Էռնանի (դրամա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնանի
ֆր.՝ Hernani
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպիես
ՀեղինակՎիկտոր Հյուգո
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն և իսպաներեն
Գրվել էսեպտեմբերի 25, 1829
Առաջին ներկայացումփետրվարի 23, 1830
Առաջին
ներկայացման վայր
Կոմեդի ֆրանսեզ
Հրատարակվել է1830
 Hernani (play)

Էռնանի (ֆր.՝ Hernani), ֆրանսիացի գրող, բանաստեղծ և ողբերգակ Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկ դրաման` հինգ գործողությամբ, գրված 1829 թվականի սեպտեմբերի 25-ին։ Առաջնախաղը կայացել է 1830 թվականի փետրվարի 25-ին «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում։ Առաջին անգամ հրատարակվել է 1830 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականին «Մարիոն Դելորմ» պիեսի արգելումից հետո Վիկտոր Հյուգոն միանգամից սկսել է գրել նոր` «Էռնանի» դրաման։ Արքայական ինքնահաճությունը պատկերող սյուժեի փնտրտուքներում Վիկտոր Հյուգոն կանգ է առել մի հին պատմվածքի ժամանակագրության վրա, որը պատմում է այն մասին, թե ինչպես է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի նախարար դոն Ռույ Գոմես դե Սիլվան ընկել անհարմար դրության մեջ այն պատճառով, որ թագավորը սիրահարվել է իր կնոջը։ Սակայն Հյուգոն մեծապես փոխել է այս պատմությունը` գործողությունները բերելով ավելի վաղ` Ֆիլիպ II-ի հոր` Իսպանիայի թագավոր Կառլոս I-ի (որը դարձել է Կառլոս V կայսր) թագավորման ժամանակաշրջան, և թագավորի մրցակից է դարձրել ոչ թե նրա նախարարին, այլ ազնիվ խուլիգան դարձած շնորհազուրկ մեծազարմիկ Էռնանիին։ Այսպիսով Հյուգոն սրել է պիեսի սոցիալական բովանդակությունը, որը ներծծված էր արքայական միապետության դեմ բողոքի ոգով։ Հերոսի Էռնանի անունը Հյուգոն վերցրել է իսպանական սահմանային Էռնանի քաղաքի անունից, որով նա 1811 թվականին ճամփորդել է[1]։

Առաջնախաղ և առաջին բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականի սեպտեմբերի 25-ին Հյուգոն ավարտել է «Էռնանի» դրաման և հոկտեմբերի 1-ին Կոմեդի ֆրանսեզ թատրոնի թատերախումբը անց է կացրել դրա ընթերցումը` ընդունելով դրամատուրգի նոր պիեսը բեմադրության համար։ Առաջնախաղը կայացել է 1830 թվականի փետրվարի 25-ին, գլխավոր դերերը մարմնավորել են թատերախմբի լավագույն դերասանները` Ջոաննին (Ռուի Գոմես), Ֆիրմեն (Էռնանի), մադմազել Մարսը (դոնյա Սոլ) և այլն։

Այս պիեսի առաջնախաղը կարևոր իրադարձություն էր ռոմանտիկ թատրոնի պատմության մեջ։ Պետք է հաշվի առնել այն փաստը, որ այդ ժամանակ որոշվում էր ռոմանտիկ դրամայի և մի խումբ գրողների և բանաստեղծների գործունեության ճակատագիրը, որոնք ձգտում էին ասպարեզ բերել նոր ռոմանտիկ արվեստ։ «Մարիոն Դելորմ» արգելքի պատճառով բարձրացված աղմուկն այնքան էր ցնցել Փարիզի գրականա-թատերական շրջանակները, որ նոր ռոմանտիկ «Էռնանի» պիեսի բեմադրմանը Հյուգոյի թե՛ կողմնակիցները, թե՛ հակառակորդները պատրաստվում էին ինչպես վճռորոշ մարտի։ Կլասիցիզմի կողմնակիցները կենտրոնացրել էին իրենց ողջ ուժերը, որպեսզի հասնեն «Էռնանիի» տապալմանը։ Հյուգոյի և ռոմանտիզմի կողմնակիցներն իրենց հերթին պատրաստվում էին ճակատամարտի։ Ռոմանտիզմի համակիր երիտասարդ նկարիչներ, երաժիշտներ և գրականագետներ Թեոֆիլ Գոթիեն, Ժերար դե Ներվալը, Օնորե դը Բալզակը, Էկտոր Բեռլիոզը և ուրիշներ պիեսի առաջնախաղին էին բերել սկսնակ երիտասարդ նկարիչների և գրականագետների մեծ խմբեր[2]։ Նախարարական թերթերը փորձում էին թուլացնել պիեսի շուրջ ծագած աղմուկը, ջանում էին նրան տալ նեղ գրական նշանակություն։ Առաջնախաղի օրը Հյուգոյի և ռոմանտիզմի կողմնակիցները ժամը մեկին հավաքվել էին թատրոնում` իրենց աղմկոտ վարքով գրավելով անցորդների ուշադրությունը։ Շուտով կլասիցիստները սկսել են թատրոնից աղբակույտեր նետել նրանց վրա։ Մտնելով թատրոնի շենք` ռոմանտիկ երիտասարդությունը շարունակել է իրեն ծայրահեղ հանդուգն պահել։ Բեմադրությունը ուղեկցվել է աղմկոտ ծափահարություններով, տարբեր բուռն գործողություններով։

