Jump to content

Էռնեստո Կարդենալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստո Կարդենալ
իսպ.՝ Ernesto Cardenal
 
Կուսակցություն՝ Ազգային ազատագրության սանդինիստական ռազմաճակատ և Democratic Renewal Union?
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան (1947), Faculty of Philosophy and Letters, UNAM? (1946) և Colegio Centro América?
Մասնագիտություն՝ բանաստեղծ, կաթոլիկ քահանա, քանդակագործ, նկարիչ, աստվածաբան, թարգմանիչ, քաղաքական գործիչ, կաթոլիկ քահանա, գրող, վիզուալ արտիստ, հեղափոխական, երգերի հեղինակ, արվեստագետ, կաթոլիկ քահանա և նախարար
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունվարի 20, 1925(1925-01-20)[1][2][3][…]
Ծննդավայր Գրանադա, Նիկարագուա[4]
Վախճանի օր մարտի 1, 2020(2020-03-01)[5][6][3][…] (95 տարեկան)
Վախճանի վայր Մանագուա, Managua Department, Նիկարագուա[6][7]
Քաղաքացիություն  Նիկարագուա
Ի ծնե անուն իսպ.՝ Ernesto Cardenal Martínez
Մայր Esmeralda Martínez Urtecho?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Էռնեստո Կարդենալ Մարտինես (իսպ.՝ Ernesto Cardenal Martínez, հունվարի 20, 1925(1925-01-20)[1][2][3][…], Գրանադա, Նիկարագուա[4] - մարտի 1, 2020(2020-03-01)[5][6][3][…], Մանագուա, Managua Department, Նիկարագուա[6][7]), նիկարագուացի հեղափոխական, քաղաքական և պետական գործիչ, բանաստեղծ, արձակագիր, գրական քննադատ, քրիստոնեական սոցիալիստ, Հիսուսի միաբանության անդամ, այնուհետև՝ տրապիդյան քահանա, որն իր եղբոր՝ Ֆերնանդոյի նման դարձել է Սանդինիստական ազգային-ազատագրական ճակատի (ՍԱԱՃ) անդամ: Ազատագրման թեոլոգիայի խոշոր տեսաբան[15][16]։ 2012 թվականի Թագուհի Սոֆիայի անվան Իբերոամերիկյան պոեզիայի մրցանակի դափնեկիր է[17]։ Անտոնիո Կարդենալի ազգականն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագել է հարուստ ազնվական վաճառականի ընտանիքից։ Սկսել է բանաստեղծություններ գրել դեռ մանկուց։ Ավարտելով Գրանադայի կաթոլիկ գիմնազիան՝ Կարդենալը տեղափոխվել է Մանագուա, որտեղ միացել է «Տալյեր Սան Լուկաս» խմբին, որը եզրափակում էր երկրում մոդեռնիստական պոեզիայի զարգացումը։

Ստացել է փիլիսոփայական և բանասիրական կրթություն Մեխիկոյի՝ Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի փիլիսոփայության և գրականության ֆակուլտետում (1943-1947 թվականներին), շարունակել այն ԱՄՆ-ում, որտեղ 1947-1949 թվականներին Կոլումբիայի համալսարանի ասպիրանտուրայում ուսումնասիրել է ամերիկյան գրականությունը։ Բազմաթիվ ուղևորություններ է կատարել Լատինական Ամերիկայի և Եվրոպայի երկրներում, 1949-1950 թվականներին ապրել է Իսպանիայում, որտեղ ծանոթացել է Օկտավիո Պասի հետ։ Հեղաշրջման փորձը ձախողվել է և ավարտվել նրա զինակիցներից շատերի մահով։ 1956 թվականի հունիսի 2-ին[18] Կարդենալի ունեցած խոր խորհրդապաշտական (միստիկական) փորձառությունից հետո՝ 1957 թվականին, նա մտել է Գեթսեմանիի տրապիստական վանքը (Կենտուկի, ԱՄՆ)՝ միանալով մեկ այլ բանաստեղծ-հոգևորականի՝ Թոմաս Մերտոնին, որը նորեկների վանահայրն էր (վարպետն էր), բայց 1959 թվականին հեռացել է Մեքսիկայի Կուերնավակա քաղաքում աստվածաբանություն ուսումնասիրելու համար։

