Ընկալիչ (կենսաքիմիա)
| Ենթադաս | սպիտակուց | |
|---|---|---|
| Մոլեկուլյար գործառույթ | signaling receptor activity | |

- Լիգանդներ, տեղակայված բջջից դուրս
- Լիգանդները՝ միացած սպեցիֆիկ ընկալիչ սպիտակուցներին՝ կախված սպիտակուցի ակտիվ կենտրոնի ձևից
- Լիգանդի միացումից հետո ընկալիչը արձակում է մեսենջեր՝ սկսելու համար հետագա բջջային ազդակների փոխանցումը:
Ընկալիչ, դեղաբանության և կենսաքիմիայի մեջ սպիտակուցային կառուցվածք ունեցող համալիրներ, որոնք ընդունում ու փոխանցում են ազդանշաններ և կարող են ինտեգրվել կենսաբանական համակարգերի մեջ[1]։ Ազդանշանները սովորաբար քիմիական միջնորդներ են[nb 1], որոնց կապումը ընկալչի հետ առաջացնում է ֆիզիոլոգիական պատասխան, օրինակ՝ բջջի էլեկտրական ակտիվության փոփոխություն։ Օրինակ, ԳԱԿԹ-ը, որը արգելակիչ նյարդամիջնորդանյութ է, ճնշում է նեյրոնների էլեկտրական ակտիվությունը՝ կապվելով ԳԱԿԹA ընկալիչների հետ[2]։ Կա ընկալչի ֆունկցիայի դասակարգման երեք հիմնական ուղի՝ ազդանշանի փոխանցում, ամպլիֆիկացիա կամ ինտեգրացիա[3]։ Ազդանշանի փոխանցման դեպքում ազդանշանը ուղղորդվում է մեկ այլ տեղ, ամպլիֆիկացիայի դեպքում ուժեղանում է լիգանդի ազդեցությունը, իսկ ինտեգրացիան թույլ է տալիս ազդանշանին ընդգրկվել այլ կենսաքիմիական ուղիներում[3]։
Ընկալչային սպիտակուցները կարող են դասակարգվել ըստ իրենց տեղակայման։ Բջջի թաղանթային ընկալիչները, որոնք հայտնի են նաև որպես տրանսմեմբրանային ընկալիչներ, իրենց մեջ ներառում են լիգանդ-կախյալ իոնային անցուղիները, G սպիտակուցների հետ կապվող ընկալիչները և ֆերմենտային ակտիվությամբ օժտված հորմոնային ընկալիչները[1]։
Ներբջջային ընկալիչները գտնվում են բջջի ներսում և ներառում են ցիտոպլազմային և կորիզային ընկալիչները[1]։ Այն մոլեկուլը, որը կապվում է ընկալչի հետ, կոչվում է լիգանդ և կարող է լինել սպիտակուց, պեպտիդ (կարճ սպիտակուց), կամ այլ փոքր մոլեկուլ՝ օրինակ նյարդամիջնորդանյութ, հորմոն, դեղամիջոց, թույն, կալցիումի իոն, վիրուսի կամ միկրոօրգանիզմի արտաքին բաղադրիչ։ Նույն բջջի կողմից բնականում արտադրվող և որոշակի ընկալչի հետ կապվող նյութը կոչվում է տվյալ ընկալչի էնդոգեն (ներծին) լիգանդ։ Օրինակ՝ նիկոտինային ացետիլխոլինային ընկալչի էնդոգեն լիգանդը ացետիլխոլինն է, սակայն այն կարող է ակտիվացվել նաև նիկոտինով[4][5] և արգելակվել կուրարեով[6]։ Տվյալ տեսակի ընկալիչները ընդգրկված են բջջի կենսաքիմիական հատուկ ուղիներում, որոնք ստացած ազդանշանին տալիս են համապատասխան պատասխան։ Չնայած բազմաթիվ ընկալիչներ առկա են գրեթե բոլոր բջիջներում, յուրաքանչյուր ընկալիչ կարող է կապվել միայն որոշակի կառուցվածք ունեցող լիգանդի հետ։ Սա հաճախ համեմատվում է կողպեքի և բանալու հետ, երբ միայն հատուկ ձև ունեցող բանալին կարող է բացել կողպեքը։ Երբ լիգանդը կապվում է համապատասխան ընկալչի հետ, այն ակտիվացնում կամ արգելակում է ընկալիչ-ասոցացված կենսաքիմիական ուղին, ինչը կարող է լինել խիստ մասնագիտացված։
