Էֆրայիմ Մոշե Լիլիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էֆրայիմ Մոշե Լիլիեն
Ephraim Moses Lilien (FL12169799).II.jpg
Ծնվել էմայիսի 23, 1874(1874-05-23)[1][2]
ԾննդավայրԴրոգոբիչ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհուլիսի 18, 1925(1925-07-18)[1] (51 տարեկանում)
Մահվան վայրԲադենվայլեր
ՔաղաքացիությունԼեհաստան
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ, հրատարակիչ, փորագրիչ, նկարիչ և նկարազարդող
Թեմաներգեղանկարչություն
ստորագրություն
Ephraim Moses Lilien (FL12169799). signature.jpg
Ephraim Moses Lilien Վիքիպահեստում

Էֆրայիմ Մոշե Լիլիեն (լեհ.՝ Ephraim Moses (Moshe, Maurycy) Lilien, եբր.՝ אפרים משה ליליין‎, մայիսի 23, 1874(1874-05-23)[1][2], Դրոգոբիչ, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 18, 1925(1925-07-18)[1], Բադենվայլեր), լեհ, հրեա, գերմանացի նկարիչ, գրաֆիկ, դիզայներ, լուսանկարիչ, գրքերի նկարազարդող, սիոնական շարժման ներկայացուցիչ: Արվեստում նոր ոճի` մոդեռնի կամ սեցեսիայի (Գերմանիայում` յուգենդ-շտիլ) հիմնադիրներից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1874 թվականին Դրոգոբիչում, հրեական արհեստավորի ընտանիքում, ով եղել է օրթոդոքս[3]: Նյութական միջոցներից զուրկ ընտանիքն ի վիճակի չի եղել վճարելու գիմնազիայում նրա կրթության համար: Երիտասարդ տարիքում աշխատել է լվովցի նկարչի վարպետանոցում:

Ռեալական դպրոցն ավարտելուց հետո ուսում ստանալու նպատակով մեկնել է Կրակով` Կիրառական արվեստի դպրոց, որը գլխավորում էր Յան Մատեյկոն: Ուսումնառությունը տևել է 1889-1893 թվականներին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով Լիլիենը ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը և վերադառնալ Դրոգոբիչ: Աշխատելով 50 ոսկե գուլդեն` նա դրանք ծախսել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում նկարչության կուրս անցնելու վրա: 1894-1898 թվականներին սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում:

Հաջողությունն այցելել է նկարչին, երբ նա իր գրաֆիկական աշխատանքները` «Կախարդական սրինգ», «Սիրեցյալը» և մի քանի այլ գործեր ուղարկել է «Յուգենդ» (արվեստի նոր ուղղության` մոդեռնի կամ սեցեսիայի առաջատար) գրական-գեղարվեստական ամսագրին և ստացել համագործակցության առաջարկ: «Յուգենդի» համար նախատեսված աշխատանքների շնորհիվ նա դարձել է «նորաձև» նկարիչ, իսկ ֆինանսական վիճակը բարելավվել է:

1898 թվականին տեղափոխվել է Բեռլին, աշխատակցել «Գրացիա», «Օստ ունդ Վեստ» «Սիմպլիցիսիմուս», «Գոսպոդին», «Վալտշպիգել» ամսագրերին, նկարազարդել է «Մաքսավորը Կլաուզենից» գիրքը:

1900 թվականին ծանոթացել է գերմանացի ազնվական (բարոն), բանաստեղծ, բանահավաք Բյորիս ֆոն Մյունհաուզենի հետ: Վերջինս հրավիրել է Լիլիենին իրագործել իր նախագիծը` նկարազարդել իդիշ բանաստեղծ Մորիս Ռոզենֆելդի «Գետտոյի երգը» գիրքը, որը բարոնը թարգմանել էր գերմաներեն: Դրա համար նկարիչը նույնիսկ մեկ ամբողջ տարի հաստատվել է բարոնի` Թյուրինգիայում գտնվող ամրոցում: Այնտեղ նա նաև նկարազարդումներ է արել բանաստեղծական թարգմանությունների գրքի համար, որը հետագայում բազմիցս վերահրատարակվել է: Դրանից հետո Լիլիենը գիրք ձևավորողի մեծ համբավ է ձեռք բերել և նկարազարդել եռահատոր «Աստվածաշունչը», «Երգ երգոցը» և այլ գրքեր:

