորեն ընտրվում են յուրաքանչյուր նահանգի ժողովրդի կողմից։ Նահանգային մակարդակում գոյություն ունեն բազմաթիվ ընտրովի պաշտոններ, և յուրաքանչյուր նահանգ ունի առնվազն ընտրովի նահանգապետ և օրենսդիր մարմին։ Ընտրովի պաշտոններ կան նաև տեղական մակարդակում՝ շրջաններում, քաղաքներում, ավաններում, թաունշիփներում, բորոներում և գյուղերում, ինչպես նաև հատուկ և դպրոցական շրջաններում, որոնք կարող են անցնել շրջանային և համայնքային սահմաններից դուրս։
1984 թվականին «Փիթսն ընդդեմ Բլեքի» դատական գործով սահմանվել է, որ Ընտրական օրենքում «բնակության վայր» հասկացության սահմանումը չափազանց խիստ է և հանգեցնում է անօթևան ընտրողների ընտրական իրավունքից զրկմանը։ Դատարանը եզրակացրել է, որ այն կոնկրետ վայրը, ուր անձը կանոնավոր կերպով վերադառնում է, և այն վայրը, որը նախատեսված է փոստ ստանալու համար, բավարար են «բնակության վայրի» պահանջը բավարարելու համար։ Արդյունքում անօթևան անձանց թույլատրվեց մասնակցել քվեարկությանը[21]։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորությունում ընտրական իրավունքը կարգավորվում է Վեստմինստերյան պալատի կողմից ընդունված օրենսդրությամբ։ Մեծ Բրիտանիայի ընտրական իրավունքի իրավական կարգավորումը բխում է խորհրդարանի ընդունած օրենքներից, ինչպիսին է 2011 թվականի «Fixed-term Parliaments Act»-ը։ Ընտրական հանձնաժողովի լիազորություններն ու ստեղծման հիմքերը սահմանվել են 2000 թվականի «Political Parties, Elections and Referendums Act (PPERA)» օրենքով, և ընդգրկում են քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև այլ անձանց ու կազմակերպությունների կողմից կատարվող քաղաքական նվիրատվությունների և ծախսերի վերահսկումը, ինչպես նաև ընտրական գործընթացում մասնակցության խթանումը։
2006 թվականի «Electoral Administration Act»-ը մի շարք բարեփոխումներ է իրականացրել ընտրողների գրանցման գործընթացում, բարելավել է հեռավար քվեարկության անվտանգության մեխանիզմները, թույլ է տվել դիտորդների մասնակցությունը ընտրություններին և կարևոր փոփոխություն է մտցրել՝ նվազեցնելով Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրություններում թեկնածուների համար սահմանված նվազագույն տարիքը։ Այն նաև ներդրել է ընտրական ծառայությունների գործունեության արդյունավետության չափանիշների համակարգը։
Նշանավոր հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիկագոյի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Բրայան Լեյթերի խոսքով՝ 2016-2020 թվականներին ամերիկացի ընտրական իրավունքի ամենաշատ մեջբերվող գիտնականներն էին Սեմյուել Իսախարոֆը, Ռիչարդ Պիլդեսը, Ռիչարդ Հասենը, Հեզեր Գերկենը, Ռիչարդ Բրիֆոլտը, Նաթանիել Պերսիլին և Նիկոլաս Ստեֆանոպուլոսը համապատասխանաբար[22]։ Ընտրական իրավունքի այլ նշանավոր փորձագետների և պրոֆեսորների թվում են Դեյվիդ Շուլցը[23][24], Ջոշուա Դուգլասը[25][26][27], Էդ Ֆոլին[28][29], Գայ-Ուրիել Չարլզը[30][31], Ջեսիկա Լևինսոնը[32][33][34], Ռեբեկա Գրինը[35], Յուջին Մազոն[36], Ջասթին Լևիթը ԱՄՆ-ում[34][37], Գրեյմ Օրը Ավստրալիայում[38] և Յուրի Թոփլակը Եվրոպայում[39][40][41]:
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Election Law Journal» – Ընտրական իրավունքին նվիրված գիտական հանդես։
- «Election Law @ Moritz» – ընտրական իրավունքի նորությունների, գիտնականների ու մասնագետների մեկնաբանությունների պահոց, որը կազմվել է Օհայո նահանգի Մայքլ Է. Մորիցի իրավաբանական քոլեջում։
- «Ընտրական ուսումնասիրություններ» – ընտրությունների ուսումնասիրությանը նվիրված գիտական հանդես։