Ընկալչային սպիտակուցները կարող են դասակարգվել նաև ըստ լիգանդների հատկությունների։ Ըստ դրա դասակարգվում են՝ քեմոընկալիչներ (քիմիական նյութերին արձագանքող), մեխանաընկալիչներ (մեխանիկական գրգռիչներին արձագանքող), գրավիտրոպ (գրավիտացիային արձագանքող), ֆոտոընկալիչներ (լույսին արձագանքող), մագնիսաընկալիչներ (մագնիսական դաշտին արձագանքող) և գազաընկալիչներ (գազերի նկատմամբ զգայուն)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկալիչները բազմազան են ըստ կառուցվածքի և դասակարգվում են հետևյալ հիմնական տեսակներում․
- Առաջին տեսակ՝ լիգանդ-կախյալ իոնական անցուղիներ (իոնոտրոպ ընկալիչներ)․ այս ընկալիչները սովորաբար արագ ազդող նյարդամիջնորդանյութերի թիրախներն են, օրինակ՝ ացետիլխոլինի (նիկոտինային) և ԳԱԿԹ-ի, որոնց ակտիվացումը բերում է թաղանթի միջով իոնական տեղաշարժի փոփոխության։ Դրանք ունեն հետերոմեր կառուցվածք, և յուրաքանչյուր ենթամիավոր բաղկացած է արտաբջջային՝ լիգանդի հետ կապվող դոմենից և թաղանթային (տրանսմեմբրանային) դոմենից, որը ներառում է չորս թաղանթային ալֆա-պարույրներ։ Լիգանդին կապվող խոռոչները տեղակայված են ենթամիավորների միջև եղած մասերում։
- Երկրորդ տեսակ՝ G սպիտակուցի հետ կապված (մետաբոտրոպ) ընկալիչներ․ սա ընկալիչների ամենամեծ ընտանիքն է և ներառում է մի շարք հորմոնների և դանդաղ ազդող նյարդամիջնորդանյութերի (օրինակ՝ դոֆամինի, գլուտամինաթթվի) հետ կապվող ընկալիչները։ Դրանք բաղկացած են յոթ թաղանթային ալֆա-պարույրներից։ Ալֆա-պարույրները կապող օղակները ձևավորում են արտաբջջային և ներբջջային դոմենները։ Ավելի մեծ պեպտիդային լիգանդների կապման վայրը սովորաբար գտնվում է արտաբջջային դոմենում, իսկ փոքր ոչ-պեպտիդային լիգանդների կապման վայրը հաճախ տեղակայված է յոթ ալֆա-պարույրների միջև և մեկ արտաբջջային օղակում[7]։ Վերը նշված ընկալիչները կապված են տարբեր ներբջջային էֆեկտոր համակարգերի հետ G սպիտակուցների միջոցով[8]։ G սպիտակուցները հետրոտրիմերներ են, բաղկացած երեք ենթամիավորից՝ α (ալֆա), β (բետա) և γ (գամմա)։ Ոչ ակտիվ վիճակում երեք ենթամիավորները կապված են իրար, և α-ենթամիավորը կապում է ԳԿՖ-ի մոլեկուլը[9]։ G սպիտակուցի ակտիվացումը առաջացնում է կոնֆորմացիոն փոփոխություն փոփոխություն, ինչի հետևանքով ԳԿՖ-ն փոխարինվում է ԳԵՖ-ով։ ԳԵՖ-ի կապումը α-ենթամիավորին հանգեցնում է β- և γ-ենթամիավորների պոկմանը[10]։ Բացի այդ, α, β և γ ենթամիավորները ունեն ևս չորս հիմնական դաս՝ կախված իրենց առաջնային ամինաթթվային հաջորդականության՝ Gs, Gi, Gq and G12[11]։
- Երրորդ տեսակ՝ կինազների հետ կապված և կինազանման ընկալիչներ (օրինակ՝ թիրոզին կինազային ընկալիչ)․ այս ընկալիչները բաղկացած են լիգանդ կապող արտաբջջային դոմենից հատված, և հաճախ ֆերմենտային ազդեցությամբ օժտված ներբջջային դոմենից։ Այս երկու դոմենները իրար են միացված մեկ թաղանթային ալֆա-պարույրով։Թիրոզին կինազային ակտիվություն ունեցող ընկալիչի դասական օրինակ է ինսուլինային ընկալիչը։
