Ընդերքօգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդերքօգտագործում, ընդերքի տրամադրումը երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև դրանց արդյունահանման հետ չկապված ստորգետնյա կառույցների ստեղծման նպատակներով։

Երկրաբանական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական ուսումնասիրության ձևերն են օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և գնահատում, շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի վերահետախուզում, տարածաշրջանային երկրաբանական, հրաբխային գործունեության, ստորգետնյա կառույցների շինարարության համար ընդերքի նախատեսված տեղամասերի ուսումնասիրություններ։

Տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրություն (տարածաշրջանային երկրաբանաերկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ, քարտեզագրում, երկրաքիմիական, երկրաշարժաբանական, ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական հետազոտություններ, գիտահետազոտական, հնէաերկրաբանական աշխատանքներ)՝ ուղղված ընդերքի ընդհանուր ուսումնասիրությանը։

Հրաբխային գործունեության ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխային գործունեության ուսումնասիրություն (երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական շարժընթացների մոնիտորինգի համակարգի ստեղծում և այլ աշխատանքներ, որոնք կատարվում են առանց ընդերքի ամբողջության խախտումների)։

Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և գնահատում (միջին և խոշոր մասշտաբների երկրաբանական քարտեզագրում, մասնագիտացված հատուկ երկրաֆիզիկական ու երկրաքիմիական աշխատանքներ, փաստագրում, նմուշարկում, հանքային հումքի ու պարփակող ապարների քարագրական, հանքաբանական, տեխնոլոգիական և այլ հատկությունների ուսումնասիրություն, օգտագործվող ու կանխատեսված պաշարների որոշում և գնահատում)։

Շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի վերահետախուզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի վերահետախուզում (օգտակար հանածոների լրացուցիչ պաշարների հայտնաբերման, դրանց քանակի, որակի ճշգրտման, ինչպես նաև շահագործման ընթացքում պաշարների շարժի հաշվառման և արդյունավետ օգտագործման նպատակներով)։

Ընդերքի նախատեսված տեղամասերի ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորգետնյա կառույցների շինարարության համար ընդերքի նախատեսված տեղամասերի ուսումնասիրություն (կառուցվածքային առանձնահատկությունների, լեռնային ապարների կազմի ու հատկությունների բացահայտման, հանքաբանական, հևէաերկրաբանական և երկրաբանական այլ հավաքածուների ստեղծման, գեղագիտական և կիսաթանկարժեք քարերի հավաքման, գիտական, մշակութային, գեղագիտական ու այլ նշանակության երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ և այլն) նկարագրման ու պահպանման նպատակով)։

Օգտակար հանածոների արդյունահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոների արդյունահանման եղանակներն են՝

  • ստորգետնյա փորվածքների համակարգով՝ առանց երկրի մակերևույթի էական խախտման,
  • բաց՝ երկրի մակերևույթից՝ բաց փորվածքներով,
  • հորատանցքային՝ շահագործական հորատանցքերով,
  • համակցված՝ վերոհիշյալ եղանակների համակցմամբ։

Արդյունահանումը կարող է իրականացվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շահագործման ընթացքում առաջացող թափոնների՝ տեխնածին հանքավայրերի (մակաբացման ու պարփակող ապարներ, ինչպես նաև հարստացնող, մետաղագործ, և այլ վերամշակվող արտադրության լցակույտեր) վերամշակման նպատակով։

Արդյունահանման այլ ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքօգտագործման ձևերն են.

  • ստորգետնյա կառույցների շինարարությունը,
  • տրանսպորտային ուղիների ստեղծումը,
  • արտադրության թափոնների տեղադրումը և այլն։

Երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում որոշակի՝ ոչ ավելի, քան 50 տարի ժամկետով, իսկ ստորգետնյա կառույցների շահագործման և հատուկ պահպանվող երկրաբանական արգելոցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործումը կարող է լինել անժամկետ։

Ընդերքօգտագործման վնասների նվազեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրին հասցրած վնասները նվազեցնելու, ինչպես նաև հանքահումքային հենքի ընդլայնման ու որակական բարելավման նպատակով անհրաժեշտ է օգտակար հանածոների հանքավայրերը շահագործել առավել արդյունավետ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով, որոնք կապահովեն հիմնական և ուղեկից օգտակար հանածոների լիակատար, համալիր, տնտեսապես նպատակահարմար կորզումը, ինչպես նաև անջատվող պարփակող ապարների օգտագործումը կամ պահեստավորումը, կառույցների անվտանգ ու երկարատև շահագործումը։ Օգտակար հանածոների արդյունահանման դեպքում պետք է ապահովվի հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող, ժամանակավորապես չօգտագործվող օգտակար հանածոների պահեստավորումն ու պահպանությունը, հանքարդյունահանման հետևանքով առաջացած դատարկ տարածության նպատակային օգտագործումը, աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների չափորոշիչների ապահովումը, խախտված հողերի պահպանումն ու վերականգնումը։

Օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման, ինչպես նաև ստորգետնյա կառույցների շինարարության համար կատարվում է հատկացում։

Ընդերքօգտագործումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի օրենսդրությամբ ստորերկրյա ջրերի (քաղցրահամ և հանքային) հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու և պահպանելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը ստեղծվում են սանիտարական պահպանման գոտիներ, որտեղ իրականացվում են հողը, ջուրը, մթնոլորտը և կանաչապատ տարածքները հնարավոր աղտոտումից պաշտպանող միջոցառումներ։

Ընդերքօգտագործումը կարող է սահմանափակվել կամ արգելվել Հայաստանի օրենքներով, եթե վնաս է հասցնում մարդու առողջությանը, ազգային անվտանգությանը, շրջակա միջավայրի պահպանությանը։

Ընդերքօգտագործողներ են համարվում Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքով (2002) և օրենքներով թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք (նաև օտարերկրացի) ու Հայաստանի քաղաքացիները։ ճառագայթաակտիվ հումքի որոնման, հետախուզման ու շահագործման, ինչպես նաև ճառագայթաակտիվ և վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործողներ են համարվում Հայաստան կառավարության կողմից սահմանված հատուկ թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք։

Ընդերքօգտագործումը կարգավորվում է Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքով (2002

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։