Էնն Ուիդիքոմբ
Էնն Նորին Ուիդիքոմբ (անգլ.՝ Ann Noreen Widdecombe, հոկտեմբերի 4, 1947[1], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - մոտ հուլիսի 8, 2026[3][4], Haytor Vale, Անգլիա[3]), բրիտանացի քաղաքական և պետական գործիչ, եղել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր՝ Պահպանողական կուսակցությունից՝ ներկայացնելով Մեյդսթոն և Ուիլդ ընտրատարածքը (1987–2010 թվականներ)։ 2019–2020 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր՝ ներկայացնելով ծայրահեղ աջ Բրեքսիթի կուսակցությունը Հարավարևմտյան Անգլիայի ընտրատարածքից։
Քաղաքական հայացքներով Ուիդիքոմբը իրեն բնորոշել է որպես սոցիալական պահպանողական և ընդգծել ավանդական արժեքների ու պահպանողականության կարևորությունը։ Խորհրդարանի անդամ եղած ժամանակ նա դեմ է եղել աբորտի օրինականությանը, դեմ էր ԼԳԲՏ անձանց որոշ իրավական հավասարեցումներին, այդ թվում՝ հետերոսեքսուալների հետ հավասար համաձայնության տարիք սահմանելուն, ինչպես նաև դեմ էր 28-րդ բաժնի վերացմանը։ Նա աջակցել է սպանության համար մահապատժի վերականգնմանը և դեմ է եղել օժանդակված մահվան բոլոր ձևերին։ Միաժամանակ նա կողմ է եղել կենդանիների պաշտպանության խիստ օրենքներին և դեմ՝ աղվեսների որսին։
2023 թվականին միացել է «Միացյալ Թագավորության բարեփոխում» (Reform UK) կուսակցությանը։
Կենսագրություն և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնն Ուիդիքոմբը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 4-ին Բաթ քաղաքում, որը Սոմերսեթ կոմսության գլխավոր քաղաքն է[6]։ Նա Ռիտա Նորին Ուիդիքոմբի (ծննդյամբ՝ Փլամեր, 1911-2007) և Պաշտպանության նախարարության քաղաքացիական ծառայող Ջեյմս Մյուրեյ Ուիդիքոմբի (1910-1999) երկրորդ երեխան և միակ դուստրն է եղել։
Նրա երկու ծնողներն էլ ծագումով Անգլիայի արևմտյան շրջանից են եղել․ հայրը ծնվել էր Սոլթաշում, իսկ մայրը՝ Պլիմութում։ Մանկության տարիներին Ուիդիքոմբը հաճախ այցելում էր այդ վայրերը՝ հարազատներին տեսնելու համար, և հոր հետ զբոսնում էր Դարթմուրի տարածքում[7]։
Նա սովորել է Սինգապուրի Թագավորական ռազմածովային դպրոցում և Բաթի Լա Սենտ Յունիոն վանական դպրոցում, ապա Բիրմինգհեմի համալսարանում ուսումնասիրել է լատիներեն։ Հետագայում ուսումը շարունակել է Օքսֆորդի համալսարանի Լեդի Մարգարեթ Հոլ քոլեջում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն[8]։
1971 թվականին նա մեկ ամսով ծառայել է որպես Օքսֆորդի միության քարտուղար, իսկ 1972 թվականին՝ որպես գանձապահ։ Օքսֆորդում սովորելու տարիներին նա ապրել է այնպիսի հայտնի մարդկանց հարևանությամբ, ինչպիսիք էին Մերի Արչերը, Էդվինա Քյուրին և Միշել Բրաունը՝ Գայլս Բրենդրեթի կինը։
1987 թվականի հունիսի 11-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջին անգամ ընտրվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր՝ Պահպանողական կուսակցությունից, ներկայացնելով Մեյդսթոն ընտրատարածքը։
1990 թվականին նշանակվել է սոցիալական ապահովության հարցերով պետական քարտուղարի խորհրդարանական տեղակալ (կրտսեր նախարար)՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ և վարչապետ Ջոն Մեյջորի կառավարության կազմում։
1993 թվականին նշանակվել է զբաղվածության հարցերով կրտսեր նախարար, 1994 թվականին դարձել է զբաղվածության նախարար, իսկ 1995 թվականին՝ բանտային հարցերի նախարար։
Կառավարությունը հրաժարական է տվել 1997 թվականի մայիսի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
2019 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Ուիդիքոմբն ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր՝ ներկայացնելով ծայրահեղ աջ Բրեքսիթի կուսակցությունը Հարավարևմտյան Անգլիայի ընտրատարածքից։ Նա պաշտոնավարել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, երբ Միացյալ Թագավորությունը դուրս է եկել Եվրոպական միությունից[9]։
Բացի քաղաքական գործունեությունից, Ուիդիքոմբը մասնակցել է նաև հեռուստատեսային նախագծերի։ Նա հանդես է եկել «Strictly Come Dancing» պարային շոուում և «Մեծ եղբայր՝ հայտնիների մասնակցությամբ» ռեալիթի շոուում։ Նա նաև նկարահանվել է գիտաֆանտաստիկ «Դոկտոր Ով» հեռուստասերիալի «Բարքերի հարված» (The Sound of Drums) դրվագում։
2026 թվականի հուլիսի 8-ին՝ 78 տարեկանում, նրան մահացած են գտել Դևոն կոմսության Հեյթոր Վեյլ գյուղում գտնվող իր տանը։ Նա ունեցել է ծանր վնասվածքներ։ Դևոնի և Կոռնուոլի ոստիկանությունը նրա մահը հետաքննում է որպես սպանություն[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1045495301 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 McKelvie G., Badshah N. Man, 28, arrested over murder of former MP Ann Widdecombe (բրիտ․ անգլ.) — 2026. — ISSN 0261-3077
- 1 2 Former Tory minister Ann Widdecombe dies at 78 (բրիտ․ անգլ.) — 2026.
- ↑ https://www.indcatholicnews.com/news/21860
- ↑ Widdecombe, Ann (Noreen) 1947-
- ↑ King, Janet (2026 թ․ հուլիսի 10). «At home with Ann Widdecombe – inside her life on remote Dartmoor». Devon Live (անգլերեն). Վերցված է 2026 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «LMH, Oxford - Prominent alumni». www.lmh.ox.ac.uk. Վերցված է 2026-07-11-ին.
- ↑ Malín Marta Eyfjörð Ægisdóttir (2026-07-11). «Fyrrverandi ráðherra myrtur í Bretlandi». RÚV (իսլանդերեն).
- ↑ Մեծ Բրիտանիայում նախկին նախարար Էնն Վիդեկոմբի մահը քննում են որպես սպանություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Ուիդիքոմբ» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Հուլիսի 8 մահեր
- 2026 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Բիրմինգհեմի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Բրիտանական գրականություն
- Բրիտանացի գրողներ
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- Քաղաքական գործիչներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