Էլիստա (ռուս.՝ Элиста́), քաղաք է Ռուսաստանի եվրոպական մասի հարավում։ Կալմիկիայի Հանրապետության մայրաքաղաքն ու ամենախոշոր քաղաքն է։ Էլիստայի քաղաքային շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է նույնանուն գետի ձորակում՝ Երգենի բարձրավանդակի հարավարևելյան հատվածում, Մոսկվայից մոտ 1300 կմ հարավ-արևելք[2]։
Գյուղը հիմնադրվել է 1865 թվականին։ Գյուղի անունը տրվել է Էլիստա գետի (հայտնի է նաև որպես «Էլիստինկա») ջրանունից, որը ծագում է կալմիկերեն «ելսն» (ելսեն) բառից, որը նշանակում է «ավազ, ավազոտ»։
1930 թվականից բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ և կոչվել Էլիստա։ Կալմիկների բռնագաղթից և Կալմիկյան Ինքնավար ԽՍՀ-ի վերացումից հետո, 1944 թվականի մայիսի 25-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության №129 հրամանագրով Էլիստան վերանվանվել է «Ստեպնոյ» քաղաք։
1957 թվականին վերականգնվել է քաղաքի պատմական՝ սկզբնական անվանումը՝ Էլիստա[3]։
Էլիստան 1961 թվականի փոստային նամականիշի վրա։ Նամականիշի վրա պատկերված է ժամանակակից Ռոդինա մշակութային կենտրոնը։Էլիստա գետը «Ուրալան» մարզադաշտի մոտԿոլոնսկի լճակ
1845 թվականին Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ը հրամանագիր է արձակել Կալմիկյան տափաստանի անտառապատման վերաբերյալ։ Առաջին տնկումները կատարվել են Անտառային դեպարտամենտի կողմից 1853 թվականին՝ Երգենի բարձրավանդակի հարավում և Էլիստա ձորակում։ Անտառային տարածքների ընդլայնման համար անհրաժեշտ է եղել աշխատուժ, ուստի Անտառային դեպարտամենտը դիմել է Պետական գույքի նախարարությանը՝ Էլիստայի անտառային պլանտացիայի բնակավայր կազմակերպելու խնդրանքով։
Գիտնական Կոստենկովի գլխավորությամբ Կումա-Մանչի գիտական արշավախումբը 1859-1861 թվականներին Կրեստովսկայա կայարանի և Աստրախանի միջև գտնվող Ղրիմի մայրուղու երկայնքով, այդ թվում՝ Էլիստա կիրճում, նախանշել է բնակավայրերի ձևավորման 15 վայր, այդ թվում նաև Էլիստա ձորակում[4]:
Մինչ առաջին բնակավայրի ձևավորումը Էլիստա ձորակում իրենց կանգառներն են կազմակերպում մանիչյան քոչվոր կալմիկները։ Կալմիկները այդ վայրը կոչել են Էլստա (կալմ.՝ «ավազոտ»), քանի որ ձորի ձախ՝ հյուսիսային լանջը ամբողջությամբ կազմված է եղել փխրուն ավազներից։ Այդ անվանումը պահպանվել է նաև այդտեղ առաջացած գյուղի համար։ Էլիստայի հիմնադիր է համարվում նախկին ռուս ճորտ գյուղացի Ստեփան Պրոկոպևիչ Կիյկովը, որը կալմիկ Բոլայի խորհրդով 1862 թվականի գարնանը կառուցել է առաջին հողակացարանը Էլիստա-Սալե ձորակում։ 1865 թվականի աշնանը գյուղում կար արդեն 15 տնտեսություն։ Այդ տարին համարվում է քաղաքի հիմնադրման տարեթիվը։ Էլիստան լայն ճանաչում է ստացել կալմիկյան տափաստանի ամենախոշոր անասնային տոնավաճառների շնորհիվ[4]։
Վարչական առումով գյուղը ենթարկվել է Աստրախանի նահանգի Չեռնոյարսկի գավառի Կրեստովսկայա վոլոստին։ Հետագայում դարձել է Էլիստայի վոլոստի կենտրոնը։ 1907 թվականին Էլիստան դարձել է Կալմիկյան տափաստանի Աստրախանի նահանգի Մանիչյան ուլուսի կենտրոնը։ Կառուցվել են ուլուսի վարչության շենքը, գիշերօթիկ դպրոցը և հիվանդանոցը[4][5]։
1918 թվականի փետրվարին Խորհրդային իշխանություն հաստավելուց հետո՝ 1920 թվականի նոյեմբերի 4-ին, ընդունվել է որոշում՝ կալմիկ ժողովրդի ինքնավար մարզ ստեղծելու մասին։ Ժամանակավորապես մարզի իշխանության և կառավարման մարմինները տեղակայվել են Աստրախանում։