Հասարակական և կրոնական գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին վերադառնալով հայրենիք՝ ներգրավվել է քաղաքական գործունեության մեջ՝ «Ժողովրդական գործողությունների ազգային միության» կազմում մասնակցելով Սոմոսայի բռնատիրության դեմ ընդհատակյա պայքարին: Նա պնդել է, որ չնայած երբեք ստիպված չի եղել զենք օգտագործել, ինքը պատրաստ է եղել դրան, քանի որ առաջնորդվել է Մահաթմա Գանդիի այն գաղափարով, որ չբռնությունն ավելի լավ է, քան բռնությունը, իսկ բռնությունն ավելի լավ է, քան վախկոտությունն ու դավաճանությունը:

Սոմոսայի դեմ նրա ընդդիմությունն արտացոլվել է «Էպիգրամներ» բանաստեղծական շարքում, որը ստեղծվել է 1952-1956 թվականների ընթացքում և մասամբ հրապարակվել արտասահմանում (Չիլիում՝ Պաբլո Ներուդայի, և Մեքսիկայում՝ Էռնեստո Մեխիա Սանչեսի կողմից):

1954 թվականին մասնակցել է Սոմոսայի բռնապետության զինված տապալման փորձի («Ապրիլյան հեղափոխության») կազմակերպմանը: Ապստամբությունը ձախողվել է, և Կարդենալը ստիպված է եղել արտագաղթել ԱՄՆ, որտեղ դարձել է կաթոլիկ քահանա: Նա հեռացել է վանք Կենտուկի նահանգում, որտեղ հանդիպել է Թոմաս Մերտոնին՝ նույնպես քահանա-բանաստեղծի, որի բանաստեղծությունները Կարդենալը նախկինում թարգմանել էր իսպաներեն: Մերտոնը դրդել է գործընկերոջը չհեռանալ սեփական ժողովրդի սոցիալական ու քաղաքական խնդիրներից և շարունակել հասարակական գործունեությունը: Զուգահեռաբար՝ 1959 թվականից, աստվածաբանություն է ուսումնասիրել մեքսիկական Կուերնավակայում:

Մարքսիստ հոգևորական և համայնքի ղեկավար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էռնեստո Կարդենալը Սան Դիեգոյի համալսարանում, 2001 թվական

1965 թվականին ձեռնադրվել է ճիզվիտների միաբանության հոգևորական[19] և 1966 թվականի փետրվարի 13-ից մինչև 1977 թվականը ղեկավարել է Նիկարագուա լճի կենտրոնում գտնվող Սոլենտինամե կղզիներում իր հիմնադրած կրոնական համայնքը՝ կոմունա-ավանով, որտեղ անապահով գյուղացիները (հիմնականում հնդկացիական ծագմամբ) գրագիտություն են սովորել, նկարել պրիմիտիվիզմի ոճով, զբաղվել ժողովրդական արհեստներով և ուսումնասիրել մարքսիզմը:

Կարդենալը և նրա հոտը սերտ կապեր են հաստատել ձախերի Սանդինիստական ազգային-ազատագրական ճակատի հետ, որը պայքար է մղել Անաստասիո Սոմոսա Դեբայլեի աջ ավտորիտար վարչակարգի տապալման համար:

Մտնելով «Ամերիկաների տան» (Casa de las Américas) ժյուրիի կազմ՝ և 1970 թվականին այցելելով Կուբա՝ 1972 թվականին գրել է վկայություն-գիրք Կուբայական հեղափոխության երկիր կատարած իր ուղևորության մասին: 1971 թվականին մեկնել է Սալվադոր Ալյենդեի կառավարության չիլի, որտեղ, չնայած նիկարագուացի եկեղեցական վերնախավի դիմադրությանը, մասնակցել է կաթոլիկների և մարքսիստների երկխոսությանը: 1976 թվականին Լատինական Ամերիկայում բռնաճնշումների հետաքննության Ռասելի միջազգային տրիբունալի նիստերում հանդես է եկել Սոմոսայի վարչակարգը մերկացնող զեկույցներով:

Սանդինիստական հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սոմոսայի իշխանություններն իմացել են Կարդենալի և սանդինիստական պարտիզանների կապերի մասին, կառավարական զորքերը (Ազգային գվարդիան) ավերել են կոմունան, սպանել նրա բնակիչներից շատերին, այրել գրադարանը և ոչնչացրել կղզում ստեղծված Ժողովրդական արվեստի թանգարանը[20]։ Կարդենալին և նրա համայնքն այցելած Խուլիո Կորտասարն այս իրադարձությունների մասին իր հոդվածն անվանել է «Սոլենտինամեի հայտնություն»: ՍԱԱՃ-ի պնդմամբ՝ Կարդենալը թաքնվել է պարտիզանների մոտ. մեղադրվելով Սան Կառլոսի զորանոցի վրա հարձակման դրդելու մեջ՝ սոմոսականների կողմից հետագայում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:

Կարդենալը Գրանադայի պոեզիայի 3-րդ միջազգային փառատոնում, 2007 թվական

Նա արտագաղթել է Կոստա Ռիկա, և Սանդինիստական ճակատը նրան լիազորել է որպես միջազգային բանագնաց՝ զարգացնելու Նիկարագուայի հետ միջազգային համերաշխության ցանցը. այն մարդկանց թվում, ովքեր Կարդենալի պնդմամբ նվիրատվություններ են կատարել հանուն պայքարող սանդինիստների, եղել է Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Մշակույթի նախարար «ձախ» կառավարությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդինիստական կառավարության մշակույթի նախարարն է եղել դրա հիմնադրման պահից՝ Սանդինիստական հեղափոխության հաղթանակի արդյունքում 1979 թվականին, մինչև 1987 թվականը, երբ նախարարությունը ցրվել է ֆինանսական խնդիրների պատճառով: Նրա եղբայրը՝ Ֆերնանդոն, ղեկավարել է գրագիտության բացակայության վերացման ծրագիրը և այնուհետև նշանակվել կրթության նախարար նույն կառավարությունում: Կարդենալ եղբայրների նախաձեռնության շնորհիվ կարդալ և գրել են սովորել կես միլիոնից ավելի նիկարագուացիներ:

Էռնեստո Կարդենալը հանդես է եկել «առանց վրեժխնդրության հեղափոխության» օգտին, սակայն նրա աստվածաբանական հայացքները հրապարակայնորեն քննադատության են ենթարկվել Հովհաննես Պողոս II պապի կողմից՝ վերջինիս Նիկարագուա կատարած այցի ժամանակ 1983 թվականին: Հեռացվել է ճիզվիտների միաբանությունից և 1984 թվականի փետրվարի 4-ին Հռոմեական կուրիայի որոշմամբ զրկվել եկեղեցական հաղորդությունից՝ Սուրբ առաքյալների կանոնների համաձայն հոգևորականի պաշտոնը պետական պաշտոններ զբաղեցնելու հետ անհամատեղելիության պատճառով[16]։ Իրականում Էռնեստո Կարդենալի, ինչպես նաև նրա եղբոր՝ Ֆերնանդոյի, Միգել դը Էսկոտո Բրոքմանի և Էդգարդո Պառալեսի վերաբերյալ կայացված որոշումն ուղղված է եղել ազատագրման թեոլոգիայի դեմ։

Ուշ տարիներ. այլախոհ սանդինիստը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողնելով նախարարի պաշտոնը՝ ավստրիացի գրող Դիտմար Շյոնխերի հետ 1988-1989 թվականներին հիմնել է «Երեք աշխարհների տուն» (Casa de los tres mundos) մշակութային նախագիծն ու հիմնադրամը, որը միտված է եղել զարգացնելու մշակութային և սոցիալական նախաձեռնությունները Կենտրոնական Ամերիկայում։

1994 թվականին հեռացել է ՍԱԱՃ-ից՝ Ճակատի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, այնուհետև միացել է Սանդինիստական նորացման շարժմանը, որի կազմում ընդգրկվել են Օրտեգայի ղեկավարությանն ընդդիմադիր այլ սանդինիստներ, այդ թվում՝ Դորա Մարիա Տելյեսը, Լուիս Կարրիոնը, Հենրի Ռուիսը, Վիկտոր Տիրադոն, Կառլոս Մեխիա Գոդոյը, Մոնիկա Բալտոդանոն, իր գրող գործընկերներ Ջոկոնդա Բելին և Սերխիո Ռամիրեսը, որի նախագահական քարոզարշավին ինքը սատարել է 1996 թվականին:

Շարունակել է ձախ արմատական դիրքերից քննադատել ՍԱԱՃ-ի ղեկավարությանն ավտորիտարիզմի, անձի պաշտամունքի, հեղափոխության դավաճանության և կապիտալիզմի հետ հաշտվելու համար: Նա նախագահ Դանիել Օրտեգային անվանել է չարագործ, իսկ Նիկարագուայում հաստատված իշխանությունը՝ ընտանեկան բռնապետություն[15][21]։

2005 թվականին մասնակցել է «Telesur» հեռուստաալիքի գործարկման արարողությանը այնպիսի անձնավորությունների հետ, ինչպիսիք են Դենի Գլովերը, Էդուարդո Գալեանոն, Պինո Սոլանասը և Ադոլֆո Պերես Էսկիվելը: 2007 թվականին Մեքսիկայում ոչ միայն մասնակցել է իսպանա-ամերիկյան գրողների XII հանդիպմանը, այլև հանդիպել է Ազգային ազատագրման Սապատիստական բանակի ենթահրամանատար Մարկոսի հետ:

Վերադարձ եկեղեցի և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերամիավորվել է եկեղեցուն և վերսկսել հովվական ծառայությունը՝ անդամագրվելով տրապիստների միաբանությանը։ Իրեն ճանաչել է կոմունիստ և քրիստոնյա՝ պնդելով, որ վաղ քրիստոնյաները եղել են նաև առաջին կոմունիստները։

Նրան կարգալույծ անելու մասին որոշումը չեղարկվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից 2014 թվականի օգոստոսի 4-ին։ 2019 թվականի փետրվարի 17-ին առաքելական նունցիա արքեպիսկոպոս Վալդեմար Ստանիսլավ Սոմերտագը նրան է փոխանցել պապ Ֆրանցիսկոսի որոշումը՝ կանոնական պատժամիջոցները վերացնելու և παպական օրհնությունը՝ այցելելով հայր Կարդենալին հիվանդանոցում: Նրանք միասին մատուցել են պատարագ, որը նիկարագուացի հոգևորականի համար դարձել է առաջին Սուրբ Հաղորդության ժամերգությունը ավելի քան երքանսնամյա ընդմիջումից հետո[22]։

2020 թվականի փետրվարի 4-ին հոսպիտալացվել է Մանագուայի հիվանդանոցում՝ երիկամային և սրտային անբավարարության պատճառով: Երիկամների և սրտի երկարատև հիվանդությունից հետո մահացել է 2020 թվականի մարտի 1-ին՝ 95 տարեկան հասակում: Նրա մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է եռօրյա սուգ։

Գրական ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էռնեստո Կարդենալը Մանագուայում «Կորտասար. նշումներ վավերագրական ֆիլմի համար» Cortázar: apuntes para un documental վավերագրական ֆիլմի նկարահանումներին, 2001 թվական

Դեռևս 1950 թվականին գրել է «Ուոլքերը Նիկարագուայում» պոեմը՝ հյուսիսամերիկյան արկածախնդիր Ուիլյամ Ուոլքերի մասին, ով ներխուժումներ է իրականացրել լատինամերիկյան երկրներ՝ դրանք ենթարկեցնելու նպատակով: Կարդենալին գրական ճանաչում են բերել «Ժամ „0“» (1960), «Էպիգրամներ» (1961), «Սաղմոսներ» (1969), «Գովք ամերիկյան հնդկացիներին» (1969), «Աղոթք Մերիլին Մոնրոյի և այլ բանաստեղծություններ» (1965), «Կյանք սիրո մեջ» (1970) բանաստեղծական ժողովածուները, ինչպես նաև քաղաքականացված հրապարակախոսությունը՝ «Կուբայում» (1972), «Ավետարան Սոլենտինամեում» (1975) և այլ ստեղծագործություններ։ Այդուհանդերձ, նրա քնարերգությունը նույնպես կենտրոնացել է քաղաքացիական և քաղաքական մոտիվների վրա. նրա ամենահայտնի պոեմներից մեկը՝ «Ժամ „0“»-ն, նվիրված է Նիկարագուայի ազգային հերոս Սեսար Աուգուստո Սանդինոյին, իսկ «Էպիգրամները» ծաղրել են սոմոսական վարչակարգը։