- Սամուել Իսախարոֆ, Պամելա Ս. Կարլան և Ռիչարդ Հ. Պիլդես՝ «Ժողովրդավարության օրենքը. քաղաքական գործընթացի իրավական կառուցվածքը»․ 4-րդ հրատ. Foundation Press, 2012։
- Դանիել Հ. Լոուենշտեյն, Ռիչարդ Լ. Հասեն և Դանիել Պ. Տոկաջի, «Ընտրական իրավունք. դեպքեր և նյութեր»․ 5-րդ հրատ. Carolina Press, 2012։
- Ջոշուա Ա. Դուգլաս և Յուջին Դ. Մազո՝ «Ընտրական իրավունքի պատմություններ»․ Foundation Press, 2016։
- Դենիս Ֆ. Թոմփսոն, Ա«րդար ընտրություններ. Արդար ընտրական գործընթացի ստեղծում ԱՄՆ-ում»․ Չիկագոյի համալսարանի հրատարակչություն, 2004 978-0226797649։
- Ընտրական վարչարարության մասին 2006 թվականի օրենք (Electoral Administration Act 2006)։
- Դեյվիդ Շուլց և Յուրի Թոփլակ՝ «Ռաութլեջի ընտրական իրավունքի ձեռնարկ»․ Routledge, 2022։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oshisanya, O. (2020). «13. Election Law». An Almanac of Contemporary Judicial Restatements (Civil Law) vol. ii: Almanac vol. ii. Almanac Basebooks. Almanac Foundation. էջ 265. ISBN 978-978-51200-2-8.
- ↑ «How Election Law Grew From a Niche Practice to a Multimillion-Dollar Draw». National Law Journal (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-01-ին. Վերցված է 2022-08-26-ին.
- ↑ «Election Litigation Rates Are Soaring». Liebert Pub.
- ↑ Hasen, Richard L. (2022). «Research Note: Record Election Litigation Rates in the 2020 Election: An Aberration or a Sign of Things to Come?». Election Law Journal: Rules, Politics, and Policy. 21 (2): 150–154. doi:10.1089/elj.2021.0050. S2CID 246930833.
- ↑ Yuh, Grace. «Training a new generation of election law lawyers». Harvard Law School (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-08-26-ին.
- 1 2 Winkler, Adam (2010-12-01). «Introduction to Lowenstein Festschrift». Election Law Journal: Rules, Politics, and Policy. 9 (4): 261–262. doi:10.1089/elj.2010.9402. ISSN 1533-1296.
- ↑ Cain, Bruce (2010). «Foundational wisdom: the scholarship of Daniel Lowenstein». Election Law Journal: Rules, Politics, and Policy. 9 (4): 263–272. doi:10.1089/elj.2010.9415. ISSN 1533-1296.
- ↑ Tokaji, Daniel P. (2010-12-01). «Lowenstein Contra Lowenstein: Conflicts of Interest in Election Administration». Election Law Journal: Rules, Politics, and Policy. 9 (4): 421–441. doi:10.1089/elj.2010.9407. ISSN 1533-1296.
- ↑ «Can Donald Trump run for president if charged and convicted of removing official records?». Tampa Bay Times (անգլերեն). Վերցված է 2022-08-26-ին.
- ↑ Journal, A. B. A. «Could Trump be banned from office if he's convicted of taking government documents?». ABA Journal (անգլերեն). Վերցված է 2022-08-26-ին.
- ↑ «Election Law Journal | Mary Ann Liebert, Inc., publishers». home.liebertpub.com. Վերցված է 2022-08-26-ին.
- ↑ «Election Law Journal | Mary Ann Liebert, Inc., publishers». home.liebertpub.com (անգլերեն). Վերցված է 2022-08-26-ին.
- 1 2 «Election law a growing area – and good for democracy, say experts». Legal Futures. 2022 թ․ օգոստոսի 18.
- ↑ «Den nye norm er, at domstolenegodkender et valgslegitimitet». K News. 2022 թ․ օգոստոսի 16.
- ↑ «How Kenya Election Petition Will Strengthen Future Polls». Capital FM News. 2022 թ․ օգոստոսի 21.
- 1 2 «Letter: Court rulings on elections bolster trust in democracy». Financial Times.
