Էլիզաբեթ Վուդվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Վուդվիլ
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ և ազնվական
Ծննդյան օր մոտ ապրիլի 28, 1437
Ծննդավայր Grafton Regis, Միացյալ Թագավորություն[1]
Վախճանի օր հունիսի 8, 1492 (55 տարեկան) կամ 1492[2]
Վախճանի վայր Բերմոնդսի, Սաութուրք
Թաղված Սուրբ Գեորգի մատուռ
Դինաստիա Woodville family? և Յորքեր
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն
Հայր Richard Woodville, 1st Earl Rivers?[3]
Մայր Jacquetta of Luxembourg?[3]
Ամուսին մոտ Sir John Grey of Groby?[3] և Էդուարդ IV[3]
Զավակներ Թոմաս Գրեյ, Դորսեթի 1-ին մարկիզ[3], Richard Grey?[3], Էլիզաբեթ Յորքեցի[3], Մարիա Յորք, Սեսիլիա Յորք, Էդուարդ V[3], Margaret of York?, Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս[3], Աննա Յորք[3], Ջորջ Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս, Քեթրին Յորք և Բրիջիտ Յորք
 
Ինքնագիր Изображение автографа
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վուդվիլ

Էլիզաբեթ Վուդվիլ (անգլ.՝ Elizabeth Woodville[Մ 1], մոտ՝ 1437[4]-1492 թվականի հունիսի 8), Անգլիայի թագուհի, Էդուարդ IV թագավորի կինը, Ռիվերսի 1-ին կոմս Ռիչարդ Վուդվիլի և Ժակետա Լյուքսեմբուրգցու դուստրը։

Էլիզաբեթ թագուհու ծննդյան պահին նրա ընտանիքը պատկանում էր Անգլիայի միջին դասի արիստոկրատիային։ Առաջին ամուսնությունը կնքվել Է Էլիզաբեթի և Գրոուբիից սըր Ջոն Գրեյի միջև, ով Լանքասթերների կողմնակիցն էր, զոհվել Է Սենտ-Օլբանսի երկրորդ ճակատամարտում՝ Էլիզաբեթին թողնելով այրի՝ երկու որդիների հետ։ Էդուարդ IV-ի հետ նրա երկրորդ ամուսնությունը դարձել է сause célèbre՝ շնորհիվ Էլիզաբեթի անհավատալի գեղեցկության և նրա՝ մեծ կալվածքներ չունենալով։ Էդուարդ IV-ը նորմանդյան նվաճումից հետո երկրորդ թագավորն էր, ով ամուսնացավ իր հպատակի հետ, իր հերթին Էլիզաբեթը դարձավ թագավորի առաջին կինը, ով թագադրվեց որպես թագուհի[Մ 2]։ Թագավորի հետ Էլիզաբեթ թագուհու ամուսնությունը զգալիորեն հարստացրեց նրա եղբայրներին, քույրերին և երեխաներին, սակայն, նրանց բարգավաճումը հանգեցրեց Ուորիքի կոմս Ռիչարդ Նևիլի՝ «թագավորներ արտադրողի» թշնամանքին և պառակտված թագավորական ընտանիքում ամենախոշոր գործիչների հետ տարբեր միությունների կնքմանը։

Էդուարդի և Ուորիքի միջև թշնամանքը վերածվեց բաց մրցակցության, ինչն, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Ուորիքը հակվեց դեպի Լանքասթերները։ Էլիզաբեթը պահպանեց իր քաղաքական ազդեցությունը նույնիսկ որդու՝ Էդուարդ V-ի կարճատև կառավարման ավարտից հետո, վերջինս տապալվեց իր հորեղբայր Ռիչարդ III-ի կողմից։ Էլիզաբեթը կարևոր դեր է խաղալու նաև 1485 թվականին Հենրի VII-ի գահակալության ապահովման գործում, որով ավարտվել է Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը։ Այնուամենայնիվ, 1485 թվականից հետո նա ստիպված էր առաջնությունը զիջել Հենրիի մորը՝ լեդի Մարգարետ Բոֆորթին, ուստի նրա ազդեցության աստիճանն այս տարիների իրադարձությունների վրա և արքունիքից հնարավոր հեռացումը մնում են անհասկանալի[5][6]։

Երկու ամուսնություններում Էլիզաբեթը ծնել է 12 երեխա, որոնց թվում էին Թաուերի արքայազնները և Էլիզաբեթ Յորքը. վերջինիս գծով Էլիզաբեթը թագավոր Հենրի VIII-ի մայրական տատիկն էր և Էդուարդ VI թագավորի և Մարի Արյունոտ ու Եղիսաբեթ I թագուհիների նախատատը, ինչպես նաև՝ Մարի Ստյուարտի նախանախատատը։ Շնորհիվ իր դստեր՝ Էլիզաբեթ Յորքի, Էլիզաբեթ Վուդվիլը համարվում է բոլոր անգլիական՝ սկսած Հենրի VIII-ից, և Շոտլանդիայի բոլոր միապետների՝ սկսած Ջեյմս V-ից, նախնին։

