Էրիդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Էրիդու, Էրեդու
շումերերեն՝ 𒉣 (𒆠) աքքադերեն՝ irîtu
Руины Эриду.jpg
ԵրկիրԻրաք Իրաք
Հիմնադրված էմ.թ.ա. 5400 թվականներ թ.
Առաջին հիշատակումմ.թ.ա. 3-րդ հազարամյակ
Այլ անվանումներԷրիդուգ (Ուրուդուգ)
Մակերես33 հեկտար, 1069 հեկտար
Բնակչություն5000 (մ.թ.ա. 4500 թվական) մարդ
Ազգային կազմՇումերներ
##Էրիդու (Իրաք)
Red pog.png

Էրիդու (շում.՝ բարի քաղաք[1]), ինչպես նաև Էրեդու[2], Էրիդուգ, Ուրուդուգ, հին հունարեն՝ Ράτα՝ ըստ Պտղոմեոսի, Շումերի և ամբողջ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Ըստ շումերական դիցաբանության, սա աշխարհի ամենաառաջին քաղաքն է։ Հնէաբանների մեծաքանակ պեղումները բացահայտում են քաղաքի հնությունը, որում ընդգծված են բազմաթիվ մշակութային շերտեր, հայտնաբերված է հնագույն տաճար, զիկկուրատ, մի շարք այլ տաճարներ և կառույցներ։ Սրա հետ մեկտեղ ամենավաղ շերտերը թվագրվում են մ.թ.ա. 6-րդ հազարամյակով։

Էրիդուն ներկայումս համարվում է հնագիտական ​​վայր Իրաքի հարավում, որն անվանվում է «քաղաք[3] Թել Աբու Շահրեյն (արաբ․՝ تل أبو شهرين‎‎)», գտնվում է հնագույն Ուրից (ներկայիս Բաղդադի հարավային հատված) 19,3 կմ հարավ-արևմուտք, Նասիրիա քաղաքից (նահանգ Դի-Կար) մոտ 22 կմ հարավ։

Ըստ շումերական առասպելների, Մեծ ջրհեղեղից առաջ «այն բանից հետո, երբ թագավորությունը ուղարկվել է երկնքից, Էրիդուն դարձել է թագավորական նստավայր[4]»: Էրիդուից է սկիզբ առնում «Նիպուրական թագավորական ցանկը»։ Վաղ ժամանակներում նշվում էր հինգ հիմնական քաղաքների մասին, որոնց թվին են պատկանում Բադ-Տիբարան, Լարակը, Սիպպարը և Շուրուպպակը։ Նիպուրական թագավորական ցանկում խոսվում է Էրիդուի երկու արքաների մասին, ովքեր կառավարել են երկարատև ժամանակաշրջանների ենթացքում՝ 18 գնդակի[5] (64 800 տարի) ընդհանուր տևողությամբ, որից հետո քաղաքը լքվել է, և թագավորական նստավայրը տեղափոխվել Բադ-Տիբարա[6]։

Էրիդուն ձևավորվել է՝ որպես վաղ գյուղատնտեսական կենտրոն Միջագետքի հարավում (այսպես կոչված Էրեդուի մշակույթը մ.թ.ա. 6-րդ դարի վերջին և 5-րդ դարի առաջին կեսին)։ Բնակեցվել է մ.թ.ա. 6-րդ հազարամյակի կեսերին, հետագայում դարձել ուբեյդյան ժամանակաշրջանի կարևոր կենտրոն, իսկ հետագայում՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում՝ շումերական մշակութային կարևորագույն կենտրուններից մեկը։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Էրիդուն մեծ դեր է ունեցել տարածաշրջանի քաղաքական կյանքում։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսից մինչև 1-ին հազարամյակի ձեռագիր արձանագրություններում Էրիդուն Շումերի կոնգլոմերացիաներից ամենահարավային քաղաքն էր, որոնք ձևավորվել էին տաճարների կողքին։ Ամենայն հավանականությամբ այն հիմնվել է Պարսից ծոցի ափին՝ Եփրատի գետաբերանի մոտ, սակայն հազարամյակների ընթացքում ափի մերձակայքում տիղմի կուտակման պատճառով այժմ քաղաքի ավերակները գտնվում են ափից բավական հեռու։

Քաղաքի կարևորագույն շինությունը Ակիֆերն էր՝ իմաստության աստված Էնկիի տաճարը, որի պաշտամունքային նշանակությունը պահպանվել է մի շարք դինաստիաներում մի քանի հազարամյակ շարունակ։

Քաղաքը անկում է ապրել և վերջնականապես քանդվել մ.թ.ա. 600 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայր Թել-Աբու-Շահրեյն
Հին Միջագետք

Էրիդուն ամենայն հավանականությամբ Շումերի հնագույն քաղաքային բնակավայրն է, որը ստեղծվել է մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակններում։ Հնագետ Քեյթ Ֆիլդենը գրում է, որ հնագույն գյուղական ավանը, որը առաջացել է մ.թ.ա. 5000 թվականին, մ.թ.ա. 2900 թվականին վերածվել է նշանակալի քաղաքի, որտեղ տները կառուցված էին աղյուսներից և եղեգներից։ Այդ ժամանակ քաղաքը զբաղեցրել է 8-10 հա տարածք։

