Էտրուսկյան արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտրուսկյան ձի, մոտ մ. թ. ա. VI: Բարձրություն՝ 20 սմ, վերականգնված տարբերակ

Էտրուսկյան արվեստ, էտրուսկների արվեստ, որ ընդգրկում է մ. թ. ա. IX-II դարերը։

Էտրուսկյան արվեստի շուրջ գիտական շրջանականերում երկար ժամանակ գերիշխել է պաշտոնական այն մոտեցումը, որը ժխտել է դրա ինքնուրույն գոյությունը։ Այդպիսի սկզբունային մոտեցումը էտրուսկների գեղարվեստական յուրօրինակ ժառանգության հանդեպ պայմանավորված է եղել այդ ժողովրդի ծագման խնդիրների շուրջ առկա ոչ միանշանակ տեսակետներով, էտրուսկների լեզվի առեղծվածայնությամբ, ինչպես նաև 18-19-րդ դարերում գեղագիտության մեջ առկա «հելլենակենտրոնությամբ»։ «Հելլենակենտրոնությունը» չափանիշ էր համարում հին հունական արվեստի գլուծխգործոցները և էտրուսկների ու հին հույների համեմատության մեջ երկրորդական նշանակություն էր տալիս էտրուսկյան մշակույթի գործերին։ Էտրուսկների վառ ինքնաբավությունն ու նրանց արվեստում «հակադասական ոգին» ըստ արժանվույն գնահատվել են միայն 20-րդ դարում[1]։ Էտրուրիայի արվեստի թարմությունը, կենդանությունը հստակ տարորոշվում են՝ չնայած հունական ազդեցությանը և տարածքային զգալի տարբերությանը, որն առաջացել էր էտրուսկյան ժողովուրդներին լայն ինքնավարություն տալու արդյունքում։ Էտրուսկների արվեստի ինքնատիպության հիմքում նրանց առանձնահատուկ աշխարհընկալումն է։ Բնությանն ավելի մոտ էտրուսկները խորհրդանշական ձևով արվեստի յուրաքանչյուր գործի վերագրել են մոգական, կրոնական գործառույթներ, այդ պատճառով էլ նրանց արվեստն ավելի մոտ է Փոքր Ասիայի, Փյունիկիայի և Սիրիայի մշակույթին, քան հունական դասական արվեստին[2]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարկոֆագ, մոտ 150—130

Էտրուսկների մշակույթի առաջին հուշարձանները վերաբերում են մ. թ. ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին։ Էտրուսկյան քաղաքակրթության ձևավորման փուլն ավարտվել է մ. թ. ա. 2-րդ դարում, իսկ Հռոմը եղել է նրա ազդեցության տակ մինչև մ. թ. ա. 1-ին դարը[3]։

Էտրուսկյան քաղաքակրթությունը հիմնականում քաղաքային բնույթ է ունեցել։ Հզոր պատերով քաղաքաները գտնվել են միմյանցից ոչ հեռու՝ Տիբեր և Առնո գետերի հովիտներում։ Դրանցից են եղել Արեցոն, Կորտոնան, Կլուզիումը, Պերուջան, Չերվետերեն, Տարկվինիան։ Նրանք երկար ժամանակ պահպանել են իտալական առաջին բնակավայրերի իրենց արխաիկ մշակույթը՝ առանձնահատուկ հետաքրքրություն դրսևորելով մահվան ու հանդերձյալ կյանքի նկատմամբ։ Այդ պատճառով էտրուսկյան արվեստը զգալիորեն ավելի կապված է եղել դամբարանների ձևավորման հետ՝ ընդ որում ելնելով այն դրույթից, որ դրանցում եղած իրերը պետք է պահպանեն կապը ռեալ կյանքի հետ[3]։

Դամբարաններն ունեցել են տան տեսք։ Դրանց միջոցով մահացածը հնարավորություն է ստացել շարունակելու իր գոյությունը[3]։

Հունական արվեստի ազդեցությունը զգացվում է էտրուսկյան արվեստի ողջ գոյության ընթացքում, սակայն այդ ազդեցությունը նկատելի է միայն արտաքին ձևերի վրա, քանի որ երկու մշակույթների աշխարհընկալումը շատ տարբեր է եղել։

