Էլմիրա Գաֆարովա
Էլմիրա Գաֆարովա | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Բաքվի պետական համալսարան |
Գիտական աստիճան՝ | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 1, 1934 |
Ծննդավայր | Բաքու, ԽՍՀՄ |
Վախճանի օր | օգոստոսի 1, 1993 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջան |
Թաղված | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
Էլմիրա Միկայիլ քըզը Գաֆարովա (ադրբ.՝ Elmira Mikayıl qızı Qafarova, մարտի 1, 1934, Բաքու, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 1993, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ։ 1980-1983 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանական ԽՍՀ լուսավորության նախարարի, 1983-1987 թվականներին՝ արտաքին գործերի նախարարի, 1989-1990 թվականներին՝ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության ղեկավարի, իսկ 1990-1991 թվականներին՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին ավարտել է Բաքվի թիվ 189 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Ադրբեջանի պետական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում, որն ավարտել է 1958 թվականին։ Ուսանողական տարիներին ղեկավարել է Կոմսոմոլի համալսարանական կոմիտեն։ 1961 թվականին լեզվաբանության ոլորտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1962 թվականին նշանակվել է Ադրբեջանական ԽՍՀ կոմսոմոլի կազմկոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ 1966-1970 թվականներին եղել է դրա առաջին քարտուղարը[1]։ Այնուհետ շուրջ մեկ տարի զբաղեցրել է Ադրբեջանական ԽՍՀ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի մշակույթի բաժնի ղեկավարի պաշտոնը։
1971 թվականին նշանակվել է ԽՄԿԿ Բաքվի քաղաքային խորհրդի առաջին քարտուղար։ 1975 թվականից եղել է Ադրբեջանի գերագույն խորհրդի պատգամավոր։ 1980 թվականին Ադրբեջանական ԽՍՀ լուսավորության նախարարի պաշտոնում փոխարինել է 77-ամյա Մեհթի Մեհթիզադեին, իսկ 1983 թվականին նշանակվել է խորհրդային այդ հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ 1984 թվականին մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանին, որը նվիրված էր ռասիզմի ու խտրականության խնդիրներին[2]։ 1987-1989 թվականններին զբաղեցրել է Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնը[3]։
1987-1991 թվականներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, որտեղ մինչ այդ չորս անգամ ընտրվել էր որպես պատգամավոր[1]։ 1989 թվականին ընտրվել է Նախագահության ղեկավար, իսկ մեկ տարի անց՝ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 1990 թվականի մարտ-մայիս ամիսներին Ադրբեջանը ներկայացրել է ԽՍՀՄ Դաշնությունների նորաստեղծ խորհրդում։ 1990-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ կենտրոնական վերահսկողական հանձնաժողովի անդամ։
Վերակառուցման ժամանակաշրջանի Ադրբեջանի պատմության մեջ եղել է բավականին վճռական քաղաքական գործիչ։ Ադրբեջանի Գերագույն խորհրդում նրա նախագահության տարիներին, վերջինիս նախաձեռնությամբ, Մոսկվայում Ադրբեջանական ԽՍՀ մշտական ներկայացուցչությունում կազմակերպվել են Լեռնային Ղարաբաղի հայ մարտիկներից առգրավված շուրջ 2000 միավոր զենքերի ցուցադրություն։ Նրա այս քայլը խիստ քննադատության է արժանացել ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների կողմից[4]։
1989 թվականին Գաֆարովան հասավ նրան, որ Կիրովաբադ քաղաքին վերադարձվեց նրա նախկին անվանումներից մեկը՝ Գյանջան, որը Կիրովաբադ էր անվանվել 1934 թվականին Սերգեյ Կիրովի պատվին։ Բացի այդ, 1990 թվականի մարտի 13-ին Գաֆարովան Ադրբեջանում ոչ աշխատանքային օր հայտարարեց Նովրուզը։ Նրա գործունեության հետ են կապում նաև 1991 թվականի օգոստոսի 30-ին «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրի ընդունումն ու 1992 թվականի մարտի 2-ին Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի անդամ դառնալը[2]։ Դրանից երեք օր անց, առողջական խնդիրների պատճառով, հրաժարական է տվել[5]։
