Ընթերցում (նկար, Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ընթերցում (Պիկասո)ից)
Ընթերցում
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1932
ժանրդիմապատկեր
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Ընթերցում (ֆր.՝ La Lecture), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ վրձնված 1932 թվականին՝ սյուռեալիզմի շրջանում։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։ Չափսերն են՝ 65,5 × 51 սմ[1]։

Վառ գույներով (դեղին, կանաչ, կարմիր) լի դիմանկարը նկարիչը ստեղծել է իր կյանքի այն շրջանում, որը արվեստագետները անվանում են «սիրահարված» շրջան։ Նկարում պատկերված է Մարիա-Թերեզա Վալտերը՝ Պիկասոյի գաղտնի սիրուհին, որը քնել է բազմոցին՝ գիրքը ծնկներին։ Բրիտանական The Guardian թերթի արվեստի գծով լրագրողը կարծում է, որ Վալտերի ծնկներին դրված բաց գիրքը «ինքն իրենից ներկայացնում է սեքսուալ խորհրդանիշ», իսկ նկարը բնորոշել է որպես «զգայական, էրոտիկ և երջանիկ»[2]։

Մարիա Թերերզան Պիկասոյի հետ հանդիպել է 1927 թվականին։ Աղջիկը ընդամենը 17 տարեկան էր, իսկ Պիկասոն՝ 45։ Նա դուրս էր եկել փարիզյան մետրոյից, երբ Պիկասոն մոտեցել է նրան, բռնել նրա ձեռքը և ասել․ «Ես Պիկասոն եմ։ Մենք միասին պատրաստվում ենք անել մեծ գործեր»։ Ավելի ուշ Վալտերը հիշում էր, որ նա անմեղ աղջիկ էր և երբեք չէր լսել ո՛չ այդ նկարչի և ո՛չ էլ նրա փառքի մասին[3]։ Այն դեպքում, երբ Պիկասոն ամուսնացած էր ռուս բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ։ Նա թաքցրել է կնոջից իր նոր հափշտակությունը այնքան ժամանակ, մինչև 1935 թվականին Խոխլովան իր ընկերոջից իմացել է ամուսնու սիրուհու հղիության մասին։ Օլգան նույն պահին հեռացել է Պիկասոյից՝ իր հետ վերցնելով որդուն։ Նրանց ամուսնությունը քայքայվել է, չնայած պաշտոնապես մինչև Խոխլովային մահը՝ 1955 թվականը, նրանք մնացել են ամուսիններ։

Մարիա Թերեզա Վալտերը՝ սեքսուալ և ֆիզիկապես գայթակղիչ, Պիկասոյի վրա թողել է ուժեղ ազդեցություն և ներշնչել է նրան վրձնել «Աղջիկը հայելու առաջ», «Երազ», «Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք» և շատ այլ ստեղծագործություններ, որոնցում մարմնավորվել են նրա կերպարները։

2011 թվականի փետրվարի 8-ին «Ընթերցում» նկարը ցուցադրվել է Լոնդոնի Սոթբիսի աճուրդում և վաճառվել անանուն մասնակցին՝ հեռախոսով 6 րոպե սակարկելուց հետո 25,2 միլիոն ֆունտ ստեռլինգով (40,7 միլիոն դոլարով)[4]։ Ավելի վաղ 1989 թվականին նկարը ցուցադրվել էր Քրիստիս աճուրդում և վաճառվել 5,8 միլիոն դոլարով։ Այդ ժամանակ շատերը այդ աշխատանքը համարել են գերագնահատված[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Picasso's "La Lecture" to be sold in Pairs». Webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «Picasso to make biggest impression at Sotheby's sale». The Guardian. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «'La Lecture', a Picasso portrait of his muse Marie-Thérèse, to be auctioned in London». The Art Wolf. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Picasso painting La Lecture fetches £25m at auction». BBC. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Long faces at NY art houses». Independent. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.