- Չորրորդ տեսակ՝ կորիզային ընկալիչներ․ չնայած իրենց անվանմանը, իրականում գտնվում են ցիտոպլազմայում և համապատասխան լիգանդի հետ կապվելուց հետո տեղափոխվում են կորիզ։ Դրանք բաղկացած են C-ծայրային լիգանդ կապող հատվածից, հիմնական ԴՆԹ-ի կապման դոմենից և N-ծայրային դոմենից, որը պարունակում է AF1 (ակտիվացման գործոն 1) հատվածը։ Հիմնական դոմենում տեղակայված են երկու ցինկային մատիկներ, որոնք պատասխանատու են տվյալ ընկալչին բնորոշ ԴՆԹ հաջորդականությունների ճանաչման համար։ N-ծայրային դոմենը փոխազդում է բջջի այլ տրանսկրիպցիոն գործոնների հետ՝ անկախ լիգանդից, և այս փոխազդեցություններից կախված՝ կարող է փոփոխվել ընկալչի կապման բնույթը կամ ակտիվությունը։ Ստերոիդ և վահանաձև գեղձի թիրոիդ հորմոնային ընկալիչները նման ընկալիչների օրինակներ են[12]։
Թաղանթային ընկալիչները կարելի է անջատել բջջաթաղանթից կոմպլեքսային էքստրակցիայի գործընթացների միջոցով՝ կիրառելով լուծիչներ, լվացող միջոցներ և/կամ աֆինային քրոմատագրաֆիայի մեթոդը։
Ընկալիչների կառուցվածքն ու ազդեցությունները կարելի է ուսումնասիրել կենսաֆիզիկական մեթոդներով, ինչպիսիք են ռենտգենակառուցվածքային վերլուծությունը, պրոտեինների միջուկային մագնիսական պատասխան սպեկտրոսկոպիան, շրջանաձև դիխրոիզմը և կրկնակի բևեռացման ինտերֆերոմետրիան։ Ընկալիչների դինամիկ համակարգչային մոդելավորումները նույնպես օգտագործվում են դրանց ազդեցության մեխանիզմները հասկանալու համար։
Կապում և ակտիվացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիգանդի կապումը ընկալչի հետ հավասարակշռային գործընթաց է։ Լիգանդները կապվում և անջատվում են ընկալիչներից զանգվածի ներգործության օրենքին համապատասխան՝ ըստ հետևյալ հավասարման, երբ լիգանդը (L) և ընկալիչը (R) փոխազդում են։ Քիմիական միացությունների շուրջ դրված ուղիղ փակագծերը ցույց են տալիս դրանց կոնցենտրացիաները։
Չափանիշներից մեկը, որով կարելի է գնահատել, թե որքան է մոլեկուլը համապատասխանում ընկալչին, կապման աֆինությունն (խնամակցություն) է, որը հակադարձ համեմատական է դիսոցման հաստատունին (Kd)։ Լավ համապատասխանությունը բնորոշվում է բարձր աֆինությամբ և ցածր Kd-ով։ Վերջնական կենսաբանական պատասխանը (օրինակ՝ երկրորդային մեսենջերի կասկադը, մկանային կծկումը) առաջանում է միայն այն դեպքում, երբ բավական մեծ քանակությամբ ընկալիչներ ակտիվացված են։
Աֆինությունը չափում է լիգանդի՝ իր ընկալչին կապվելու հակվածությունը։ Էֆեկտիվությունը չափում է, թե որքանով է կապված լիգանդը կարողանում ակտիվացնել իր ընկալչին։
Ագոնիստներ և անտագոնիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ բոլոր լիգանդներն են, որ կապվելով ընկալչի հետ՝ նաև ակտիվացնում են նրան։ Տարբերում են լիգանդների հետևյալ դասերը․