- ↑ On the other side, opposite judgement comes when the participation of the lists has resulted in an imbalance, also because the deviation of the votes between the two clusters is less than one thousand ballots: Buonomo, Giampiero (2001). «La partecipazione (viziata) delle liste produce uno squilibrio nel voto». Diritto&Giustizia Edizione Online. Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին. Վերցված է 2016-03-19-ին.
- ↑ "A principle of separation of powers ( ... ) is the rationale of the law ( ... ) which ousts the administrative courts from ineligibility dispute": Buonomo, Giampiero (2000). «Il giudicato civile in materia elettorale preclude l'azione popolare davanti al Tar». Diritto&Giustizia Edizione Online. Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին. Վերցված է 2016-03-19-ին.
- ↑ The faults, as null and void, cannot justify a reversal "by forfeit" of the electoral outcome: Buonomo, Giampiero (2000). «Elezioni Molise: gestione incerta fino all'annullamento definitivo». Diritto&Giustizia Edizione Online. Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին. Վերցված է 2016-03-19-ին.
- ↑ Buonomo, Giampiero (2002). «L'incandidabilità di un eletto travolge il consiglio regionale abruzzese (e ripropone gli interrogativi molisani)». Diritto&Giustizia Edizione Online. Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին. Վերցված է 2016-03-19-ին.
- ↑ «Pitts v. Black, 608 F. Supp. 696». Justia.
- ↑ «Brian Leiter's Law School Reports». leiterlawschool.typepad.com. Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ Fung, Katherine (2022-07-19). «Trump's early 2024 announcement could help fund legal battles». Newsweek (անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ «If a lawmaker violates residency rule, what happens to the ballot?». MinnPost (ամերիկյան անգլերեն). 2022-08-16. Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ Roldan, Roberto (2022-05-24). «Louisville elections officials will tally votes again in close Metro Council, U.S. House primaries». 89.3 WFPL News Louisville (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ Douglas, Joshua (2021 թ․ հուլիսի 31). «Opinion | What I Learned Talking to Fourth-Graders About How to Design Elections». POLITICO (անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ «Election Law Experts Sound the Alarm About 'Extremely Dangerous' Voting Rights Case the Supreme Court Just Agreed to Hear». Law & Crime (անգլերեն). 2022-06-30. Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ Washington, District of Columbia 1800 I. Street NW; Dc 20006. «PolitiFact - Much has changed since Jimmy Carter's report on fraud in mail voting». @politifact (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Boucher, Dave. «Sidney Powell, Kraken legal team face sanctions, court costs and potential disbarment over election lawsuit». Detroit Free Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ Tierney Sneed (2021 թ․ օգոստոսի 11). «John Roberts and the Supreme Court might block anything Democrats do on voting rights». CNN. Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ Johnson, Carrie (2022-02-25). «U.S. judges are narrowing voting protections. Some fear lasting damage». NPR (անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ «'I don't agree with her on anything,' California Democrats say of Liz Cheney — as they donate to her race». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2022-07-29. Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ «Progressive DA recalled in California elections with high stakes – and low turnout». the Guardian (անգլերեն). 2022-06-09. Վերցված է 2022-08-29-ին.
- 1 2 Vaziri, Aidin; Cabanatuan, Michael (2022-06-07). «California Election: See the neighborhoods that drove the recall against Chesa Boudin». San Francisco Chronicle (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ «Tuesday's safe harbor deadline is boost for Biden». AP NEWS (անգլերեն). 2021-04-20. Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ Fox, Joey (2022-04-11). «After anointing Menendez, Hudson Dems are trying to eliminate his opponents». New Jersey Globe (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ «In recorded call, Trump pressures Georgia official to 'find' votes to overturn election». Reuters (անգլերեն). 2021-01-03. Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ «Election writs claim fails to gain seal of approval». Australian Associated Press (անգլերեն). 2022-06-10. Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ «Letter: Court rulings on elections bolster trust in democracy». Financial Times. 2022-08-17. Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ Rose, Neil (2022-08-17). «Election law a growing area - and good for democracy, say experts». Legal Futures (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
- ↑ REPORTER, CAPITAL (2022-08-20). «How Kenya election petition will strengthen future polls » Capital News». Capital News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-08-29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քվեարկության և ընտրությունների մասին օրենքներ
- Ազատ ընտրությունների իրավունքը ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում
- EL@M: Election Law @ Moritz Արխիվացված 2011-08-12 Wayback Machine
- Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի ընտրական իրավունքի մշտական հանձնաժողով Արխիվացված 2010-07-22 Wayback Machine
| ||||||