Էմոմալի Ռահմոն
Էմոմալի Ռահմոն ((տաջ.՝ Эмомалӣ Раҳмон, պարս․՝ امامعلی رحمان) մինչև 2007 թվականի մարտի 21-ը՝ Էմոմալի Շարիպովիչ Ռահմոնով (տաջ.՝ Эмомалӣ Шарифович Раҳмонов[3]), հոկտեմբերի 5, 1952[1][2], Danghara, Կուլյաբի մարզ, Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Տաջիկստանի պետական և քաղաքական գործիչ: Տաջիկստանի Հանրապետության երրորդ նախագահ` 1994 թվականի նոյեմբերի 16-ից: 1992 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 1994 թվականի նոյեմբերի 16-ը եղել է Տաջիկստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահը՝ հանդիսանալով պետության փաստացի ղեկավարը, այդ ընթացքում երկրում վերացվել է նախագահի պաշտոնը: 1998 թվականի մարտի 18-ից նաև Տաջիկստանի խորհրդարանում իշխող ձախ կենտրոնամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է: 1999 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի տեղակալ՝ մեկ տարի ժամկետով:
2015 թվականի դեկտեմբերի 25-ից Էմոմալի Ռահմոնը կրում է Պեշվոի միլլատ (Ազգի առաջնորդ) ցմահ տիտղոսը, որի լրիվ անվանումը Խաղաղության և ազգային միասնության հիմնադիրն է՝ Ազգի առաջնորդ: Չորս անգամ (1994, 1999, 2006 և 2013 թվականներին) հաղթել է նախագահական ընտրություններում, բացի այդ, երկարացրել և բարեփոխել է իր լիազորությունները 1999 և 2003 թվականների համաժողովրդական սահմանադրական հանրաքվեների արդյունքում: 2016 թվականի մայիսի 22-ին կայացած վերջին համաժողովրդական սահմանադրական հանրաքվեի արդյունքում ընդունվել են փոփոխություններ, որոնք Տաջիկստանի նախագահից հանում են նախագահի պաշտոնում վերընտրվելու թվի սահմանափակումներն ու նվազեցնում նախագահի տարիքային ցենզը 35-ից մինչև 30 տարեկանը: Հայտնի է դարձել 1992 թվականին՝ երկրում նախագահի պաշտոնը լուծարելուց հետո, երբ քաղաքացիական պատերազմի ժամանակ (1992-1997 թվականներն) դարձել է Տաջիկստանի Գերագույն Խորհրդի նախագահը ՝ որպես կոմպրոմիսային թեկնածու մի կողմից կոմունիստների և նեոկոմունիստների, մյուս կողմից՝ Իսլամական, ազգայնական և լիբերալ-դեմոկրատական ուժերի (միասնական տաջիկական ընդդիմություն) միջև։ Հակասական գործիչ: Էմոմալի Ռահմոնի կողմնակիցները նրան համարում են անձ, որը Տաջիկստանի Միավորված ընդդիմության հետ փոխզիջումների և բանակցությունների միջոցով կարողացել է կանգնեցնել յոթամյա քաղաքացիական պատերազմը և պահպանել երկրում կայունությունն ու խաղաղությունը, իսկ նրա հակառակորդները նրան մեղադրում են ավտորիտար կառավարման, երկրից իր քաղաքական մրցակիցներին և իրական ընդդիմությանը հեռացնելու կամ արտաքսելու, անձի պաշտամունքի, մարդու իրավունքների և ազատությունների խախտման, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, երկրում գործազրկության, կոռուպցիայի և նեպոտիզմի ծաղկման մեջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ «Tajiks 'must drop Russian names'»։ BBC
|