Վաղ կյանք և առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Վուդվիլը ծնվել է մոտ 1437 թվականին, ենթադրաբար՝ հոկտեմբեր ամսին[Մ 3][8], Նորթհեմփթոնշիրի Գրաֆթոն-Ռեջիսում։ Նա անգլիական արքունիքը ցնցած սոցիալական անհավասար ամուսնության առաջնեկն էր։ Նրա հայրը՝ սըր Ռիչարդ Վուդվիլը, դստեր ծննդյան պահին հասարակ ասպետ էր։ Վուդվիլները, լինելով հին և պատվելի ընտանիք, ավելի ազնվական էին, քան նշանակալի, ունեին բավականին հողեր և հարստություն, նրանք ընտանիք էին, որտեղից ավելի վաղ դուրս էին եկել շերիֆներ, պատգամավորներ, լիազորված անձինք, բայց ոչ՝ թագավորության պերեր։ Սըր Ռիչարդի հայրը լավ կարիերա էր արել թագավորական ծառայությունում՝ բարձրանալով մինչև Ջոն Լանքասթերի՝ Բեդֆորդի դուքսի, սենեկապետի աստիճանին։ Սըր Ռիչարդը, հոր հետքերով, դքսի մոտ ծառայության անցավ, որտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Ժակետա Լյուքսեմբուրգցուն։ Լինելով Սեն Պոլի կոմս Պիեռ Լյուքսեմբուրգցու և Մարգարիտա դե Բոյի դուստրը՝ Ժակետան 17 տարեկանում՝ 1433 թվականին կնության էր տրվել Բեդֆորդի դքսին, ով բավականին մեծ էր աղջկանից (վերջինս նրա երկրորդ կինն էր) և վատառողջ էր, ինչի հետևանքով էլ մահացավ 1435 թվականին՝ Ժակետային թողնելով անզավակ, բայց՝ հարուստ[Մ 4]։ Նա պետք է թույլտվություն ստանար թագավորից՝ նորից ամուսնանալու համար, սակայն 1437 թվականի մարտին, պարզվեց, որ Ժակետան գաղտնի ամուսնացել է սըր Ռիչարդ Վուդվիլի հետ, որը իր աստիճանով շատ ավելի ցածր էր նրանից և հարմար ամուսին չէր համարվում այն կնոջ համար, որը հարգված էր որպես թագավորի մորաքույր։ Ամուսինները տուգանվեցին 1000 ֆունտ սթերլինգով, սակայն գումարը նրանց վերադարձվեց նույն տարվա հոկտեմբերին։

Չնայած նման անբարենպաստ մեկնարկին, ամուսնական զույգը շուտով սկսեց բարգավաճել՝ շնորհիվ հիմնականում Ժակետայի հանդեպ արքայական ընտանիքի բարյացակամության։ Նա պահպանել էր իր տիտղոսը և բաժինքը որպես Բեդֆորդի դքսուհի, ինչի շնորհիվ ի սկզբանե նրա համար ապահովված էր տարեկան £7000-ի և £8000-ի եկամուտը (գումարը տարիներ շարունակ նվազել է Ֆրանսիայում տարածքային կորուստների և Անգլիայում թագավորական ֆինանսների կոլապսի պատճառով)։ Սըր Ռիչարդը արժանացավ մի քանի զինվորական կոչումների, որոնցում նա իրեն դրսևորում էր որպես ունակ զինվոր։ Հետագա ձեռքբերումները եկան Հենրի VI-ի և Մարգարիտա Անժուացու ամուսնության հետ միաժամանակ․ վերջինիս հորեղբայրը Ժակետայի փեսան էր։ Վուդվիլները հայտնվեցին նրանց շարքում, ովքեր ընտրվել էին հարսնացուին դեպի Անգլիա ուղեկցելու համար։ Ընտանիքը հետագայում օգտվեց թագավորական ընտանիքի հետ այս կրկնակի կապից, և սըր Ռիչարդը 1448 թվականին ստացավ Ռիվերսի բարոնի տիտղոսը։ Այդ պատճառով նրանց երեխաները մեծացել են արտոնությունների և նյութական բարեկեցության մթնոլորտում։

Թոմաս Մորը պնդում է, որ Էլիզաբեթը նույնացվում էր «Իզաբել Գրեյի»՝ Մարգարիտա Անժուացու շքախմբի երիտասարդ ազնվական օրիորդի հետ։ Ժամանակակից պատմաբանները (օրինակ, Մայերսը, Սմիթը և Բոլդուինը) նշել են, որ 1445 թվականին Մարգարիտային Ֆրանսիայից Անգլիա ուղեկցող մի քանի ավելի հավանական թեկնածուներ կային, քան Էլիզաբեթը, այդ թվում՝ տիկին Իզաբելլա Գրեյը կամ Էլիզաբեթ Գրեյը, ով 1445 թվականին երեխաներ ունեցող այրի էր[10][11]։

Մոտավորապես 1452 թվականին Էլիզաբեթը ամուսնանում է Գրոուբիից Ջոն Գրեյի հետ, որը բարոնի տիտղոսի ժառանգ էր։ Ջոնը սպանվեց 1461 թվականին Սենտ-Օլբանսի երկրորդ ճակատամարտում՝ հանդես գալով Լանքասթերների կողմում։ Ջոնի մահը հետագայում դարձավ արքունական հեգնանքի պատճառ, քանի որ Էլիզաբեթի երկրորդ ամուսինը դարձավ գահի յորքյան հավակնող Էդուարդ IV-ը (Ջոնի մահվան պահին)։ Էլիզաբեթը այրի դարձավ իր երկու որդիների հետ։