- Լիարժեք ագոնիստները կարող են ակտիվացնել ընկալչին, նպաստելով ուժեղ կենսաբանական պատասխանի զարգացմանը։ Տվյալ ընկալչի համար բնական, օրգանիզմում գոյություն ունեցող (էնդոգեն) ամենաբարձր էֆեկտիվություն ունեցող լիգանդը սահմանմամբ համարվում է լիարժեք ագոնիստ (100% էֆեկտիվություն)։
- Մասնակի ագոնիստները չեն կարող ակտիվացնել ընկալիչները առավելագույն էֆեկտիվությամբ, նույնիսկ երբ կապումը հասնում է առավելագույնին։ Դրա արդյունքում առաջանում է միայն մասնակի պատասխան՝ համեմատած լիարժեք ագոնիստների հետ (արդյունավետությունը՝ 0%-ից մինչև 100% միջակայքում)։
- Անտագոնիստները կապվում են ընկալիչների հետ, բայց չեն ակտիվացնում դրանց։ Արդյունքում առաջանում է ընկալչի պաշարում, ինչը խոչընդոտում է ագոնիստների և ինվերսիվ ագոնիստների հետ կապումը։ Ընկալչային անտագոնիստները կարող են լինել մրցակցային (կամ դարձելի)՝ մրցելով ագոնիստի հետ ընկալչի համար, կամ լինել անդարձելի, երբ կովալենտ կապով (կամ շատ բարձր էֆեկտիվության ոչ կովալենտ կապով) կապվում են ընկալչի հետ և ամբողջությամբ արգելակում դրան։ Օրինակ՝ օմեպրազոլը հանդիսանում է ոչ դարձելի անտագոնիստ։ Անդարձելի արգելակման ազդեցությունը կարելի է վերացնել միայն նոր ընկալիչների սինթեզի միջոցով։
- Հակադարձ ագոնիստները նվազեցնում են ընկալիչների ակտիվությունը՝ արգելակելով դրանց կառուցվածքային ակտիվությունը (բացասական էֆեկտիվություն)։
- Ալոստերիկ կարգավորիչները չեն կապվում ընկալչի ագոնիստի կապման հատվածին, այլ հատուկ ալոստերիկ կապման վայրերին, որոնց միջոցով փոփոխում են ագոնիստի ազդեցությունը։ Օրինակ՝ բենզոդիազեպինները կապվում են ԳԱԿԹA ընկալիչի բենզոդիազեպինային հատվածին և ուժեղացնում են էնդոգեն ԳԱԿԹ-ի ազդեցությունը։
Հարկ է նշել, որ ընկալչային ագոնիզմի և անտագոնիզմի գաղափարը վերաբերում է միայն ընկալիչ-լիգանդ փոխազդեցությանը և ոչ թե դրանց կենսաբանական ազդեցություններին։
Կառուցվածքային ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկալիչը, որ կարող է առաջացնել կենսաբանական պատասխան առանց կապված լիգանդի, ցուցաբերում է այսպես կոչված «կառուցվածքային ակտիվություն»[13]։ Ընկալչի կառուցվածքային ակտիվությունը կարող է արգելակվել հակադարձ ագոնիստի կողմից։ Օրինակ, ճարպակալման դեմ պայքարող դեղերից ռիմոնաբանտը և տարանաբանտը կանաբինոիդային CB1 ընկալչի հակադարձ ագոնիստներ են։ Չնայած զգալի քաշի կորուստ ապահովելուն՝ երկուսն էլ հանվել են շուկայից՝ դեպրեսիայի և անհանգստության բարձր ռիսկի պատճառով, ինչը, ենթադրվում է, կապված է կանաբինոիդային ընկալչի կառուցվածքային ակտիվության արգելակման հետ։
ԳԱԿԹA ընկալիչը նույնպես ունի կառուցվածքային ակտիվություն՝ նույնիսկ ագոնիստի բացակայության դեպքում։ Դա թույլ է տալիս, որ բետա-կարբոլինը գործի որպես հակադարձ ագոնիստ։
