Էկրանի պատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էկրանի պատկեր (նաև սքրին, սքրինշոթ անգլ.՝ screenshot՝ «էկրանի պատկեր» բառից), սարքավորման միջոցով ստացված նկար, որը ցույց է տալիս մոնիտորի կամ մեկ այլ տեսողական ելքային սարքն այնպես, ինչպես տեսնում է օգտագործողը։ Սովորաբար էկրանի պատկերը ստացվում է օգտագործողի հրամանով՝ օպերացիոն համակարգի ներկառուցված գործառույթի միջոցով կամ հատուկ ծրագրով։ Երբեմն էկրանի պատկերը ստանում են արտաքին սարքի, օրինակ՝ տեսախցիկի օգնությամբ, կամ համակարգչից դեպի մոնիտոր գնացող վիդեո ազդանշանի միջոցով։

Windows[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft Windows օպերացիոն համակարգում էկրանի պատկերը ստանալու ամենապարզ եղանակը ստեղնաշարի PrtScr ստեղնի օգտագործումն է կամ Alt և PrtScr ստեղների համակցումը։ Այդ դեպքում էկրանի պատկերը պատճենվում է օպերացիոն համակարգի փոխանցման բուֆերում և հետագայում կարող է տեղադրվել ու անհրաժեշտության դեպքում խմբագրվել ցանկացած գրաֆիկական խմբագրիչում, օրինակ, Microsoft Paint-ում, որը ներառված է Windows-ի ստանդարտ ծրագրերի հավաքակազմում։ Սկսած Windows Vista-ից՝ էկրանի պատկերը կարելի է ստեղծել նաև «Մկրատ» ծրագրով, որը նույնպես ներառված է համակարգի կազմում։

Էկրանի պատկերը ստեղծելու համար կան հատուկ ծրագրեր, որոնք կարող են օգտագործողին ներկայացնել լրացուցիչ հնարավորություններ, օրինակ, PrtScr ստեղնից տարբերվող ստեղնի օգտագործում, ստեղծված պատկերի ավտոմատ պահպանում ֆայլի տեսքով, էկրանի կամայական հատվածի լուսանկարում, սահմանված ընդմիջումերով միմյանց հաջորդող լուսանկարումներ և այլն։ Բացի այդ, որոշ համակարգչային խաղերի ընթացքում PrtScr ստեղնի կիրառմամբ կարելի է պահպանել էկրանի պատկերը։ Նաև կան ծրագրեր, որոնք ունակ են պահպանել շրջանակների թափանցելիությունը և ստվերը Windows Aero-ով առանձին պատուհանների լուսանկարման դեպքում։

Windows 8-ից սկսած՝ հնարավոր դարձավ նաև Win և PrtScr ստեղների համակցված կիրառումը։ Այդ դեպքում նկարը պահպանվում է գրադարանի «Նկարներ» հատուկ ենթաթղթապանակում։ Էկրանի պատկեր կարող է անել նաև Microsoft OneNote ծրագիրը։

2018 հոկտեմբերին Windows 10 թարմացմամբ ավելացվել է նոր ծրագիր՝ «Էկրանի հատվածի ուրվանկար», որը կոչված էր փոխարինելու հնացած «Մկրատ»-ին և հնարավորություն է տալիս սքրինշոթ անել ինչպես բացված ծրագրից, այնպես էլ Win + Shift + S ստեղների համակցմամբ էկրանի վերևում բացվող հատուկ վահանակից։

Որոշ ազատ ծրագրային ապահովման ծառայություններ Windows համակարգի համար
  • Greenshot
  • Lightscreen
  • VVCap
  • QIP Shot[1]
  • Lim Screenshot

Mac OS X[խմբագրել | խմբագրել կոդը]

Mac OS X-ում Audacity ծրագրի գործածման ժամանակ կատարված էկրանի պատկերը
  • Համակարգում էկրանի պատկերման համար նախատեսված է Shift + Command + 3 ստեղների համակցումը (ամբողջ էկրանի նկարում) և Shift + Command + 4 (կամայական հատված կամ պատուհանը՝ բացատանիշը լրացուցիչ սեղմելուց հետո)։ Եթե նկարելու ընթացքում սեղմված է Ctrl ստեղնը, ապա պատկերը ընկնում է փոխանցման բուֆեր, ոչ թե պահպանվում աշխատասեղանին PDF կամ PNG ֆորմատով՝ կախված համակարգի տարբերակից։
  • Նախադիտում ծրագրում (անգլ.՝ Preview) էկրանի պատկերման հնարավորությունները հասանելի են մենյուի միջոցով, որտեղ կա ըստ ժամանակաչափի հետաձգվող լուսանկարելու կարգավորում (ինքնագնաց)։ Նկարները TIFF ֆորմատով պահպանվում են աշխատասեղանին։
  • Էկրանի պատկերումը (Grab) ստանդարտ ծրագիր է Mac OS X-ի համար։ Էկրանը կարող է պատկերել միացված մկնիկի ցուցիչով, և էկրանի պատկերումը նույնպես կարող է հետաձգվել։

Լինուքս և Յունիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանի պատկերումը gnome-screenshot-ի միջոցով

Այս օպերացիոն համակարգերում աշխատասեղանի պատկերի ստացման միջոցները կախված են օպերացիոն համակարգի բաշխումից և նույնիսկ կարող են բացակայել, սակայն դա հնարավոր է դարձնել «շրջանցելի»՝ օրինակ, կարդալով կադրային բուֆերի պարունակությունը.