1925 թվականին Կալմիկիայի խորհրդների V համագումարը որոշում է ընդունել մարզի կենտրոնը տեղափոխել Էլիստա։ 1926 թվականի ապրիլի 29-ին ՌԽՖՍՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեն հաստատել է այդ որոշումը և հանձնարարել ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նոր քաղաքի կառուցման համար։ Շինարարությունը սկսվել է 1927 թվականին, երբ ընդունվել է Կալմիկյան ինքնավար մարզի կենտրոնը Աստրախանից Էլիստա տեղափոխելու մասին որոշում։ Ֆինանսական միջոցներ են հատկացվել վարչական, մշակութային, կենցաղային շենքերի և բնակելի տների կառուցման համար։ 1928 թվականի մայիսի 27-ին՝ մարզային բոլոր հիմնարկների տեղափոխման կապակցությամբ, տեղի է ունեցել մարզային գործադիր կոմիտեի պլենումի հանդիսավոր բացումը։ 1930 թվականի մարտի 10-ին ՌԽՖՍՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի նախագահությունը որոշել է Կալմիկյան ինքնավար մարզի Էլիստա գյուղը վերածել քաղաքի՝ միավորելով այն նույնանուն կառուցվող քաղաքի հետ[5]:
1942 թվականի օգոստոսի 12-ին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում քաղաքը օկուպացվել է գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից։ Օկուպացիայի տարիներին գործել են խորհրդային ընդհատակյա խմբեր և կալմիկյան հեծելազորային կորպուսը, իսկ շրջակայքում՝ երկու պարտիզանական ջոկատներ։ Այդ ժամանակ քաղաքամերձ Գաշուն ձորակում օկուպացիոն իշխանությունները գնդակահարել են խաղաղ բնակիչների և պարտիզանների։ 1942 թվականի սեպտեմբերի 9-ին գնդակահարվել է քաղաքում բնակվող 600 հրեա։ 1942 թվականի դեկտեմբերի 31-ին Էլիստան ազատագրվել է Կարմիր բանակի կողմից։ Նահանջելիս գերմանական զորքերը գրեթե ամբողջությամբ այրել են քաղաքը[2][5][5][6][7]:
1943 թվականի դեկտեմբերի 28-ին կալմիկ ժողովուրդը, Կովկասի ժողովուրդների հետ, բռնի կերպով արտաքսվել է Սիբիր, Հյուսիսային Ղազախստան և Հեռավոր Արևելք։ 1943-1957 թվականներին Կալմիկյան Ինքնավար ԽՍՀ-ն վերացվել է։
1944 թվականի մայիսի 25-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության №129 հրամանագրով Էլիստան վերանվանվել է Ստեպնոյ քաղաք և դարձել Ստեպնովսկի շրջանի կենտրոնը, որը սկզբում ընդգրկված է եղել Աստրախանի մարզում, իսկ 1952 թվականից՝ Ստավրոպոլի երկրամասում։ Կալմիկյան ինքնավարության վերացումից և կալմիկների արտաքսումից հետո քաղաքը գրեթե չի վերականգնվել և գտնվել է ավերակ վիճակում։ Մնացած բնակիչները հիմնականում ապրել եմ քաղաքի ծայրամասերում՝ այսպես կոչված «գյուղում»։ Խորհրդների տունը (ներկայում՝ Կալմիկիայի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը) 13 տարի մնացել է ավերված վիճակում։ Քաղաքի տարածքում գործել են Ստալինի անվան կոլխոզը, աղացը և փոքր կաթի գործարան[2][5]:
Մայրաքաղաքի ակտիվ վերականգնումը սկսվել է միայն 1957 թվականին՝ Ստալինի անձի պաշտամունքի դատապարտումից, կալմիկների արդարացումից և կալմիկյան ինքնավարության վերականգնման որոշումից հետո։ 1969 թվականի նոյեմբերի 6-ին բացվել է երկաթուղային կայարանը և շահագործման հանձնվել Դիվնոյե կայարան տանող երկաթուղային ճյուղը, սկսել է գործել երկաթբետոնե կոնստրուկցիաների, խոշոր պանելային բնակարանաշինության և սիլիկատային աղյուսների գործարաններ, ընդլայնված կավի գործարան;
1970-ական և 1980-ական թվականներին շարունակվել է բնակարանաշինությունը, բացվել է նոր մշակութային և կրթական հաստատություններ։ Այդ տարիներին ասֆալտապատվել են Էլիստա-Աստրախան և Էլիստա-Վոլգոգրադ մայրուղիները։
