Էքսուդատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փայծաղի աբսցեսի խոռոչ, որը զգաղեցնում է գրեթե ամբողջ օրգանը՝ լցված թարախային էքսուդատով

Էքսուդատ (լատ.՝ exsudo «դուրս եմ գալիս»; exsudatum ex- «–ից» + sudo, sudatum «քրտնել»)[1][2], բորբոքման ժամանակ մանր արյունատար անոթներից՝ դեպի օրգանիզմի խոռոչներ և հյուսվածքներ արտահոսող հեղուկ[3]։

Էքսուդացիա– էքսուդատի դուրս բերման գործընթաց[3][4]։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էքսուդատ» և «էքսուդացիա» տերմինները կիրառվում են միայն բորբոքման նկարագրման դեպքում և նպատակ ունեն ընդգծել բորբոքային հեղուկի տարբերությունները (ինչպես նաև առաջացման մեխանիզմները) միջբջջային հեղուկից և տրանսուդատից[3]։

Էքսուդացիայի մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն իջ մեջ է ներառում 3 հիմնական գործոններ՝

  1. Անոթների թափանցելիության աճ (երակիկներ և մազանոթներ), ինչը հետևանք է բորբոքային միջնորդանյութերի ազդեցության
  2. Բորբոքման օջախում անոթների հիպերեմիայի հետևանքով արյան (ֆիլտրացիոն) ճնշման բարձրացում
  3. Բորբոքված հյուսվածքում օսմոտիկ և օնկոտիկ ճնշման բարձրացում՝ սկսվող էքսուդացիայի և ալտերացիայի արդյունքում։ Ինչպես նաև հնարավոր է արյան օնկոտիկ ճնշման իջեցում՝ կապված առատ էքսուդացիայով սպիտակուցների կորստի հետ։

Այս մեխանիզմների միջև դինամիկ հավասարակշռության պահպանումն ապահովում է նրանով, որ առողջ մարդու մոտ թոքամզի ներծծող ունակությունը մոտ 3 անգամ գերազանցում է նրա սեկրետոր (արտազատական) ունակությունը, այդ պատճառով թոքամզի խոռոչում առկա է հեղուկի միայն աննշան քանակություն։

Էքսուդացիայի առաջատար գործոնն է հանդիսանում անոթների թափանցելիության աճը։ Այն, որպես կանոն, հանդիսանում է երկփուլ գործընթաց և իր մեջ է ներառում արագ և դանդաղ փուլերը։ Արագ փուլն առաջանում է բորբոքային ազդակի ներգործությամբ, հասնում է իր առավելագույնին մի քանի րոպեների ընթացքում և ավարտվում է մոտ 15–30 րոպեների ընթացքում։ Դանդաղ փուլը զարգանում է աստիճանաբար, հասնում է իր առավելագույնին 4–6 ժամ անց և, որոշ դեպքերում, շարունակվում է մինչև 100 ժամ՝ կախված բորբոքման ինտենսիվությունից։ Հետևաբար՝ բորբոքման էքսուդատիվ փուլը սկսվում է անապաղ և շարունակվում է ավելի քան 4 օր։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորբոքային հյուսվածքներում հեղուկի արտահոսքի դեպքում խոսքը գնում է վնասվածքային էքսուդատի (լատ.՝ exsudo vulnerale)[5], իսկ օրգանիզմի խոռոչներ բորբոքային հեղուկի արտահոսքի դեպքում՝ արտաքիրտի մասին (լատ.՝ effusion)։ Ոչ հազվադեպ էքսուդատ և արտաքիրտ տերմինները հանդիսանում են հոմանիշներ[6], ինչն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ «էքսուդատ» տերմինը կիրառելի է միայն բորբոքային պրոցեսի համար[3], իսկ արտաքիրտը ոչ միշտ է ունենում բորբոքային բնույթ։

Ըստ մակրոսկոպիկ պատկերի տարբերում են էքսուդատի հետևյալ տեսակները՝ շճային, ֆիբրոզ, թարախային, նեխական, արյունահոսական։ Ինչպես նաև հանդիպում են խառը՝ շճաֆիբրինոզ, շճաթարախային, շճաարյունահոսական, թարախաֆիբրինոզ տեսակները[3][7]։ Բացի դրանից, ըստ մակրոսկոպիկ պատկերի, որոշ հեղինակներ առաձնացնում են էքսուդատի հետևյալ, առավել հազվադեպ հանդիպող տեսակները՝ լորձային (լատ.՝ exsudo mucosum)[8], լորձաարյունահոսական (լատ.՝ exsudo mucohaemorrhagicum)[9], կաթնաձև (խիլյոզ, խիլուսանման, կեղծ խիլյոզնման, խոլեսթերինային)[10][11]։

