Էլիզաբետ Վալուա
Էլիզաբետ Վալուա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1545[1] |
Ծննդավայր | Ֆոնտենբլո[2] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1568 (23 տարեկան) |
Մահվան վայր | Արանխուես, Մադրիդ, Իսպանիա[2] |
Գերեզման | Pantheon of the Infantes of the Royal Monastery of San Lorenzo de El Escorial |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Իսպանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Ֆիլիպ II Հաբսբուրգ[3] |
Ծնողներ | հայր՝ Հենրի II[3], մայր՝ Եկատերինա Մեդիչի[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Իսպանիայի կոնսորտ-թագուհի |
Երեխաներ | Իզաբելլա Կլարա Եվգենիա և Կատալինա Միկելա Ավստրիացի |
Elisabeth of Valois Վիքիպահեստում |
Էլիզաբետ դը Վալուա (ֆր.՝ Élisabeth de Valois, իսպ.՝ Isabel de Valois, ապրիլի 2, 1545[1], Ֆոնտենբլո[2] - հոկտեմբերի 3, 1568, Արանխուես, Մադրիդ, Իսպանիա[2]), Ֆրանսիայի արքայադուստր և Իսպանիայի թագուհի։
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգ-ի երրորդ կինը։ Էլիզաբետ Վալուան, Ֆրանսիայի Վալուա թագավորական տոհմի ներկայացուցիչ Հենրի II-ի և նրա կնոջ Եկատերինա Մեդիչիի դուստրն էր։
Չնայած այն բանին, որ նա նշանադրված էր ինֆանտ Դոն Կառլոսի հետ, այնուամենայնիվ, նրա հետագա ճակատագրի վրա մեծ ազդեցություն ունեցավ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև հաստատված 1559 թվականի`Կատո-Կամբրեսյան պայմանագրի կետերից մեկը, ըստ որի նա ամուսնացավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի հետ։ Եկատերինան կարճ ժամանակում ֆրանսիայի արքայադուստրից վերածվեց իսպանիայի թագուհու, ում մտավոր ունակությունները և նրբագեղությունը բարձր գնահատվեց ամբողջ Եվրոպայում։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբետ Վալուան ծնվել է 1545 թվականի ապրիլի 2-ին, Ֆոնտենբլոյում։ Նա Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի և նրա կնոջ՝ Եկատերինա Մեդիչիի ավագ դուստրն էր։ Մանկության տարիների դառը հիշողությունները պայմանավորված էին նրա ծնողների անհաջող ամուսնության փաստով։ Դեռ վաղ տարիքից Եկատերինան երազում էր ունենալ ներդաշնակ ամուսնական կյանք։
Ծնողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբետյի մայրը՝ Եկատերինա Մեդիչին, հերցոգ Լորենցո II-ի Մեդիչիի միակ դուստրն էր, ով աշխարհ եկավ 1519 թվականի ապրիլի 13-ին, Ֆլորենսիայի Մեդիչի պալատում։ Նրա մայրը՝ Մադլեն դե Լատուրը, դժվար ծննդաբերությունից հետո մահացավ 1519 թվականի ապրիլի 28-ին՝ երկու շաբաթ անց։ 1519 թվականի մայիսի 4-ին, երբ մահացավ նաև Եկատերինայի հայրը, աղջկա խնամակալությամբ զբաղվեց նրա հորեղբայրը՝ Կլիմենտ VII-ը։
