Էլվիա Կառիլյո Պուերտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիա Կառիլյո Պուերտո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1878(1878-12-06)[1]
ԾննդավայրMotul, Յուկատան նահանգ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էապրիլի 15, 1968(1968-04-15) (89 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինVicente Pérez Mendiburo?
Զբաղեցրած պաշտոններՄեքսիկայի պատգամավորների պալատի անդամ

Էլվիա Կառիլյո Պուերտո (իսպ.՝ Elvia Carrillo Puerto, դեկտեմբերի 6, 1878(1878-12-06)[1], Motul, Յուկատան նահանգ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 15, 1968(1968-04-15), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)[2], մեքսիկացի քաղաքական գործիչ, սոցիալիստական և ֆեմինիստական շարժումների ակտիվիստ[3]։

Կառիլյոյին ամուսնացրել են 13 տարեկանում։ 21 տարեկան հասակում նա արդեն այրիացել է։ 1912 թվականին հիմնադրել է Ֆեմինիստական առաջին լիգան Մեքսիկայում[4], իսկ 1919 թվականին՝ Ռիտա Սետինա Գուտյերեսի լիգան (իսպ.՝ Liga Rita Cetina Gutierrez): Անցնելով իր լիգայի զինակից անդամ Ռոզա Տորրե Գոնսալեսի հետքերով, 1923 թվականին Կառիլյոն ընտրվել է Պատգամավորների պալատում, դառնալով Մեքսիկայի խորհրդարանի առաջին կին պատգամավորը[5][6]։ Իր ներդրման շնորհիվ Կառիլյոն պաշտոնապես արժանացել է «Հեղափոխության վետերանի» կոչման։ Հեղափոխությանը և կանանց շարժմանը անմնացորդ նվիրվածության արդյունքում Կառիլյոն ստացել է «Կարմիր միանձնուհի» (իսպ.՝ La Monja Roja) մականունը[7]։

Ֆեմինիստական լիգաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1912-1922[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիա Կառիլյո Պուերտոյին են վերագրվում Մեքսիկայում բազմաթիվ ֆեմինիստական լիգաների ստեղծումը, որոնցից ամենահայտնին Ռիտա Սետինա Գուտիերեսի լիգան էր, որը կրում է Յուկատանի ամենահայտնի մանկավարժներից մեկի անունը։ Ֆեմինիստական լիգաները կենտրոնացած էին կանանց իրավունքներն առաջ տանելու բազմաթիվ խնդիրների վրա։ Սկսելով Մերիդայից, որտեղ դրանցից առաջինը հիմնադրվել է 1912 թվականին, նրանք տարածվել են Հարավարևելյան Մեքսիկայով դեպի Կենտրոնական Մեքսիկա։ Նրանք քարոզչություն են իրականացրել մարմնավաճառության, թմրանյութերի օգտագործման, ալկոհոլիզմի, սնահավատության և մոլեռանդության դեմ[8]։ Ռիտա Սեթինա Գուտիերեսի լիգան հիմնադրվել է 1919 թվականին, հաճախակի ելույթներ է ունեցել աղքատ կանանց երեխաների խնամքի, էկոնոմիկայի և հիգիենայի վերաբերյալ։ Լիգան ստուգումներ է անցկացրել դպրոցներում և հիվանդանոցներում, օգնել պետական որբանոցներ հիմնելուն[9]։ Կառիլյոյի կողմից հիմնադրած ֆեմինիստական լիգաների միջոցով ստեղծվել են ընտանիքի պլանավորման ծրագրեր օրինականացված ծնելիության վերահսկմամբ, առաջինը` Արևմտյան կիսագնդում։ Էլվիան կարծել է, որ բազմազավակ ընտանիքները խոչընդոտում են աղքատների ավելի լավ կյանքին և տարածել է ԱՄՆ-ում արգելված Մարգարետ Սենգերի գրականությունը, որը հետագայում հիմնել է ծննդյան վերահսկողության ամերիկյան լիգան։ Լիգաները կազմակերպել են նաև կանանց նախածննդյան և հետծննդյան խնամքը։