Սկզբնական շրջանում քաղաքը գտնվել է Պարսից ծոցի ափին, սակայն տղմակալման և նստվածքների ինտենսիվ ավելացման պատճառով քաղաքը սկսեց ավելի հեռանալ ծովից։ Մ.թ.ա. 21-րդ դարում, երբ Ուրը հասել է իր բարձունքին (մ.թ.ա. 2100 թվական), Էրիդուն անկում է ապրել և մոտ մ.թ.ա. 2050 թվականին կորցրել է իր քաղաքական նշանակությունը։ Սակայն շումերների համար քաղաքը համարվել է որպես Էնկիի (աքքադ․՝ Էա)՝ իմաստության աստծո և ջրերի տիրակալի պաշտամունքի կենտրոն։ Ամար-Սուենի 18 հին տաճարների ավելի խորը շերտերի վրա հայտնաբերվել են անավարտ զիկկուրատներ (մ.թ.ա. 2047-2039 թվականներ), որոնք պետք է կառուցված լիներին Էրիդուի տարածքում։ Այդ ծրագիրը այդպես էլ մինչև վերջ չի իրականացվել հնագույն շինարարների կողմից՝ կապված քաղաքի տնտեսական անկման հետ։ Քաղաքի շարունակ բնակեցումը և դրանում կրոնական պաշտամունքների կիրառումը վկայում են, որ շումերական քաղաքակրթությունը ունի տեղական ծագում։

Քազաքական կյանքում Էրիդուն կորցրել է իր դերը։ Սակայն անգնահատելի է նրա հոգևոր ազդեցությունը Միջագետքի ժողովրդի վրա մի քանի տարի շարունակ։ Քաղաքի վաղ գրավոր արձանագրություններից մեկը վերաբերում է Լագաշ տոհմի հիմնադիր Ուր-Նանշեյի կառավարմանը՝ մոտ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսեր (մ.թ.ա. 26-րդ դար)։ Երեք դար անց նույն տոհմի առաջնորդ Գուդեան Էրիդու քաղաքում կանգնեցրել է Նինգիրսու աստծո արձանը, որի քուրմը հենց ինքն էր։

Մեծ հոգատարությամբ են ցուցաբերել քաղաքի նկատմամբ նաև Ուրի երրորդ դինաստիայի արքաները, ովքեր մ.թ.ա. 22-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին միավորել են Շումերը։ Տիրակալ Ուր-Նամմուն (իր կնիքով աղյուսներ են գտնվել Էրիդուում)՝ նրա հիմնադիրը, որի ամենահարուստ դամբարանը ժամանակին գտել էր Լեոնարդ Վուլլին, հսկայական ջրանցք է կառուցել Եփրատից դեպի Էրիդուի դաշտերը։ Նրան հետաքրքրում էր քաղաքը ոչ միայն որպես երկրի հիմնական կրոնական կենտրոններից մեկը, այլև որպես կարևոր նավահանգիստ։ Ուրից Էրդիու ձգվող ջրանցքը ծառայել է ոչ միայն մշակովի հողերի ոռոգման համար, այլև այն ամենակարճ և ավելի հարմարավետ ճանապարհ էր, որը քաղաքը միացնում էր Պարսից ծոցին։ Նա սկսել է կառուցել նաև զիկկուրատ սրբազան վայրում, սակայն կառուցումը ավարտին է հասցրել նրա թոռը՝ Ամար-Սուենը (մ.թ.ա. 21-րդ դար)։

Լուգալզագեսիի ղեկավարության տակ գտնվող քաղաքների ցանկում նաև Էրիդուն էր։ Նա իրեն անվանում էր «Ուրուկայի և Երկրի լուգալ[7] (շում. «մեծ մարդ»)», այսպես էր ինքն իրեն կոչումը իր մակագրությունների մեջ, որոնցից մի քանի օրինակ հասել է նաև մեզ։

Իսինի առաջնորդներ Իշմե-Դագանը (մ.թ.ա. 1953-1935 թվականներ) և Լիպիտ-Իշտարը (մ.թ.ա. 1935 թվականից հետո) նույնպես անցկացրել են կաևոր շինարարական աշխատանքներ Էրիդուում՝ հարգանքի տուրք մատուցելով Էնկիի պաշտամունքին։ Հետագայում քաղաքը վասալական կախվածության մեջ մտավ Լարսայից։ Նուր-Ադադը իր կառավարման օրոք (մ.թ.ա. 1866-1850 թվականներ) փորձել է վերականգնել Պարսից ծոցի մոտ գտնվող Էրիդու քաղաքի տաճարը, որը լքվել էր ջրանցքների տղմակալման պատճառով։

Նաբուգոդոնոսոր I-ը (մ.թ.ա. 1126-1105 թվականներ)՝ Իսինի՝ Բաբելոնի թագավորության արևմուտքում գտնվող երկրի արքան, իրեն անվանում էր «Էրիդու քաղաքի առաջնորդ»։ Էրիդուն հիշատակվում է նաև Սարգոն II-ի (մ.թ.ա. 722-705 թվականներ) և իր որդու՝ Սինաքերիբի արձանագրություններում։ Հայտնի է նաև, որ այս քաղաքը մասնակցել է զավթիչների դեմ Բաբելոնի թագավորության վերջին պայքարում։ Նրա մասին հետագայում ունեցած տեղեկությունները անորոշ են, աստիճանաբար նրա ժառանգությունը ձեռք է բերում առասպելական երանգներ, ինչպես «ոսկե դարի» մասին եղած հիշողությունները։

