Էվտեկտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էվտեկտիկա (հուն․՝ εύτηκτος – դյուրահալ), որոշակի բաղադրության մանրադիսպերս խառնուրդ կամ միաֆազ հեղուկ, որը բաղկացած է երկու կամ ավելի բաղադրիչներից և ունի խիստ որոշակի հալման ջերմաստիճան։ Էվտեկտիկայի հալման ջերմաստիճանը տվյալ համակարգի խառնուրդի հալման ջերմաստիճաններից ամենափոքրն է և կոչվում է էվտեկտիկ ջերմաստիճան։ Տվյալ համակարգում, անկախ ագրեգատային վիճակից (պինդ կամ հեղուկ), էվտեկտիկան ունի խիստ որոշակի բաղադրություն (էվտեկտիկ բաղադրություն)։ Նախկինում էվտեկտիկա սխալմամբ համարում էին քիմիական միացություն։ Սակայն ի տարբերություն վերջինիս, էվտեկտիկան պինդ վիճակում տարասեռ է, և նրա հալման ջերմաստիճանն ու բաղադրությունը կախված են ճնշումից։ Վիճակի դիագրամի վրա էվտեկտիկ ջերմաստիճանի և բաղադրությանը համապատասխանող կետը կոչվում է էվտեկտիկ կետ (կամ պարզապես էվտեկտիկա), որտեղ համակարգի ազատության աստիճանը 0 է։

Էվտեկտիկա են առաջացնում բազմաբաղադրիչ մետաղական, ոչ մետաղական, աղային և այլ համակարգեր։ Որոշ մետաղական էվտեկտիկաներ հեղուկ են սովորական ջերմաստիճաններում։ «Էվտեկտիկա» տերմինը առաջարկել է Լոնդոնի Տեխնիկական դպրոցի պրոֆեսոր Ֆ. Գաթրին (1884)։ Մետաղական էվտեկտիկաները հայտնի են վաղուց։ Հին Հռոմում կապարե ջրատար խողովակները զոդում էին կապարի և անագի էվտեկտիկայով։ էվտեկտիկ բաղադրության մետաղական խառնուրդներ էին օգտագործում դեռևս Հին Հայաստանում՝ խողովակներ զոդելիս, զարդեր պատրաստելիս և բազալտե խոշոր քարերով պատ շարելիս։ Էվտեկտիկաները օգտագործում են ամենատարբեր նպատակներով։ Մետաղական էվտեկտիկաները օգտագործվում են որպես զոդանյութեր (ռադիոտեխնիկայում լայն կիրառում ունի անագի և կապարի՝ 38,1% համաձուլվածքը, որը հալվում է 183 °C–ում), ջերմության և էլեկտրականության հաղորղիչ կցանյութեր, բարձր ջերմաստիճաններում չցնդող հեղուկներ և այլն։ Աղային էվտեկտիկաները օգտագործվում են որպես ֆլյուսներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 87
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվտեկտիկա» հոդվածին։