Կլիմեն VII-ի՝ Եկատերինայի հետ կապված պլաններն ավելի հեռուն էին հասնում։ Նա ցանկանում էր Եկատերինային կնության տալ Ֆրանսիայի Թագավոր Ֆրանցիսկ I-ի որդիներից որևէ մեկին։ Ֆրանցիսկ I-ը դեմ չէր այդ ամուսնությանը, քանի որ գտնում էր, որ այդ դաշինքի միջոցով Վատիկանի հետ կհաստատվեն սերտ հարաբերություններ, որոնք օգտակար կլինեն Իսպանիայի դեմ պայքարում։ 1532 թվականի հոկտեմբերի 18-ին Հռոմի պապը օրհնեց զույգին, իսկ հոկտեմբերի 28-ին Մարսելում կայացավ նրանց պսակադրության արարողությունը։
Եկատերինա Մեդիչին սկզբում իրեն կաշկանդված էր զգում պալատում մի քանի պատճառներով․ նախ, քանի որ օտարերկրացի էր և այն էլ վաճառականի ընտանիքից, ինչն առաջացնում էր պալատականների քամահրանքը։ Ամուսինը նրան ընդհանրապես ուշադրության չէր արժանացնում, քանի որ մինչ ամուսնությունը ուժգին սիրել էր երեսունյոթամյա Դիանա դե Պուատիեին։ Հուսախաբ եղած Եկատերինան ստիպված էր համակերպվել ստեղծված իրավիճակի հետ՝ մնալով անտեսված։
Ավելի քան տասը տարի նրանք մնացին անժառանգ և Հենրիխը ցանկություն հայտնեց չեղյալ հայտարարել ամուսնությունը։ Այդ ընթացքում Եկատերինան դիմում էր բժշկական ցանկացած միջոցի, որպեսզի հաղթահարի անպտղությունը։ Այլևս չցանկանալով պայքարել, նա ցանկացավ հեռանալ մենաստան՝ թույլ տալով ամուսնուն նորից ամուսնանալ։ Սակայն թագավորը նրա մտադրություններին հավանությանություն չտվեց և հրամայեց արագացնել Եկատերինայի բուժման գործընթացը։ Այդ ջանքերի շնորհիվ, 1544 թվականի հունվարի 20-ին Եկատերինան լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ թագաժառանգ Ֆրանցիսկ II-ին։ Երեխան փոքրամարմին էր և շնչառության հետ կապված խնդիրներ ուներ։ Բոլորը կարծում էին, որ նա շուտով կմահանա։ Եկատերինան շատ ցավագին էր տանում այդ ամենը։ Ի ուրախություն ծնողների, երեխան շուտով ապաքինվեց և հաջորդ տասնմեկ տարիների ընթացքում Եկատերինան լույս աշխարհ բերեց ևս իննը երեխաներ, որոնցից երեքը մահացան մանուկ հասակում։
Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբետն ընտանիքի երկրորդ զավակն էր։ Արքայադուստրը հետաքրքրասեր էր և խելացի։ Նա շատ բարետես արտաքին ուներ, ինչը անտարբեր չէր թողնում նրա հասակակից պատանիներին։ Գրող Պիեռ դե Բուրդել Բրանտոմի կարծիքով նա ստեղծվել էր մինչև աշխարհի արարումը։
Իտալացի մոր կողմից Էլիզաբետն ժառանգել էր սև աչքերը, թուխ մազերը և բարձր ինտելեկտը, բայց ի տարբերություն Եկատերինայի, Էլիզաբետն ուներ մեղմ բնավորություն։
Էլիզաբետյի մասին լուրերը տարածվում էին նույնիսկ եվրոպական պալատներում և շատերն էին ցանկանում կնության վերցնել նրան։ Իսպանիայի հետ երկարատև պայքարի հետևանքով Ֆրանսիան բավականին թուլացել էր, այդ պատճառով Հենրիխն ու Եկատերինան որոշեցին Էլիզաբետյին կնության տալ Իսպանիայի թագաժառանգ Դոն Կարլոսին և այդ միջոցով ամրապնդել Իսպանիայի հետ կապերը։ Սակայն Ֆիլիպ II-ը կնոջ՝ Անգլիայի թագուհի Մարի Թյուդորի մահից հետո, չեղյալ հայտարարեց որդու հետ նշանադրությունը և ուղարկեց հերցոգ Ֆեռնանդո Ալբային Եկատերինա Մեդիչիի մոտ։