Ըստ բջջաբանական պատկերի տարբերում են էքսուդատի հետևյալ տեսակները՝ նեյտրոֆիլային, լիֆոցիտար, էոզինոֆիլային[12], մոնոնուկլեար[13] և խառև ձևեր[12]։ Սուր բորբոքմանը բնորոշ է էքսուդատում նեյտրոֆիլների, քրոնիկ բորբոքմանը՝ լիմֆոցիտների և մոնոցիտների, իսկ ալերգիկ ծագման բորբոքմանը՝ էոզինոֆիների գերակշռումը։

Էքսուդատի առանձին տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շճային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շճային էքսուդատը (լատ.՝ exsudo serosum)[14] իրենից ներկայացնում է գրեթե թափանցիկ հեղուկ։ Իր կազմով այն ավելի մոտ է տրանսուդատին[3]։ Ոչ մեծ քանակությամբ (3-5 %) պարունակում է սպիտակուց (հիմնականում՝ ալբումին) և բազմաձև կորիզային լեյկոցիտներ (նեյտրոֆիլներ, բազոֆիլներ, էոզինոֆիլներ)։ Տեսակարար կշիռը կազմում է 1015—1020, pH՝ 6–7[3][7]։ Ցենտրիֆուգելուց հետո նստավածքը պարունակում է եզակի սեգմենտակորիզավոր գրանուլոցիտներ (նեյտրոֆիլների «հասուն» ձևեր ) և շճային թաղանթների էպիթելային բջիջներ[7]։

Որպես կանոն, այդպիսի էքսուդատը ձևավորվում է շճային թաղանթների բորբոքման հետևանքով (շճային պերիտոնիտ, շճային պերկարդիտ)[3][7] և հազվադեպ է հանդիպում պարենքիմատոզ օրգանների բորբոքման ժամանակ[3]։ Բնորոշ է այրվածքային, վիրուսային կամ ալերգիկ բորբոքմանը[3][7]։

Շճային էքսուդատը հեշտ է ներծծվում, չի թողնում ոչ մի հետք կամ ձևավորում է շճային թաղանթների աննշան հաստացում[7]։

Ֆիբրինոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիբրինոզ էքսուդատին (լատ.՝ exsudo fibrinosum)[14] բնորոշ է ֆիբրինոգենի բարձր պարունակությունը, ինչը պայմանավորված է անոթների թափանցելիության արտահայտված աճի հետ։ Վնասված կամ բորբոքված հյուսվածքների հետ շփվելուց ֆիբրինոգենը վերածվում է ֆիբրինի, որը շճային թաղանթների մակերեսին առաջացնում է մազմզուկավոր զանգված հիշեցնող նստվածք, իսկ լորձային մակերեսներին նստում է թաղանթի նման (այս էքսուդատով են պայմանավորված բորբոքման կրուպոզ և դիֆթերիտիկ տեսակները)։ Էքսուդատում ֆիբրինի մեծ քանակության հետևանքով տեսակարար կշիռը լինում է շատ ավելի մեծ, քան շճային էքսուդատի տեսակարար կշիռը[3][7]։

Ֆիբրինոզ էքսուդացիան կարող է առաջանալ դիզենթերիայի, թոքախտի, դիֆթերիայի, ինչպես նար տարբեր վիրուսների հարուցիչներով վարակման, էնդոգեն (օրինակ՝ ուրեմիա) և էկզոգեն (օրինակ՝ սուլեմայով թունավորում) ծագման թույներով թունավորման ժամանակ[7]

Շճային թաղանթների վրա նստած ֆիբրինը մասնակիորեն ենթարկվում է աուտոլիզի, բայց նրա մեծ մասը ենթարկվում է օրգանիզացիայի (շարակցական հուսվածքի աճ), ինչի հետևանքով ձևավորվում են կպումներ և սպիեր։ Լորձային մակերեսների վրա ֆիբրինը ենթարկվում է աուտոլիզի և անջատվում է՝ թողնելով խոցեր, որոնց խորությունը որոշվում է ֆիբրինի նստեցման խորությամբ։ Ժամանակի ընթացքում խոցերը վերականգնվում են[7]։