Աշուրբանիպալի կառավարման ժամանակ (մ.թ.ա. 669-627 թվականներ) Էրիդուն Շումերի հարավային քաղաքների հետ մեկտեղ ձևականորեն անցել է Շամաշ-շում-ուկինի թագավորության կազմի մեջ, իսկ իրականում Աշուրբանիպալը այնտեղ էր տեղակայել սեփական ռազմական ուժերը, և ըստ երևույթին, ամբողջապես տնօրինում էր այն։ Սկզբնական շրջանում Ասորական կայսրության և Բաբելոնի թագավորության միջև հարաբերությունները խաղաղ են եղել։ Աշուրբանիպալը հավանաբար օգնել է Շամաշ-շում-ուկինին զորքերի կազմավորման գործում։

Քաղաքի զարգացումը եկեղեցու շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիդուի նավամատույցում նավակի վերակառուցում, այսպիսի նավակներով լողում էին դեպի Ուրուկ

Առաջին բնակեցումները ներկայիս Թել-Աբու-Շահրեյնի տարածքում հավանաբար սկսվել են դեռևս մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։

Եկեղեցու կառուցման համար քաղաքում առանձնացվել է հատուկ տարածք, որը համարվում էր Էնկի աստծո տան պրոյեկցիան (շումերերենում տուն և տաճար բառերը տարբերվում էին միայն մի «é» նշանով), և այն կրում էր նույն անունը, ինչ «աստծո իրական տուն» Համաշխարհային օվկիանոսում՝ ինչը Աբզուն։ Եկեղեցու հիմնական շինությունները թվագրվում են ուբեյդական ժամանակաշրջանով։ Մ.թ.ա. 5-րդ դարի վերջին ուբեյդական մշակույթը ձգվում էր ներկայիս Սաուդյան Արաբիայի արևելյան ափից՝ ներառելով ողջ Սիրիան, դեպի Միջերկրական ծովի ափ՝ Տավրոսի հյուսիսային լեռները, հյուսիս-արևելքում նրա տարածման և առևտրային ուղիների տարածքը հասնում էր մինչև Ատրպատական (Ուրմիո լճի շրջան)՝ Խուզեսթանով։

Ուրբեյդական մշակույթի բարձր զարգացման մասին վկայում են հնագիտական գտածոները՝ մինչ այդ հյուսիսային Իրաքում չհանդիպող հիանալի որակի կերամիկա, շինարարական աշխատանքների լավ որակ։ Շինություններում օգտագործվում էր բարձրորակ ձուլված աղյուս, ընդարձակ բնակավայրերի բնակիչները տիրապետում էին շինարարական զարգացած տեխնոլոգիաներին։ Այդ շինությունների դիզայնը և հնարքները ձևավորել են Միջագետքի տարածքում հետագա ողջ ճարտարապետության հիմքը։

Հնագետները Էրիդուում գտնվող Էնկի աստծո տաճարի պատմությունը բաժանում են 18 հորիզոնների՝ ընդգրկելով երկուսուկես հազարամյակ, որի միջոցով հետագծվում է տաճարի ընդլայնումը՝ սկսած ավազոտ բլրի վրա գտնվող առաջին փոքրիկ սրբավայրից մ.թ.ա. 5-րդ հազարամյակի սկիզբ։ Վերջին շինությունը զիկկուրատն է՝ կանգնեցված մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին։

Քաղաքի տարածքը՝ որպես սուրբ տարածք, դեպի իրեն է ձգել նոր բնակիչների։ Եթե Էրիդուի բնակչությունը մինչև մոտավորապես մ.թ.ա. 4500 թվականը կազմել է 5 հազար մարդ, ապա հարևան Ուբայդում բնակվել է ավելի քիչ մարդ։ Այնտեղ բնակվել է ընդամենը 700 մարդ։ Մաքս Մալովանը ուբեյդական ժամանակաշրջանի Էրիդուն բնորոշել է որպես «անհավատալի մեծ քաղաք», որն ունեցել է կարևորագույն դեր Հին Միջագետքի քաղաք-պետությունների համակարգում։

Քաղաքային համակարգի զարգացման հետ մեկտեղ բնակելի շենքերի կառուցումը նախատեսվել է սոցիալական հիերարխիայի կառուցվածքին համապատասխան։ Տաճարի մոտակայքում գտնվել են կառավարող էլիտայի տները, այնուհետև արհեսատվորների բնակավայրերը, իսկ քաղաքի ծայրամասում ապրում էին հողատերերը։

Քաղաքային բնակավայրերի բնակչության թվի աճի հետ մեկտեղ արագացել է նաև սոցիալական համակարգի զարգացումը և նպաստել հոգևոր մշակույթի բարդացմանը։ Հետազոտողների կարծիքով որպես հոգևոր կենտրոն՝ էրիդուն սերտորեն կապված է եղել գրի և պաշտամունքային համակարգերի ձևավորման հետ։ Բացառված չէ, որ հենց այստեղ է վերջնականապես ձևավորվել շումերական լեզուն։ Էնկի աստվածը շումերական ավելի ուշ ավանդույթներում դարձել է մարդկությանը գիտելիք տվողը։ Համաշխարհային սյունը, ինչպես նաև Համաշխարհային ծառը (Էրիդուում աճում էր սև ծառ Կիշկանուն, որը լվացվում էր Համաշխարահային օվկիանոսով, իսկ քաղաքի հայտնի անուններից մեկը NUN `ki էր՝ «Ծառի քաղաք»), համարվում էր հենց այն վայրը, որտեղից պետք է սկսվեր զարգանալ կյանքը։ Այնտեղ էին գտնվում նրա ակունքները, որտեղ մարդիկ ձգտում էին վերադառնալ՝ իրական գիտելիք և հանգստություն ստանալու հույսով։ Այդ սուրբ վայրում մարդը հնարավորություն է ստանում աստվածների հետ խոսել և իրենցից անհրաժեշտ ուղղորդումներ ստանալ։

Էնկին՝ բոլոր երկրների իմաստուն աստվածը, քաղաքի հիմնադիրը, Էրիդուի հողի վրա գտնվող իր տան տեղանքը այսպես է որոշել.