Ֆրանսիայի թագուհին նախ անակնկալի եկավ, բայց այնուամենայնիվ համաձայնություն տվեց իր դստեր և Իսպանիայի թագավորի ամուսնությանը, հույս ունենալով, որ Էլիզաբետն Կկարողանա օգտակար լինել Ֆրանսիային։
Հարսանեկան արարողություններին ընդառաջ, Էլիզաբետյի հայրը՝ Հենրիխ II-ը կազմակերպել էր ասպետական մրզաշար, որին մասնակցում էր և անձամբ ինքը։ Մրցաշարի ժամանակ հակառակորդի նիզակն անցավ նրա սաղավարտի միջով և խոցեց թագավորի աչքը։ Ծանր վերքը մահացու եղավ թագավորի համար և նա մահացավ մի քանի օր անց՝ 1559 թվականի հուլիսի 10-ին։ Հարսանեկան արարողությունը վերածվեց մեծ վշտի Էլիզաբետյի համար, բայց անցկացվեց ըստ պայմանավորվածության։ Այն տեղի ունեցավ 1559 թվականի հուլիսի 21-ին, Փարիզում։ Փեսացուի փոխարեն ներկա էր հերցոգ Ալբան։ Այդ օրվանից մահը Էլիզաբետյի և նրա մանկության ընկերուհի Մարի Ստյուարտի համար դարձավ անբաժան ընկեր։ Կես տարի անց, Էլիզաբետն հեռացավ Ֆրանսիայից՝ ուղևորվելով Իսպանիա։ Անցնելով Պիրենեյներ լեռները և Գուադալախարան՝ նա առաջին անգամ հանդիպեց իր ամուսնուն՝ ով մեծ էր նրանից տասնութ տարով։ Ֆիլիպը մտահոգ հարցրեց իր կնոջը, թե արդյոք չեն հիասթափեցնում նրան իր ալեհեր մազերը և տարիքը։ Ամուսնական իրական արարողությունը կայացավ 1560 թվականի փետրվարի 2-ին Տոլեդոյում։ Մարիա Պորտուգալացուց և Մարի Թյուդորից հետո, Էլիզաբետ Վալուան դարձավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի երրորդ կինը։
Իսպանիայի թագուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանացիները ֆրանսիական թագուհուն անվանում էին Իզաբել Համերաշխ (Isabel de la Paz), քանի որ նրա ամուսնությունը Ֆիլիպ II թագավորի հետ առիթ դարձավ Իսպանիայի և Ֆրանսիայի միջև երկար սպասված խաղաղության։ Էլիզաբետն ընդամենը տասնհինգ տարեկան էր երբ ամուսնացավ։ Նրա հասակակիցները հիանում էին Էլիզաբետյի գեղեցկությամբ։ Թուխ վարսերով, գեղեցիկ աչքերով, բարետես արտաքինով, անթերի կառուցվածքով, ճերմակ մաշկով, բարեկիրթ վարվեցողությամբ և նորաոճ զգեստներով նա գերեց ոչ միայն իր ամուսնու, այլ նաև պալատականների և իսպանացիների սրտերը։
Առաջին տարիներին նա շատ էր կարոտում իր հայրական տունը և փորձում էր հարմարվել իր նոր կարգավիճակով։ 1560 թվականի փետրվարին նա հիվանդացավ ջրծաղիկով և երկար ժամանակ պահանջվեց ապաքինվելու համար։ Նրա հյուծված մարմինը նույն տարվա մեջ ախտահարվեց նաև բնական ծաղիկ հիվանդությամբ, այնպես որ թագուհին ժամանակի մեծ մասն անց էր կացնում անկողնում։ Այդ ընթացքում թագավոր Ֆիլիպ II-ը, չնայած վարակվելու մեծ ռիսկին, չլքեց նրան ոչ մի վայրկյան և խնամեց թագուհուն։ Էլիզաբետն բարձր գնահատեց ամուսնու հոգածությունը և հաղթահարեց իր սկզբնական վախը լռակյաց ամուսնու հանդեպ։ Հետագա տարիներին, մինչ նրա վաղաժամ մահը Էլիզաբետն իր ամուսնու համար ամենավստահելի մարդն էր, ում հետ թագավորը քննարկում էր բոլոր խնդիրները, ներառյալ քաղաքական կարևոր հարցեր։
