Էկոլոգիական կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարոկացի ուսանողները ուսումնասիրում են թռչունների կենսակերպը

Էկոլոգիական կրթություն, էկոլոգիական գիտելիքների, ունակությունների ու հմտությունների ստացման և յուրացման ընթացքն ու արդյունքը, որը նպատակաուղղված ձևով կազմակերպվում և հետևողականորեն իրականացվում է կրթական, գիտակրթական ու դաստիարակչական հաստատություններում կամ ինքնուրույն։ Էկոլոգիական կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնը ստանալու պետական երաշխիքի ապահովումը, էկոլոգիական կրթության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը և համալիր բնույթը, Էկոլոգիական կրթության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային և ճյուղային բոլոր պետական ծրագրերում, Էկոլոգիական կրթության ուղղվածությունը շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում։

Էկոլոգիական կրթությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական կրթության համակարգը ՀՀ միասնական կրթական համակարգի բաղադրիչ է։ Այն պետական կրթական չափորոշիչների, կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակների և ուղղվածության կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների ու կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է։ Էկոլոգիական կրթությունը ներառում է հետևյալ մակարդակները՝ նախադպրոցական (էկոլոգիական կրթությունն ընտանիքում և նախադպրոցական հաստատություններում), միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական, հասարակության լայն խավերի, այդ թվում զինված ուժերի կրթությունը։

Էկոլոգիական կրթության բնագավառում ՀՀ Կառավարության իրավասություններն են այդ ոլորտի պետական քաղաքականության մշակումը և դրա կենսագործման համար պայմանների ստեղծումը, ՀՀ-ում անընդմեջ էկոլոգիական կրթության կազմակերպումը, էկոլոգիական կրթության պետական ծրագրերի մշակումն ու կենսագործումը, միջազգային էկոլոգիական կրթական ծրագրերի մշակմանը մասնակցությունը, էկոլոգիական կրթության կազմակերպման կրթական հաստատությունների և կազմակերպությունների գործունեության արտոնագրման ու պետական հավատարմագրման կարգի սահմանումը, պետական ծառայողների և շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեության հետ կապված մասնագետների, ինչպես նաև կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի համակարգերի աշխատողների էկոլոգմասնագիտական պատրաստվածության ստուգումը, էկոլոգիական կրթության համար մասնագետ-էկոլոգների, գիտական, մանկավարժական կադրերի և պետական ծառայողների պատրաստումը և որակավորման բարձրացումը, անընդմեջ էկոլոգիական կրթության համակարգի տեղեկատվական ու գիտամեթոդական համակարգի ապահովումը։

Բուհերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում ստեղծվել է էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն, 1993 թվականին՝ քիմիայի ֆակուլտետում՝ քիմիա և բնապահպանություն բաժին, 1991 թվականին՝ ՀՊՃՀ-ում՝ քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ, 1996 թվականին՝ ՀՊՄՀ-ում՝ էկոլոգիայի և բնության պահպանության, 1999 թվականին՝ ՀՊԱՀ-ում՝ ագրոէկոլոգիայի, 2001 թվականին՝ ԵՊԲՀ-ում՝ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոններ և այլն։

Բնակչության էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, իրավական, կազմակերպչական և ֆինանսատնտեսական հիմքերը կարգավորվում են «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքով (2001)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png