Էտալոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էտալոններ, (ֆրանս. etalon – նմուշ), չափանմուշներ, գիտության և տեխնիկայի զարգացման տվյալ մակարդակին համապատասխանող մեծ ճշտության չափման միջոցներ (ճշգրիտ չափեր կամ չափիչ սարքեր), որոնք հիմնված են նյութերի և մարմինների՝ ժամանակի ընթացքում անփոփոխ հատկությունների վրա։ Օգտագործվում են չափման միավորները պահպանելու, ընդօրինակելու, վերականգնելու համար և հիմք են ծառայում չափումների միասնությանն ու ճշտությանը։

Էտալոնները լինում են բնական և արհեստական։

  • Բնական էտալոնները չափման միջոցներից բացի, ընդգրկում են նաև այդ միջոցների կիրառությունները չափման միավորները վերականգնելու և ընդօրինակելու փորձերում (օրինակ, երկարության միավորը՝ մետրը, լույսի ալիքի երկարությամբ ընդօրինակելու անհրաժեշտ միջոցների ամբողջությունը)։
  • Արհեստական էտալոններ են, օրինակ, մետրի և կիլոգրամի պլատինա–իրիդիումային էտալոնը։

Տարբերում են միջազգային և ազգային (պետական) էտալոններ։

  • Միջազգային էտալոն է, օրինակ, կիլոգրամի նախատիպը, որը պահվում է Չափ ու կշռի միջազգային բյուրոյում (Սեր, Ֆրանսիա)։
  • Ազգային էտալոնի օրինակ է կիլոգրամի նախատիպի №12 պատճենը, որը պահվում է Դ. Ի. Մենդելեևի անվ. համամիութենական չափագիտական ԳՀԻ–ում (Լենինգրադ)։

Այն էտալոնները, որոնք անմիջապես պատրաստվում են չափման միավորների տեսական սահմանումների հիման վրա և ապահովում են տվյալ երկրի համար ամենաբարձր ճշգրտությունը, կոչվում են առաջնային, իսկ դրանցից ընդօրինակվող և դրանց միջոցով ստուգվող էտալոնները՝ երկրորդային։ Ըստ չափագիտական դերի՝ երկրորդային էտալոնները բաժանվում են էտալոն-պատճենների, էտալոն–վկաների, բաղդատման էտալոնների և աշխատանքային էտալոնների։ Էտալոն–պատճենները չափագիտական աշխատանքներում փոխարինում են առաջնային էտալոններին՝ դրանք մաշվելուց և վնասվելուց զերծ պահելու համար։ Էտալոն–վկաները նախատեսված են էտալոնների պահպանման վիճակը վերահսկելու համար։ Բաղդատման էտալոնները օգտագործվում են ազգային էտալոնների միջազգային բաղդատումների համար։ Աշխատանքային էտալոնները բարձր կարգի ճշտության չափումների նմուշային միջոցների ընթացիկ ստուգումների համար են։ Երկրորդային բոլոր էտալոնները որպես կանոն, արհեստական են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 87