Արվեստը, որն առաջին հերթին ներկայացնում է մահը, ոչ այնքան կրոնին է առնչվում, որքան ենթագիտակցությանը, սակայն քանի որ ենթագիտակցությունը սնահավատության մութ տարածք է, ապա էտրուսկյան արվեստը երբեք մինչև վերջ չի կորցնում իր կապը առօրյա կյանքի հետ։ Այլ կերպ ասած՝ դա արվեստ չէ, որը համարվում է մի ամբողջ մշակույթի ավարտ, օրինակ՝ դասական մշակույթի, այլ առօրյա, պրակտիկ կյանքի ծնունդ է, այնպիսի կյանքի, որին բնորոշ է մահվան նկատմամբ վախը, որից հարկ է լինում օրեցօր սահմանազատել քեզ։ Այդ նույն պատճառով էտրուսկյան արվեստը խորը նատուրալիստական բնույթ ունի։ Ավելին, հենց էտրուսկյան արվեստի առնչությամբ կարելի է առաջին անգամ կիրառել այդ եզրը։ Էտրուսկների մշակույթը նատուրալիստական է, քանի որ մահից փրկվելու պայքարը գոյության իրականությունն է, և արվեստի միջոցով իրականությունը շարունակություն է ունենալու՝ չնայած չգոյության ոչ ռեալ սարսափելի միջավայրին։ Սրանով է բացատրվում այն հանգամանքը, թե ինչու էտրուսկյան արվեստը, չնայած հունական արվեստի ձևերի լայն կիրառմանը, իր էությամբ հակադասական է։ Ավելին, այն հակադասական առաջին ուղղությունն է, որ լայնորեն կիրառվել է հռոմեական արվեստում, ներթափանցել միջնադար և ավելի ուշ դարաշրջաններ՝ դառնալով հավերժական դասական իդեալիզմի մշտական հակաթեզը[3]։
- Ջ. Արգան, Իտալական արվեստի պատմություն

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկյան տաճարի ռեկոնստրուկցիա
Կոզայի տաճարի ակրոպոլիսի ռեկոնստրուկցիա, մոտ՝ մ. թ. ա. 100 թվական

Էտրուսկների ճարտարապետությունը բավական զարգացած է եղել։ Ամենից լավ պահպանվել են քաղաքային պատերը և դամբարանները։

Էտրուսկների քաղաքակրթության մեջ տաճարները մեծ նշանակություն չեն ունեցել։ Հնագույն ժամանակներից էտրուսկների կրոնական ծիսակարգում կիրառվել են բաց սրբատեղիները. տաճարների շինությունը սկսվել է ավելի ուշ։ Ամենահին շինությունը թվագրվում է մ. թ. ա. 6-րդ դարին։ Էտրուսկներն իրենց սրբավայրերը կառուցել են փայտից ու կավից, այդ պատճառով էլ դրանք չեն պահպանվել և դրանց մասին պատկերացում կարելի է կազմել Վիտրուվիոսի տրակտատի և տաճարների թրծակավե հիմքի հիման վրա։

Տաճարները կառուցվել են ցածր սյուներով բարձր հիմքերի վրա։ Դրանք իրենց տեսքով հիշեցնում են դորիական տաճարներ։ Կենտրոնական սրահը ավելի մեծ է եղել եզրայիններից, իսկ մուտքի դուրս ցցված հատվածը հենվել է երկու շարք սյուների վրա։ Տանիքները ծածկվել են կղմինդրով։ Ծածկի եզրերին անտեֆիքսներ ու կերպարային ռելիեֆներ են եղել։ Ֆրիզին պատկերվել են աստվածների կամ մարդկանց կերպարներ, իսկ ավելի ուշ դրանք զարդարվել են ծաղկային նախշերով։ Թրծակավը ներկվել է վառ գույներով[3]։