Ընկալչային մուտացիաները, որոնք հանգեցնում են կառուցվածքային ակտիվության բարձրացման, հանդիսանում են որոշ ժառանգական հիվանդությունների պատճառ։ Դրանցից են՝ վաղաժամ սեռական հասունացումը (առաջանում է լյուտեինացնող հորմոնի ընկալիչների մուտացիաների հետևանքով) և հիպերթիրեոզը (առաջանում է թիրեոտրոպ հորմոնի ընկալիչների մուտացիաների հետևանքով)։
Դեղամիջոց-ընկալիչ փոխազդեցության տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբանության մեջ ընկալիչների տեսության վաղ ձևերը պնդում էին, որ դեղամիջոցի ազդեցությունը ուղիղ համեմատական է կապված ընկալիչների քանակին[14]։ Ավելին, դեղի ազդեցությունը դադարում է, երբ դեղ-ընկալիչ կոմպլեքսը դիսոցվում է:
Արյենսը և Ստեֆենսոնը ներմուծեցին «խնամակցություն» և «արդյունավետություն» տերմինները՝ ընկալիչներին կապված լիգանդների ազդեցությունը նկարագրելու համար[15][16]։
- Խնամակցությունը դեղամիջոցի ունակությունն է միանալու ընկալիչի հետ՝ դեղ-ընկալիչ կոմպլեքս ստեղծելու համար:
- Էֆեկտիվությունը դեղամիջոցի ունակությունն է դեղ-ընկալիչ կոմպլեքսի ձևավորումից հետո պատասխան առաջացնելու:
Արագություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված կապվածության տեսության համեմատ, արագության տեսությունը ենթադրում է, որ ընկալիչների ակտիվացումը ուղիղ համեմատական է դեղամիջոցի և իր ընկալիչների միջև միավոր ժամանակում տեղի ունեցող հանդիպումների ընդհանուր թվին: Դեղաբանական ակտիվությունը ուղիղ համեմատական է դիսոցման և ասոցման արագություններին, այլ ոչ զբաղեցված ընկալիչների քանակին[17]
- Ագոնիստները, ըստ այս տեսության, արագ ասոցվող և արագ դիսոցվող դեղամիջոցեր են։
- Մասնակի ագոնիստները միջանկյալ ասոցացիայով և միջանկյալ դիսոցացիայով դեղամիջոցներ են։
- Անտագոնիստները արագ ասոցացիայով և դանդաղ դիսոցացիայով դեղամիջոցներ են։
Ինդուցված հարմարեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ դեղը մոտենում է ընկալիչին, ընկալիչը փոխում է իր կապման տեղամասի կոնֆորմացիան՝ առաջացնելով դեղ-ընկալիչ կոմպլեքս։
Պահեստային ընկալիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ընկալիչային համակարգերում (օրինակ՝ ացետիլխոլինը հարթ մկանների նյարդամկանային սինապտիկ ճեղքում), ագոնիստները կարող են առաջացնել առավելագույն արձագանք ընկալիչի շատ ցածր կապվածության դեպքում (<1%): Այսպիսով, այդ համակարգն ունի պահեստային ընկալիչներ կամ ընկալիչի պահուստ: Այս դասավորությունը ստեղծում է նյարդամիջնորդանյութերի արտադրության և արտազատման խնայողություն[12]։
Կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բջիջները կարող են մեծացնել (բարձրացնել) կամ նվազեցնել տվյալ հորմոնի կամ նյարդամիջնորդանյութերի նկատմամբ ընկալիչների քանակը՝ տարբեր մոլեկուլների նկատմամբ իրենց զգայունությունը փոխելու համար: Սա տեղում գործող հետադարձ կապի մեխանիզմ է։
- Իոնոտրոպ ընկալիչների դեպքում իրականանում է ընկալչի կոնֆորմացիոն փոփոխություն այնպես, որ ագոնիստի կապումը չակտիվացնի ընկալչին։
