Էմմա Ալբանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Ալբանի
ֆր.՝ Emma Albani
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1847(1847-11-01)[1][2][3][…]
ԾննդավայրՇամբլի, La Vallée-du-Richelieu Regional County Municipality, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[2]
Մահացել էապրիլի 3, 1930(1930-04-03)[1][2][4][…] (82 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
ԳերեզմանԲրոմփթոնի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Canada (1921–1957).svg Կանադա[2]
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան[5] Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ և Բրիտանական կայսրության շքանշան
Emma Albani Վիքիպահեստում

Բրիտանական Կայսրության շքանշանակիր, տիկին Էմմա Ալբանի (նոյեմբերի 1, 1847(1847-11-01)[1][2][3][…], Շամբլի, La Vallée-du-Richelieu Regional County Municipality, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[2] - ապրիլի 3, 1930(1930-04-03)[1][2][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի առաջատար օպերային սոպրանո, առաջին կանադացի երգչուհին, որը միջազգային աստղ է դարձել[6]։ Երգացանկում կարևոր տեղ են զբաղեցրել Մոցարտի, Ռոսսինիի, Դոնիցետիի, Բելլինիի և Վագների օպերաները։ Կատարումներով հանդես է եկել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ալբանին 5 տարեկանում

Մարի-Լուիզ-Էմմա-Սեսիլ Լաժենեսը ծնվել է Մոնրեալի Չամբլի արվարձանում պրոֆեսիոնալ երաժիշտ Ժոզեֆ Լաժենեսի և վերջինիս կնոջ՝ Միլենա Մինյոյի ընտանիքում[7][8]։ Ծննդյան օրը նշվում է որպես 1847 թվականի նոյեմբերի 1, սակայն որոշ հեղինակների մոտ հանդիպում է 1848 կամ 1850 թվականը, իսկ Ալբանին ինքն իր հուշագրության մեջ նշել է 1852 թիվը[9]։ Երաժշտական պարապմունքներն սկսել է իր մայրիկի հետ, սակայն հինգ տարեկանից նրա երաժշտական կրթությամբ հայրն է զբաղվել[10], որը հմուտ երաժիշտ էր ու լավ նվագում էր ջութակ, տավիղ, դաշնամուր և երգեհոն։ Երեխային պահել է խիստ ռեժիմի տակ, ըստ որի՝ նա օրվա մեջ չորս ժամ հատկացնում էր տավիղի և դաշնամուրի դասերին։

Արտագաղթ և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1852 թվականին ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Պլատսբուրգ քաղաքը[11]։ 1856 թվականին իր մայրիկի մահից հետո ուսումը շարունակել է Մոնրեալի մենաստաններից մեկի դպրոցում, որտեղ իր հայրը երաժշտության ուսուցչի պաշտոն էր ստացել։ Սա նրան հնարավորություն է տվել ավելի լավ կրթություն ստանալ, քան կարող էր որևէ այլ տեղ ձեռք բերել։ 1860 թվականի օգոստոսի 24-ին Ալբանին և Ադելինա Պատտին Մոնրեալում տեղի ունեցած Չառլզ Սաբաթիեի Cantata -ի համաշխարհային պրեմիերայի մենակատարներն էին, որը տեղի էր ունենում Ուելսի արքայազն Էդուարդ VII-ի այցելության պատվին[12]։ Ի վիճակի չլինելով վճարել Քվեբեկում երաժշտական կրթություն ստանալու համար, որտեղ երգելը կնոջ համար անպատվաբեր էր համարվում, ընտանիքը 1865 թվականին տեղափոխվել է Օլբանի։ Այնտեղ դարձել է հանրահայտ երգչուհի, երգեհոնահար և երգի ուսուցչուհի ու բավականաչափ գումար խնայել ուսումը շարունակելու համար[13]։

1868 թվականին ճանապարհորդել է դեպի Փարիզ, որտեղ Ժիլբեր Դյուպրեի դասարանում ուսանել է Փարիզի կոնսերվատորիայում։ Վեց ամիս անցկացրել է Փարիզում ու պարապել Դյուպրեի հետ, որից հետո մեկնել Իտալիա և իտալական օպերային երգեցողություն ուսումնասիրել Ֆրանչեսկո Լամպերտիի մոտ[14]։ Բեմական վարպետության դասատու սինյոր Դելորենզիի առաջարկով անունը փոխել է Էմմա Ալբանիի, որն ավելի եվրոպական հնչողություն ուներ։ Մեսսինայում կատարել է իր դեբյուտը Ալբանի ազգանունով[15]։

Օպերային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ալբանին Ամինայի դերում