Հասարակ շինությունները շքեղորեն ներկվել են։ Անտեֆիքսներն ու ռելիեֆները, որոնք թաքցրել են փայտյա սյուները, ինչպես նաև ճակտոնազարդերը, որոնք պարզ ձևերից աստիճանաբար ձեռք են բերել քանդակային կոմպոզիցիաների տեսք[3]։ Տաճարների շինարարության ժամանակ էտրուսկները հազվադեպ են քար կիրառել՝ դրանք օգտագործելով միայն հիմքի մեջ։

Էտրուսկների շինարարական տաղանդը լավագույնս դրսևորվել է քաղաքային պատերի ու դարպասների կառուցման մեջ։ Դրանցից են, օրինակ, Պերուջայի և Վոլատերայի պատերն ու դարպասները[3]։ Մ. թ. ա. 8-6-րդ դարերում կեղծ կամարների ու սյուների համար օգտագործվել է քարի շարում, իսկ գլանաձև ծածկերն ի հայտ են եկել հելլենիզմի ժամանակաշրջանում։ Էտրուսկյան ամենահին ամրությունը Պոջիո Բուկոյի հողապատնեշն է (մ. թ. ա. 7-րդ դար)։

Էտրուսկները եղել են տեղի ոչ կարծր տեսակի քարերի մշակման ու դրանք իրար միացնելու վարպետներ։ Էտրուսկյան ճարտարապետության ձեռքբերումներից է քարե սալերը իրար վրա կիպ շարելը, որի վրա հենվել են կամարածածկերը։ Կամարածածկը հետագայում դարձել է հռոմեական մշակույթի բնորոշ տարր[3]։

Էտրուսկների գլխավոր դամբարանները գտնվում են Օրվիետոյում, Տարկվինիայում, Կիուզիում, Չերվերտերեում։ Մահացած մարդկանց էտրուսկները սովորաբար թաղել են հենց հողում, իսկ դրա վրա կոնաձև հողաթումբ են ձևավորել՝ դրանք շրջապատելով քարերով։ Դիակիզումից հրաժարվելուց հետո էտրուսկները սկսել են մահացածներին թաղել հողում։ Եղել են նաև քարանձավային թաղումներ, օրինակ՝ Սովանում։ Դրանք սովորաբար բաղկացած են մի քանի շինություններից՝ հարթ կամ երկթեք տանիքով։ Ամրության համար դրանց լրացուցիչ հենարաններ են հարմարեցվել։ Պատերը հաճախ ներկվել են։ Չերվերտերեի՝ նկարազարդ ռելիեֆով հենարանները զարդարվել են կենդանիներ, զենք ներկայացնող բազմագույն պատկերներով[3]։

Էտրուրիայի տները կառուցվել են չթրծված աղյուսից, իսկ հիմքերը լցրել են գետի քարերով։ Տները հավանաբար եղել են միահարկ։ Էտրուսկներն օգտագործել են հարթ կղմինդր։

Սուտրիում պահպանվել է էտրուսկյան ժայռափոր ամֆիթատրոն։

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեսկոյի դրվագ Տրիկլինիայի դամբարանից, մոտ՝ մ. թ. ա. 470 թվական

Էտրուսկյան ֆրեսկոներում ամենից հետաքրքիրն այն է, որ դրանք պահպանվել են։ Դրան նպաստել է էտրուսկների՝ ժայռափոր դամբարանները նկարազարդելու ավանդույթը։ Իր ոճով էտրուսկյան գեղանկարչությունը աղերսներ ունի սկահակների զարդարման հետ։ Հանդիպում են նաև բնակելի տների նկարազարդումներ։ Դրանցից ամենահինը թվագրվում է մ. թ. 6-րդ դարին։