$ cat /dev/fb0 > /home/$USER/screenshot.raw

Էկրանը նկարելու ծրագրերը բացակայում են այս օպերացիոն համակարգերի աշխատանքային սեղանին։ Օրինակ՝ «ԳՆՕՄ» միջավայրում օգտագործողին հնարավորություն է տրվում նկարել ամբողջ էկրանը Prtscr ստեղնով կամ Alt + Prtscr ստեղների համակցումով՝ ակտիվ պատուհանի համար։ Այս դեպքում օգտագործողը տեսնում է «gnome-screenshot» ծրագրի պատուհանը, որտեղ նրան առաջարկվում է ընտրել, թե որտեղ պետք է պահպանել նկարը։ Նաև կարելի է այդ պատուհանի նկարը մկնիկով քաշել, օրինակ, գրաֆիկական խմբագրիչի միջավայր կամ աշխատասեղան։ «KDE» միջավայրում PrtScr ստեղնի սեղմումով տեղի է ունենում նաև հատուկ ծրագրի՝ «Ksnapshot»-ի գործարկում, որը հնարավորություն է տալիս պահպանել նկարը, փոխանցել գրաֆիկական խմբագրիչ կամ այլ ծրագիր, ինչպես նաև ուղարկել նկարը որոշ հայտնի և մասնավոր լուսանկարների հոսթինգի հարթակներ։

Ծառայություններ աշխատանքային սեղանի որոշ միջավայրերի համար
  • «gnome-screenshot» - «ԳՆՕՄ»-ից,
  • «ksnapshot» - «KDE»-ից,
  • «xfce4-screenshooter» - «Xfce 4»-ից,
  • «Xwd» - էկրանի կամ X Window System-ի ստանդարտ ծրագիր։

Անդրոիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 4.0 տարբերակից՝ պետք է միաժամանակ սեղմել և պահել Power և Vol- կոճակները։ HTC հեռախոսներում Sense 3.0 և ավելի բարձր տարբերակներում և որոշ Samsung-ներում կարելի է էկրանը նկարել՝ սեղմված պահելով Power կոճակը և սեղմելով Home[2][3]։

Համակարգի վերջին տարբերակների համար նախատեսված է «Google Now on Tap» ֆունկցիան[4]։

Սիմբիան ՕՀ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nokia 6630 հեռախոսում նախատեսված է սքրինշոթի հնարավորություն, բայց կան նաև կողմնակի ծրագրեր այդ նպատակի համար։

Windows հեռախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքրինշոթի գործառույթը հայտնվել է Windows Phone 8-ում։ Նկարելու համար պետք է միաժամանակ սեղմել Windows և միացման կոճակները։ Էկրանը կթարթի, և նկարը կպահպանվի պատկերասրահում՝ «Էկրանի պատկեր» թղթապանակում։ WindowsPhone 8.1 թողարկմամբ կոճակների համակցումը փոփոխվել է, որի մասին համակարգը տեղեկացնում է նախկին համադրությունը օգտագործելու դեպքում։ Սքրինշոթ անելու նոր համադրություն դարձավ միացման և ձայնի բարձրացման կոճակի միաժամանակ սեղմումը։ Կոճակների համադրության փոփոխությունը կապված է այն բանի հետ, որ Microsoft-ը որոշեց ավելի շատ ազատություն տալ սարքերի արտադրողներին և չեղարկեց տեղաշարժման ֆիզիկական ստեղների օգտագործումը՝ փոխարինելով այդ ստեղները նրանց համանման վիրտուալներով։

iOS[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած iOS 2.0 տարբերակից՝ սքրինշոթ անելու համար պետք է միաժամանակ սեղմել «Home» և «Sleep/Wake» կոճակները, մինչև էկրանը թարթի։ Առանց «Home» կոճակի հեռախոսներում (iPhone X և ավելի նոր, iPad Pro (2018)) պետք է միաժամանակ սեղմել ձայնի բարձրացման և «Sleep/Wake» կոճակները։

Bada[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքրինշոթ անելու համար պետք է սեղմել և սեղմած պահել մենյուի կոճակը և հետո սեղմել արգելափակման կոճակին։ Նկարը ինքնաբերաբար պահպանվում է ներքին հիշողությունում («My files»-> «Images»)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Скриншот QIP Shot» 
  2. «How to Take Screenshots on Android Devices Since 4.0» (անգլերեն)։ howtogeek.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-14 
  3. «How do you take a screen shot with your HTC Sensation» (անգլերեն)։ blog.arhg.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-14 
  4. «Как сделать скриншот на Android: 11 способов, чтобы сохранить снимок экрана телефона и ТОП 5 приложения для скринов (как пользоваться и скачать программы)» (ռուսերեն)։ androidster.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-19-ին։ Վերցված է 2018-08-18