1988 թվականին տեղի է ունեցել ՄԻԱՎ վարակի զանգվածային բռնկում։ 1998 թվականին Էլիստայում անցկացվել է 33-րդ համաշխարհային շախմատի օլիմպիադան։ Օլիմպիադայի համար կառուցվել է Սիթի-Չհես մշակութային և բնակելի համալիրը։ Այսօր այն հյուրընկալում է ազգային, համառուսաստանյան և միջազգային շախմատային մրցումներ, ինչպես նաև գործարար և մշակութային հանդիպումներ[7]:
1990-2000-ական թվականներին սկսվել է հուշարձանների և շենքերի կառուցում, որոնք արտացոլում են կալմիկ ժողովրդի մշակութային ավանդույթները։ Քաղաքը դարձել է Ռուսաստանի բուդդայական կենտրոններից մեկը։
Քաղաքը գտնվում է Երգենինյան բարձրավանդակի հարավարևելյան հատվածում։ Քաղաքի տարածքի գրեթե ամբողջ մասը գտնվում է Էլիստա գետի հովտի վերին մասում։ Գետի ակունքը գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում։ Այն անցնում է քաղաքով՝ արևմուտքից արևելք՝ բաժանելով այն երկու անհավասար մասերի՝ հյուսիսային (տարածքով ավելի մեծ) և հարավային[5]։
Հովտի լանջերը մասնատված են երկրորդ և երրորդ կարգի ձորակներով ու խորխորատներով (Կոբիլյա ձորակ, Գուրվն-Սալա ձորակ և այլն)։ Ընդհանուր առմամբ, Էլիստա ձորակի հարավային լանջը ավելի զառիթափ է, իսկ հյուսիսայինը՝ ավելի մեղմ թեքությամբ։
Ծովի մակարդակից բարձրությունները քաղաքի սահմաններում տատանվում են՝ 211 մետր՝ քաղաքի արևմտյան մասում գտնվող հեռուստաաշտարակի շրջանում, 193,5 մետր՝ Էլիստա երկաթուղային կայարանի շրջանում, մինչև 70 մետրից պակաս՝ այն վայրում, որտեղ Էլիստա գետը դուրս է գալիս քաղաքի սահմաններից[2]։ Ընդհանուր առմամբ, քաղաքի հիդրոգրաֆիկ ցանցը թույլ է զարգացած
Կլիման չափավոր է, կտրուկ մայրցամաքային և բնութագրվում է ինչպես ամռանը (190-225 մմ), այնպես էլ ձմռանը (100-125 մմ) քիչ տեղումներով, չոր օդով և բարձր ջերմաստիճաններով[5]: Կասպից ծովը որևէ ազդեցություն չունի կլիմայի վրա: Էլիստան, Աստրախանից և Վոլգոգրադից հետո, Ռուսաստանի Դաշնության երրորդ ամենաչոր վարչական կենտրոնն է։
Ձմեռները կարճ են և քիչ ձյունածածկ։ Ձյան հաստությունը սովորաբար մոտ 10 սմ է, առավելագույնը՝ 33 սմ։ Փետրվար ամսվա միջին ջերմաստիճանը -4.1°C է։ Ձմռանը կարող են տեղի ունենալ հալոցքներ և ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, որոնք հանգեցնում են սառցակալման։ Էլիստայում ձմռանը սովորաբար ջերմաստիճանը -8-ից -10°C է,սակայն հաճախ նկատվում են տաքացման ուղղությամբ կտրուկ տատանումներ։ Երբեմն ջերմաստիճանը իջնում է մինչև −20°C։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը հասնում է −34...−36°C։ Գարունը գալիս է վաղ, և արդեն մայիսին ջերմաստիճանը չի իջնում +20°C-ից ցածր[8]։
Տաք շրջանը տևում է 240-275 օր: Կլիման բնութագրվում է երկարատև արևոտ եղանակով և չոր արևելյան քամիներով: Ամռանը չոր քամիներով կարող է լինել մինչև 120 օր: Այստեղ երաշտները շատ տարածված են. 10 տարուց 4-ը չոր է: Հուլիսի միջին ջերմաստիճանը +24.9°C է, իսկ հուլիսյան բնորոշ ջերմաստիճանը՝ +35°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հասնում է +40...+44 աստիճանի: Վեգետացիայի շրջան (մինչև +10 աստիճան տաքացված օդով) տևում է 180-213 օր[8]:
Աշնանը եղանակը շատ տաք է, պարբերաբար կարճատև անձրևներով, որոնք տևում են մինչև նոյեմբեր։ Աշնանը քաղաքում շատ ուժեղ, երբեմն նույնիսկ քամոտ քամիներ են լինում։ Տարեկան ջերմաստիճանի տատանումը 80-90 աստիճան է[8]։
Էլիստան իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ստանում է արևային ճառագայթման մեծ քանակ։ Արևային ընդհանուր էներգիայի քանակը կազմում է 115 կկալ/սմ²։ Արեգակնային փայլման տևողությունը տարեկան կազմում է 2180–2250 ժամ[8]։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Էլիստա (նորմա 1981—2010 թթ.)