Էլիզաբեթին անվանել են «Բրիտանական կղզու ամենագեղեցիկ կինը՝ վիշապի նման ծանր կոպեր ունեցող աչքերով»[12]։

Թագավորի կին[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի ամուսնությունը: Մանրանկարչություն Ժաննա դե Վավրինից, 1470—1480 թթ

Էդուարդ IV-ը, ով բազմաթիվ սիրուհիներ ուներ, որոնց թվում առավել հայտնի էր Ջեյն Շորը, հավատարիմ տղամարդու համբավ չուներ։ Նրա ամուսնությունը այրի Էլիզաբեթ Վուդվիլի հետ գաղտնի է տեղի ունեցել, և չնայած ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ՝ ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել (միայն հարսնացուի մայրը և երկու աղախիններն են իմացել ամուսնության մասին), Նորթհեմփթոնշիրում, 1464 թվականի մայիսի 1-ին[13][14]՝ ավելի քան երեք տարի անց այն բանից հետո, երբ Էդուարդ IV-ը Տոնտոնի ճակատամարտում Լանքասթերների նկատմամբ Յորքերի մեծ հաղթանակից հետո հայտնվեց անգլիական գահին։ Էլիզաբեթ Վուդվիլը թագադրվեց 1465 թվականի մայիսի 26-ին՝ Համբարձման տոնից հետո։

Թագուհի Էլիզաբեթը, Էդուարդը և նրանց ավագ որդին։ XV դարի ձեռագրի մանրանկարչության հատված

Իր կառավարման առաջին տարիներին Էդուարդ IV-ը Անգլիան ղեկավարում էր կողմնակիցների մի փոքր շրջանի միջոցով, որտեղ առաջին դերը կատարում էր Էդուարդի ազգական Ռիչարդ Նևիլը՝ Ուորիքի կոմսը։ Էդուարդ IV-ի գաղտնի ամուսնության գրեթե ողջ շրջանում Ուորիքը բանակցություններ էր վարում Ֆրանսիայի հետ, որպեսզի խանգարի իր ոխերիմ թշնամի Մարգարիտա Անժուացու՝ գահընկեց արված Հենրի VI-ի կնոջ կողմից համանման համաձայնագրին։ Նախատեսված էր, որ Էդուարդ IV-ը պետք է ամուսնանա արքայադուստր Բոնա Սավոյացու հետ, որը մանկուց դաստիարակվել էր Ֆրանսիայում։ Երբ թագավորի և Էլիզաբեթ թագուհու ամուսնությունը, որը ծագում էր հասարակ մարդկանց ընտանիքից, ինչպես նաև Լանքասթերների կողմնակիցն էր, դարձավ հասարակության սեփականությունը, Ուորիքը միաժամանակ շփոթվեց և վիրավորվեց, և նրա հարաբերությունները Էդուարդի հետ այդպես էլ երբևէ չվերականգնվեցին նախկին մակարդակի չափով։ Ամուսնությունը վատ ընդունվեց նաև Գաղտնի խորհրդում, որը Էդուարդին մեծ անկեղծությամբ հայտնեց, որ «ինքը պետք է իմանա, որ նա իր նման արքայազնի կինը չէ»։

Իշխանության գալով՝ նոր թագուհին իր հետ բերեց բազմաթիվ եղբայրներ ու քույրեր, որոնք շուտով բարեկամացան Անգլիայի ամենահայտնի ընտանիքների հետ[15]։ Էլիզաբեթի քույրերից երեքն ամուսնացան Կենտի, Էսեքսի և Պեմբրուկի կոմսերի որդիների հետ։ Մյուս քույրը՝ Եկատերինան, ամուսնացավ Բեքինգհեմի 2-րդ դքսի՝ տասնմեկամյա Հենրի Ստաֆորդի հետ․ Էդուարդ IV-ի մահից հետո Բեքինգհեմը միացավ Գլոստերի դքսին, որը հանդես էր գալիս ընդդեմ Վուդվիլների։ Էլիզաբեթի 20-ամյա եղբայրը՝ Ջոնը, ամուսնացավ Եկատերինա Նևիլի՝ Նորֆոլքի դքսուհու հետ, որը նրանից ավելի քան 40 տարով մեծ էր և հասցրել էր երեք անգամ այրիանալ։ Այնուամենայնիվ, Եկատերինա Նևիլը վերապրել է նաև այս ամուսնուն։

Էլիզաբեթ Վուդվիլի՝ որպես թագուհի-կոնսորտ, զինանշանը․ Անգլիայի թագավորական զինանշանը (ձախից) զուգորդված է Վուդվիլների զինանշանի հետ[16][17].

1469-1471 թվականների ճգնաժամը[խմբագրել | խմբագրել կոդը]