«Տերը հիմնեց մի տուն, լուսավոր սրբավայր, որի սիրտը վարպետորեն արարված է»։ Այնուհետև իսկույն օծված վայրի մասին՝ նախատեսված տաճարի կառուցման համար.

«Սրբավայրի սիրտը՝ ոլորված թել է, ոչ ոք այն չի քանդի։ [Սրբավայրի] դիրքը՝ աստղային Հրապարակ է (Երկնքում) կանգնած»։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հնագիտական հետազոտությունները անցկացվել են մի քանի փուլով։

Սկզբնական շրջանում տաճարի պարբերական հետազոտությունները իրականացնում էր Ջոն Թեյլորը 1855 թվականին։ Նա նախագծել էր հսկայական հնգանկյուն հարթակ՝ շրջապատված աղյուսե պատով և սանդուղքով, որի մեջտեղում կային բարձրահարկ աշտարակից մնացած ավերակներ։

Հետազոտությունների հաջորդ փուլերը տեղի են ունեցել 1918-1920 և 1946-1949 թվականներին (Իրաքի հնությունների բաժնի կողմից՝ Ռ. Կամփբելլ Թոմսոնի (Առաջին համաշխարհային պատերազմից հետո), Ֆուադ Սաֆարի և Սեթոնա Լլոյդի մասնակցությամբ)։ Հնագետների ուշադրությունը գրավել էր այն առասպելը, որ Էրիդուն գոյություն է ունեցել մինչ ջրհեղեղը։ Պարզվել է, որ բաց տաճարներից ամենահինը կառուցվել է մ.թ.ա. 5-րդ հազարամյակի սկզբին։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են զիկկուրատ և հասարակական կառույցներ, ինչպես նաև բազմիցս կանգնեցված տաճարների հիմքերի ավերակներ, որոնք կանգնեցվել են նախկին սրբավայրերի տեղանքում՝ ուղանկյունաձև սենյակների տեսքով (նրանք կառուցված էին հում աղյուսներից), որոնք զիկկուրատների նախատիպերն էին հանդիսանում, որոնց թվին էր պատկանում նաև առաջին բնակիչների կողմից կանգնեցված տաճարը (մի սենյակի չափով) և Էա աստծո տաճարը՝ զոհաբերության մնացորդներով (ձկան փշեր)։ Տաճարները բաղկացած էին զոհասեղանով երկար սրահից և կողային միջանցքներից (այսպիսի տեսք ունեին շումերական սովորական տաճարները՝ մ.թ.ա. 5-րդ հաղարամյակից սկսած)։ Ինչպես նաև հայտնաբերվել են թագավորական ամրոցի ավերակները։ Ուբեյդական ժամանակաշրջանի Էրիդուի նեկրոպոլում կար մոտ աղյուսից 1000 գերեզման հուղարկավորական իրերով, սնունդով, սպասքով և մահացածների սիրելի կենդանիներով։ Հայտնաբերվել են նաև մշակութային իրեր, կերամիկա, զենք և այլն։ Էրիդուի հնագույն հուշարձանները հաճախ են անվանում «շումերական քաղաքակրթության սկիզբը»։

Հարյուրամյակների ընթացքում նախկին պաշտամունքային սրբավայրերի տեղում վերակառուցվել են և վերականգնեցվել տաճարներ։ Հնագետները նշել են 18 հորիզոններ և առանձնացրել 12 տաճարներ, որոնք պարբերաբար վերակառուցվել և վերականգնվել են միևնույն վայրում։ Տաճարների թարմացումը այդ կերպ դարձել է մշակութային համակարգի ժառանգորդության նշան և ընդգծել գլխավոր սրբի վերածնունդը և պաշտամունքի կարևորությունը։

Հնագույն տաճարը կարելի է նկատել 16-րդ հորիզոնից, որը բարձրացվել է մի փոքր հարթակի վրա՝ կառուցված լինելով ներկայումս ավերված, սակայն նախկինում կանգուն երկու տաճարների ավերակների հիման վրա։ Հետագայում յուրաքանչյուր հաջորդ տաճար կառուցում էին նախկինի ավերակների վրա։ Տաճարի հարթակի բարձրությունը գնալով ավելի էր բարձրանում գետնից, որը ավելի հարմար էր խոնավ կլիմա ունեցող և հաճախակի կրկնվող ջրհեղեղների տեղանքում։ Ըստ էության, այդ տաճարը 17-րդ հորիզոնի տաճարի վերակառուցված ձևն էր։ Տաճարների հիմնական բաղկացուցիչներն են՝ չթրծված աղյուսից պատրաստված արտաքին հարթ պատերը, երկու ելուստներ՝ իրենց միջև եղած զոհասեղանի հետ միասին մի ուղղության վրա գտնվող, ինչպես նաև փոքր ելուստներ, որոնք նշում էին մուտքը ներսից։ Զոհասեղանը տեղադրված չէր պատի մոտ հենց այնպես, ինչպես ավելի հին կառույցներում, այլ դրա համար հատկացված էր հատուկ որմնախորշ։ Արտաքինից այն նշվում է արևմուտքից ուղղանկյուն եզրով։ Այս առանձնահատկությունը շարունակվել է շումերական տաճարների հետագա ճարտարապետության մեջ՝ ներսի տարածքը բաժանելով երկու մասի՝ խորհանի և զոհասեղանի։