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության քանակով քաղաքը գտնվում էր 165-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1112 քաղաքների շարքում։ Կալմիկիայի Հանրապետության միակ քաղաքը, որն ունի ավելի քան հարյուր հազար բնակչություն։
Ցուցադրված են այն ազգերը, որոնց բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմել է ավելի քան 300 մարդ։
2020 թվականի մարդահամարի տվյալներով՝ տարածքում բնակվում էին հետևյալ ազգությունները (0.1%-ից պակաս ազգությունների և այլոց համար տեսնե՛լ «Այլ» տողի ծանոթագրությունը)[47]:
Էլիստա քաղաքի պաշտոնական խորհրդանիշներն են քաղաքի զինանշանն ու դրոշը։
Կալմիկիայի Հանրապետության մայրաքաղաք Էլիստայի զինանշանը մարմնավորում է քաղաքի պատմությունը և բնութագրում է նրա ժողովրդին։ Էլիստա քաղաքի ներկայիս զինանշանը հաստատվել է Էլիստայի քաղաքային ժողովի 2004 թվականի օգոստոսի 26-ի № 9 որոշմամբ։ Էլիստա քաղաքի զինանշանը իրենից ներկայացնում է զինանիշագիտական վահան, որը բաղկացած է երեք գունավոր դաշտերից։ Կարմիր դաշտում պատկերված են արևելյան ոճով կատարված խորհրդանշական դարպասներ, որոնց ֆոնին գրված է քաղաքի անվանումը՝ «Էլիստա»։ Քաղաքն իր անունը ստացել է այն ձորակից, որի մի լանջը ավազոտ է։ Դարպասներից ներքև իջնող սպիտակ շարֆը (բուդդիզմում բարեմաղթանքի խորհրդանիշ) մարմնավորում է հենց ժողովուրդը, նրա հնագույն պատմությունը, մշակույթը և հոգևոր արմատները։
Զինանշանի աջ հատվածը շարունակում է քաղաքի պատմության թեման։ Կանաչ դաշտի վրա պատկերված են երեք ձյունաճերմակ վրան, որոնց մուտքերը ուղղված են դեպի դիտողը, ինչը խորհրդանշում է կալմիկ ժողովրդի հյուրասիրությունն ու բաց լինելը։ Կալմիկները Էլիստա ձորակում կազմակերպում էին իրենց ամառային քոչվորական կանգառները․ այդ վայրը հարուստ էր աղբյուրներով, կանաչով, առատությամբ ու կյանքով։ Սա դարձավ ժողովրդի խաղաղ բարեկեցության և երջանկության գրավականը։
Կոմպոզիցիան եզրափակում է կապույտ դաշտը՝ կարմիր արևի սկավառակով։ Ժողովրդի կողմից բանաստեղծորեն կոչված «հավերժ կապույտ երկինքը» խորհրդանշում է մաքրություն, կայունություն և հուսալիություն։ Արևը կապվում է կյանքի գաղափարի հետ՝ առատ, բարեկեցիկ և երջանիկ։ Արևի կարմիր գույնը պայմանավորված է կալմիկ ժողովրդի էթնիկական ինքնանվամբ[49]։
Էլիստա քաղաքի ժամանակակից դրոշը հաստատվել է Էլիստայի քաղաքային ժողովի 2004 թվականի հունիսի 16-ի № 22 որոշմամբ։ Դրոշի խորհրդանիշը քաղաքի զինանշանի պարզեցված վերստեղծումն է: Դրոշի գույների ընտրությունը պայմանավորված է տեղական ազգային ավանդույթներով։ Սպիտակ շերտի գույնը մաքրության և խաղաղության խորհրդանիշն է։ Դրոշի կապույտ շերտը խորհրդանշում է երկինքը, հավերժությունը, բացությունը, վեհությունը, որն օգտագործվում է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների խորհրդանիշներում։ Դեղին շերտը խորհրդանշում է մեծահոգությունը՝ բուդդիզմում ընդունված ավանդական գույնը։
Արևը կայունության խորհրդանիշն է, որը պարգևում է առաքինություն և բարեկեցություն։ Կարմիր արևը պատկերված է ոճավորված կլոր սկավառակի տեսքով՝ տասներկու ճառագայթներով, որոնք լույս և բարություն են տարածում երկնքի և արևի տակ ապրող ողջ գոյության վրա։ «12» թիվը նշանակում է ժամանակի հաշվարկի շրջանների և ցիկլերի քանակը, որն ընդունված է արևելյան բուդդայական տարեգրության մեջ[50]։