Էտրուսկների գեղանկարչությունը սերտորեն առնչվում է թաղման ծիսակարգի ճարտարապետությանը։ Իր տեխնիկայով այն ֆրեսկոյի տարատեսակ է։ Թեման հանգուցյաի երկրային կյանքի սյուժեներն են՝ ծիսական տեսարաններ երաժիշտների, պարողների հետ, որսի տեսարաններ, դիցաբանական սյուժեներ (հունական սկահակազարդարդարումից կամ Հունաստանից ժամանած նկարիչների աշխատանքներ)։ Այս պատկերների նպատակադրումը դրանց բնականությունն է։ Շեշտադրված են պատկերվող կերպարների միմիկան, գունային հագեցվածությունը։ Նկարչի գունագեղությունը նպատակ է հետապնդել հաղթելու դամբարանի խավարը, անել այնպես, որ հանգուցյալը տեսնի պատկերները, ինչի համար դրանք շեշտադրվել են։ Գեղարվեստական սկիզբը երկրորդական պլան է մղվել, կերպարները հստակորեն տարորոշվում են ֆոնին, եզրագծերը հստակ սահմանազատված են, ժեստերը` չափազանցված, գույները` խտացված։ Մ. թ. ա. 5-րդ դարում ուժեղացել է հունական դասական արվեստի ազդեցությունը. եզրագծերը ավելի մեղմ են դարձել՝ նպաստելով ձևի պլաստիկայի արտահայտմանը, գույները դարձել են պակաս վառ, կերպարների շարժումները՝ ավելի ազատ։ Սակայն պահպանվել է ոգին. նկարներն արտահայտում են կորսված իրականությունը[3]։

Ֆրեսկոներ են հայտնաբերվել Վեյի և Չերվերտերիի դամբարաններում, սակայն գեղանկարչության խոշորագույն կենտրոնը եղել է Տարկվինիա քաղաքը։ Այնտեղի ոչ մեծ դամբարանը վկայում է, որ արդեն մ. թ. ա. 7-րդ դարում էտրուսկները դամբարանները նկարազարդել են։ Ֆրեսկոների ոճը նմանակում է սկահակազարդարման երկրաչափական ոճը։ Վեյում գտնվող Կամպանայի դամբարանում պատկերված է երիտասարդ՝ ձիու վրա, որը առաջ է տանում տղամարդը, իսկ մնացած տարածությունը լցված է զարդանախշերով, կենդանիների և դիցաբանական հրեշների կերպարներով։

Նկարազարդումների մեծ մասն արված է ֆրեսկոյի տեխնիկայով։ Պատերը խոնավացվել են, ծածկել ծեփածոյով, որի վրա փայտով արվել են պատկերների ուրվագծերը։ Եզրագծերը ներկվել են։ Վաղ շրջանի ֆրեսկոներում գլուխն ու ոտքերը պատկերված են կիսապատկերով, իսկ ուսերը՝ դիմահայաց։

Առաջին ֆրեսկոներից են Ցլերի դամբարանի ֆրեսկոները (մ. թ. ա. 540-530 թվականներ)։ Այստեղ նկարազարդված է մի պատը։ Ճակտոնի տակ պատկերված են երկու ցուլեր, նաև էրոտիկ պատկերներ։ Գլխավոր սալին հունական էպոսից հատված է. Աքիլլեսը սպասում է Տրոյայի արքա Պրիամոսի որդուն։

Այս շրջանից ի հայտ են գալիս հրաշալի նկարազարդումներ, որոնցից են Տրիկլինիայի դամբարանի ֆրեսկոները. դրանք թվագրվում են մ. թ. ա. 470 թվականին։ Դռան մուտքից աջ և ձախ ձիավորների կերպարներ են, դռան դիմացի պատին՝ խնջույքի երեք սրահ։ Կողմնային պատերին պատկերված են հինգ պարողներ և երաժիշտներ։ Կերպարների ժեստերը ներդաշնակ են, շարժումները՝ շքեղ։

Ուշ դասական շրջանի պատկերները (մ. թ. ա. 4-րդ դար) տարբերվում են սյուժեների փոփոխությամբ և աշխատանքի տեխնիկայով։ Երևում է հեռանկարը, դիրքերը մտացածին են։ Այդպիսի պատկերների օրինակ են Գոլինայի դամբարանի ֆրեսկոները։ Զվարճությանը փոխարինելու է գալիս մելանխոլիան։ Նոր զգացմունքն արտահայտված է Օրկայի դամբարանում պատկերված կնոջ հայացքում։ Մռայլ տրամադրությունը պահպանվում է նաև հելլենիստական շրջանում։ Նկարազարդված վերջին դամբարաններից մեկը գտնվում է Տարկվինիայում։ Տիփոնի մարմինը լարված է. այն պատկերված է մեծ վարպետությամբ, ինչը համապատասխանում է հելլենիստական ավանդույթներին։