Զարգացումներ Իտալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնայողություններն սպառվում էին, ու թեև ուսումը կիսատ էր, սկսել է աշխատանք փնտրել ուսման համար վճարելու նպատակով։ Աշխատանքի է անցել Մեսինայում, որտեղ 1870 թվականի մարտի 30-ին «Լուսնոտը» օպերայում դեբյուտով հանդես է եկել Ամինայի դերակատարմամբ։ Ներկայացումը շատ լավ է ընդունվել, որի մասին հետագայում գրել է․

Aquote1.png Ինձ բառացիորեն հեղեղեցին ծաղիկներով, նվերներով ու բանաստեղծություններով, որոնց թերթերը սավառնում էին հանդիսատեսի գլուխների վրայով, և անհամար ու բազմատեսակ ծաղկեփնջերի մեջ մի զամբյուղ կար, որի մեջ կենդանի աղավնի էր։ Նրան կարմիր էին ներկել, ու այդ փոքրիկ քնքուշ թռչնակը վեր բարձրացավ ու սկսեց ճախրել ամբողջ թատրոնում։
- Էմմա Ալբանին իր առաջին ներկայացման մասին[10]
Aquote2.png


Մեսինայում պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վերադարձել է Միլան ու վերսկսել դասերը Լամպերտիի հետ։ Նրան սկսել են հեղեղել նոր աշխատանքային առաջարկություններով։ Շուտով ընդունել է Գիլդայի դերը «Ռիգոլետտո» օպերայում, որի ներկայացումը տեղի է ունեցել Չենտոյում[16]։ Հետագայում ներկայացումներով հանդես է եկել Ֆլորենցիայում և Մալթայում «Լյուչիա դի Լամերմուր», «Ռոբերտ Սատանա», «Սևիլյան սափրիչ» և «Աֆրիկուհին» օպերաներում կատարելով տարբեր դերեր[10]։ 1870-1871 թվականների ձմեռը Մալթայում անցկացնելուց հետո[11] նրան ունկնդրել է Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնի մենեջեր Ֆրեդերիկ Գայը[17]։ Տպավորվելով երգչուհու տաղանդով՝ նրա հետ հինգ տարով պայմանագիր է կնքել։ Նախատեսված էր, որ լոնդոնյան դեբյուտը պետք է կատարեր 1872 թվականի գարնանը։ Նախքան լոնդոնյան պայմանագրի գործողության մեջ մտնելը՝ Լամպերտիի հետ շարունակել է դասերը Կոմո լճի շրջակայքում[18], հետո ելույթ ունեցել Ֆլորենցիայի Teatro della Pergola թատրոնում՝ տաս օրվա մեջ տալով ինը ներկայացումների շարք, որտեղ հանդես էր գալիս Ամբրուազ Թոմայի «Mignon» օպերայի գլխավոր հերոսուհու դերում[19]։

Տեղափոխություն Լոնդոնի Կովենտ գարդեն օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ալբանի

Ալբանին Լոնդոն է ժամանել գարնանը և պրոֆեսիոնալ դեբյուտը կատարել 1872 թվականի ապրիլի 2-ին Ամինայի դերով[20]։ Քննադատներն ու հանդիսատեսը տպավորվել են նրա կատարմամբ, իսկ երկրպագուները՝ ծաղիկներ ու գոհարեղեն նվիրել։ Կովենտ գարդենում հետաքրքրություն է հանդես բերել օրատորիայի հանդեպ և սկսել ուսումնասիրել այն[21]։ Այն կատարելու առաջին հնարավորությունն ունեցել է 1872 թվականի հոկտեմբերին՝ Նորվիչ քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնին կատարելով Հենդելի Թեոդորայի դերերգը[22]։

1872–1873 թվականների ձմեռային համերգաշրջանում իտալական օպերայի հետ հանդես է եկել Փարիզի Salle Ventadour թատրոնում, որտեղ նրա խաղընկերը Վիկտոր Կապուլն էր՝ Էլվինոյի դերակատարմամբ[23]։

Լոնդոնում երկրորդ համերգաշրջանը ներառում էր Օֆելիայի դերը Ամբրուազ Թոմայի «Համլետ» օպերայից և կոմսուհու դերը Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից։ Երկրորդ համերգաշրջանից հետո ճանապարհորդել է դեպի Մոսկվա, այնտեղից՝ դեպի Սանկտ Պետերբուրգ, որտեղ ցար Ալեքսանդր II-ն ունկնդրել է նրա կատարումները[24]։