Այս պիեսի շուրջ ծավալվող վեճերը գրականության պատմության մեջ մնացել են «ճակատամարտ «Էռնանիի» համար» անունով։ Առաջնախաղն ընդհանուր առմամբ անհերքելի հաջողություն է ունեցել։ «Էռնանիի» բեմադրությունը վառ իրադարձություն էր Ֆրանսիայում նոր գրական ուղղության ստեղծման պայքարի պատմության մեջ։ Հանրության ընդունելությունը խանդավառ էր` Բորբոնների միապետության դեմ հանրային բողոքների համատեքստում։ «Էռնանիի» քառասունհինգ ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, ինչը հազվադեպ իրադարձություն է եղել Փարիզի ակադեմիական թատրոնի համար։ Հայտնվելով Հուլիսյան հեղափոխության նախօրյակին` պիեսը տոգորված է եղել հակամիապետական, ազատասիրական տրամադրությամբ, իսկ նրա հերոսը` աննախադեպ բարեկիրթ մարդ, որ թագավորի կողմից օրենքից դուրս է հայտարարվել, Հյուգոյի ժամանակակիցների կողից ընդունվել է որպես խռովարարության ու իշխանության հանդեպ անհնազանդության մարմնավորում։

Դրանից առաջ, 1830 թվականին, լույս է տեսել պիեսի առանձին հրատարակությունը` «Էռնանի կամ Կաստիլյան պատիվ» խորագրով։ Այստեղ իրադարձությունները դեռ չեն ունեցել հատուկ վերնագրեր, իսկ տեքստ ամբողջովին գրված է բեմադրությանը հարմարեցված ձևով։ Հատկապես նկատելի կրճատումներ են եղել երրորդ գործողության մեջ։ Տեքստը ամբողջությամբ առաջին անգամ հրատարակվել է 1836 թվականին։ 1838 թվականին «Էռնանիի» բեմադրությունները վեսկսվել են չեն դադարել մինչև 1851 թվականը, երբ պիեսը արգելվել է Նապոլեոն IIIի կողմից։ «Էռնանի» դրաման, ինչպես և Հյուգոյի մյուս արգելված պիեսները, հնարավորություն է ստացել նորից հայտնվել թատրոնի բեմերում միայն 1870 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գործողությունները կատարվում են 1519 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին` Իսպանիայի Սարագոսա, Արագոն, ինչպես նաև` Աախեն քաղաքներում։

Սարագոսայում դոնյա Սոլը ուշ երեկոյան իր մորեղբոր և փեսացուի՝ հերցոգ Ռուի Գոմես դե Սիլվայի պալատում սպասում է իր սիրահար Էռնանին։ Դոնյա Սոլին սիրահարված թագավոր դոն Կառլոսը կաշառում է նրա դաստիարակին և մտնելով պալատ` թաքնվում է պահարանի մեջ։ Հայտնվում է կասկածներից տանջվող Էռնանին. նա սիրում է դոնյա Սոլին, սակայն իր պարտքն է համարում հիշեցնել նրան, որ ինքն արժանի չէ նրան, որ ինքը իսպանական արքունիքի դատապարտված գրանտի որդին է, զրկված է տիտղոսից և կարողությունից և ստիպված դարձել է անտառային ավազակ, և որ նրան սպասում է կառափնարանը։ Դոնյա Սոլը սիրո և հավատարմության երդում է տալիս Էռնանիին և խոստանում, որ կհետևի նրան ամեն տեղ, նույնիսկ` կառափնարան։ Դոն Կառլոսը դուրս է գալիս պահարանից սիրախաղ է սկսում դոնյա Սոլի հետ. կատաղած Էռնանին մերկացնում է սուրը։ Անսպասելիորեն պալատ է վերադառնում ծեր հերցոգ Ռուի Գոմես դե Սիլվան և նախատում է դոնյա Սոլին և երիտասարդ մարդկանց։ Դոն Կառլոսը բացահայտում է իր ծպտվածությունը և խոսակցությունը վարում է քաղաքական թեմաներով։ Հերցոգ Ռուի Գոմես դոն Սիլվան հավատացնում է Կառլոսի արքային, որ ինքը հավատարիմ է, իսկ Էռնանիին մեղադրում է ատելության և վրեժ ծարավի համար։