1469 թվականի մարտին Էլիզաբեթ թագուհին ծնեց ևս մեկ դուստր՝ Սեսիլիային, ինչը լուրջ անհանգստություն առաջացրեց թագավորի մոտ և ստիպեց նրան մտածել, որ իրենից հետո երկիրը կղեկավարի ավագ դուստրը՝ Էլիզաբեթը։ Մեկ տարի առաջ արքունիքում լուրեր էին տարածվել թագավորի կողմնակից կոմս Ուորիքի և թագուհու միջև թշնամանքի սրման մասին․ թագուհու բազմաթիվ հարազատներն էին պալատում առաջ քաշել կոմսին։ 1468 թվականին Էդուարդ IV-ի և Ուորիքի միջև պառակտում էր տեղի ունեցել թագավորի քրոջ՝ Մարգարիտայի ամուսնության պատճառով. Ուորիքը, չկարողանալով թագավորին ամուսնացնել ֆրանսիական արքայադստեր հետ, ցանկանում էր Ֆրանսիայի հետ դաշինք կնքել Մարգարիտայի և ֆրանսիացի արքայազնի ամուսնության միջոցով, սակայն Էդուարդ IV-ը, Վուդվիլների խորհրդով, քրոջը կնության տվեց Ֆրանսիայի թշնամուն՝ բուրգունդացի դուքս Կարլին, որին Ուորիքն ատում և արհամարհում էր։ Ուորիքի և թագավորական զույգի միջև թշնամանքը հանգեցրեց կոմսի միությանը թագավորի կրտսեր եղբոր՝ Ջորջ Քլարենսի հետ, որին արքայադուստր Էլիզաբեթը, փաստորեն, հեռացրեց գահաժառանգի պաշտոնից[18]։

Ավելի վաղ, դեռևս այն ժամանակ, երբ թագավորը մտերիմ էր Ուորիքի հետ, կոմսը ցանկանում էր իր դուստրերին՝ Իզաբելային և Աննային, որոնք Անգլիայի ամենահարուստ ժառանգներն էին, ամուսնացնել թագավորի եղբայրների հետ, սակայն Էդուարդ IV-ը մերժել էր նրան՝ վախենալով Նևիլների առաջխաղացումից։ 1469 թվականի հուլիսին Քլարենսը բացահայտ անհնազանդություն ցուցաբերեց եղբորը՝ Կալեում ամուսնանալով Ուորիքի ավագ դստեր հետ, այնուհետև նրանք երկուսով զորքով ժամանեցին Անգլիա և հայտարարեցին Ջորջի՝ անգլիական գահի նկատմամբ հավակնությունների մասին՝ Էդուարդ IV-ին հայտարարելով բաստարդ, որը ծնվել է Սեսիլիա Նևիլի և անգլիացի աղեղնավոր Բլեյբերնի հետ կապից[19]։ Այդ ժամանակ թագուհին առնվազն երկու դուստրերի հետ մեկնեց Նորիջ, որտեղ նրանց ընդունեցին շքեղ հանդիսություններով և թատերական ներկայացումներով։ Թագուհուն և արքայադուստրերին բնակեցրեցին քարոզիչ-վանականների տանը, որտեղ թագավորական ընտանիքը նորություններ ստացավ այն մասին, որ Ուորիքը ոչ միայն հաղթել է Էջքոթ Մուրի ճակատամարտում, այլև բռնել է թագավորին, ինչպես նաև՝ առանց դատարանի մահապատժի է ենթարկել Էլիզաբեթ թագուհու հորը և եղբորը՝ կոմս Ռիվերսին և Ջոն Վուդվիլին[20]։ Միաժամանակ ձերբակալվել էր նաև թագուհու մայրը՝ Ժակետա Լյուքսեմբուրգցին, ում մեղադրում էին կախարդության և թագավորին կախարդելու մեջ։ Թեև նա արդարացվեց, սակայն այս տհաճ դրվագը, ինչպես նաև կոմս Ռիվերսի մահապատիժը ցույց տվեցին, թե որքան հեռու էին պատրաստ գնալ Էդուարդ IV-իթշնամիները՝ նրա կնոջն ու ընտանիքը ոչնչացնելու համար։ Չնայած այս ամենին՝ թագուհին և նրա դուստրերը Ուորիքի կարճատև առաջխաղացման ժամանակ չեն տուժել, բացառությամբ այն բանի, որ Էլիզաբեթ Վուդվիլի աղախնի հաստիքը կրճատել էին[21]։

1469 թվականի աշնանը Էդուարդ IV-ին հաջողվեց ազատություն ստանալ, և արդեն սեպտեմբերին նա հաղթական երթով մտավ Լոնդոն, որտեղ սկսեց ազնվականներին գրավել իր կողմը։ Միաժամանակ, թագավորը իր երեքամյա դստերը՝ Էլիզաբեթին հռչակեց գահի հավանական ժառանգորդ[22], թեպետ անգլիական գահը իգական ներկայացուցչին փոխանցելը ընդունելի չէր[Մ 5]․ այս քայլը Քլարենսին ստորացնելու նպատակ էր հետապնդում։ Միևնույն ժամանակ, Էդուարդ IV-ը դստեր ձեռքն առաջարկեց իր կողմնակիցներին․ 1469 թվականի աշնանը, հզոր դաշնակցի հավատարմությունը պահպանելու համար, Էդուարդը Ուորիքի եղբայր Ջոն Նևիլին շնորհեց Մոնթեգյուի մարկիզի տիտղոսը և Էլիզաբեթին որպես հարսնացու առաջարկեց նրա հնգամյա որդու՝ Ջորջի[en] համար․ այս ամենը արվում էր այն հույսով, որ եթե Էդուարդ IV-ը սպանվի, Ջոն Նևիլը կարողանա ապահովել Էլիզաբեթի և Ջորջի թագադրումը, նախքան Քլարենսին կհաջողվի գրավել գահը[24]։ 1469 թվականի Սուրբ Ծնունդին ընդառաջ Ուորիքն ու Քլարենսը ներում ստացան ու վերադարձան Վեստմինստեր, սակայն Էդուարդն ակնհայտորեն չէր վստահում նրանց[25]։