Ալբանին Էլիսաբեթի դերում

Լոնդոնում երրորդ համերգաշրջանի ժամանակ կատարել է հիմնականում առաջին երկու համերգաշրջանների երգացանկը[11], որից հետո Վիկտորյա թագուհին նրան հրավիրել է մասնավոր կատարումներով հանդես գալ Վինձոր ամրոցում, որտեղ էլ երգչուհին ժամանել է 1874 թվականի հուլիսին ու կատարել «Ռիգոլետտոյի» «Caro nome» մեներգը, իռլանդական ժողովրդական «Robin Adair» բալլադը, Բախ/Գունոդի «Ave Maria»-ն ու հանրահայտ «Home! Sweet Home!» երգը։ Թագուհուն խիստ դուր են եկել նրա կատարումները և նա կրկին հրավիրել է Ալբանիին այլ կատարումներով հանդես գալու, այդ թվում՝ կոմպոզիտորներ Յոհաննես Բրամսի, Էդվարդ Գրիգի, Հենդելի և Ֆելիքս Մենդելսոնի գործեր ու ֆրանսիական և շոտլանդական ավանդական մեղեդիներ[25][26]։

1874 թվականի աշնանը նախաձեռնել է շրջագայություն դեպի ԱՄՆ և համերգներով հանդես եկել Նյու Յորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Բալթիմորում, Վաշինգտոնում, Չիկագոյում և Օլբանիում[27]։ Իր հայրիկի անունից նրան ուղեկցում էր Ֆրեդերիկ Գայի որդին՝ Էռնեստ Գայը[28]։ Երկու շաբաթվա ընթացքում սովորել է Էլիզայի դերերգը Վագների «Լոհենգրին» օպերայից և այն կատարել Նյու Յորքի երաժշտական ակադեմիայում[29]։ Օպերան կատարվել է իտալերենով, որով կատարվում էին օպերաները նաև Կովենտ գարդենում[26]։

1875 թվականին վերադարձել է Լոնդոն չորրորդ համերգաշրջանի համար, իսկ հինգերորդ համերգաշրջանում (1876) կատարել Էլիսաբեթի դերը Վագների «Տանհոյզեր» օպերայի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ[11]։

Հետագայում մեկնել է Փարիզ, երգել Théâtre des Italiens թատրոնում ու լավ ընդունելության արժանացել, որից հետո Ելիսեյան պալատում հատուկ կատարմամբ հանդես է եկել մարշալ Պատրիս Մակ-Մահոնի համար[30]։

1878 թվականի օգոստոսի 6-ին Ալբանին ամուսնացել է Էռնեստ Գայի հետ, հղիացել, սակայն շարունակել շրջագայություններն ու կատարումները ընդհուպ մինչև որդու՝ Ֆրեդերիկ Էռնեստ Գայի ծնվելը 1879 թվականի հունիսի 4-ին[31]։ Վերջինս զույգի միակ զավակն էր լինելու։ 1879 թվականի աշնանը վերադարձել է Ֆլորենցիա[32]։ 1880 թվականի հունվարին երգել է Նիսում, որտեղից մեկնել Բրյուսելի Լա Մոննե օպերային պալատ[33]։ 1880 թվականի հունիսի 26-ին Կովենտ գարդենում կատարել է Իսաբելլայի դերը Ֆերդինանդ Հերոլդի հատուկ իր համար բեմադրված «Le pré aux clercs» օպերայում[34]։

1880-ական թվականներին Ալբանին շրջագայել է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, արժանացել գովասանքի, որտեղ որ եղել է[35]։ 1881 թվականին հրավիրվել է երգելու Բեռլինի պետական օպերայում բեմադրված «Լոհենգրին» օպերայում։ Համաձայնել է կատարել Էլիզայի դերը, որը նախկինում երգել էր իտալերենով, այժմ սովորել է գերմաներենով։ Ներկայացմանը ներկա էր գերմանական կայզեր Վիլհելմ I-ը։ Ընդունելությունը շատ դրական էր․ ավարտից հետո երեք անգամ բեմ է կանչվել հանդիսատեսի կողմից։ 1882 թվականին կայզերը նրան շնորհել է Hofkammersängerin տիտղոսը[11]։

1883 թվականին Մոնրեալում երեք մենահամերգ է տվել։ Ավելի քան տաս հազար մարդ էր եկել նրան ողջունելու, իսկ ընդունելության ժամանակ բանաստեղծ Լուիս-Օնորե Ֆրեշետը կարդացել է երգչուհու պատվին գրված իր բանաստեղծությունը[11]։ Կանադայում նրա առաջին օպերային ներկայացումը տեղի է ունեցել 1883 թվականի փետրվարի 13-ին Տորոնտոյի Grand Opera House-ում, որտեղ երգել է «Lucia di Lammermoor» օպերայում[36]։ 1884 թվականի հուլիսի 15-ին Լոնդոնում կատարել է Բրունհիլդի դերը Էռնեստ Ռեյերի «Sigurd» օպերայում[37] և Ջուլիետի դերը Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայում նույն համերգաշրջանի ընթացքում[11]։