15-րդ հորիզոնի հաջորդ տաճարը (մ.թ.ա. ~4800 թվականներ) երկու անգամ ավելի մեծ էր քան նախորդը։ Ըստ նախագծի այն հստակ ուղղանկյունի է։ Սրահի տարածքը 7,3×8,4 մ է։ Արտաքինից տաճարը ապշեցնում է իր խստությամբ՝ ոչնչով չզարդարված զանգվածեղ աղյուսե պատերով։ Սակայն ներքին տարածքը ավելի է բարդ իր կառուցվածքով՝ հայտնվում են մեծաքանակ հաջորդաբար դաասավորված ելուստեր, որոնք տարբերվում են չափերով և նախատեսված են տարբեր նպատակների համար։ Ծիսակարգի առանձնահատկություններին համապատասխան ավելանում է նաև հիմնական դահլիճի շուրջ գտնվող սենյակների թիվը և պլանավորման այս տեխնիկան հետագայում մտել է շումերական ճարտարապետական ​​ավանդույթի մեջ․ տաճարների նման կառուցվածքը անշեղորեն կրկնվում է շումերական ճարտարապետության այլ տաճարային կառույցներում։ Ներս մտնող միակ մուտքը գտնվում է տաճարի հարավ-արևմտյան պատի երկայնքով։ Մուտքը գտնվում է ոչ թե զոհասեղանի առջև գտնվող կարճ պատի երկայնքով, այլ ընդհակառակը՝ դրա անկյունային, երկար պատի։ Հնարավոր է, որ շումերական տաճարների այս կառուցողական առանձնահատկությունը կապված է աստղագիտական հաշվարկների հետ՝ դիտելով աստղերի ընթացքը գիշերային երկնքում։

Հնագույն պաշտամունքի կարևոր իրադարձություն էր համարվում տաճարի քարի տեղադրման արարողությունը։ Այն տեղի էր ունենում Անու աստծո (երկնքի աստված) տոնակատարության օրը՝ նոր տարվա առաջին օրը։ Արարողությունը սկսվում էր լուսաբացին՝ մինչ արևի վեր բարձրանալը։ Տաճարի համար առանձնացվում էր աստղերի դիրք, որն ամենաուժեղ ազդեցությունն ուներ տվյալ տարածքի համար։ Դեպի այդ աստղն էլ կառուցվում էր ապագա շենքը և հենց դա էլ դառնում էր տաճարի գլխավոր աստծո աստղը։ Աստվածների պատկերները, նրանց խորհրդանշական արտացոլանքը, աստղագիտական ճշգրիտ հաշվարկները միահյուսվում էին, իսկ շումերական ողջ կրոնական համակարգը կրում էր աստղապաշտական բնույթ։

Տաճարի զարգացման հաջորդ փուլը սկսվում է 11-րդ հորիզոնում։ Մինչ 6-րդ հորիզոնը տաճարը կապված է ուբեյդական ճարտարապետական առանձնահատկությունների հետ՝ թվագրված մ.թ.ա. 5-րդ հազարամյակի երկրորդ կեսից մինչև 4-րդ հազարամյակի առաջին կես։ Տաճարների այս շարքը բնութագրվում է հիմնականում արմատական ​​կառուցվածքային բարդություններով։ Ավելի ուշ ժամանակների ճարտարապետական կառույցները՝ Ուրուկը, Ջեմդետ-Նասրը, ներկայացնում են այն ավանդույթների կայությունը, որոնք ձևավորվել են վաղ ուբեյդական Միջագետքում։

Ելուստների հաջորդականությունը և նրանց ձևավորած խորշերը ի վերջո ձևավորել են հստակ, բավական արտահայտիչ և բարդ կառուցվածք, որը ընդգրկվել է հնագույն ճարտարապաետության ավանդույթի մեջ։ Ելուստների և խորշերի հետ մեկտեղ, պատը ծածկված է եդել նաև կոնտրոֆորսերով։ Պատերը կոնտրոֆորսերով բաժանելու ծավալային ռիթմը դարձել է առանձին թեմա աստվածության հանդիսավոր «գովաբանության» մեջ։ Սա ներառում է նաև աստիճանների սանդղաբազուկներ, որոնք ենթադրում են կանոնավոր, հավասարաչափ վերընթաց շարժում դեպի սրբավայր և քահանաների երթ, որոնք քնարի հնչյունների ուղեկցությամբ առաջ են շարժվում դեպի «երկնային լեռան» գագաթ։

Էրիդուի տաճարների հաջորդ երեք իրար հաջորդող հորիզոները՝ ութերորդը (մ.թ.ա. ~3900 թվականներ), յոթերորդը (մ.թ.ա. ~3800 թվականներ) և վեցերորդը (մ.թ.ա. ~3500 թվականներ), համապատասխան են ուբեյդական ժամանակաշրջանի վերջին։ Այնպես ինչպես և իրենց նախորդները, այս տաճարները ձգվում են հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք։ Կենտրոնական սրահի տարածքը նույնպես շրջապատված է ավելի փոքր սենյակներով։ Դրանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխաներ որոշակի պաշտամունքային նպատակների։ Մեծ սրահը բաժանված էր երկու մասի՝ խորանի և զոհասեղանի հատվածների՝ առանձնացված զոհաբերության համար։ Խորանը և զոհաբերության սեղանը տեղադրված էին տաճարի ճակատային մասերում՝ դեմ դիմաց։ Տաճարի գլխավոր մուտքը ընկած էր պատի երկար կողմում՝ ընդգծելով ինտերիերի բաժանումը ծիսական գոտիների։

