Էրվին Քյոնիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրվին Քյոնիգ / Հայնց Թորվալդ
Erwin König / Heinz Thorvald
Bundesarchiv Bild 169-0526, Russland, Scharfschütze in Stellung.jpg
Ծնվել է20-րդ դար
Մահացել է1942
Մահվան վայրՍտալինգրադ
Ազգությունգերմանացի
ՄասնագիտությունԴիպուկահար

Էրվին Քյոնիգը կամ Հայնց Թորվալդը Վերմախտի դիպուկահար էր, որի գոյության փաստն անստույգ է և հնարավոր է` հորինված։ Հայտնի է սովետական դիպուկահար Վասիլի Զայցևի դեմ ստալինգրադյան դիպուկահարային մենամարտի շնորհիվ։ Նրա անունը հիշատակվում է միայն Զայցևի հուշերում, որտեղ վերջինը նշում է, թե տեղեկացվել է Ստալինգրադ ժամանած Ցոսենի դիպուկահարների դպրոցի ղեկավար, ՍՍշտանդարտենֆյուրեր Հայնց Թորվալդի մասին, որին հետագայում ոչնչացրել է։

Զայցևի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հուշերում Վ. Զայցևը գրում է դիպուկահարների բեռլինյան դպրոցի ղեկավարի մասին, ում ուղարկել էին Ստալինգրադ` իրեն վերացնելու համար։ Գրքի մեջ մանրամասն ներկայացված է երկու դիպուկահարների մենամարտը։ Ըստ Զայցևի տարբերակի` ինքը բացահայտել էր Քյոնիգի տեղը, ով դարանել էր երկու զորքերի միջև ընկած չեզոք գոտում` երկաթե թիթեղից և ջարդած աղյուսներից շինած թաքստոցում։ Զայցևն, իր զինակից Կուլիկովի հետ ծուղակ է պատրաստում Քյոնիգի համար։ Կուլիկովը փուստ կրակոց է անում, ինչից հետո նրանք սպասում են, որպեսզի արևը դադարի իրենց առջևից լուսավորել, որպեսզի նշանոցը դրա լույսից չպսպղա։ Երբ արևն անցնում է սովետական դիպուկահարների թիկունքը, Կուլիկովը սաղավարտ է բարձրացնում, ինչից հետո Քյոնիգը կրակում է։ Կարծելով թե սպանել է Զայցևին` նա մի փոքր բարձրացրել է գլուխը, ինչից հետո էլ Զայցևը նրան սպանել է[1]։

Անվստահություն գոյության հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի պատմաբան Ֆրենք Էլիսն իր «Ստալինգրադյան կաթսա» (The Stalingrad Cauldron) գրքում կասկածի տակ է առնում Էրվին Քյոնիգի գոյության փաստը, քանի որ` նախ չկան նրա գոյությունը հաստատող որևէ փաստեր, երկրորդն էլ` 1942-1943 թթ. Բեռլինում դիպուկահարների դպրոց գոյություն չուներ։ Բացի այդ Էլիսը նշում է, որ խորհրդային ոչ մի աղբյուրում մենամարտի ճշգրիտ ժամանակի մասին որևէ տեղեկություն չկա, թեև Զայցևն իր հուշերում սովորաբար նշում է կոնկրետ ամսաթվեր։ Էլիսը նաև կասկած է հայտնում Քյոնիգի դիրքավորման հետ կապված` դատելով Զայցևի նկարագրությունից արևը հետկեսօրին նրա դիմացից էր շողում, սակայն դրանից հետևում է, որ Քյոնիգը գտնվում էր այնտեղ, որտեղ տեղակայված էին սովետական զինվորները։ Նաև դժվար է պատկերացնել, թե հմուտ դիպուկահարը, ինչպիսին պետք է որ լիներ Քյոնիգը, թույլ տար մի քանի կոպիտ սխալներ, օրինակ` անզգուշորեն դուրս ցցեր գլուխը, կամ թողներ, որ արևի լույսն ընկնի նշանոցի վրա։ Ամենայն հավանականությամբ այս պատմությունը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խորհրդային քարոզչության հերթական հորինվածքն էր` սեփական զինվորների ոգին բարձրացնելու համար[2]։

Արտացոլում մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Զայցևի հուշերն ընկած են Ուիլյամ Քրեյգի «Թշնամին` դարպասի մոտ. Ստալինգրադի ճակատամարտը» (Enemy at the Gates: The battle for Stalingrad) գրքի և դրա հիման վրա ռեժիսոր Ժան-Ժակ Աննոյի նկարահանած «Թշնամին` դարպասի մոտ» ֆիլմի հիմքում, որտեղ Զայցևին մարմնավորել է Ջուդ Լոուն, իսկ Քյոնիգին` Էդ Հարիսը։ Ֆիլմի սյուժեն ընկած է նաև Call of Duty: World at War խաղի Vendetta առաջադրանքի հիմքում, որտեղ Զայցևի կերպարը փոխարինված է շարքային Դմիտրի Պետրենկոյով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зайцев, Василий За Волгой земли для нас не было. Записки снайпера. — Издательство ДОСААФ СССР, 1971. — 224 с. — (За честь и славу Родины).
  2. Michael Peck (9 сентября 2014)։ «The greatest sniper duel in history is a myth» (անգլերեն)։ The Week։ Վերցված է 2017-01-11