Համերգներ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանին Դեզդեմոնայի դերում

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում Ալբանիի դեբյուտը տեղի է ունեցել 1891 թվականի նոյեմբերի 20-ին Մեյերբերի «Հուգենոտներ» օպերայում Վալենտինայի դերերգով։ Նոյեմբերի 23-ին Չիկագոյում հանդես է եկել Վերդիի «Օթելլո» օպերայում Դեզդեմոնայի դերերգով, որը երկրում առաջին դերակատարումն էր ու նրա կողմից կրկնվել է դեկտեմբերի 9-ի գալա համերգի ժամանակ։ Դեկտեմբերի 23-ին հանդես է եկել «Ռիգոլետտո» օպերայում Գիլդայի դերերգով[38][39]։

Նյու Յորքում հետագա դերակատարումների թվում էին չորս Վալենտինաները, երեք Դոննա Էլվիրաները Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից, երեք Էվաները Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայից, ինչպես նաև մեկ Մարգարիտան Գունոյի «Ֆաուստ» օպերայից։ «Դոննա Էլվիրա» և «Էվա» երգել է նաև Բոստոնում։ Մետրոպոլիտեն օպերայում վերջնական ելույթը տեղի է ունեցել 1892 թվականի մարտի 31-ին «Թռչող հոլանդացի» օպերայում Սենտայի դերերգով։ Բոլոր օպերաներում երգել է իտալերեն, ընդհանուր առմամբ՝ 29 անգամ։ Համերգաշրջանի ընթացքում քննադատներն ուշադրություն են դարձրել նրա ձայնում նշմարվող խզմանը, սակայն գովաբանել արտիստականությունն ու փորձառությունը[38][39][40]։

Վերջնահամերգ Կովենտ գարդենում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնիսկ Կովենտ գարդենում վերջին համերգաշրջանի ընթացքում՝ 1896 թվականին, շարունակել է ստանալ բացառապես դրական արձագանքներ։ Կարիերայի հաղթաշրջանը վրա է հասել 1896 թվականի հունիսի 26-ին, երբ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում կատարել է Իզոլդայի դերերգը։ Օպերան ներկայացվել է չորս անգամ և տոմսերն անմիջապես վաճառվել են, չնայած սովորականից բարձր գներին ու օպերայի՝ գերմաներեն կատարմանը։ Հուլիսի 24-ին երգել է «Վալենտինա»․ հայտարարություն չէր եղել և մարդիկ չեն էլ ենթադրել, որ վերջին անգամ են Ալբանիին լսում օպերայում։ Կովենտ գարդենում նրա կարիերան տևել է քսանչորս տարի[41][42]։

Կովենտ գարդենից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ալբանին 1899 թվականին

1896 թվականին Կովենտ գարդենից հեռանալուց հետո շրջգայությամբ մեկնել է Կանադա՝ հանդես գալով երկրի տարբեր մասերում։ 1898 թվականին շրջագայել է Ավստրալիայում[35], ակտիվություն ցուցաբերել նաև Բրիտանիայում[43]։ 1901 թվականին Վիկտորյա թագուհու մահվան կապակցությամբ մեկնել է Լոնդոն և երգել թաղման արարողությանը։ 1908 թվականի գարնանը վաստակաշատ Ալբանին շրջել է Անգլիայի գավառներում մի շարք նորահայտ տաղանդների հետ[44] և իր վերջին հրապարակային ելույթն ունեցել 1911 թվականի հոկտեմբերի 14-ին[45]։ Նույն թվականին հրատարակել է «Forty Years of Song»[46] հուշագրությունը, որտեղ անդրադարձել է իր երիտասարդությանը, ճամփորդություններին ու կարիերային, իր հանդիպած հանրահայտ անձանց ու որոշ օգտակար խորհուրդներ առաջարկել երգեցողության վերաբերյալ[47]։