Ադրբեջանական ընդդիմության հետ, ի դեմս Ժողովրդական ճակատի, նրա հարաբերությունները շարունակվում էին մնալ խիստ լարված ընդհուպ մինչև Գաֆարովայի քաղաքականությունից հեռանալը։ 1991 թվականի սեպտեմբերին նա քննադատության ենթարկեց ըննդիմությանը՝ դրա անդամներին անվանելով «հարբեցողներ և թմրամոլներ», ինչը սխալմամբ հայտնվեց ուղիղ եթերում[5]։ Դրա պատճառով Գերագույն խորհրդի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր մի խումբ կանայք ֆիզիկական հարձակում իրականացրին Գաֆարովայի նկատմամբ[6]։
Մահացել է 1993 թվականի օգոստոսի 1-ին սրտամկանի ինֆարկտից[7]։ Թաղված է Բաքվի փառքի ծառուղում։
«Սև ուրբաթ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի հունվարի 20-ի գիշերը՝ Բաքու խորհրդային զորքեր մտցնելուց մեկ օր առաջ, ինչի պատճառով Բաքվում մահացավ 100-ից ավելի մարդ, Էլմիրա Գաֆարովան գտնվում Մոսկվայում։ Ադրբեջանում արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումն ընդունվել է խորհրդային այդ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից Գաֆարովայի բացակայության պայմաններում ու, ավելի ուշ, վերջինիս կողմից բնորոշվել որպես «ապօրինի»[8]։ Դեպքերից մեկ օր անց նա դարձավ իշխանության միակ ներկայացուցիչը, ընդ որում ինչպես միութենական, այնպես էլ հանրապետական մակարդակում, որ տեղի ունեցածի կապակցությամբ դիմեց ժողովրդին ու քննադատեց խորհրդային ղեկավարության գործողությունները։ Չնայած դրան 1994 թվականին Էլմիրա Գաֆարովայի անունը հիշատարկվում էր հունվարյան իրադարձությունների մեղավորների թվում։ Պատճառն այն էր, որ Գաֆարովան չի կարողացել ապահովել բնակչության անվտանգությունը[8]։ Այդուհանդերձ, նրա նկատմամբ, մահվան պատճառով քրեական գործ չի հարուցվել[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ministers of Foreign Affairs of Azerbaijan. Elmira Qafarova». Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին. Վերցված է 2010-07-07-ին.
- ↑ 2,0 2,1 «Biographies. Elmira Qafarova». Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին. Վերցված է 2010-07-07-ին.
- ↑ «FEMALE PRESIDENTS OF UNDERSTATE ENTITIES». Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին. Վերցված է 2010-07-07-ին.
- ↑ Полковник поневоле, но на всю оставшуюся жизнь(չաշխատող հղում). Газета «Каспий»
- ↑ 5,0 5,1 Томас Гольц. «Азербайджанский дневник» Արխիվացված է Ապրիլ 1, 2019 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Ибрагимбеков, Максуд. Полковник Юнус Արխիվացված է Հունիս 15, 2019 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Юнусов, Рамис. Азербайджан, Баку: Чёрный январь 1990 года Արխիվացված է Հոկտեմբեր 7, 2013 Wayback Machine-ի միջոցով:.
- ↑ 8,0 8,1 «Постановление Национального Собрания Азербайджанской Республики «О трагических событиях, имевших место в г. Баку 20 января 1990 года»». Արխիվացված է օրիգինալից 2014-01-20-ին. Վերցված է 2010-08-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Меджид, Фаик. В Азербайджане отмечается 20-я годовщина ввода советских войск в Баку(չաշխատող հղում). «Кавказский узел». 20 января 2010 года.
|
- ԽՄԿԿ անդամներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 1 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 1 մահեր
- 1993 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Ադրբեջանի կին քաղաքական գործիչներ
- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