1470 թվականի գարնանը Էդուարդ IV-ը լիովին վերականգնեց վերահսկողությունը կառավարության վրա և Ուորիքին ու Քլարենսին հայտարարեց դավաճաններ։ Նրանք երկուսն էլ փախան Ֆրանսիա, որտեղ Ուորիքը պլանավորեց իր կրտսեր դստերը ամուսնացնել նախկին թագուհի Մարգարիտա Անժուացու որդու՝ Էդուարդ Վեստմինստերացու հետ։ Սակայն Մարգարիտան ձգձգում էր պատասխանը, քանի որ, նրա խոսքով, Անգլիայից նամակ էր ստացել, որում իր որդուն առաջարկվում էր ամուսնանալ արքայադստեր հետ, և, այդպիսով, նախկին թագուհին կարող էր որդու համար ավելի շահավետ միություն կնքել։ Չնայած Էլիզաբեթն այդ պահին նշանված էր Ջորջ Նևիլի հետ, Էդուարդ Վեստմինստերացու հետ արքայադստեր ամուսնությունը միակ միջոցն էր կանխել վերջինիս միությունը Նևիլների հետ և վերջ դնել Լանքասթերների և Յորքերի միջև առկա թշնամանքին։ Հավանաբար, Մարգարիտա Անժուացին հույս ուներ, որ Էդուրադ IV-ի մահից հետո թագավորը կդառնա իր որդին, սակայն միևնույն ժամանակ թագուհի Էլիզաբեթը ևս մեկ երեխայի էր սպասում, և եթե տղան ծնվեր, Մարգարիտայի որդու և արքայադուստր Էլիզաբեթի ամուսնությունը նրա համար կկորցներ ողջ իմաստը։ Ամենայն հավանականությամբ, անգլիական արքայադստեր հետ ամուսնության առաջարկ չէր էլ եղել, և Մարգարիտան պարզապես ստում էր[26]։ 1470 թվականի հուլիսին Ուորիքի և ֆրանսիական թագավորի ճնշման ներքո Մարգարիտա Անժուացին համաձայնում է իր տղային ամուսնացնել Աննա Նևիլի հետ[27]։

1470 թվականին Էդուարդ IV-ը ստիպված եղավ լքել իր թագավորությունը։ 1470 թվականի սեպտեմբերին, երբ նա պատրաստվում էր Ուորիքի և Մարգարիտա Անժուացու միացյալ ուժերի ներխուժմանը, Էլիզաբեթը դուստրերի հետ տեղափոխվեց Լոնդոնի Թաուեր․ գալիք ճգնաժամը կանխատեսելով՝ թագուհին Թաուերը դարձրեց «լավ պատրաստված և ամրացված»։ Էլիզաբեթը հղիության 7-րդ ամսում էր, և նրա համար ծննդասենյակ էին պատրաստել, սակայն դրանից օգտվել նրան չհաջողվեց․ երբ Ուորիքը ներխուժեց Անգլիա, վերջինիս եղբայր Մոնթեգյուն լքեց Էդուարդին, իսկ հոկտեմբերի սկզբին Լոնդոնում լուր տարածվեց այն մասին, որ թագավորը եղբոր՝ Ռիչարդ Գլոստերի հետ փախել է երկրից՝ միայն վերադարձի մշուշոտ հույս ունենալով[27]։ Մոնթեգյուի դավաճանությունը նշանակում էր, որ Ջորջ Նևիլի հետ Էլիզաբեթի նշանադրությունը խզված է[28][22]։ Հոկտեմբերի 6-ին Ուորիքն ու Քլարենսը մուտք գործեցին Սիթի, իսկ արդեն հոկտեմբերի 30-ին պաշտոնապես գահ բարձրացավ Հենրի VI թագավորը[29]։

Ստանալով ամուսնու անկման մասին լուրը՝ թագուհի Էլիզաբեթը մոր և երեք դուստրերի հետ միասին[30] կեսգիշերին գետային բեռնանավով հապշտապ հեռացավ Թաուերից և ապաստանեց Վեստմինստերյան աբբայությունում, որտեղ նրան գիտեին որպես շատ բարեպաշտ կին։ Նա հղիության ութերորդ ամսում էր և, հավանաբար, «գրեթե հուսահատության աստիճանի» կարիք ուներ կանգ առնել այնպիսի վայրում, ինչպիսին Սուրբ Պետրոսի տաճարն էր[Մ 6]։ Երբ թագավորական ընտանիքը ժամանեց, աբբայությունը գրեթե դատարկ էր. իր հովանավորության ներքո նրանց ընդունեց Վեստմինստերի աբբահայր Թոմաս Միլինգը՝ բարի, հյուրընկալ մարդ, նա չցանկացավ թագուհուն երեխաների հետ տեղավորել հանցագործների հետ և նրանց զիջեց աբբայության արևմտյան մուտքի մոտ գտնվող իր տունը, որտեղ կային երեք սենյակներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրա հարմարության համար[32]։ Թագավորական ընտանիքին օգնություն էին ցուցաբերում նաև հասարակ լոնդոնցիները. մսագործ Ջոն Գուլդը Էդուարդ IV թագավորի ընտանիքին շաբաթական կովի կես և երկու ոչխար էր զոհաբերում, իսկ ձկնավաճառը նրանց մթերքով ապահովում էր ուրբաթ և ծոմապահության օրերին[29]։