Կարևոր առանձնահատկություններ, որոնք բնորոշ են ուբեյդական ժամանակաշրջանի տաճարային կառույցներին՝

  • Տաճարների դիրքի որոշումը անկյուններով դեպի լույսի կողմը
  • Տաճարների կառուցապատումը նախկին տաճարների հիմքերի վրա, որը ձևավորում էր հարթակի հիմքը՝ ամրացված լրացուցիչ երեսպատումով
  • Տաճարի դիմաց բաց հրապարակի ստեղծումը և դեպի այն տանող սանդդաբազուկները
  • Հում աղյուսից պատերի տեղադրում՝ սվաղի և կրային լուծույթի օգտագործմամբ, բիտումի օգտագործում՝ որպես ջրամեկուսիչ նյութ տաճարի հիմքում։ Առաջին հեղեղատարների ստեղծումը
  • Արտաքին պատերի մակերեսը ելուստներով բաժանելը, ինչը ստեղծում էր ամրության և միևնույն ժամանակ բարդ ու արտահայտիչ ռիթմի տպավորություն՝ բացահայտելով ճարտարապետական ​​ձևը
  • Յուրաքանչյուր չորրորդ ճակատի ելուստները պատրաստված էին տարբեր լայնությունների և ծավալների՝ խիստ համապատասխան տաճարի լրացուցիչ տարածքների արդեն իսկ ձևավորվածծ համակարգին՝ անցնելով ներքին տարածքի պարագծով
  • Կենտրոնական սրահի առկայությունը, որին միանում էին ավելի փոքր չափերով պաշտամունքային սենյակները՝ նախատեսված տարբեր ծեսերի համար
  • Հիմնական դահլիճի տարածքը երկարաձգված ուղղանկյան տեսքով էր։ Նրա ծայրամասերին էին գտնվում խորանը և զոհասեղանը։ Շենքի առջևի մասում այրվող խնկի ծուխը սահուն լցվում էր մեծ դահլիճի ամբողջ տարածքը՝ հասնելով սրբազան զոհասեղանին, որտեղ կարող էր տեղակայվել աստծո արձանը
  • Հիմնական մուտքը գտնվում էր երկար պատի վրա։ Դահլիճի հիմնական տարածք մուտքի ընդհատումը փոքր սենյակով՝ նախասրահով, նախատեսված է մարդկային գիտակցության վերակողմնորոշման կետ ծառայելու համար։ Այսպիսով՝ տարածության տարանջատումը գործառութային առումով նման է ավելի ուշ ժամանակների հին հունական և քրիստոնեական տաճարների նարտեքսներին
  • Հարթակի հաշվին բնակելի տարածքի համեմատ տաճարի բարձրացումը, որի շնորհիվ այն դարձավ քաղաքաշինության կառուցվածքային հիմքը

Հաջորդ ավելի լավ պահպանված տաճարը համարվում է առաջին հորիզոնի տաճարը՝ ուրուկյան ժամանակաշրջանի վերջ (մ.թ.ա. ~3200 թվականներ)։ Այս տաճարը գոյություն է ունեցել բավականին երկար ժամանակ։ Տաճարի կառուցումից հազար տարի անց՝ այն թարմացնելու ժամանակ, աղյուսների վրա հայտնաբերվել է Լարսայի կառավարչի կնիքը։ Տաճարը կանգնեցվել է բարձր հարթակի վրա՝ ամրացված կոնտրոֆորսերով։ Դրանից դուրս են եկել ջրահեռացման կրկնակի հեղեղատարներ, որոնք առաջին անգամ գրանցվել են 11-րդ հորիզոնի տաճարում։ Հարթակն այստեղ ավարտվում էր աստիճանաբար նեղացող տեռասով, որի վրա գտնվում էր սրբավայրը։ Հյուսիսարևելյան կողմից հարթակի և տեռասի զանգվածը կտրուկ անջատվում էր իրարից՝ դիպչելով մեկ ուրիշի ճակատին (հնարավոր է, որ զիկկուրատի), որը գոյություն է ունեցել դրա կառուցման ժամանակ։ Արդյունքում Ուրայի 3-րդ դինաստիայի կառավարման ժամանակ (մ.թ.ա.2112-1997 թվականներ) այդ վայրում իրականում կառուցվել է զիկկուրատ։ Մեծ զանգվածային ելուստները շրջապատել են տաճարի պատերը։ «Կիսասյուների» անանցանելի շարքը ավարտվել է մեծ դեկորային ֆրիզով։ Կառույցի այս հատվածը համարվում է դեպի բարձրադիր սրբավայրը տանող հիմնական աստիճանը՝ կառուցված լավ ձևավորված աղյուսներից։ Դրա պատերը սպիտակ էին։ Թեթև որմնասյուների ռիթմիկան, որն ընդգրկում է սրբավայրի տարածքը, հակադրվում էր նախորդ մակարդակի ծանր և հանդիսավոր հենարաններին[8]։

