Էրիկա Հես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկա Հես
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝գերմ.՝ Erika Hess
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 6, 1962(1962-03-06) (62 տարեկան)
Ծննդավայր՝Վոլֆենշիսեն, Նիդվալդեն, Շվեյցարիա

Էրիկա Հես (գերմ.՝ Erika Hess, մարտի 6, 1962(1962-03-06), Վոլֆենշիսեն, Նիդվալդեն, Շվեյցարիա), շվեյցարացի լեռնադահուկորդուհի, սլալոմի, հսկա սլալոմի և համակցված ձևի մասնագետ։ Շվեյցարիայի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ է եղել 1978-1987 թվականներին։ Լեյք Փլեսիդի Ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի վեցակի չեմպիոն։ Երկու անգամ դարձել է աշխարհի գավաթակիր ընդհանուր հաշվում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկա Հեսը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին Նիդվալդեն կանտոնի Վոլֆենշիսեն կոմունայում (Շվեյցարիա)։ Առաջին անգամ դահուկով սահել է 4 տարեկանում, 6 տարեկանում արդեն երկու անգամ ոտքը կոտրել է թեքությունից ընկնելու պատճառով։ Մանկությունն անցել է ընտանեկան ֆերմայում, ծնողներին օգնել է տնտեսության գործերում, ամենօրյա աշխատանքի շնորհիվ զգալիորեն մեծացրել է ֆիզիկական ուժը։

1978 թվականի հունվարին՝ 15 տարեկան հասակում, արդեն ընդգրկվել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մշտական կազմում և նորամուտը կատարել Աշխարհի գավաթի խաղարկությունում։ 1979 թվականի դեկտեմբերին առաջին անգամ բարձրացել է աշխարհի առաջնության պատվո հարթակին։

Մի շարք անգամներ հաջող ներկայանալու շնորհիվ արժանացել է երկիրը 1980 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացնելու պատվին, որտեղ հսկա սլալոնում վերջնակետին չի հասել, իսկ սովորական սլալոմում զբաղեցրել է երրորդ տեղը և նվաճել օլիմպիական բրոնզե մեդալ՝ առաջ թողնելով գերմանացի Քրիստա Քինսհոֆերին և Լիխտենշտայնի ներկայացուցիչ Հաննի Վենցելին։

1981 թվականի հունվարին Հեսն առաջին անգամ դարձել է աշխարհի գավաթակիր, և այդ պահից սկսվել է նրա հաղթական երթը, որը տևել է 1980-ական թվականների գրեթե ողջ ընթացքում։ Այդ ընթացքում շվեյցարացի մարզիկն ընդհանուր առմամբ 31 անգամ հաղթել է աշխարհի առաջնության փուլերում, 76 անգամ գրավել մրցանակային տեղ և 146 անգամ ներառվել ուժեղագույնների տասնյակում։ Չորս անգամ արժանացել է Բյուրեղապակե գլոբուսի սլալոմից, մեկ անգամ համակցված ձևից, երկու անգամ հաղթել է Աշխարհի գավաթի ընդհանուր վիճակագրությունում[1]։

1982 թվականին Շլադմինգում կայացած աշխարհի առաջնությունում հաղթել է բոլոր երեք ձևերում, որոնց մասնակցել է՝ սլալոմ, հսկա սլալոմ և համակցված։

1984 թվականին Շվեյցարիան ներկայացրել է Սարաևոյի Օլիմպիական խաղերում, որտեղ բացման արարողության ժամանակ եղել է դրոշակակիր, սակայն մրցանակի չի արժանացել. սլալոմում գրավել է 5-րդ տեղը, հսկա սլալոմում՝ յոթերորդ։

1985 թվականի Բորմիոյի աշխարհի առաջնության ժամանակ համակցված ձևից նվաճել է ոսկե մեդալ։ Հաղթանակի հնարավորություն է ունեցել նաև սլալոմում, առաջին փորձից հետո գնացել է առաջինը, սակայն երկրորդը չի ավարտել։

1987 թվականի աշխարհի առաջնությունում լավագույնն էր սլալոմ և համակցված ձևերում, այդպիսով՝ վեցերորդ անգամ դարձել է լեռնադահուկային սպորտի աշխարհի չեմպիոն։ Այդ մրցաշրջանի ավարտին՝ 25 տարեկանում, որոշել է ավարտել պրոֆեսիոնալ մարզուհու կարիերան։

Հետագայում զբաղվել է մարզական ճամբարների ու Շվեյցարիայի տարածքում լեռնադահուկային սպորտի մրցումների կազմակերպմամբ։ Ամուսնու և երեք երեխաների հետ ապրում է Սեն-Լեժիե-Լա-Շիեզ կոմունայում։

Նրա փոքր քույրը՝ Մոնիկա Հեսը, նույնպես հայտնի լեռնադահուկորդուհի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ski-db.com – results – Erika Hess – accessed 2010-03-13

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրիկա Հես – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  • Էրիկա Հես – վիճակագրությունը FIS կայքում