Դոնյա Սոլը Էռնանիի դիակի մոտ

Կեսգիշերին թագավորը խանգարում է Դոնյա Սոլին փախչել Էռնանիի հետ և առաջարկում է նրան դարձնել հերցոգուհի և ողողել հարստության մեջ, սակայն աղջիկը մերժում է միապետի առաջարկները։ Իր հավատարամի լեռնականների հետ հայտնված Էռնանին թագավորին գերի է վերցնում և մարտահրավեր է նետում նրան, սակայն թագավորը հեգնելով հրաժարվում է` ասելով, որ դա ավազակի համար շատ մեծ պատիվ կլինի։ Էռնանին անկարող էր մարդասպան դառնալ և ստիպված արձակում է թագավորին։ Դոնյա Սոլը խնդրում է Էռնանիին իրեն իր հետ վերցնել, սակայն Էռնանին այդպիսի զոհողություն ընդունել չէր կարող։ Արագոնի լեռներում, հերցոգ դե Սիվայի պալատում պատրաստվում են դոն Ռուի Գոմեսի և դոնյա Սոլի հարսանիքին։ Էռնանին ուխտավորի տեսքով մտնում է պալատ և մեղադրում է սիրելիին դավաճանության համար, սակայն տեսնելով հարսանեկան գիշերվա համար աղջկա կողմից պատրաստված դաշույնը, զղջում և ներողություն է խնդրում։

«Մարտեր Էռնանիի համար»

Ներս է մտնում հերցոգը և իր հարսնացուին տեսնում է Էռնանիի գրկում, նա ցնցվում է` տենելով հյուրի դավաճանությունը։ Երիտասարդը խնդրում է խնայել դոնյա Սոլին և միայն իրեն սպանել։ Թագավորը զինվորների հետ հայտնվելով պալատում` պահանջում է հանձնել Էռնանին։ Հավատարիմ մնալով հյուրընկալության օրենքին` հերցոգը թաքցնում է Էռնանիին, իսկ թագավորին պատասխանում է, որ որևէ դավաճան չի գտնվել։ Վրդովված թագավորը սպառնում է պատժել դոն Ռուի Գոմեսին անհնազանդության համար և հերցոգի հարսնացուին գերի է վերցնում։ Դոնյա Սոլի հետ թագավորի գնալուց հետո Ռուի Գոմեսը Էռնանին բաց է թողնում թաքստարանից։ Էռնանին խնդրում է հերցոգին չսպանել իրեն հիմա. նա նախ պետք է վերժ լուծի թագավորից և ազատի դոնյա Սոլին։ Հերցոգին տալով իր որսորդական եղջյուրը` Էռնանին երդվում է կյանքը տալ, երբ նա դա պահանջի։

Սառա Բեռնարը դոնյա Սոլի դերում (1877)

Գիշերը Աախենում հավաքվում են դոն Կառլոսի սպանությունը ծրագրող գերմանացի և իսպանացի դավադիրները։ Թագավորի հանդեպ իրենց ատելությամբ առանձնանում են մի ծերունի և մի երիտասարդ, որ նոր էին միացել խմբին։ Դոն Կառլոսը իսպանական թագավորների գերեզմանոցում մտորում է իշխանության ծանր բեռի մասին և նախնիների մեռյալ հոգիներից օգնություն է խնդրում պետության կառավարման համար։ Հեռվից լսվում է զանգակների ձայնը. դոն Կառլոսը հռչակված է Կառլոս V: Նոր կայսրը հրամայում է բերել դոնյա Սոլին, այն հուսով, որ նա այս անգամ կհամաձայնի։ Կայսրը հրամայում է պահակախմբին բռնել հայտնի դավադիրներին` կոմսերին և հերցոգներին, իսկ մյուսներն անարժան են վրեժի։ Էռնանին առաջ շարժվելով` բացահայտում է իր անունը և ասում, թե ինքն արքայազն Խուան Արագոնսկին է, Սեգորբի և Կարդոնի հերցոգը, և որ իրավունք կառափնարան գնալու։ Դոնյա Սոլը ծնկի է գալիս կայսեր առաջ և խնդրում է խնայել Էռնանիին` համաձայնելով զիջել նրա պահանջներին, եթե նա խնայի Էռնանիին։ Կայսրը ներում է բոլորին և համաձայնում է դոնյա Սոլի և Էռնանիի հարսանիքին` վերադարձնելով նրան իր տիտղոսները։ Նախկին ավազակը հրաժարվում է թշնամանքից և վրեժից և երդվում է հավատարիմ մնալ նոր թագավորին։ Էռնանին և դոնյա Սոլը երջանիկ են և չեն նկատում ծեր հերցոգ Ռուի Գոմեսի ատելությամբ լի հայացքները։