Տաճարի ճարտարապետական բեկորների մեջ հայտնաբերվել են խճանկարային կոներ։ Մինչ նախագրային շրջանը նմանատիպ դեկորային տարրեր չէին օգտագործվում։ Կոների մնացորդներից կարելի է տարբերակել երկու տիպի կոներ, որոնք տարբերվում էին իրենց երկարությամբ և տրամագծով՝ սկսած 15-6,5 սմ մինչև 6,6-5,2 սմ։ Առաջինը պատրաստված էր մոխրագույն քարից՝ կլորացրած, լավ մշակված գագաթով, երկրորդը՝ վերջնային հատվածներում պղնձապատ սպիտակ գիպսից։ Խճանկարային դրվագազարդը սկսել է լայնորեն օգտագործվել միջագետքյան ճարտարապետության մեջ։

Էրիդուի սրբավայրի կառուցման վերջնական կետն է դարձել զիկկուրատը։ Այն անվանվում էր E-U կամ E-U-NIR, իսկ հենց «ziggurratu» բառը ունի աքքադերեն ծագում։ Դրա ստուգաբանությունը անմիջականորեն կապված է լեռ հասկացության հետ, և այն պահպանվել է լեզվում եռաստիճան աշտարակի նման տաճարների տարածման ժամանակ՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին։

Ուրայի 3-րդ դինաստիայի կառավարման ժամանակ Տիգրիս և Եփրատ գետերի միջև դեպի վեր էին խոյանում մի քանի հոյակերտ զիկկուրատներ։

Էրիդուի զիկկուրատը մի շարքով կանգնած է միջագետքյան այլ բարձր տաճարների հետ։ Ըստ պեղումներ կատարող հնագետների, Էրիդուի զիկկուրատը արտաքին տեսքվ և իր չափերով պետք է համընկներ Ուրի Ուր-Նամու զիկկուրատի հետ, սակայն այն կանգնեցվել է ավելի վաղ և ավելի խիստ է մտածված, որը ստիպում է ընդունել Էնկի աստծո գերիշխող ավանդույթները քաղաքից այն կողմ։ Երեք աստիճաններով զիկկուրատի վեհաշուք տեսքը պետք է ընդգծեր իր գունավորումը։ Ուրում այն հստակ սահմանված էր։ Առաջինի գույնը սև էր (Ուրում առաջին աստիճանը պատված էր բիտումով, որը արդեն օգտագործվում էր հին տաճարներում), երկրորդը՝ կարմիր, երրորդը՝ սպիտակ։ Սրբավայրը, ամենայն հավանականությամբ, սպիտակ էր և զարդարված էր խճանկարով կամ ապակեպատ աղյուսներով։ Արևի պայծառ շողերի լուսավորմամբ՝ այն իրենից ներկայացնում էր մեծություն և աստվածային լույս։ Մյուս՝ ավելի ուշ կառուցված զիկկուրատները, կարող էին ունենալ 7 աստիճան, ընդ որում, ինչպես նշվում է, գույներից յուրաքանչյուրը համապատասխանում էր որոշակի մոլորակի։

Էրիդուի հնագույն կենտրոնը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հետազոտությունների համար ոչ միայն որպես Միջագետքի զարգացման սկզբնական շրջանի տեղեկությունների աղբյուր, այլև որպես կապ նախաշումերական քաղաքակրթության և նրա վաղեմի նախորդների միջև։

Շումերական դիցաբանություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիդու քաղաքի հովանավոր աստված Էնկիի նկարը

Շումերական դիցաբանության մեջ Էրիդուում էր գտնվում Էնկի աստծո տունը՝ Աբզուի տաճարը։ Բոլոր շումերական և բաբելոնյան աստվածների պես, Էնկին սկզբում նրկայացվում է ինչպես տեղի աստված, ով եկել էր, ըստ ավելի ուշ տիեզերաբանության, Անի և Էնլիլի հետ կիսելու իշխանությունը։ Նրա թագավորությունը աշխարհը շրջապատող և ներքևում գտնվող ջրերն էին (ab - ջուր, zu - հեռու), հենց այդ պատճառով էլ Էնկիի տաճարը, որը գտնվում էր Էրիդուում անվանվում էր Է-Աբզու։

Ըստ Ուրուկի աստվածուհի Ինանայի պատմության, նա ճանապարհորդել է Էրիդու՝ քաղաքակրթության պարգևները ստանալու համար։ Սկզբում Էրիդուի աստված Էնկին փորձել է վերադարձնել իր իշխանության այդ աղբյուրները, բայց հետագայում ընդունել է, որ Ուրուկը աշխարհի կենտրոնն է։ Սա, ամենայն հավանականությամբ, ըստ դիցաբանության, իշխանության կենտրոնի տեղափոխումն է դեպի հյուսիս։

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում արված արձանագրություննրում, որոնք վերաբերում էին Հին բաբելոնյան ժամանակաշրջանին, ասվում է, որ իրենց պատմության և մշակույթի սկիզբը շումերները հաշվում էին՝ աշխարի ամենահին քաղաքի ստեղծումից սկսած։ Այս քաղաքը առաջինն էր, որը ստեղծվել էր լույսը ստվերից տարանջատելուց և ցամաքը սկզբնական քաոսից առաջանալուց հետո։ Շումերական ավանդույթների համաձայն Էրիդուն, ինչպես սուրբ լեռ Նիցիրը, հանդիսանում էր աշխարհի կենտրոնը։ Դրա ստեղծողը՝ Էնկի աստվածը՝ համաշխարհային օվկիանոսի և ցամաքի հովանավորը, ով լողում էր դրա մակերեսով, Էրիդուին է շնորհել «մե»-ի քարասալիկներ, որը պարունակում էր աշխարհի բոլոր էակների անունները, որի իմացությունը թույլ էր տալիս իշխել դրանց։ Պատահական չէ, որ հուդայականության, իսլամի և քրիստոնեության մեջ Էրիդուն համարվում է սրբազան քաղաք, որը եղել է Եդեմի այգին, որտեղ ծագել է մարդկությունը, ուր «երկնային թագավորությունը իջել է երկնքից»։ Պետք է նշել, որ այս քաղաքը եղել է Շումերի գլխավոր կրոնական կենտրոններից մեկը։ Էրիդուում՝ աշխարհի կենտրոնում, հազարամյակների ընթացքում մարդիկ կանգնեցրել են իրենց տաճարները, աղոթել են անհիշելի ժամանակներից ընտրված վայրում՝ համաշխարհային սրբազան ծառի կողքին։