Ֆիլիպը, կենսագիրների ներկայացմամբ, հաշվենկատ, սառնասիրտ և մռայլ մարդ էր, ով երիտասարդ կնոջ ընկերակցությամբ դարձել էր կենսախինդ և սիրող ամուսին, ով իրականացնում էր կնոջ բոլոր ցանկությունները։ Էլիզաբետն փորձում էր մոռացության տալ ծնողների անհաջող ամուսնության մասին հիշեցնող մանկության դառը հիշողություններ։ նա երազում էր կատարյալ ամուսնական կյանքի մասին։ Չնայած Ֆիլիպը շատ էր սիրում կնոջը, այնուամենայնիվ, ամուսնական կյանքը նրա օրակարգում երկրորդ տեղն էր զբաղեցնում։ Ֆիլիպ II-ը միապետ էր և ռազմական արշավանքներ կազմակերպելու և քաղաքական կարևոր որոշումների վրա նա ծախսում էր իր ժամանակի մեծ մասը։
Իսպանիայի թագաժառանգի մասին երազանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբետյի կյաքում եղան փոփոխական ժամանակներ։ Որպես Իսպանիայի թագուհի, նա նոր նպատակներ ուներ։ Նա օգնում էր իր ամուսնուն պետական գործերում և ֆրանսիական երիտասարդ թագուհուց կամաց վերածվում էր իսպանականի կիրթ, գթասիրտ, նվիրյալ և կարեկից թագուհու, ում համար ժողովրդի բարեկեցությունը առաջնահերթ էր։
Էլիզաբետն մեծ պատասխանատվությամբ էր կատարում թագուհու իր պարտականությունները, բայց իր գլխավոր դերը՝ թագի ժառանգորդ լույս աշխարհ բերելը, մնաց անկատար։ Նա շատ ծանր հղիություն էր ունենում։ 1564 թվականի մայիսին նա հղիացավ, իսկ չորրորդ ամսում բժիշկները չկարողացան կարգավորել նրա բարձր ջերմությունը։ Բուժման միջոցներից հետո նրա մոտ ժամանակից շուտ ծննդաբերության նշաններ եղան և նա կորցրեց զույգ աղջիկների։ Դրանից հետո Էլիզաբետն երկար ժամանակ կենաց ու մահու պայքար էր տալիս և հաճախ էր կորցնում գիտակցությունը։
Հաճախակի դարձած հիվանդություններն ու անհաջող ծննդաբերությունը մեծ վնաս հասցրին նրա առողջությանը։ Նա դարձավ գունատ ու նիհար, սակայն նա չէր դադարում օգնել իր ամուսնուն պետական գործերում։
1565 թվականի վերջին նա կրկին հղիացավ։ Չնայած ծանր ծննդաբերությանը, Էլիզաբետն ունեցել է երկու աղջիկներ․ 1566 թվականին՝ Իզաբելա Կլարա Եվգենիան և մեկ տարի անց՝ Կատալինա Միկելա։ 1568 թվականի աշնանը հերթական հղիության ընթացքում թագուհին ծանր հիվանդացավ։ Հոկտեմբերի 3-ի առավոտյան նրա մոտ վաղաժամ ծննդաբերություն սկսվեց։ Նա ունեցավ երրորդ դուստրը, ով շուտով մահացավ։ Էլիզաբետն մահացավ հենց նույն օրը՝ ամուսնու ներկայությամբ, նրան թողնելով անժառանգորդ։ Նա մահացել է Արանխուեսում և հուղարկավորվել Էլ Էսկորիալ եկեղեցում։
1570 թվականին Ֆիլիպ II-ը չորրորդ անգամ ամուսնացավ։ Այս անգամ իր զարմուհի Աննա Ավստրիացու հետ, ով 1578 թվականի ապրիլի 14-ին նրա համար լույս աշխարհ բերեց երկար սպասված թագաժառանգին՝ Ֆիլիպ III-ին։ Այնուամենայնիվ, Իսպանիայի միապետը չկարողացավ տալ իր չորրորդ կնոջն ու նրա որդուն այն սերը, որ ուներ Էլիզաբետյի և նրա դստրերի հանդեպ, ում նա դիմում էր պետական կարևոր որոշումներ ընդունելիս։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկվորյակ աղջիկներ (1564).