Սարագոսում գտնվող արքայազն Արագոնսկու պալատում Էռնանին և դոնյա Սոլը իրենց հարսանիքից հետո երազում են երջանիկ ապագայի մասին։ Հանկարծ լսվում է որսորդական եղջյուրների ձայնը, և հայտնվում է հերցոգ Ռուի Գոմես դե Սիլվան։ Հերցոգը հիշեցնում է Էռնանիին իր խոստումի մասին և առաջարկում է ընտրել դաշույնը կամ թույնը. Էռնանին վերցնում է թույնը։ Դոնյա Սոլը, հասկանալով որ աղաչանքը և սպառնալիքները անօգուտ են, վերցնում է թույնի սրվակը և խմում է կեսը, իսկ մյուս կեսը խմում է Էռնանին։ Սիրահարները գրկում են միմյանց և մահանալուց առաջ շնորհակալություն են հայտնում երկնքին` կարճատև երջանկության համար։ Սարսափելով իր արարքից` ծեր հերցոգն ինքնասպան է լինում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էռնանի
  • Դոն Կառլոս
  • Դոն Ռուի Գոմես դե Սիլվա
  • Դոնյա Սոլ դե Սիլվա
  • Բոհեմիայի թագավոր
  • Բավարիայի հերցոգ
  • Գոթական հերցոգ
  • Լյուցերբուրգի հերցոգ
  • Դոն Սանչո
  • Դոն Մատիաս
  • Դոն Ռիկարդո
  • Դոն Հարսի Սուարես
  • Դոն Ֆրանցիսկո
  • Դոն Խուան դե Արո
  • Դոն Պեդրո Գուսման դե Արո
  • Դոն Հիլ Տելես Խիրոն
  • Դոնյա Խոսեֆա Դուարտե
  • Լեռնական
  • Յակես-մանկլավիկ
  • Տիկին
  • Դռնապան
  • Առաջին դավադիր
  • Երկրորդ դավադիր
  • Երրորդ դավադիր
  • Սրբազան լիգայի դավադիրներ` գերմանացիներ, իսպանացիներ, լեռնականներ, մեծատոհմիկներ, զինվորներ, մանկլավիկներ, ժողովուրդ։

Մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուգոյի պիեսի աղմկահարույց պրեմիերայից մի քանի ամիս հետո իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիին որոշում է օպերա գրել ըստ սյուժեի։ Էռնանիի դերը նախատեսված էր Ջուդիտա Պաստայի համար։ Շատ շուտով Բելլինին հասկանում է հետադիմական ավստրացիների կողմից գրաված Լոմբարդիայում ազատասիրական սյուժեյի բեմադրության անհնարիությունը և դադարեցնում է օպերայի ուղղությամբ աշխատանքը։
  • 1844 թվականին «Լա Ֆենիչե» վենետիկյան թատրոնում Ջուզեպե Վերդիի հեղինակությամբ բեմադրվում է Էռնանի ռոմանտիկ օպերան։ Դա եղել է Վերդիի առաջին մեծ հաջողությունը, որը չի գերազանցվել մինչև «Տրուբադուր» օպերայի 1853 թվականի առաջնախաղը։ «Էռնանին» առաջին օպերան է, որ ամբողջությամբ ձայնագրվել է ձայնասկավառակի վրա (1904 թվականին)։
  • 2002 թվականին Ֆրանսիայում նկարահանվել է հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ` «Պատերազմ Էռնանիի համար» (ֆր.՝  La bataille d’Hernani) վերնագրով, որը պատմում է այդ պիեսի ստեղծման պատմությունը և դրա բեմադրման համար մղված պայքարը։ Ռեժիսորը Ժան-Դաիել Վերխակն է, խաղացել են Ալեքսանդր Բրասսեն, Արիել Դոմբալը, Ֆլորանս Դարելը, Ժակ Դակմինը, Ֆաբրիս Պրյուվոն և ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Escholier, Raymond, Victor Hugo raconté par ceux qui l'ont vu, Librairie Stock, 1931, p.8.
  2. Today in Literature: Hugo, Hernani, Hero

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]