Ներկայումս քաղաքը զբաղեցնում է 92.36 կմ² տարածք և ներառում է խառը կառուցապատմամբ կենտրոնական հատված, միջին և բազմահարկ կառուցապատմամբ 10 միկրոշրջան, ինչպես նաև հիմնականում քաղաքի հարավային, արևմտյան և հյուսիս-արևմտյան մասերում գտնվող ցածրահարկ բնակելի թաղամասեր։ Տարածքային պլանավորման նպատակներով քաղաքի առանձին հատվածները պայմանականորեն միավորվում են բնակելի զանգվածների մեջ (Հարավ-արևմտյան, Արևմտյան, Հյուսիս-արևմտյան, Հարավային, Արևելյան)՝ որպես հաշվարկային քաղաքաշինական շրջաններ[51]: Արդյունաբերական թաղամասերն են Հյուսիսային և Արևելյան արդյունաբերական գոտիները։ Էլիստայի գլխավոր հատակագիծը նախատեսում է արդյունաբերական ձեռնարկությունների փուլային դուրսբերում Արևելյան արդյունաբերական գոտուց և դրա հետագա կառուցապատում։
Քաղաքի շրջանները տարածքա-պլանավորման միավորներ են և չունեն առանձին իշխանության և կառավարման մարմիններ[5]: Քաղաքի ներկայիս գլխավոր հատակագիծը հաստատվել է Էլիստա քաղաքային ժողովի 2010 թվականի հուլիսի 1-ի թիվ 1 որոշմամբ[2]:
Էլիստան ունի ավելի քան 450 փողոց, հրապարակ, նրբանցք, անցում, փակուղի[5]: Գլխավոր փողոցը Լենինի փողոցն է, որը գրեթե ամբողջ քաղաքը հատում է արևմուտքից արևելք: Էլիստայում կան երեք պողոտա՝ Չոնկուշովայի, Օստապ Բենդերի և Օ. Ի. Գորոդովիկովի[2]: Կենտրոնական հրապարակը Վ. Ի. Լենինի հրապարակն է։
Քաղաքի սահմաններում կանաչ տարածքները սահմանափակ են: «Դրուժբա» մշակույթի և հանգստի այգին գտնվում է կենտրոնական մասում: Էլիստա գետի հակառակ ափին պահպանվել է «Կաղնու պուրակ» տարածաշրջանային նշանակության բնության հուշարձանը: 2012 թվականին քաղաքի արևելյան մասում, «Ելք և Վերադարձ» հուշարձանի մոտ, հիմնվել է պտղատու այգի։
Արդյունաբերական արտադրությունը ներկայացված է նավթագազային համալիրի, արտադրական արդյունաբերության (սննդի, հագուստի և տպագրական արդյունաբերության) ձեռնարկություններով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրությամբ և բաշխմամբ զբաղվող ձեռնարկություններով։ Քաղաքային խոշորագույն ձեռնարկությունների թվում են «Կալմնեֆտ» ԲԲԸ-ն, նավթային ձեռնարկությունը, որն իրականացնում է հետախուզական և շահագործման հորատում բաց հանքավայրերում, «Գազպրոմ գազառաբաշխում Էլիստա» ԲԲԸ-ն, բնական գազի մատակարարում, փոխադրում և արդյունահանում իրականացնող ձեռնարկությունը, «Կալմտնեֆտ» ԲԲԸ-ն, նավթի հետախուզման և արդյունահանման ձեռնարկությունը։
Սննդի և կարի արդյունաբերությունը ներկայացված է փոքր և միջին ձեռնարկություններով։ Ցելյուլոզա-թղթի արտադրության, հրատարակչական և պոլիգրաֆիական գործունեության ոլորտում հիմնական ձեռնարկությունը «Ջանգար» տպարանն է։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումն իրականացվում են հետևյալ ձեռնարկությունների կողմից՝ ՊԱՕ «Կալմէներգոսբիտ», ՊԱՕ «Հարավային միջտարածաշրջանային էներգետիկ ընկերություն», ՊԱՕ «Կալմէներգոկոմ», ՊԱՕ «Կալմէներգո»։ Գազի և ջրի արտադրությունն ու բաշխումն իրականացվում են ՆԱՕ «Գազպրոմ գազաբաշխում Էլիստա», ՄՈՒՊ «Էլիստավոդոկանալ», ՊԱՕ «Էներգոսերվիս» ձեռնարկությունների կողմից[52]։
Շինարարական համալիրը զարգացած է։ Բազմաբնակարան շենքերի շինարարությամբ զբաղվում են «Բետոինվեստ» ՍՊԸ-ն, «Յուժնայա Ստրոիտելնայա Կոմպանիա» ՍՊԸ-ն (USK), «Պլաստսերվիս» ՍՊԸ-ն և «Լոտոս» ՍՊԸ-ն[8]:
2010 թվականի վերջի դրությամբ տեղական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմել է 286,14 կմ, որոնցից կոշտ ծածկույթով են եղել 167,65 կիլոմետրը։ Քաղաքի փողոցների և ճանապարհների երկարությունը (ներառյալ քաղաքային վարչակազմին ենթակա գյուղական բնակավայրերը), որոնք չունեն կոշտ ծածկույթ, կազմում է 118,49 կմ կամ քաղաքի ճանապարհների ընդհանուր երկարության 41,4%-ը։
