Էրմիտաժ (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Էրմիտաժ-Վիբորգ, պետական Էրմիտաժի մասնաճյուղ և ցուցահանդեսային կենտրոն Վիբորգում (Լենինգրադի մարզ), որը բացվել է 2010 թվականի հունիսին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսային կենտրոնը գտնվում է 1930 թվականին ֆինն ճարտարապետ Ունո Ուլբերգի[1] կողմից Գեղարվեստի թանգարանի և արվեստի դպրոցի[2] համար կառուցված ճարտարապետական հուշարձանում` Պանցերլակս ամրոցում։ Ֆունկցիոնալիզմի և նեոկլասիցիզմի ոգով կառուցված շենքը պատկանում է այսպես կոչված Սպիտակ Վիբորգին (քաղաքային գրադարանի և մարզային արխիվի շենքերի հետ միասին)։

Վիբորգում նոր մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1930 թվականի հոկտեմբերի 12-ին[3]։ Տասը տարի շարունակ «Վիբորգյան ակրոպոլ» անվանումով թանգարանում հավաքվել է ֆիննական և եվրոպական արվեստի մեծ հավաքածու, որի կազմում ընդգրկված է նաև ռուս մի շարք վարպետների ստեղծագործություններ։ 30-ականների վերջին Վիբորգի թանգարանը դարձել է Ֆինլանդիայի արվեստի երկրորդ ամենակարևոր թանգարանը Ատենեումից հետո։ Խորհրդա-ֆիննական պատերազմում (1939-1940) Ֆինլանդիայի պարտությունից հետո արվեստի դպրոցը փակվել է, իսկ թանգարանի ցուցանմուշները հանվել և բաժանվել են Ֆինլանդիայի թանգարաններին։ Հրդեհի պատճառով մեծապես վնասված շենքում հետպատերազմյան շրջանում տեղավորվել են տարբեր հաստատություններ։

21-րդ դարում որոշվել է վերականգնել շենքի նախնական տեսքը և վերադարձնել այն իր նախնական նշանակությանը։ 2003 թվականին դրանում տեղակայվել է 1969 թվականին հիմնադրված Մանկապատանեկան արվեստի դպրոցը (որը զբաղեցնում է շենքի ձախ թևը), իսկ 2010 թվականին աջ թևը զբաղեցրել է թանգարանային կենտրոնը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնաոճ քանդակների կրկնօրինակները և թանգարանային կենտրոնի սյունաշարը

«Էրմիտաժ-Վիբորգ» կենտրոնում կազմակերպվում են էքսկուրսիաներ, դասախոսություններ և կրթական ծրագրեր, որոնք նախապատրաստվում են պետական Էրմիտաժի մասնագետների մասնակցությամբ։ Գործում է ուսումնական կենտրոն, որը հագեցած է ժամանակակից պրոյեկցիոն սարքավորումներով և սենսորային մոնիտորներով համակարգիչներով։ Միջոցներ են ձեռնարկվում թանգարանային կենտրոնի ընդլայնման, Պանցերլակս ամրոցի, ինչպես նաև հարակից տարածքները բարեկարգելու և այդ նպատակներին հարմարեցնելու  ուղղությամբ (հնաոճ քանդակների կրկնօրինակների տեղադրմամբ)։ Կազմակերպվող ցուցահանդեսների թեմաների շարքում տեղ են գտել «Մեծ Եկատերինան», «Արևելք և Արևմուտք։ Իսլամական աշխարհի արվեստը», «Բարոկկոյի դարաշրջանի իտալական նկարչությունը  և քանդակագործությունը  պետական էրմիտաժի հավաքածուում», «Ֆրանսիական էլեգանտության երկու դարը։ 17-18-րդ դարերի դեկորատիվ արվեստը պետական էրմիտաժի հավաքածուից» և այլ հավաքածուներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Uno Ullberg
  2. «VIIPURI ART MUSEUM AND DRAWING SCHOOL». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  3. The Hermitage-Vyborg Exhibition Centre

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всеволожская С. Н. и др. «Итальянская живопись 12-18 веков в собрании Эрмитажа», Л, 1934, с. 267-268.
  • Гос. Эрмитаж. «Западноевропейская живопись», каталог № 1. Л, «Аврора», 1976, с. 88.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]