Չնայած նրան, որ Ուորիքը բացահայտ չէր սիրում թագուհի Էլիզաբեթին, նա չէր պատրաստվում հետապնդել կնոջը։ Երբ Էլիզաբեթի հղիությունը մոտեցավ ավարտին, նրա մոտ Հենրի VI-ի խորհրդականների կողմից ուղարկվեցին ֆրեյլինա Էլիզաբեթ Գրեյսթոկը՝ լեդի Սկրոուպը, ում ծառայությունների դիմաց վճարվեց գանձարանից։ Ծննդաբերության ժամանակ նրա մոտ ուղարկեցին նաև մանկաբարձուհի Մարգարեթ Կոբբը, որին այդ ծառայությունների համար թոշակ նշանակվեց, ինչպես նաև Էլիզաբեթի անձնական բժիշկը՝ դոկտոր Դոմինիկ դե Սիրեգոն։ Բոլոր սրբերի օրը՝ 1470 թվականի նոյեմբերի 1-ին[33], կամ դրան հաջորդած օրը[34] Էլիզաբեթը տղա ունեցավ․ շատ հեգնական էր, որ երկար սպասված ժառանգորդը պետք է ծնվեր հոր արտաքսման ժամանակ, սակայն արքայազնի ծնունդը հույս ու մխիթարանք դարձավ Էդուարդ IV թագավորի կողմնակիցների համար։ Մինչդեռ Հենրի VI թագավորի կողմնակիցները կարծում էին, որ տղայի ծնունդն այժմ ոչ մի նշանակություն չունի, քանի որ Հենրին արդեն ժառանգորդ ուներ՝ Էդուարդ Վեստմինստերացին[33]։ Էլիզաբեթը երեխաների հետ ապաստանում մնաց ևս հինգ ամիս։ Նա լիովին գիտակցում էր, որ իր նորածին որդին կարող է որպես սպառնալիք դիտվել նոր ռեժիմի համար։ Նա գիտեր, որ «իր անվտանգությունը կախված է բացառապես այս սուրբ վայրի ընձեռնած մեծ արտոնությունից»։ Սակայն Ուորիքը չէր ծրագրել ուժով դուրս բերել Յորքերին ապաստանից, և թագուհին պատվով դիմացավ բոլոր փորձություններին, որոնք բաժին էին ընկել իրեն[35]։

Ժառանգի ծննդյան մասին նորությունների ներքո, ստանալով Բուրգունդյան դուքսի աջակցությունը, Էդուարդ IV-ը սկսեց նավատորմ հավաքել և ոտքի կանգնեցնել բանակը՝ նպատակ ունենալով վերադարձնել իր թագավորությունը։ 1471 թվականի գարնանը նա ներխուժեց Անգլիա՝ մեկը մյուսի հետևից նվաճելով կոմսությունները։ Միևնույն ժամանակ Քլարենսը լքեց Ուորիքին և դաշինքի մեջ մտավ իր եղբոր հետ։ Ապրիլի 9-ին, շարժվելով Դանստեյբլից հարավ, Էդուարդը «շատ հուսադրող ուղերձ հղեց իր թագուհուն»՝ նրան հիմք տալով հուսալու, որ ինքը կկարողանա հաղթել թշնամիներին։ Երկու օր անց նա անարգել մտավ Լոնդոն և Սուրբ Պողոսի տաճարում վերադարձրեց իր գահը։ Հենրի VI-ը կրկին տապալվեց և վերադարձվեց Թաուեր։ Նույն օրը, երբ Էդուարդը Վեստմինստերյան աբբայությունում շնորհակալական աղոթքի էր կանգնած, թագուհին երեխաների հետ դուրս բերվեց ապաստանից։ Հաջորդեց ուրախ վերամիավորումը, որը Էլիզաբեթի համար վերջին կաթիլը դարձավ. նա արցունքներով պոռթկաց, և Էդուարդը ստիպված էր հանգստացնել նրան։ Էլիզաբեթի ապրած փորձությունները ազդել էին նրա առողջության վրա, և նա բառացիորեն ուժասպառ էր եղել[36]։

Կրոնական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթը մասնակցել է քրիստոնեական բարեպաշտության բոլոր գործողություններին, որոնք ակնկալվում էին միջնադարյան կոնսորտ թագուհուց։ Դրանք ուխտագնացություններ էին, պապական ինդուլգենցիա ստանալն էր նրանց համար, ովքեր օրական երեք անգամ ծնկի էին գալիս ու կարդում էին Տիրոջ հրեշտակի աղոթքը, ինչպես նաև Վեստմինստերյան աբբայությունում Սուրբ Էրազմի մատուռի հիմնումը[37]։