Ճանապարհների սպասարկման համար բյուջետային անբավարար ֆինանսավորումը հանգեցրել է նրան, որ քաղաքի գրեթե բոլոր տեղական ճանապարհները գտնվում են վատ վիճակում: Հիմնանորոգման և վերակառուցման կարիք ունեցող ճանապարհների երկարությունը 2010 թվականի դրությամբ կազմել է ընդհանուր երկարության 70%-ը։
Միջքաղաքային ավտոբուսային ծառայությունը լավ է զարգացած. քաղաքային ավտոկայանից ավտոբուսները մեկնում են դեպի Ռուսաստանի հարավի խոշորագույն քաղաքներ (Ստավրոպոլ, Դոնի Ռոստով, Վոլգոգրադ և այլն), ինչպես նաև Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։ Քաղաքի ներսում ուղևորափոխադրումները հիմնականում իրականացվում են միկրոավտոբուսներով: 2013 թվականի օգոստոսին վերսկսվել է քաղաքային ավտոբուսային ծառայությունը։
Այլ քաղաքների հետ երկաթուղային կապը մատուցվում է Հյուսիսկովկասյան երկաթուղու Էլիստա-Դիվնոյե մասնաճյուղի կողմից: Էլիստա կայարանը փակուղի է: 1990-ականների վերջին փոխադրումների վնասաբերության պատճառով ուղևորափոխադրումները դադարեցվել են։ 2006 թվականին չեղարկվել է թիվ 953/954 Էլիստա-Ստավրոպոլ միակ գնացքը, 2016 թվականին վերականգնվել է Ստավրոպոլի հետ ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը և Էլիստա-Ստավրոպոլ-Մոսկվա երթուղով երկաթուղային վագոնների երթևեկությունը:
Ավիացիոն հաղորդակցությունն ապահովում է «Էլիստա» օդանավակայանը։ Էլիստա-Մոսկվա, Էլիստա-Սոչի, Էլիստա-Դոնի Ռոստով երթուղիներով ուղևորների փոխադրումն իրականացվել է «Ազիմուտ» ավիաընկերությունը «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռներով, ինչպես նաև Էլիստա-Մոսկվա երթուղով ուղևորների փոխադրումն իրականացվել է Ռուսլայն ավիաընկերությունը «CRJ-100» ինքնաթիռներով:
Կալմիկի պետական համալսարանի 3-րդ մասնաշենքԿալմիկի գիտական կենտրոնԿալմիկի պետական համալսարանի առաջին շենքը նախապատերազմյան շրջանի գոյատևող շենքերից մեկն է, կոնստրուկտիվիստական ոճի ճարտարապետական հուշարձան։
Էլիստան հանդիսանում է Կալմիկիայի Հանրապետության ամենամեծ գիտական և կրթական կենտրոնը։ Այստեղ գործում են՝
Էլիստան Կալմիկիայի կարևոր պատմա-մշակութային կենտրոնն է։ Քաղաքում գործում են 3 թատրոն՝ երեխաների հանդիսատեսի համար նախատեսված «Ջանգար» թատրոն, Հանրապետության ռուսական դրամայի և կատակերգության թատրոն, Կալմիկյան պետական թատրոն՝ Բ. Բասանգովի անունով[53]։
Քաղաքում գտնվում է Կալմիկիայի Հանրապետության պետական համերգասրահ։ Գործում են նաև «Ռոդինա» մշակութային կենտրոնը և «Օկտյաբր» կինոթատրոնը։
Էլիստայում գտնվում է Կալմիկիայի ամենամեծ գրադարանը՝ Ա. Մ. Ամուր-Սանանի անվան Հանրապետական գրադարան։ Կան նաև այլ գրադարաններ՝ Ն. Օչիրովի անվան Հանրապետական մանկական գրադարան, Ա. Ս. Պուշկինի անվան Կենտրոնական քաղաքային գրադարան։
Էլիստայում գործում են մի քանի թանգարաններ՝ Ն. Ն. Պալմովի անվան Հանրապետական երկրաբանության թանգարան, Բուդդայականության պատմության թանգարան, Թիբեթյան բուդդայական փիլիսոփայության տուն-թանգարան[54]։
Էլիստայում ապրում են գրեթե բոլոր հիմնական համաշխարհային կրոնների ներկայացուցիչները։ Ամենամեծ թիվն ունեն բուդդաները, որոնք, որպես կանոն, հետևում են Գելուգ դպրոցին, ինչպես նաև ուղղափառները։ Էլիստան հանդիսանում է Ռուսական Ուղղափառ Եկեղեցու և Կալմիկիայի թեմի վարչական կենտրոնը։ Քաղաքում գործում են տարբեր կրոնական կազմակերպություններ[55][56][57]։
2014 թվականի հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը, անհայտ անձինք այրել են քաղաքի միակ մզկիթը[58][59][60][61][62][63][64]։