Որպես սիոնիստական շարժման ակտիվ ներկայացուցիչ` Լիլիենը 1906-1918 թվականներին մի քանի անգամ այցելել է Պաղեստին[4]: Նա օգնել է Բորիս Շացին Երուսաղեմում Արվեստների ու արհեստների դպրոց հիմնելու (ներկայումս` Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա): 1906 թվականին դասավանդել է նոր դպրոցում` իր անջնջելի հետքը թողնելով հրեական արվեստի վրա: 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներին Լիլիենի աշխատանքները օրինակ էին հանդիսանում նկարիչների համար, որոնք հավաքվել էին Բեցալելում:

Թեոդոր Հերցլի լուսանկար, հեղինակ` Եֆրայիմ Մոշե Լիլիեն

Լիլիենը սիոնիզմի հայր Թեոդոր Հերցլի հայտնի լուսանկարի հեղինակն է (Հերցլն ընդհանրապես եղել է Լիլիենի սիրած ֆոտոմոդելներից մեկը, ով հանձին նրա տեսնում էր «նոր հրեայի» կերպարը)[5]:

1902 թվականին դարձել է հրեական ազգային Jüdischen Verlags հրատարակչության հիմնադիրներից մեկը, որտեղ եղել է և' նկարիչ, և' խմբագիր, և' տնօրինել է տնտեսական հարցերը: Նույն թվականին մեկնել է Ռուսաստան` հրեական գրականության ժողովածու նախապատրաստելու, որը, սակայն, չի տպագրվել` պայմանավորված 1905 թվականի իրադարձություններով:

1914 թվականին Լիլիենը կրկին այցելել է Պաղեստին, սակայն այս անգամ որպես ավստրո-հունգարական բանակի զինվոր, որտեղ հրավիրվել էր որպես ռազմական լուսանկարիչ և նկարիչ: Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Բեռլին, որտեղ ակտիվորեն շարունակել է գիրք նկարազարդել: 1922 թվականին «Benjamin Harz» հրատարակչությունում լույս է տեսել Լոտար Բրեյգերի «Եֆրայիմ Մոշե լիլիեն» գիրք-ալբոմը` նկարչի կենսագրությամբ ու նրա 226 աշխատանքների վերատպությամբ: Լիլիենի նկարներով պատրաստվել են Էսսենի հին սինագոգի մուտքի հսկայական դռները: Նա նաև թողարկել է փոստային նամականիշների մեծ շարք և նկարել նամականիշների համար, իսկ նրա էքսլիբրիսները գրաֆիկական աշխատանքի լավագույն օրինակներ են:

1923 թվականին Նյու Յորքում բացվել է Լիլիենի աշխատանքների` առաջին հերթին գրքերի նկարազարդումների ցուցահանդես:

Նա համարվում է հրեա այն նշանավոր նկարիչներից, որոնք իրենց ստեղծագործություններով լուսաբանել են սիոնիստական թեման: Լիլիենը հրեական միջավայրում հայտնի է որպես «սիոնիստ առաջին նկարիչ»:

Լիլիենը մահացել է ինֆարկտից Բադենվայլեր առողջարանային քաղաքում, թաղված է Բրաունշվայգում (կնոջ` Ելենայի հայրենիքում):

Լիլիենի անունով փողոցներ կան Թել Ավիվում, Նայոտիում (Երուսաղեմի մերձակայք):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.deutsche-biographie.de/sfz51396.html
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. Werner, Alfred; Radjai-Ordoubadi, Jihan (2007). "Lilien, Ephraim Moses." Encyclopaedia Judaica. 2nd ed. Detroit: Macmillan Reference USA. Vol. 13, p. 14. Retrieved via Gale Virtual Reference Library database, 18 May 2018. Also available online via Encyclopedia.com.
  4. On Ephraim Moses Lilien Archived 2007-03-14 at the Wayback Machine.
  5. Artistic Expression of the Jewish Renaissance

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]