Թարախային[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարախային էքսուդատը (լատ.՝ exsudo purulentum)[14] կամ թարախը[15] մակրոսկոպիկ իրենից ներկայացնում է կանաչավուն երանգի, պղտոր և մածուցիկ հեղուկ։ Այն պարունակում է մեծ քանակությամբ, գերազանցապես քայքայված բազմաձև կորիզային լեյկոցիտներ (թարախային մարմնիկներ), ալբումիններ, գլոբուլիններ, ֆիբրինի թելեր, ֆերմենտեր և հյուսվածքների պրոտեոլիզի արգասիքներ[3][7]։

Թարախային էքսուդատը կարող է ձևավորվել ցանկացած հյուսվածքի, օրգանի, շճային խոռոչների, մաշկի բորբոքման դեպքում, կարող է առաջացնել աբսցես կամ ֆլեգմոնա[3][7].

Բնորոշ է ստաֆիլոկոկային, ստրեպտոկոկային, մենինգոկոկային, գոնոկոկային, միկոբակտրիային ծագման և ախտածին սնկերով հարուցված բորբոքմանը[3][7]։

Նեխական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեխական էքսուդատը (լատ.՝ exsudo putrida) իրենից ներկայացնում է կեղտոտ կանաչավուն երանգի հեղուկ, ինդոլի կամ սկատոլի տճաճ հոտով[16]։ Ձևավորվում է այն դեպքում, երբ բորբոքային գործընթացը զարգացել է անաէրոբ բակտերիաներով պայմանավորված։ Այս տեակի բորբոքման դեպքում հյուսվածքները ենթարկվում են նեխկան կազմալուծման[3][7]։

Արյունահոսական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունահոսական էքսուդատն (լատ.՝ exsudo haemorrhagicum)[14] ունի վարդագույն կամ կարմիր գույն, ինչը պայմանավորված է էքսուդատում պարունակվող մեծ քանակի էրիթրոցիտներով, որոնք այստեղ են հայտնվում բորբոքման հետևանքով առաջացած անոթների բարձրացած թափանցելիության կամ քայքայման հետևանքով[3][7]։

Այս էքսուդատի առաջացումը բնորոշ է բարձր վիրուլենտություն ունեցող հարուցիչներով (օրինակ՝ ժանտախտ, սիբիրյան խոց, բնական ծաղիկ, տոքսիկ գրիպ) առաջացած բորբոքմանը։ Բացի դրանից, այն դիտվում է նաև թոքախտային պլևրիտների, ալերգիկ ծագման բորբոքման և չարորակ նորագոյացություների ժամանակ[3][7]։

Լորձային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորձային էքսուդատը (լատ.՝ exsudo mucosum)[14] շճային էքսուդատից տարբերվում է մուցինի, պսևդոմուցինի, սեկրետոր հակամարմինների (IgA դասի հակամարմիններ) և լիզոցիմի մեծ քանակությամբ։ Ձևավորվում է քթըմպանի, թոքերի օդատար ուղիների, ստամոքս աղիքային համակարգի լորձային թաղանթների բորբոքման դեպքում[17]։

Խիլյոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիլյոզ էքսուդատն արտաքնապես կաթ է հիշեցնում[18]։ Այն պարունակում է ավշային անոթներից անջատվող խիլուս (ավիշ, կաթնային հյութ, որն արտահոսում է աղիներից՝ միախառնված աղիքային մարսողության ներծծման նյութերի հետ)։ Նրա սպիտակ գունավորումը պայմանավորված է ճարպի մեծ քանակությամբ։ Նստվածքի գոյացման դեպքում առաջանում վերին, սերուցքանման շերտ՝ կազմված ճարպից։ Բացի դրանից, նրա մեջ պարունակվում են էրիթրոցիտներ, լիմֆոցիտներ և մեծ քանակությամբ բազմաձև կորիզային լեյկոցիտներ[16]։

Խիլյոզ էքսուդատը հաճախ հանդիպում է որովայնի խոռոչում, սակայն դիտվում է նաև թոքամզի խոռոչում՝ կրծքային ծորանի, միջկողային և թոքային ավշային անոթների պատռման դեպքում[16]։

Խիլուսանման[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիլուսանման էքսուդատը (լատ.՝ hydrops chyliformis s. adiposus) ևս ունի կաթնային գույն, ինչպես և խիլյոզ էքսուդատը։ Սակայն, ի տարբերություն վերջինիս՝ խիլուսանման էքսուդատում միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ նրանում համեմատ ավելի քիչ ճարպ է հայտնաբերվում է սովորաբար այն ունենում է խոշոր ճարպային գնդիկների տեսք։