1923-1925[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառիլյոն իր ամբողջ ժամանակը նվիրել է Մեքսիկայի հարավ-արևելքում ճանապարհորդելուն՝ մայաների կանանց լիգաներում միավորելու և նրանց քաղաքացիական կյանքին պատրաստելու համար, մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված պաշտոններ զբաղեցնելու համար։ Այն բանից հետո, երբ իր եղբայրը՝ նահանգապետ Ֆելիպե Կառիլյոն, թույլ է տվել կանանց քվեարկել և պաշտոնավարել, Էլվիան ընտրվել է Յուկատանի օրենսդիր մարմնում 1923 թվականին, դառնալով խորհրդարանի առաջին կինը Մեքսիկայի նահանգների մակարդակում։ Այնուամենայնիվ, նա ընտրություններում հաղթել է ճնշող մեծամասնությամբ՝ 5115 ձայնով։ Տեղական ինքնակառավարման մարմիններում Կառիլյոն առաջ է քաշել ագրարային բարեփոխումներ՝ առաջարկելով ծրագրեր, որոնք գյուղացիներին կտրամադրեին հողեր և գյուղացիական ֆերմաներ իրենց ընտանիքները կերակրելու համար։ Դրանով Կառիլյոն կազմակերպել է կանանց տեղական ընկերակցություններ Գուալբերտիստական կենտրոնական ագրարային համայնքներում՝ եղբոր՝ սենատոր, հողային բարեփոխումների ակտիվիստ Գուալբերտոյի անունով։

1924 թվականին Ֆելիպեն սպանվել է. նրա մահը ծանր հարված է եղել կանանց իրավունքներին։ Յուկատանում հասնելով կանանց հավասար իրավունքներին՝ նա չի կարողացել արտացոլել այդ իրավունքները Մեքսիկայի սահմանադրության մեջ։ Նրա մահից հետո այդ իրավունքները չեղյալ են հայտարարվել Խուան Ռիկարդես Բրոկայի նոր ղեկավարության կողմից։ Նոր կառավարության իշխանության գալուն պես կանայք հեռացվել են պաշտոններից քաղաքային և պետական հաստատություններում, կանանց ընտրական իրավունքը վերացվել է, և կանանց լիգաների միջոցով սոցիալական ծրագրերին այլևս չի աջակցվել[10]։ Եղբոր մահից հետո Կառիլյոն տեղափոխվել է Սան Լուիս Պոտոսիի կանանց իրավունքների շարժման նոր կենտրոն[11]։ 1925 թվականին ընտրվել է Պատգամավորների ազգային պալատում որպես Սան Լուիս Պոտոսիի ներկայացուցիչ, այնուամենայնիվ, նրան մերժել են այդ պաշտոնը. միայն տղամարդկանց են թույլատրել քվեարկել և պաշտոնավարել (չնայած տեղական ինքնակառավարումը թույլ է տվել կանանց դա անել, բայց այն դեռ չէր ճանաչվել ազգային մակարդակում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.senado.gob.mx/hoy/elvia_carrillo/biografia.php
  2. «Elvia Carrillo Puerto». www.senado.gob.mx (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Boles, Janet K.; Diane Long Hoeveler (2004). Historical Dictionary of Feminism. Scarecrow Press. էջ 70. ISBN 0-8108-4946-1.
  4. Reed, Alma M.; Michael Karl Schuessler; Elena Poniatowska (2007). Peregrina: Love and Death in Mexico. University of Texas Press. էջեր 2, 148, 181. ISBN 0-292-70239-6. {{cite book}}: Unknown parameter |ссылка= ignored (օգնություն)
  5. Joseph, G. M. (1982 թ․ մարտի 31). Revolution from Without: Yucatán, Mexico, and the United States, 1880-1924. Cambridge University Press. էջեր 218. ISBN 0-521-23516-2.
  6. Lavrin, Asunción (1978). Latin American Women: Historical Perspectives. Greenwood Publishing Group. էջեր 291. ISBN 0-313-20309-1.
  7. Fallaw, Ben (2001). Cárdenas Compromised: The Failure of Reform in Postrevolutionary Yucatán. Duke University Press. էջեր 184. ISBN 0-8223-2767-8. {{cite book}}: Unknown parameter |ссылка= ignored (օգնություն)
  8. Ruiz, Ramón Eduardo. Triumphs and Tragedy: A History of the Mexican People By p303. W. W. Norton & Company. էջ 303. ISBN 0-393-31066-3.
  9. Pilcher, Jeffrey M. The Human Tradition in Mexico. Rowman & Littlefield. էջ 145. ISBN 0-8420-2976-1.
  10. Raat, W. Dirk; William H. Beezley (1986). Twentieth-century Mexico. University of Nebraska Press. էջեր 20, 22, 23. ISBN 0-8032-8914-6.
  11. Rodríguez, Victoria Elizabeth (2003). Women in Contemporary Mexican Politics. University of Texas Press. էջ 97. ISBN 0-292-77127-4.