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործությունը, չնայած դրա հիմքում վախճանաբանության դրույթի առկայությանը, այլ կերպ է կապված էտրուսկյան հասարակության ռեալ աշխարհին։ Բացի հանգուցյալների պաշտամունքից՝ պլաստիկան ունեցել է այլ գործառույթներ ևս. գոյություն է ունեցել դեկորատիվ խոշոր պլաստիկա և փոքր պլաստիկա տան միջավայրի ձևավորման համար։ Թաղման ծիսակարգում քանդակները եղել են կանոպաների և սարկոֆագների տեսքով։ Վիլլանովյան մշակույթում գերիշխել են երկրաչափական կրկնվող ձևերը, որոնք եղել են թրծակավե և բրոնզե առարկաների վրա։ Երկրաչափական ոճը, որը դրսևորվել է մ. թ. ա. 7-րդ դարից, Էտրուրիա է բերել Հունաստանի և արևելյան միջերկրածովյան շրջանի իրերի բազմազանությունը։ Ազդեցությունը եղել է շատ ուժեղ։ Էտրուսկները կրկնօրինակել են, յուրացրել, խառնել զարդանախշերը, մինչև ստացել են իրենց ոճը[3]։

Սակայն մ. թ. ա. 7-րդ դարի քանդակների մի տեսակ եղել էլ տեղի վարպետների ձեռքբերումը. դա հուղարկավորման՝ մարդկային գլխի տեսք ունեցող զամբյուղն է (կանոպա)՝ կավից կամ բրոնզից, որ ունի կափարիչ։ Գրեթե նույն ժամանակաշրջանում ի հայտ են եկել այդ քանդակները։ Մոտ մ. թ. ա. 600 թվականին Էտրուրիայում սկսվել է արխաիկ դարաշրջանը, որը շարունակվել է մինչև մ. թ. ա. 475 թվականը։

Մ. թ. ա. 7-րդ դարին են առնչվում Կլուզիումայի կանոպաները։ Անոթը կրկնօրինակում է մարդկային մարմինը՝ իհարկե սխեմատիկորեն։ Ձեռքերը ներկայացնում են բռնակները, կափարիչի գլուխը հանգուցյալի ինքնատիպ դիմակն է կամ նրա դիմապատկերը։ Դրանք պատրաստվել են թրծակավից կամ մետաղից։ Այս պլաստիկան վերաբերում է միջերկրածովյան հնագույն շրջանին[3]։

Քարե քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե քանդակները ձևավորվել են որպես մահարձաններ։ Մ. թ. ա. 6-րդ դարի ընթացքում էտրուսկները յուրացրել են հունական սկահակազարդարումը, սակայն Էտրուրիայի քաղաքներում արվեստը եղել է խիստ յուրօրինակ. դա հատկապես վերաբերում է քարե խորաքանդակներին։

Բրոնզե քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկներն ավելի մեծ հաջողության են հասել բրոնզի հետ աշխատանքում։ Կամպանիայում պատրաստվել են բրոնզե զամբյուղներ՝ զարդարված կերպարներով։ Բրոնզը կիրառել են կահույքի, հայելիների, մարտակառքերի պատրաստման ժամանակ։

Թրծակավե քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկների պատրաստած թրծակավե իրերը նույնպես բարձրակարգ են եղել։ Հատկանշական է Չերվետերիի սարկոֆագը, որը վերաբերում է մ. թ. ա. 520 թվականին։ Այն զարդարված է ամուսնական զույգի պատկերով։ Իսկական գլուխգործոց է Վեյիի՝ չորս քանդակներից բաղկացած քանդակախումբը, որը թվագրվում է մ. թ. ա. 500 թվականին։