Դարձել է Գերմանական գրքի առևտրի խաղաղության մրցանակի դափնեկիր (1981)։ Ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի (2005), ինչպես նաև պարգևատրվել է Ռուբեն Դարիոյի շքանշանով[23]։ 2009 թվականի հուլիսի 27-ին ստացել է Պաբլո Ներուդայի անվան Իբերոամերիկյան պոեզիայի մրցանակը Չիլիի նախագահ Միշել Բաչելետի ձեռքից, իսկ 2012 թվականին՝ Թագուհի Սոֆիայի անվան Իբերոամերիկյան պոեզիայի մրցանակը: Նույն թվականին նրան շնորհվել է Ուելվայի համալսարանի պատվավոր դոկտորի (Honoris causa) կոչում[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
  4. 1 2 https://circulodepoesia.com/2013/02/2-poemas-de-francisco-de-asis-fernandez-2/
  5. 1 2 https://ondalocal.com.ni/noticias/841-muere-poeta-ernesto-cardenal/
  6. 1 2 3 4 https://elpais.com/cultura/2020/03/01/actualidad/1583097905_798631.html
  7. 1 2 Muere el poeta Ernesto Cardenal (իսպ.) // ABC — Sevilla: 1903. — ISSN 1136-0143
  8. ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1980-1989/ernesto-cardenal
  9. ↑ Premios Iberoamericanos Poesía Pablo Nerud (իսպ.)
  10. ↑ https://premioreinasofia.usal.es/premiados/
  11. ↑ Ernesto Cardenal erhält Ehrendoktor in Wuppertal
  12. ↑ https://www.uv.es/uvweb/rectorado/es/premios-distinciones/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xx/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-ernesto-cardenal-martinez-1285872205498/Honoris.html?id=1285878563111
  13. ↑ http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
  14. ↑ Premio Internacional Mario Benedett (իսպ.)
  15. 1 2 Эрнесто Карденаль Мартинес. О Царствии Небесном и Латинской Америке. http://9e-maya.com/index.php?page=2061 Արխիվացված 2014-03-10 Wayback Machine
  16. 1 2 Станислав Минин. Священники-марксисты и новый Томас Мор. Независимая газета. 06.12.2006 http://www.ng.ru/ng_religii/2006-12-06/4_nikaragua.html Արխիվացված 2014-03-10 Wayback Machine
  17. ↑ «Испания по-русски: Эрнесто Карденаль награждён Премией Поэзии Королевы Софии 2012». Արխիվացված օրիգինալից 2014-03-10-ին. Վերցված է 2014-03-10-ին.
  18. ↑ Cardenal, Ernesto (1999). Vida perdida. Los tres mundos. Barcelona: Seix Barral. ISBN 978-84-322-0832-4.
  19. ↑ www.curbstone.org https://www.curbstone.org/. Վերցված է 2026-08-14-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. ↑ Эрнесто Карденаль http://poeti.biz Արխիվացված 2019-12-24 Wayback Machine
  21. ↑ «В Никарагуа разгорается конфликт между президентом Даниэлем Ортегой и известным поэтом, священником Эрнесто Карденалем». Արխիվացված օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2014-03-10-ին.
  22. ↑ «Папа снял канонические прещения с о. Эрнесто Карденаля». Արխիվացված օրիգինալից 2020-03-02-ին. Վերցված է 2020-03-02-ին.
  23. ↑ «Карденаль, Эрнесто». poeti.biz. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2012-11-16-ին.
  24. ↑ «Investidura como Doctores Honoris Causa de Pelechano, Cardenal y Sternberg». uhu. 2012-06-01. Արխիվացված է օրիգինալից 2012-11-21-ին. Վերցված է 2012-11-16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստո Կարդենալ» հոդվածին։