- G սպիտակուցի հետ կապված ընկալիչների դեպքում իրականանում է ընկալչի անջատում էֆեկտոր մոլեկուլներից։
- Ռեցեպտորի սեկվեստրացիա (տեղափոխում բջջի ներս)[18], օրինակ՝ հորմոնային ընկալիչների դեպքում։
Լիգանդների օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկալիչների լիգանդները նույնքան բազմազան են, որքան նրանց ընկալիչները: G սպիտակուցի հետ կապված ընկալիչները (GPCR, 7TM) հատկապես լայն ընտանիք են՝ առնվազն 810 անդամ: Կան նաև իոնական անցուղիների ընկալիչներ (LGIC) առնվազն մեկ տասնյակ էնդոգեն լիգանդների համար, և շատ ավելի շատ հնարավոր ընկալիչներ տարբեր ենթամիավորների կազմի միջոցով: Լիգանդների և ընկալիչների որոշ տարածված օրինակները ներառում են[19]․
Իոնային անցուղիների և G սպիտակուցի հետ կապված ընկալիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերված աղյուսակում ներկայացված են իոնոտրոպ (LGIC) և մետաբոտրոպ (մասնավորապես՝ GPCR) ընկալիչների որոշ օրինակներ: Հիմնական նյարդամիջնորդանյութերն են գլուտամինաթթուն և ԳԱԿԹ-ը․ մյուս նյարդամիջնորդանյութերը նեյրոմոդուլյատորներ են:
| Էնդոգեն լիգանդ | Իոնական անցուղիների ընկալիչներ (LGIC) | G սպիտակուցի հետ կապված ընկալիչներ (GPCR) | ||||
|---|---|---|---|---|---|---|
| Ընկալիչներ | Իոնային հոսք[nb 2] | Էկզոգեն լիգանդ | Ընկալիչներ | G-սպիտակուց | Էկզոգեն լիգանդ | |
| Գլուտամինաթթու | iGluRs: NMDA, AMPA, և Kainate ընկալիչներ |
Na+, K+, Ca2+[19] | Կետամին | Գլուտամինաթթվային mGluRs ընկալիչներ | Gq կամ Gi/o | - |
| ԳԱԿԹ | GABAA (ներառյալ GABAA-rho) |
Cl− > HCO−3[19] | Բենզոդիազեպիններ | ԳԱԿԹB ընկալիչ | Gi/o | Բակլոֆեն |
| Ացետիլխոլին | nAChR (նիկոտինային ացետիլխոլինային ընկալիչ) | Na+, K+, Ca2+[19] | Նիկոտին | mAChR | Gq or Gi | Մուսկարին |
| Գլիցին | Գլիցինային ընկալիչ (GlyR) | Cl− > HCO−3[19] | Ստրիխնին | - | - | - |
| Սերոտոնին | 5-HT3 ընկալիչներ | Na+, K+[19] | Ցերեուլիդ | 5-HT1-2 կամ 4-7 | Gs, Gi/o կամ Gq | - |
| ԱԵՖ | P2X ընկալիչներ | Ca2+, Na+, Mg2+[19] | BzATP | P2Y ընկալիչ | Gs, Gi/o կամ Gq | - |
| Դոֆամին | Իոնական անցուղիները բացակայում են | - | - | Դոֆամինային ընկալիչ | Gs կամ Gi/o | - |
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Guyton, Arthur C.; Hall, John E. (2016). Guyton and Hall Textbook of Medical Physiology. Philadelphia, PA: Elsevier Saunders. էջեր 930–937. ISBN 9781455770052. OCLC 1027900365.
- ↑ Mihic, S. John; Harris, R. Adron (1997). «GABA and the GABAA Receptor». Alcohol Health and Research World. 21 (2): 127–131. ISSN 0090-838X. PMC 6826832. PMID 15704348.
- 1 2 Alberts B, Bray D, Hopkin K, Johnson A, Lewis J, Raff M, Roberts K, Walter P (2014). Essential Cell Biology (Fourth ed.). New York, NY, USA: Science. էջ 534. ISBN 978-0-8153-4454-4.