Մ. թ. ա. 6-րդ դարում դրսևորվել է հոնիական քանդակագործության ազդեցությունը։ Էտրուսկ քանդակագործ Վուլկան (արխաիկ շրջանի միակ քանդակագործը, որի անունը հայտնի է) կամ նրա շրջապատից մեկը ստեղծել է Ապոլլոնի թրծակավե քանդակը, որը որպես զարդարանք է ծառայել տաճարի մուտքի համար։ Հոնիական ազդեցությունը նկատելի է նյութի մշակման մեջ, որը լավ փոխազդեցության մեջ է լույսի հետ։ Ի հայտ է գալիս լուսաստվերային ավելի կտրուկ հակադրություն։ Կապիտոլիական գայլը նույնպես բնորոշվում է հոնիական ազդեցությամբ. մարմնի նուրբ մշակում, մորթու ոճավորված պատկերում, լույսի ու ստվերի խաղ։ Մ. թ. ա. 5-րդ դարում Արեցոյի Քիմեռը մատնանշում է հոնիական ազդեցությունը, որն իր արտահայտչականության և լակոնիկ գծերի շնորհիվ գերազանցում է այդ հակադրությունը[3]։

Սարկոֆագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկյան քանդակագործության յուրօրինակ դրսևորում են սարկոֆագները, որոնք սովորաբար թրծված կավից են պատրաստել։ Դրանց կափարիչին պատկերվել է հանգուցյալի կիսապառկած կերպարը շատ հաճախ կնոջ հետ։ Կերպարները, հատկապես նրանց դեմքերն ունեցել են մեծ նմանություն հանգուցյալի հետ։ Այդ նմանությունն աստիճանաբար ավելի նատուրալիստական ու անհամեստ բաց է դարձել։ Ֆիզիկական թերությունները, հիվանդության նշաններն ու ծերությունը բացահայտ պատկերվել են[3]։

Մ. թ. ա. 4-րդ դարից սարկոֆագների թեմատիկայում ու ճակատային ռելիեֆում նկատելի է դառնում հելլենիստական և էտրուսկյան արվեստների կապը, սակայն էտրուսկների դիմանկարային նատուրալիզմը միտված էր կերպարը դետալներով պատկերելուն, այն հնարավորինս իրականությանը մոտ ներկայացնելուն, նյութականացմանը։ Հանգուցյալի կենսակերպը ընդգծվել է առավելագույնս, դրա համար նրան պատկերել են խնջույքներում։ Էտրուսկյան դիմանկարներում հոգեբանական որոնումների կնիքը բացակայում է։ Միակ հոգսը կենցաղի շոշափելիությունն ու կենսական լինելն է։ Դա նկատելի է ուշ շրջանի մի քանդակում՝ «Օրատորում»։ Այն օժտված է հռոմեական արժանապատվությամբ, ընդ որում առկա են էտրուսկյան մշակույթի ուշ շրջանին բնորոշ տագնապն ու մելանխոլիան[3]։

Սկահակների նկարազարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկեստիդայի բաժանումը Ադմետոսից

Մ. թ. ա. 6-5-րդ դարերում Հին Հունաստանի իտալական գաղութների ազդեցությամբ զարգացել է էտրուսկյան սկահականկարազարդումը կարմիր գույնով, որոնց սյուժեները ինչպես հունական, այնպես էլ սեփական էտրուսկյան դիցաբանությունից են վերցված։

Զարդանախշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկյան զարդանախշը ներկայացված է կտավներին։ Էտրուսկները սիրել են պատկերել խաչեր և շրջանակներ[4]։ Եռանկյունների ֆրիզը էտրուսկ նկարիչների նախընտրած զարդանախշային մոտիվներից է։ Հանդիպում են նաև ալիքների տեսքով զարդանախշեր[5]։

Գլիպտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերդոլիկից բազմակերպար բզեզաքար, մ. թ. ա. V դար: Պատկերված են Ադրաստը, Թիդեոսը, Պոլինիոսը, Պարթենոպեուսը և Ամփիարիուսը, Ֆիլիպ ֆոն Շտոշի հավաքածու, Բեռլինյան անտիկ հավաքածու