Քաղաքը բավականին վնասվել է ռազմական գործողությունների ժամանակ, մնացել են ընդամենը մի քանի միջնադարյան շենքեր։ Էլիստայում ամենահին շենքերը հետևյալն են՝ Սուրբ Խաչի եկեղեցու շենքը (նախկին եկեղեցու-տնտեսական դպրոց, կառուցված 1879 թ.) և Կարմիր դպրոցի շենքը (կառուցված 1907 թ)։
Քաղաքի հյուսիսային մուտքի մոտ բարձր բլրի վրա կանգնեցվել է հուշակոթող՝ նվիրված Կալմիկիայի մայրաքաղաքի ազատարարներին՝ 28-րդ բանակի 6-րդ պահակային տանկային բրիգադի տանկիստներին։ «Դրուժբա» այգում 1965 թվականին կառուցվել է հուշակոթող՝ նվիրված հերոսներին՝ կոմսոմոլականներին և պարիզաններին, որոնք զոհվել են քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին։ Այգում նույնպես գտնվում է «Բորտխա» աղբյուրը, որի մոտ 1862 թվականից սկսվել է ձևավորվել ապագա քաղաքը։
«Դրուժբա» այգում գտնվում է Էելյան Օվլայի հուշարձանը, որը գովերգում է «Ջանգար» էպոսը։ Ջանգարի մասին երգերը կալմիկների ժողովրդական բանահյուսության ամենասիրելի և ամենատարածված երգերն են։ Այգում կա հերոսների ծառուղի, որտեղ տեղադրված է Խորհրդային Միության հերոս, զորավար Բասան Գորոդովիկովի (1910-1983) հուշարձանը։ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը գտնվում է «Ռոդինա» մշակութային կենտրոնի մոտ գտնվող հրապարակում:
1996 թվականին՝ կալմիկների Սիբիր արտաքսման տարեդարձի առթիվ, քաղաքի արևելյան ծայրամասում բացվեց «Ելք և վերադարձ» հուշահամալիրը (ճարտարապետ Սերգեյ Կուրնեև, քանդակագործ Էռնստ Նեյզվեստնի):
Քաղաքի յուրահատուկ բնույթն ընդգծվում է փողոցներում տեղակայված քանդակագործական կոմպոզիցիաներով, որոնք վերաբերում են կալմիկ ժողովրդի պատմությանը, դիցաբանությանը, մշակույթին և կրոնին: Դրանցից ամենահայտնիներն են Սպիտակ Ավագի, Արձագանքի և Ոսկե Ձիավորի քանդակները: Դրանցից շատերը Էլիստայում տեղադրվել են 1997-1998 թվականներին՝ չորս միջազգային մրցույթներից հետո, որոնց մասնակցել են քանդակագործներ Ճապոնիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանի տարբեր քաղաքներից[65]։
1998 թվականին Էլիստայում անցկացվել է 33-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադան։ Շախմատի օլիմպիադայի համար կառուցվել է «Շախմատային քաղաք»՝ Սիթի-Չես, որը բաղկացած է Շախմատի պալատից՝ Սիթի-Չես-հոլից և 87 կոթեջներից։ Օլիմպիադային ընդառաջ շախմատի քաղաք տանող պողոտայում կանգնեցվել է Օստապ Բենդերի հուշարձանը։ 2022 թվականի օգոստոսին հուշարձանն ապամոնտաժվել է։
1996 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաքի հարավային ծայրամասում բացվել է առաջին բուդդայական տաճարը՝ Սյակյուսն-Սյումեն։ Տաճարի շինարարությունը շարունակվել է 4 տարի՝ հանրապետության բնակիչների և Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի նվիրատվություններով։
2005 թվականի դեկտեմբերի 27-ին օծվել է քաղաքի Կլիկովայի փողոցում տեղակայված ամենամեծ բուդդայական տաճարը՝ «Ոսկե Բուդդայի բնակավայր Շակյամունի», որի մեջ գտնվում է Եվրոպայում ամենաբարձր Բուդդայի արձանը։ Շենքում կան երկու աղոթասրահ, կոնֆերանս-սրահ, գրադարան և Դալայ-Լամայի նստավայր[66]։
Տաճարը կառուցվել է հին բետոնային գործարանի տեղում, Դալայ-շ Լամա XIV-ի օրհնությամբ, որը 2004 թվականին այցելել է Էլիստա։ Տաճարի առաջին փուլը կառուցվել է մեկ տարուց պակաս ժամանակում։ Տաճարի բացումը նշվել է բուդդայական Զուլ տոնի և 1943 թվականի կալմիկների Սիբիր և հեռավոր Արևելք բռնագաղթի տարելիցի կապակցությամբ։