Ամուսնու հետ վերջին տարիներն անցկացրել է Քենսինգթոնում։ Անհաջող ներդրւմների պատճառով կորցրել են իրենց հարստության մեծ մասը, և Ալբանին ստիպված է եղել երաժշտության դասեր տալ՝ եկմուտ ապահովելու նպատակով։ Ամուսինը մահացել է 1925 թվականին։ Ալբանին վախճանվել է 1930 թվականի ապրիլի 3-ին, 82 տարեկան հասակում[11] Քենսինգթոնի Թրեգանթեր փողոցի իր տանը[8]․ թաղված է ամուսնու կողքին Բրոմփթոն գերեզմանատանը։

Մրցանակներ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ալբանին Տրավիատա օպերայից Վիոլետայի հագուստով

1897 թվականին Արքայական ֆիլհարմոնիկ ընկերության կողմից արժանացել է ոսկե մեդալի, որը հայտնի է որպես «Բեթովենի մեդալ»[11]։ 1925 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[48]։

1939 թվականին Կանադայի պատմական վայրերի և հուշարձանների խորհուրդը նրա ծննդավայրում հուշատախտակ է բացել․ 1977 թվականին վերջինս փոխարինվել է ստելայով[11]։

Քվեբեկում մի քանի փողոցներ ու այլ վայրեր անվանակոչվել են նրա պատվին, Մոնրեալում ևս երկու փողոց կոչվում են նրա անունով։ 1980 թվականին նրա մահվան 50-ամյակի կապակցությամբ Կանադայի փոստը թողարկել է փոստային նամականիշ, որտեղ նա պատկերված է «Տրավիատա» օպերայից Վիոլետայի հագուստով[49]։

Ալբանին պատկերված է Մոնրեալի Place-des-Arts մետրոկայարանի գունապակիներից պատրաստված որմնանկարում[50][51]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 The Grove Book of Opera SingersOUP, 2008. — P. 5. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
  3. 3,0 3,1 University of Toronto, Université Laval Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  4. 4,0 4,1 4,2 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  5. The Grove Book of Opera SingersOUP, 2008. — P. 6. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
  6. Virtual Gramophone, Biography
  7. Potvin, January 29, 2008
  8. 8,0 8,1 Vachon, 2005
  9. Elliott, Spring 2005
  10. 10,0 10,1 10,2 Virtual Gramophone, Childhood
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 11,9 Potvin, July 29, 2007
  12. Slemon, Peter, "Montreal's musical life under the Union". McMaster University, 1975. via Library and Archives Canada
  13. Morgan, 1903, էջ 140
  14. Obituary, May 1930
  15. Albani, 1911, էջեր 34–35
  16. Albani, 1911, էջ 44
  17. Dideriksen, Ringel
  18. Albani, 1911, էջ 57
  19. Albani, 1911, էջեր 61–62
  20. Virtual Gramophone, Early Career
  21. Albani, 1911, էջ 68
  22. Albani, 1911, էջ 72
  23. Albani, 1911, էջ 74
  24. Albani, 1911, էջեր 80–83
  25. Albani, 1911, էջեր 89–94
  26. 26,0 26,1 Rosselli
  27. Virtual Gramophone, Concert Tours
  28. Albani, 1911, էջ 95
  29. Albani, 1911, էջեր 104–105
  30. Albani, 1911, էջեր 119–120
  31. Albani, 1911, էջ 147–150
  32. Albani, 1911, էջ 150
  33. Albani, 1911, էջ 152
  34. Rosenthal, 1958, էջ 200
  35. 35,0 35,1 Virtual Gramophone, Later Career
  36. Potvin, Spring 1980
  37. NY Times, July 16, 1884
  38. 38,0 38,1 MetOpera Database
  39. 39,0 39,1 CBC Radio 2
  40. MetOpera, March 31, 1892
  41. Rosenthal, 1958, էջեր 271–272
  42. Sadie, 1992, vol. 1, p. 49
  43. Hurst, June 1942, էջ 12
  44. McCormack
  45. Klein, May 1921
  46. Books Received, 1911, էջ 663
  47. Reviewed Work, 1911
  48. Chitty Alexis, Potvin Gilles (2001)։ «Albani, Dame Emma (1847–1930), soprano : Grove Music Online – oi» (անգլերեն) 1։ doi:10.1093/gmo/9781561592630.article.00416 
  49. Famous Canadian Women
  50. Metro de Montreal
  51. Blythe, August 10, 2014

Գրականության ցանկ

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brian Busby, Character Parts: Who's Really Who in CanLit (Toronto: Vintage Canada, 2004). 0-676-97579-8
  • Cheryl MacDonald, Emma Albani: Victorian Diva (Toronto, Dundurn, 1984). 0-919670-75-X, 0-919670-74-1
  • Stephen Willis, "Archives of Emma Albani at the National Library of Canada", National Library News, Vol. 25, no. 12 (December 1993).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]