Գրեյը ծնվել է 1878 թվականին Իռլանդիայում՝ նկարչի ընտանիքում, և հինգ երեխաներից կրտսերն էր[8]։ Նա մանկության մեծ մասն անց է կացրել Իռլանդիայում և Լոնդոնում։ Հաճախում էր գեղարվեստի դպրոց, որտեղ սովորում էր նկարչություն։ Հոր մահից հետո՝ 1900 թվականին, Էյլինը առաջին անգամ եղավ Փարիզում, որտեղ այդ ժամանակ անց էր կացվում Համաշխարհային ցուցահանդեսը։ Այդ տարի ցուցահանդեսի գերիշխող ոճն էր արտ-նուվոն։ Այլ ճարտարապետների աշխատանքների հետ ցուցադրությանը ներկայացված էին Չառլզ Ռեննի Մակինթոշի աշխատանքները, որոնք հիացրին Գրեյին[9]։ Շուտով գեղարվեստի դպրոցի իր ընկերների՝ Գևինի և Բրյուսի հետ Էյլինը տեղափոխվեց Փարիզ։ Այնտեղ նա շարունակեց կրթությունը Ժյուլիանի ակադեմիայում և Կոլառոսսի ակադեմիայում։ Շուտով նա հասկացավ, որ նկարչության դասընթացները չեն բավարարում իր պահանջները։
Այդժամ Էյլինը սկսեց փորձարկումներ անել։ Նա սովորեց աշխատել էմալով, բայց երկար ժամանակ ոչ մի տեղ չէր ցուցադրում իր աշխատանքները ( առաջին անգամ ցուցադրեց, երբ 36 տարեկան էր)։ Նա հրապուրվեց նոր ձևավորումներով։ 1917 թվականին նա՝ որպես դիզայներ, ստացավ առաջին պատվերը. պատվիրատուն միլիոնատեր Մատյե Լևին էր։ Տիկին Լևիի առանձնատան ձևավորումը rue de Lota փողոցի վրա խլեց 4 տարի։ Նախագծեց գրեթե ամբողջ կահույքը (այդ թվում հայտնի Bibendum[10]), գորգերն ու ջահերը, տեղադրեց պատին լաքապատ պաստառներ[9]։
Bibendum բազմոցի դիզայնը 20-րդ դարի հայտնի ձևավորումներից է[10]։Գրեյի բազմոցների անունը տրված է ի պատիվ Michelin ընկերության խորհրդանիշի[11]։
Տիկին Լևիի մոտ աշխատանքը ապահովեց Գրեյին սեփական միջոցներով, նաև բերեց նրան կահույքի դիզայների փառք։ Շուտով Էյլինը հետաքրքրվեց ճարտարապետությամբ։ Դան Բադովիչի հետ նրանք նախագծեցին E-1027[12] տունը՝ կառուցված Ռոկբրյուն-Կապ-Մարտենում։ Գրեյը նաև այդ տան համար կահույք ստեղծեց, ինչպես նաև E-1027 սեղան, որը Bibendum բազմոցի հետ դասվում է հայտնի աշխատանքների շարքին։
Ավելի ուշ միայնակ Էյլինը նախագծեց և կառուցեց իր սեփական տունը Tempe à Pailla,ում, որը մոդեռն ոճի քանդակագործության կառույց է[9]։ Տունը և նրա ներքին կահավորումը կազմակերպված են այնպես, որ Գրեյի համար մաքսիմալ հարմարավետ լիներ ապրել ու աշխատել։ Միաժամանակ նա կարող էր անընդհատ փոխել ինտերիերը բազմաֆունկցիոնալ կահույքի շնորհիվ[13]։