Էտրուրիայում գլիպտիկան ի հայտ է եկել մ. թ. ա. 6-րդ դարի վերջին և միանգամից հասել է բարձր մակարդակի հույն ներգաղթյալների շնորհիվ, որոնք, Ստրաբոնի և Պլինիոս Ավագի թողած ժլատ տեղեկատվության համաձայն, դարձել են քարի վրա փորագրության՝ էտրուսկների առաջին ուսուցիչը։ Էտրուսկ աշակերտները դրսևորել են պահպանողականություն և երկար ժամանակ պահպանել են հելլեն արխաիկ փորագրողների ոճական ավանդույթները՝ սերդոլիկից բացառապես փորագրելով բզեզաքարեր։ Էտրուսկ փորագրողները իրենց ազատություն են թույլ տվել միայն միջատի կառուցվածքի դետալների պատկերման և շքեղ նախշազարդման մեջ։ Ի տարբերություն հույների՝ էտրուսկները կիրառել են քանդակաքարերը նաև որպես կնիքներ. վաղ ժամանակաշրջանի էտրուսկյան սաթե բզեզաքարերը՝ լոնդոնյան և կոպենհագենյան հավաքածուներից, նախատեսված են եղել զարդարանքի համար։ Ի տարբերություն հին հունական գլիպտիկայի՝ էտրուսկները քանդակաքարերին չեն թողել փորագրողների անունները, այլ պատկերվող կերպարի, այդ թվում՝ հին հունական դիցաբանական կերպարների, սակայն էտրուսկյան տարբերակով։

Էտրուսկյան գլիպտիկայում խիստ ոճի վառ օրինակ է բեռլինյան սերդոլիկե բզեզաքարը՝ բարդ կոմպոզիցիայով, որում պատկերված է հին հույն հինգ հերոսների խորհուրդը Թեբեի դեմ առաջին արշավանքի ժամանակ։ Դրան առաջին անգամ ուշադրություն է դարձրել Յոհան Յոախիմ Վինկելմանը, որը կազմել է «Հանգուցյալ բարոն Ֆոն Շտոշի փորագիր քարերի» հիմնական գրացուցակը[6]։

Դասական ժամանակաշրջանում էտրուսկյան գլիպտիկան լեցուն է սեփական դիցաբանական կերպարներով, որոնց տարորոշումը երբեմն դժվարություն է ներկայացնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О. Я. Неверов Глава III. Геммы загадочных этрусков // Геммы античного мира / под ред. Н. А. Сидоровой. — 1-е. — М.: Наука, 1982. — С. 53—54. — 144 с. — («Из истории мировой культуры»). — 185 000 экз.
  2. Ж.-Н. Робер Искусство // Этруски = Les Étrusques / пер. с фр. С. Н. Нечаева. — М: Вече, 2007. — С. 253. — 368 с. — (Гиды цивилизаций). — 5 000 экз. — ISBN 978-5-9533-1931-7
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Дж. К. Арган. История итальянского искусства. М., 2000. С. 54-59
  4. «Орнамент Древнего Рима». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  5. «Бронзовая этрусская скульптура юноши». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  6. Вестник Европы: Соколова Е. В. О геммах в трудах И. И. Винкельмана. 2015

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ильина Т. В. История искусств. Западноевропейское искусство. — 3-е изд.. — М.: Высшая школа, 2000. — 368 с.
  • Колпинский Ю. Д., Бритова Н. Н. Искусство этрусков и Древнего Рима. — М.: Искусство, 1982. — 175+342 ил. с. — (Памятники мирового искусства).
  • Соколов Г. И. Искусство этрусков и Древнего Рима. — 2-е изд.. — М.: Слово, 2002. — 208 с. — ISBN 5-85050-218-1
  • Этруски: италийское жизнелюбие / Пер. с англ. О. Соколовой. — М.: Терра, 1998. — 168 с. — (Энциклопедия «Исчезнувшие цивилизации»). — ISBN 5-300-01856-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտրուսկյան արվեստ» հոդվածին։