Խիլուսանման էքսուդատն առաջանում է շճային թաղանթների քրոնիկ բորբոքման հետևանքով և սովորաբար դիտվում է որովայնի խոռոչում՝ լյարդի ատրոֆիկ ցիռոզի, իսկ թոքամզի խոռոչում՝ թոքախտի, սիֆիլիսի և թոքամզի չարորակ նորագոյացությունների դեպքում[16]։

Պսևդոխիլյոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսևդոխիլյոզ էքսուդատն ունի կաթնանման տեսք, սակայն, ի տարբերություն խիլյոզ և խիլուսանման էքսուդատի՝ ընդհարապես չի պարունակում կամ պարունակում է 0,15%–ից քիչ ճարպ, այսինքն կաթնանման գույնը չի կարող պայմանավորված լինել ճարպի առկայությամբ։ Այս էքսուդատի գունավորման պատճառը հստակ հայտնի չէ։ Այն կարող է պայմանավարված լինել նրանում սպիտակուցային մարմինների, մուկոիդ նյութերի, գլոբուլինի հատուկ ագրեգացված մասնիկների, լեցիտինի և այլ նյութերի հետ[16]։

Այս էքսուդատի նստեցման դեպքում չի առաջանում սերուցքանման շերտ և չի բացանում եթերի ավելացման դեպքում, իսկ օսմիաթթվի ավելացման դեպքում այն մասնակի ձեռք է բերում շագանակագույն երանգ կամ ընդհանրապես գույնը չի փոխում։ Սովորաբար այն չի մակարդվում և անաջատվում է ֆիբրինի աննշան քանակություն[16]։

Հանդիպում է երիկամների լիպոիդ դեգեներացիայի դեպքում[16]։

Խոլեսթերինային[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլեսթերինային էքսուդատն իրենից ներկայացնում է խիտ, շագանակագույն կամ դեղնավուն գույնի, պերլամուտի երանգով հեղուկ։ Էրիթրոցիտների քայքայված խառնուրդը կարո է տալ շոկոլադանման երանգ։ Պարունակում է խոլեսթերինի բյուրեղներ[19]։

Այն ձևավորվում է երկարատև, ընդհուպ մինչև մի քանի տարի գոյություն ունեցող, պարկավորված շճային խոռոչներում։ Առաջանում է ցանկացած տեսակի էքսուդատից՝ խոռոչից ջրի և էքսուդատից որոշակի հանքային տարրերի հետներծծման, ինչպես նաև դեպի խոռոչ հեղուկի արտահոսքի բացակայության դեպքում[19]։

Նեյտրոֆիլային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյտրոֆիլային էքսուդատը որոշվում է հեղուկի միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ։ Այն բնութագրվում է նեյտրոֆիլների մեծ քանակությամբ, իսկ արտաքին տեսքով կարող է հիշեցնել ինչպես շճային, այնպես էլ թարախային էքսուդատ։ Շճային նեյտրոֆիլային էքսուդատի դեպքում, որպես կանոն, հեղուկում պարունակվում են չվնասված նեյտրոֆիլներ։ Այդպիսի էքսուդատը ձևավորվում է թարախակալման սկզբնական փուլում, այսինքն իրենից ներկայացնում է միկրոթարախային էքսուդատ[13]։

Թարախային նեյտրոֆիլային էքսուդատի դեպքում բոլոր նեյտրոֆիլները գտնվում են դեգեներացիայի և նշանակալի դեստրուկցիայի փուլում[13]։

Էոզինոֆիլային[խմբագրել | խմբագրել կոդը]

Էոզինոֆիլային էքսուդատի դեպքում միկրոսկոպիկ հետազոտության դեպքում շճային հեղուկում էոզինոֆիլների քանակը կազմում է ընդհուպ մինչև 97%[20]։ Որոշ դեպքերում էոզինոֆիլները կազմում են բջջային կազմի միայն 10–20%, իսկ մնացած բջիջները ներկայացված են լիմֆոցիտներով։ Այս դեպքում խոսքը գնում է էոզինոֆիլային–լիմֆոցիտար էքսուդատի մասին, երբ, բացի էոզինոֆիլներից և լիմֆոցիտներից, առկա են նաև հիստոցիտներ, բազոֆիլներ և նեյտրոֆիլներ[21]։