Էրիդուն ղեկավարում էր նաև առասպելական Ադապան՝ առաջին մարդը, ով հնում եղել է կես աստված, կես մարդ-հերոս, և ըստ առասպելներից մեկի, եղել է Էնկիի (Էա) որդին։ Համարվում է, որ հենց Ադապան է բերել քաղաքակրթությունը Դիլմուն (ներկայիս Բահրեյն) կղզուց։ Ադապա Ու-ն, այսպես կոչված առաջին մարդը, եղել է կես աստված, կես մարդ-հերոս, անվանակոչված Աբգալլու (Abgallu) (ab - ջուր, gal - մեծ, lu - մարդ) Էրիդուից։

Շումերական Նիպուրական թագավորական ցանկում Էրիդուն անվանվել է առաջին մինչջրհեղեղային քաղաք[9].«Էրիդուում Ալուլիմը դարձավ արքա՝ կառավարելով 8 գնդակի տևողությամբ (28 800 տարի)։ Ալալգարը կառավարել է 10 գնդակի տևողությամբ ( 36 000 տարի)։ Երկու արքաները կառավարեցին 18 գնդակի տևողությամբ (64 800 տարի)։ Հետո Էրիդուն ընկավ և թագավորությունը տեղափոխվեց Բադ-Տիբարան»։ Արքաների ցուցակը ցույց է տալիս, թե ինչպես է կառավարման կենտրոնը տեղափոխվում երկրի հարավից դեպի հյուսից։

Բաբելոնյան դիցաբանություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոնյան կրոնական պատմություններում պահպանվել է Էրիդուի մասին ավանդույթը՝ որպես երկրային դրախտ, որտեղ աճում է արմավենին՝ ստվերում թողնելով օվկիանոսը։ Ըստ բաբելոնյան աղբյուրների, Էրիդու քաղաքը ստեղծվել է Մարդուկ աստծո կողմից՝ որպես առաջին քաղաք՝ «սրբազան քաղաք, նրանց [այլ աստվածների] բնակության վայելքը (հաճույքները)»։

Բաբելոնի արևելյան հատվածում կար նաև Էրիդու թաղամաս (աքքադ. Eri-du10ki)՝ քաղաքի հնագույն հատվածը և կրոնական կենտրոնը։ Հնարավոր է, որ դրա արդյունքում է հելլենական պատմիչ Բերոսոսը կարծել, որ մինչ ջրհեղեղյան առաջին արքաներ Ալոր(ոս)ը և Ալապար(ոս)ը ղեկավարել են հենց Բաբելոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эриду, Эреду // Элоквенция — Яя. — М. : Советская энциклопедия, 1957. — С. 154. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 49)
  2. Эреду // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. древнее поселение
  4. столицей государства
  5. 1 шар в шумерской шестидесятиричной системе счисления составляет 3600 лет
  6. Ниппурский царский список
  7. военный вождь шумерского города-государства
  8. AR George, House most high: the temples of ancient Mesopotamia, p. 65, Eisenbrauns, ISBN 0-931464-80-3
  9. Царский список Archived 2009-04-08 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абуаль Хассан М. Б. Взаимодействие древних цивилизаций Востока конца IV и III тыс. до н. э. (от Месопотамии до долины Инда). Материал с сайта системы федеральных образовательных порталов https://web.archive.org/web/20110719005220/http://www.humanities.edu.ru/
  • Антонова Е. В. Месопотамия на пути к первым государствам. М.1998.
  • Емельянов В. В. Древний Шумер. Очерки культуры. СПб. 2001.С. 320. С. 335.
  • Ковалёв А. А. Месопотамия до Саргона Аккадского. М. 2002. С. 171
  • Корниенко Т. В. Формирование традиции культового строительства на территории Месопотамии в дописьменную эпоху. М. 2002.
  • Ламберг-Карловски К., Саблов Дж. Древние цивилизации Ближнего Востока и Мезоамерики. М. 1992. С. 137.
  • Ллойд С. Археология Месопотамии. М. 1984. С. 54—55.
  • Элиаде М. Мифы, сновидения, мистерии. М. 1999.
  • Элиаде М. Священное и мирское. М. 1997.
  • «Эриду»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Ehrich. Chronologies in Old World Archeology. Chicago. 1967.
  • Mallowan M. The development of cities from AlU`baid to the end of Uruk 5 // The Cambridge Ancient History. Cam. 1970. Vol. 1 P. 231.
  • Parrot A. Archeologie Mesopotamienne.Les Etapes. Paris. 1946.
  • Sumer. Baghdad. 1969. p. 135. Oates J. A Preliminary Report. The First seasons excavations in Choga Mami.
  • Safar F, Mustafa M.A, Lloyd S. Eridu. Baghdad. 1981.