Էռնա Յուել-Հանսեն
Էռնա Յուել-Հանսեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5, 1845[1] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1922[1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Hornbæk, Helsingør Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Գերեզման | Holmen Cemetery |
Գրական անուն | Arne Wendt[2] |
Մասնագիտություն | հեղինակ և կանանց իրավունքների պաշտպան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | N. Zahles Seminarieskole? |
![]() |
Էռնա Յուել-Հանսեն (դան․՝ Erna Emilie Louise Juel-Hansen, մարտի 5, 1845[1], Կոպենհագեն, Դանիա - նոյեմբերի 30, 1922[1], Hornbæk, Helsingør Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի գրող, մանկավարժ և կանանց իրավունքների պաշտպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էռնա Դրահմանը ծնվել է Կոպենհագենում, 1845 թվականին, բժիշկ Անդրեաս Գեորգ Դրահմանի և Վիլհելմինա Մարիա Ստերի ընտանիքում։ Գրող Հոլգեր Դրահմանը եղել է նրա կրտսեր եղբայրը և իր ողջ կյանքի ընթացքում սերտ հարաբերություններ է պահպանել նրա հետ։ Էռնան ցանկացել է գնալ հոր հետքերով և բժիշկ դառնալ, բայց այդ ժամանակ Դանիայում կանայք իրավունք չունեին սովորել բժշկական ուսումնական հաստատություններում։ Հետո ձեռնամուխ է եղել մարմնամարզության հանդեպ իր հետաքրքրությանը, ուսումնասիրել է նրա տեսությունն ու պրակտիկան և նույնիսկ 1866 թվականին այցելել է Փարիզ` ուսումնական ճամփորդության։ Ավելի ուշ սովորել է N. Zahles Skole աղջիկների դպրոցում՝ դպրոցական ուսուցիչ դառնալու համար։
1860-ականների վերջին Էռնան դասավանդել է հոր կողմից հիմնադրված աղջիկների մարմնամարզության ինստիտուտում։ Այդ ժամանակ էլ նա նշանվել է Նիլս Յուել-Հանսենի հետ, ով իրավաբանություն է սովորել, բայց պաշտպանել է կնոջ հետաքրքրությունը կրթության հանդեպ և կիսել Ֆրիդրիխ Ֆրյոբելի գաղափարները երեխաների կրթության սկզբունքների վերաբերյալ։ 1871 թվականին Էռնան և Նիլսը ստեղծել են առաջին մանկապարտեզը Դանիայում՝ հիմնվելով Ֆրոբելի մոտեցման վրա։ Դրանից անմիջապես հետո նրանք ամուսնացան։ 1876 թվականին նրանք բացել են տղաների և աղջիկների խառը դպրոց, բայց այս նորամուծությունը ծնողների հավանությանը չի արժանացել և 1883 թվականին, ֆինանսական խնդիրների պատճառով, դպրոցը փակվել է։ 1894 թվականին Էռնան և Նիլսը բաժանվել են, բայց շարունակել են միասին դաստիարակել իրենց չորս երեխաներին։
Մանկապարտեզի գաղափարի ձախողումից հետո Էռնան մտածել է նոր նախագծի վերաբերյալ և 1884 թվականին ստեղծել մարմնամարզության դպրոց՝ օգտագործելով շվեդ ուսուցիչ Պեր Հենրիկ Լինգի գաղափարները երիտասարդներին ֆիզկուլտուրա դասավանդելու մասին։ Նա իր ինչպես հաջող, այնպես էլ անհաջող փորձի մասին հրատարակել է գիրք, որտեղ նկարագրել է, թե ինչպիսի դժվարությունների են բախվում երիտասարդները դաստիարակության արդյունքում, ինչպես նաև վեր է հանում ընտանեկան կյանքում կանանց խնդիրները՝ հիմնվելով իր կենսափորձի վրա։ Նրա առաջին գիրքը՝ «Mellem 12 og 17» («12-ից 17-ի միջև») լույս է տեսել 1881 թվականին՝ Առնե Վենդտ կեղծանունով, որտեղ նկարագրել է աղջկական ֆանտազիաները, երկրորդ գրքում` En ung Dames Historie («Երիտասարդ կնոջ պատմությունը», 1888) պատմում է աղջկա առաջին ռոմանտիկ զգացումների մասին, որոնք մեծ տարածում գտան, իսկ իր հետագա ստեղծագործությունները` Terese Kærulf (1894) և Helsen & Co. (1900), հիմնականում ինքնակենսագրական բնույթի էին և Էռնան նկարագրել է չափահաս կանանց խնդիրները։ Դասավանդելուց և գրելուց բացի Էռնան ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց իրավունքների պաշտպանությանը, 1883 թվականին նա դարձել է Dansk Kvindesamfund-ի (Դանիական կանանց ընկերակցություն) և Studentersamfundet-ի (Ուսանողական միություն) համահիմնադիրներից մեկը։ 1905 թվականին նա դարձել է առաջին կանանցից մեկը, ով ընտրվել է Լիբերալ կուսակցության վարչության անդամ[3][4]։
Էռնա Յուել-Հանսենը կյանքից հեռացել է 1922 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Czech National Authority Database
- ↑ Erna Juel-Hansen (1845 - 1922) Juel-Hansen, Erna Emilie Louise
- ↑ Erna Juel-Hansen
|