Այն կարող է դիտվել թոքախտի, այլ ինֆեկցիաների, ինչպես նաև՝ աբսցեսի, վնասվածքների, թոքերում բազմաթիվ քաղցկեղային մետաստազավորման, թոքերում ասկարիդի թրթուրների միգրացիայի դեպքում[20]։

Լիմֆոցիտար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի էքսուդատի դեպքում միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ բջջային կազմի 90%–ը ներկայացված է լիմֆոցիտներով[22]։

Բնորոշ է թոքամզի թոքախտային բորբոքմանը[21]։

Մոնոնուկլեար[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսուդատի մոնոնուկլեար տեսակը հայտնաբերվում է հեղուկի միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ։ Այն կազմված է մոնոցիտներից, մակրոֆագերից, մեզոթելի բջիջներից և մոնոցիտոիդային տիպի բջիջներից[13]։

Էքսուդատում մոնոցիտների առկայությունը խոսում է էքսուդատիվ պրոցեսի արագ անցման փուլի մասին։ Մակրոֆագերը և մեզոթելի բջիջները հանդիպում են խոռոչում արյունազեղման, խիլյոզային էքսուդատի, արտաթոքամզային պնևմոլիզից հետո։ Վերածնված մեզոթելիալ բջիջները հանդիպում են նեոպլաստիկ պրոցեսների, մեզոթելիոմայի, թոքամզի քաղցկեղի և թոքամզի մետաստազավորման դեպքում[13]։

Էքսուդատի և տրանսուդատի տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվալտի դրական փորձ։ Լավ տեսանելիության համար հեղուկը ներկված է մեթիլեն կապույտով

Արտաքիրտների տարբերակիչ ախտորոշման դեպքում կարևոր է տարբերակել էքսուդատը տրանսուդատից։ Տրանսուդատը ձևավորվում է հիդրոստատիկ կամ կոլոիդաօսմոտիկ ճնշման խանգարման, այլ ոչ՝ բորբոքման հետևանքով։ Ըստ կազմության, տրանսուդատին ավելի մոտ է շճային բնույթի էքսուդատը[3]

Տրանսուդատը, ի համեմատ էքսուդատի՝ պարունակում է ոչ մեծ քանակությամբ սպիտակուց։ Էքսուդատի և տրանսուդատի միջև տարբերությունը հնարավոր է որոշել՝ չափելով հեղուկի տեսակարար կշիռը, որն անուղղակիորեն բնութագրում է նրանում սպիտակուցի պարունակությունը։ Բացի դրանից, հեղուկի բնույթը պարզելու համար կարող է օգտակար լինել Ռիվալտի թեստի անցկացումը։

Էքսուդատի և տրանսուդատի համեմատական բնութագիր
Բնութագիր Տրանսուդատ Էքսուդատ
Առաջացման պատճառ Բարձրացած հիդրոստատիկ ճնշում, իջած կոլոիդաօսմոտիկ ճնշում Բորբոքում
Տեսակարար կշիռ 1015–ից քիչ[19] 1015–ից ավելի[19]
Սպիտակուց 30 գ/լ–ից քիչ[19] 30 գ/լ–ից ավելի[19]
Արտաքիրտ/արյան պլազմա սպիտակուցի հարաբերություն 0,5–ից փոքր[19] 0,5–ից մեծ[19]
Արտաքիրտ/արյան պլազմա ԼԴՀ

հարաբերություն

0,6–ից փոքր[19] 0,6–ից մեծ[19]
Ռիվալտի թեստ բացասական[19] դրական[19]
Լեյկոցիտներ 1 մկլ 1000–ից քիչ[19] 1000–ից ավելի[19]