Այրիացած թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1483 թվականի ապրիլին Էդուարդ IV-ի հանկարծակի մահից հետո (հավանաբար թոքաբորբի պատճառով) Էլիզաբեթը դարձավ այրի թագուհի և այդպիսին մնաց 63 օր, մինչև նրա որդին՝ Էդուարդ V-ը հռչակվեց թագավոր, իսկ վերջինիս հորեղբայրը՝ Գլոստերի դուքսը՝ լորդ-պրոտեկտոր։ Տագնապելով, թե Վուդվիլները կփորձեն մենիշխանություն հաստատել, Գլոստերը որոշեց իր վերահսկողության տակ առնել երիտասարդ թագավորին և հրաման արձակեց ձերբակալել Էնթոնի Վուդվիլին և Ռիչարդ Գրեյին՝ Էլիզաբեթի եղբորը և որդուն՝ առաջին ամուսնությունից։ Երիտասարդ թագավորը տեղափոխվեց Լոնդոնի Թաուեր՝ սպասելով թագադրման։ Էլիզաբեթը կրտսեր որդու և դուստրերի հետ ստիպված եղավ կրկին ապաստան փնտրել։ Լորդ Հաստինգսը՝ հանգուցյալ թագավորի լոնդոնյան առաջատար կողմնակիցը, ի սկզբանե աջակցում էր Գոլստերի գործողությունները, բայց հետո մեղադրվեց վերջինիս կողմից Էլիզաբեթ Վուդվիլի հետ իր դեմ դավադրական դաշինք կազմելու մեջ։ Հաստինգսը մահապատժի ենթարկվեց առանց դատարանի։ Եթե որևէ նման դավադրություն իսկապես տեղի է ունեցել, ապա դրա մասին ոչինչ հայտնի չէ[38]։ Ռիչարդը Էլիզաբեթին մեղադրեց իրեն «սպանելու և բացարձակ ոչնչացնելու» նպատակով դավադրության մեջ[39]։

Գլոստերը, որն այժմ մտադիր էր թագավոր դառնալ, 1483 թվականի հունիսի 25-ին Յորքշիրի Պոնտեֆրակտ ամրոցում մահապատժի ենթարկեց Էլիզաբեթի՝ ավելի վաղ ձերբակալված որդուն և եղբորը։ Խորհրդարանական Titulus Regius ակտում նա հռչակեց, որ ավագ եղբոր և Էլիզաբեթ Վուդվիլի երեխաները ապօրինի են այն հիմքով, որ իր եղբայրը նշանված է եղել այրի լեդի Էլեանոր Բատլերի հետ, ինչն այն ժամանակներում համարվում էի իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր, և ինչի պատճառով ցանկացած այլ ամուսնական պայմանագրեր առոչինչ են։ Բուրգունդյան տարեգիր Ֆիլիպ դե Կոմմինն ասել է, որ Բատայի և Ուելսի եպիսկոպոս Ռոբերտ Սթիլինգթոնը պնդել է, որ Էդուարդ IV-ի և լեդի Էլեանորի միջև նշանադրության արարողություն տեղի է ունեցել[40]։ Բացի այդ, փաստաթղթում մեղադրանքներ են եղել Էլիզաբեթի դեմ կախարդության համար, սակայն ոչ մի մանրամասնություն և հետագա հետևանքներ չեն եղել։ Որպես հետևանք, դուքս Գլոստերը և լորդ-պրոտեկտորը դարձավ Ռիչարդ III թագավոր։ Էդուարդ V-ը, ով չէր դադարում լինել թագավոր, և նրա եղբայր Ռիչարդը մնացին Թաուերում։ 1483 թվականի կեսերից հետո նրանց այլևս ոչ ոք չտեսավ։

Ռիչարդ III-ի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթը, ով այժմ արդեն լեդի Էլիզաբեթ Գրեյ էր[8], որդիներին ազատ արձակելու և ավագին գահին վերականգնելու նպատակով դավադրություն ձեռնարկեց։ Սակայն, երբ Բեքինգհեմի դուքսը՝ Ռիչարդ թագավորի մերձավորագույն համախոհներից մեկը, միացավ դավադրությանը, նախկին թագուհուն հայտնեց, որ արքայազնները սպանվել են։ Էլիզաբեթը և Բեքինգհեմը դաշինք կապեցին լեդի Մարգարետ Բոֆորթի հետ՝ աջակցելով նրա որդուն՝ Հենրի Թյուդորին՝ Էդուարդ III-ի ծոռանը[41], ով Լանքասթերների՝ արական գծով գահի ամենամոտ ժառանգորդն էր և գահին հավակնում էր օրինականության բոլոր մակարդակներով[Մ 7]։ Իրենց դիրքերն ամրապնդելու և թշնամական երկու ազնվական տների միավորման համար Էլիզաբեթ Վուդվիլը և Մարգարետ Բոֆորթը պայմանավորվեցին, որ վերջինիս որդին պետք է ամուսնանա առաջինի ավագ դստեր՝ Էլիզաբեթ Յորքի հետ, ով իր եղբայրների մահվան մասին հայտարարությունից հետո դարձել էր Յորքերի դինաստիայի ժառանգորդը։ Հենրի Թյուդորը համաձայնեց այդ ծրագրի հետ, իսկ դեկտեմբերին հրապարակավ երդում տվեց Ռեննի տաճարում։ Մեկ ամիս առաջ Բեքինգհեմի կողմից իրենց օգտին բարձրացված ապստամբությունը ճնշվեց։