Քաղաքում լայնորեն ներկայացված են նաև ուղղափառ ճարտարապետության կառույցներ։ 1997 թվականի հունիսի 7-ին Պատրիարք Ալեքսի II-ը օծել է քաղաքի արևմտյան մասում գտնվող Կազանի Աստվածամոր եկեղեցին։ «Սիթի-Չեսի» մոտ գտնվում է Սուրբ Գեորգիոս Պոբեդոնոսիքի մատուռը տեղադրվել է 1998 թվականին։ Էլիստայի 7-րդ թաղամասում գտնվում է Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու մատուռը։
Կլիկովի փողոցում է գտնվում Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզսկու կաթոլիկ ծխական համայնքը։
2006 թվականին վերակառուցվել է Վ. Ի. Լենինի հրապարակը։ Այժմ այնտեղ գտնվում է Վ. Ի. Լենինի հուշարձանը, «7 օրերի պագոդա», «Երեք լոտոս» շատրվանը և մոտավորապես 5×5 մետր շախմատային տախտակ։ Այստեղ երիտասարդությունը սիրում է հանդիպել և ժամադրություններ կազմակերպել։
Քաղաքի առանձին շենքերն ու հուշարձանները ներառված են Կալմիկիայի Հանրապետության և դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների գրանցամատյանում։
Էլիստայում հրատարակվում են հետևյալ պարբերականները՝
«Բայր» («Ուրախություն») մանկական նկարազարդ ամսագիր է կալմիկերեն և ռուսերեն։
«Իզվետիա Կալմիկիի» («Կալմիկիայի նորություններ») տեղեկատվական և վերլուծական թերթ է։ Հիմնադիր՝ «Իզվեստիա Կալմիկի» հրատարակչություն ՍՊԸ։
«Պառլամենտսկի վեստնիկ Կալմիկիի» («Կալմիկիայի խորհրդարանական տեղեկագիր») Կալմիկիայի ժողովրդական խուրալի հասարակական-քաղաքական թերթ է։
«Թեգին գերլ» («Լույսը տափաստանում»]] ( կալմ.Свет в степи») գրական, գեղարվեստական և հասարակական-հրապարակախոսական ամսագիր է կալմիկերեն և ռուսերեն։
Խալմգ Ինն ( կալմ.Կալմիկյան ճշմարտություն կալմիկերեն և ռուսերեն հրատարակվող հասարակական-քաղաքական թերթ է։ Նրա հիմնադիրներն են Կալմիկիայի Հանրապետության ղեկավարի վարչակազմը և Կալմիկիայի Հանրապետության Ժողովրդական խուրալը (խորհրդարանը)։
«Էլիստա Քուրիեր» քաղաքային տեղեկատվության և գովազդի շաբաթաթերթ։
«Էլիստա Պանորամա» քաղաքային հասարակական-քաղաքական թերթ։
«Ստեպնայա մոզայկա» (Տափաստանային խճանկար) գովազդային և տեղեկատվական շաբաթաթերթ: Վերջին համարը հրատարակվել է 2013 թվականի դեկտեմբերի 27-ին:
«ՎԳՏՌԿ» Կալմիկիայի պետական հեռուստառադիոընկերությունն է: Այն հեռարձակվում է «Ռոսիա-1» և «Ռոսիա-24» հեռուստաալիքներով, ինչպես նաև «Ռադիո Ռոսիի» և «Ռադիո Մայակ» ռադիոալիքներով՝ տեղական լրատվական թողարկումների ժամանակ՝ աշխատանքային օրերին և հանգստյան օրերին:
«Խամդան» պետական հեռուստաընկերություն է: Պաշտոնական անվանումը՝ «Կալմիկսկայա-ՏՌԿ» պետական հաստատություն: Հեռարձակման գոտին Էլիստա քաղաքն է և նրա արվարձանները: Հեռարձակվում է ընդմիջումների ժամանակ «Դոմաշնի» հեռուստաալիքով:
«Կալմիկիայի ազգային հեռուստատեսություն» (նախկինում՝ Խամդան) պետական հեռուստաընկերություն է։ Նրա հեռարձակման գոտին Էլիստա քաղաքն ու նրա արվարձաններն են։ Այն հեռարձակվում է OTR հեռուստաալիքով։
Էլիստայի տասը դաշնային հեռուստաալիքներից ինը անալոգային հեռարձակումը դադարեցվել է 2019 թվականի ապրիլի 15-ին՝ որպես պարտադիր հանրային հեռուստաալիքների անալոգային անջատման երկրորդ փուլի մաս, որը ներառել է նաև Կալմիկիայի Հանրապետությունը[5]։ «Դոմաշնի» հեռուստաալիքի անալոգային հեռարձակումը շարունակվել է մինչև 2020 թվականի ապրիլը։ Դրանից հետո Էլիստայում անալոգային հեռարձակումը ամբողջությամբ դադարեցվել է:
↑Народное хозяйство СССР за 70 лет: юбилейный статистический ежегодник: [арх. 28 հունիսի 2016]/ Государственный комитет СССР по статистике.— Москва: Финансы и статистика, 1987.— 766с.