Էքսուդացիայի կենսաբանական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսուդացիայի կենսաբանական նշանակությունը, որպես բորբոքման կոմպոնենտ, կայանում է նրանում, որ էքսուդատի հետ միասին ալտերացիայի (վնասման) ենթարկված հյուսվածքներ մուտք են գործում իմունոգլոբուլիններ, կոպլեմենտի ակտիվ գործոններ, պլազմայի ֆերմենտներ, կինիններ, կեսաբանական ակտիվ նյութեր, որոնք արտազատվում են արյան ակտիվացված բջիջների կողմից։ Մուտք գործելով բորբոքման օջախ, հյուսվածքային միջնորդանյութերի հետ միասին ապահովում են ախտածին գործոնի օպսոնիզացիան, խթանում են ֆագոցիտար բջիջները, մասնակցում են միկրոօրգանիզմների ոչնչացման գործընթացին, ապահովում են վերքի մաքրումը և հյուսվածքի հետագա վերականգնումը։ Էքսուդատում հայտնաբերվում են նյութափոխանակության արգասիքներ, տոքսիններ, ախտածին տոքսիկ գործոններ՝ արյան հունից անջատված, այսինքն բորբոքման օջախը կատարում է դրենաժային ֆունկցիա։ Էքսուդատի հաշվին բորբոքման օջախում սկզբից տեղի է ունենում արյունահոսքի դանդաղում, հետո՝ արյունահոսքի լրիվ դադար, ինչը պայմանավորված է մազանոթների, երակիկների և ավշային անոթների սեղմամբ։ Արդյունքում տեղի է ունենում պրոցեսի տեղայնացում, որով կանխվում է ինֆեկցիայի տարածումը և սեպտիկ վիճակի զարգացումը։

Միևնույն ժամանակ էքսուդատի կուտակումը կարող է հանգեցնել նյարդային վերջավորությունների սեղման և ցավային զգացողությունների զարգացման։ Պարենքիմատոզ բջիջների սեղման և նրանցում միկրոշրջանառության խանգարման հետևանքով կարող է զարգանալ տարբեր օրգանների ֆունկցիայի խանգարում։ Էքսուդատի օրգանիզացիայի դեպքում կարող են ձևավորվել կպումներ, որոնք առաջացնում են տարբեր կառույցների տեղաշարժ, դեֆորմացիա և ֆունկցիայի խանգարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Exuded" Merriam-Webster Online Dictionary»։ Meriam Webster։ 2008։ Վերցված է 2008-07-04 
  2. Chambers Dictionary of Etymology / Robert K. Barnhart. — New York: Chambers Harrap Publishers, 1988. — С. 363. — ISBN 0-550-14230-4
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Патофизиология Новицкого, Е. Д. Гольдберга Тома 1 и 2. 2009. Глава 10. Воспаление
  4. Т. Ф. Ефремова. Экссудация // Толковый словарь Ефремовой. — 2000.
  5. экссудат раневой // Большой медицинский словарь. — 2000.
  6. Выпот հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 Н. П. Чеснокова , А. В. Михайлов, Е. В. Понукалина и др. Инфекционный процесс. «Академия Естествознания». 2006. ISBN 5-98654-019-0
  8. экссудат слизистый // Большой медицинский словарь. — 2000.
  9. экссудат слизисто-геморрагический // Большой медицинский словарь. — 2000.
  10. Анализы. Полный справочник. Редактор: Юрий Елисеев. Издательство: Эксмо ISBN 5-699-14123-5, 5-699-14123-4; 2007. 768 С. стр. 404—407
  11. «Л. Б. Крюкина, О. А. Ерохина. Цитологический метод исследования выпотных жидкостей. Онкологический журнал, Т.6, № 1 (21), 2006.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է 2013-10-23 
  12. 12,0 12,1 Доступ ограничен
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Основы. ОГК. Плеврит. Поражение плевры при туберкулезе органов дыхания. | www.radiomed.ru — сайт врачей лучевой диагностики
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Экссудат // 1. Малая медицинская энциклопедия. — М.: Медицинская энциклопедия. 1991—96 гг. 2. Первая медицинская помощь. — М.: Большая Российская Энциклопедия. 1994 г. 3. Энциклопедический словарь медицинских терминов. — М.: Советская энциклопедия. — 1982—1984 гг.
  15. гной // Словарь микробиологии.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 Анализы. Полный справочник. Редактор: Юрий Елисеев. Издательство: Эксмо ISBN 5-699-14123-5, 5-699-14123-4; 2007. 768 С. стр. 406
  17. Катаральный (слизистый) экссудат | Патофизиология
  18. «Хилезный экссудат»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2013-10-25 
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2013-10-25 
  20. 20,0 20,1 Виды экссудата серозных полостей — Серозные полости — исследование, анализ жидкости
  21. 21,0 21,1 Общеклиническое исследование мокроты, техника исследования. Исследование плеврального экссудата. Реферат. Читать текст оnline
  22. Экссудативный плеврит (Экссудат лимфоцитарный) — Основные клинические формы первичного туберкулеза — Туберкулёз у детей и подростков — Kelechek.ru — Здоровье будущего поколени…

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Красильников А.П. Микробиологический словарь-справочник. — Минск: «Беларусь», 1986. — С. 343.