- ↑ Gotti, Cecilia; Marks, Michael. J.; Millar, Neil S.; Wonnacott, Susan (2019 թ․ սեպտեմբերի 16). «Nicotinic acetylcholine receptors (version 2019.4)». IUPHAR/BPS Guide to Pharmacology CITE. 2019 (4). doi:10.2218/gtopdb/F76/2019.4. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Malenka RC, Nestler EJ, Hyman SE (2009). «Chapter 9: Autonomic Nervous System». In Sydor A, Brown RY (eds.). Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience (2nd ed.). New York: McGraw-Hill Medical. էջ 234. ISBN 9780071481274. «Nicotine ... is a natural alkaloid of the tobacco plant. Lobeline is a natural alkaloid of Indian tobacco. Both drugs are agonists [of] nicotinic cholinergic receptors ...»
- ↑ «Curare Drug Information, Professional». Drugs.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Congreve M, Marshall F (2010 թ․ մարտ). «The impact of GPCR structures on pharmacology and structure-based drug design». British Journal of Pharmacology. 159 (5): 986–96. doi:10.1111/j.1476-5381.2009.00476.x. PMC 2839258. PMID 19912230.
- ↑ Qin K, Dong C, Wu G, Lambert NA (2011 թ․ օգոստոս). «Inactive-state preassembly of G(q)-coupled receptors and G(q) heterotrimers». Nature Chemical Biology. 7 (10): 740–7. doi:10.1038/nchembio.642. PMC 3177959. PMID 21873996.
- ↑ Zubay, Geoffrey (1998). Biochemistry 4th Ed. Dubuque, IA: William C Brown Pub. էջ 684. ISBN 0697219003.
- ↑ Garrett, Reginald; Grisham, Charles (2012). Biochemistry. Cengage Learning. էջեր 1130. ISBN 9781473733602.
- ↑ Hamm, Heidi E.; Oldham, William M. (2008). «Heterotrimeric G Protein Activation by G-Protein-Coupled Receptors». Nature Reviews Molecular Cell Biology. Nature Publishing Group. 9 (1): 60–71. doi:10.1038/nrm2299. PMID 18043707. S2CID 24267759.
- 1 2 Rang HP, Dale MM, Ritter JM, Flower RJ, Henderson G (2012). Rang & Dale's Pharmacology (7th ed.). Elsevier Churchill Livingstone. ISBN 978-0-7020-3471-8.
- ↑ Milligan G (2003 թ․ դեկտեմբեր). «Constitutive activity and inverse agonists of G protein-coupled receptors: a current perspective». Molecular Pharmacology. 64 (6): 1271–6. doi:10.1124/mol.64.6.1271. PMID 14645655. S2CID 2454589.
- ↑ Rang, HP (2006 թ․ հունվար). «The receptor concept: pharmacology's big idea». British Journal of Pharmacology. 147 (Suppl 1): S9-16. doi:10.1038/sj.bjp.0706457. PMC 1760743. PMID 16402126.
- ↑ Ariens EJ (1954 թ․ սեպտեմբեր). «Affinity and intrinsic activity in the theory of competitive inhibition. I. Problems and theory». Archives Internationales de Pharmacodynamie et de Therapie. 99 (1): 32–49. PMID 13229418.
- ↑ Stephenson RP (1956 թ․ դեկտեմբեր). «A modification of receptor theory». British Journal of Pharmacology and Chemotherapy. 11 (4): 379–93. doi:10.1111/j.1476-5381.1956.tb00006.x. PMC 1510558. PMID 13383117.
- ↑ Silverman RB (2004). «3.2.C Theories for Drug—Receptor Interactions». The Organic Chemistry of Drug Design and Drug Action (2nd ed.). Amsterdam: Elsevier Academic Press. ISBN 0-12-643732-7.
- ↑ Boulay G, Chrétien L, Richard DE, Guillemette G (1994 թ․ նոյեմբեր). «Short-term desensitization of the angiotensin II receptor of bovinde adrenal glomerulosa cells corresponds to a shift from a high to low affinity state». Endocrinology. 135 (5): 2130–6. doi:10.1210/en.135.5.2130. PMID 7956936.
- 1 2 3 4 5 6 7 Boulpaep EL, Boron WF (2005). Medical Physiology: A Cellular and Molecular Approach. St. Louis, Mo: Elsevier Saunders. էջ 90. ISBN 1-4160-2328-3.