- Իզաբելլա Կլարա Եվգենիա (12 օգոստոսի 1566 — 1 դեկտեմբերի 1633), հերցոգ Ալբրեխտ VII-ի կինը, Իսպանական Նիդերլանդների առաջնորդ։
- Կատերին Միշել (10 հոկտեմբերի 1567 — 6 նոյեմբերի 1597)Կառլ Էմանուել I-ի կինը։ Այս ամուսնությունից են սերում Սարդինիայի և Իտալիայի բոլոր թագավորները, նույնիսկ՝ Ումբերտո I-ը։ Այս գերդաստանից է սերում նաև հայտնի զորավար Եվգենի Սավոյացին՝ հայրական կողմից և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ XV-ը՝ մորական կողմից։
- Դուստր (1568).
-
Իզաբելա Կլարա Եվգենիա և Կատալինա Միկաելա
-
Իզաբելա Կլարա Եվգենիա
-
Կատալինա Միկաելա
Առասպել
[խմբագրել | խմբագրել կոդը]Առասպելի համաձայն, Էլիզաբետն սիրային հարաբերությունների մեջ է եղել Ֆիլիպ II-ի որդու՝ Դոն Կարլոսի հետ, ինչն էլ ոգեշնչել է Յոհան Ֆրիդրիխ Շիլլերին գրելու «Դոն Կարլոս» դրաման։
Դոն Կարլոսը թագավորի օրինական ավագ որդին էր և Իսպանիայի թագաժառանգը։ Կարծիք կա, որ նա հոգեպես և ֆիզիկապես տկար էր։ Ենթադրվում էր, որ դրա պատճառը ծնողների մոտ բարեկամական կապն է եղել․ Ֆիլիպ II-ը իր առաջին կնոջ՝ Մարիա Պորտուգալացու զարմիկն էր։ Մեկ այլ վարկածով, Դոն Կարլոսը գլխուղեղի վնասվածք էր ստացել դեռևս մանուկ հասակում։ Այդ ամենի պատճառով նա դարձել էր անկառավարելի, ինչն էլ ստիպում էր հորը նրան մեկուսացնել շրջակա միջավայրից։
Էլիզաբետն ժամանակի մեծ մասն անց էր կացնում իր հասակակցի հետ։ Ժամանակի ընթացքում երիտասարդների մոտ փոխադարձ վստահություն առաջացավ։ Էլիզաբետն փորձում էր մտերմացնել Ֆիլիպին որդու հետ, ինչը նրան որոշ ժամանակ հաջողվեց։ Շուտով, երկրորդ դստեր ծնվելուց հետո նրան հայտնեցին Դոն Կարլոսի ձեռբակալման մասին լուրը։ Էլիզաբետն այնքան ծանր տարավ այն, որ երկար ժամանակ փակված մնաց իր սենյակում։ Դոն Կարլոսը մահացավ Էլիզաբետ Վալուայի մահից չորս ամիս առաջ։
Չնայած նրանց սիրավեպի մասին լուրերի, խորթ մոր և Կարլոսի միջև կապը հիմնված էր կարեկցանքի և ընկերության վրա, և ավելի ուշ միայն այդ հարաբերությունները բնութագրվեցին որպես սիրավեպ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #119232820 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Kindred Britain
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martha Walker Freer. Elizabeth de Valois — Queen of Spain and the Court of Philip II. — Bd. 1 und 2. — L., 1857 (Volume 1. Online, Volume 2. PDF; 10,6 MB).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբետ Վալուա» հոդվածին։ |
|