Խորհրդարանի առաջին նիստում Ռիչարդ III-ը 1484 թվականի հունվարին Էլիզաբեթին զրկեց բոլոր այն հողերից, որոնք նա ստացել էր Էդուարդ IV-ի կառավարման ժամանակ[42]։ 1484 թվականի մարտի 1-ին Էլիզաբեթը դուստրերի հետ միասին լքեց ապաստանը այն բանից հետո, երբ Ռիչարդ III-ը հրապարակավ երդվեց, որ աղջիկներին վնաս չի հասցվի և նրանց սրտնեղություն չի պատճառվի։ Բացի այդ, Ռիչարդը խոստացավ, որ նրանք չեն բանտարկվի Թաուերում կամ որևէ այլ բանտում։ Նա նաև խոստացավ օժիտ տրամադրել նրանց և ամուսնացնել «ի ծնե ջենտլմենների» հետ։ Ընտանիքը վերադարձավ արքունիք՝ արտաքնապես համակերպվելով այն բանի հետ, որ իշխանության ղեկին Ռիչարդն է։ Ռիչարդ III-ի կնոջ՝ Աննա Նևիլի մահից հետո, 1485 թվականի մարտին, լուրեր տարածվեցին, որ ամուրի թագավորը մտադիր է ամուսնանալ իր գեղեցիկ և երիտասարդ զարմուհու՝ Էլիզաբեթ Յորքի հետ[43]։ Ռիչարդ III-ը հանդես եկավ հերքմամբ, թեև, ըստ Քրոուլենդյան տարեգրության, նրա վրա ճնշում էր գործադրվել Վուդվիլների թշնամիների կողմից, որոնք վախենում էին, որ ստիպված կլինեն վերադարձնել նրանցից խլված հողերը։

Հենրի VII-ի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

1485 թվականին Հենրի Թյուդորը ներխուժեց Անգլիա և հաղթեց Ռիչարդ III-ին Բոսվորտի ճակատամարտում։ Դառնալով թագավոր՝ Հենրին ամուսնացավ Էլիզաբեթ Յորքի հետ և չեղյալ հայտարարեց Titulus Regius[44]։ Էլիզաբեթ Վուդվիլին այրի թագուհու տիտղոս և պատիվ շնորհվեց[45]։

Գիտնականները տարբեր կարծիքների են այն հարցում, թե ինչու է այրի թագուհի Էլիզաբեթը կյանքի վերջին հինգ տարիները անցկացրել Բերմոնձի աբբայությունում, ուր նա հաստատվել էր 1487 թվականի փետրվարի 12-ից։ Այսպես, Դևիդ Բոլդուինը կարծում է, որ Հենրի VII-ն է ստիպել նրան հեռանալ պալատից, իսկ Արլին Օքերլանդը ապացույցներ է ներկայացնում 1486 թվականի հուլիսից, թե Էլիզաբեթը արդեն ինքն է պատրաստվել հեռանալ, որպեսզի աբբայությունում ապրի կրոնական, հայեցողական կյանքով[46]։ Արքունիքից հարկադրական հեռացման ևս մեկ պատճառ է համարվում Էլիզաբեթի մասնակցությունը (ուղղակի կամ անուղղակի[Մ 8]) յորքականների ապստամբությանը՝ Լամբերտ Սիմնելի գլխավորությամբ, 1487 թվականին[47][48]։

Աբբայությունում Էլիզաբեթը իր կարգավիճակի շնորհիվ շրջապատված է եղել հարգանքով, վարել է արքայական ապրելակերպ՝ ստանալով £ 400 կենսաթոշակ և փոքրիկ նվերներ փեսայից։ Նա Վեստմինստերյան պալատում 1489 թվականի նոյեմբերին ներկա է եղել թոռնուհու՝ Մարգարիտի և Գրինվիչի պալատում 1491 թվականի հունիսին՝ թոռան՝ Հենրի VIII-ի ծննդյան ժամանակ։ Նրա դուստրը՝ Էլիզաբեթ թագուհին, մորն այցելել է աբբայությունում, երբ հնարավորություն է ունեցել։ Էլիզաբեթին ավելի հաճախակի այցելել է նրա մյուս դուստրը՝ Սեսիլիա Յորքը։

Որոշ ժամանակ Հենրի VII-ը մտադիր էր իր զոքանչին ամուսնացնել շոտլանդական թագավոր Ջեյմս III-ի հետ, երբ վերջինիս կինը՝ Մարգարեթ Դանիացին, մահացավ 1486 թվականին[49]։ Բայց Ջեյմս III-ը սպանվեց 1488 թվականի ճակատամարտում, ինչը Հենրի VII-ի ծրագիրը դարձրեց անիրագործելի։

Էլիզաբեթ Վուդվիլը մահացել է 1492 թվականի հունիսի 8-ին Բերմոնձի աբբայությունում[8]։ Բացառությամբ թագուհու, ով սպասում էր իր չորրորդ երեխայի ծնունդին, և Սեսիլիա Յորքի, Վինձորի ամրոցի հուղարկավորությանը ներկա էին Էլիզաբեթ թագուհու բոլոր դուստրերը՝ Աննա Յորքը (Թոմաս Հովարդի ապագա կինը), Քեթրին Յորքը (Դևոնի ապագա կոմսուհին) և Բրիջիտ Յորքը (Դարթֆորդի պրիորատի միանձնուհի)։ Էլիզաբեթի կամքն է եղել, որ այդ արարողությունը համեստ լինի[50]։ Նրա՝ 1492 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած հուղարկավորության պահպանված հաշիվները ցույց են տալիս, որ, առնվազն, «ակնհայտորեն զգացվում է, որ թագուհու հուղարկավորությունը պետք է ավելի շքեղ լիներ» և, հնարավոր է այն առարկությունը, որ «Հենրի VII-ը հարկ չի համարել կազմակերպել իր զոքանչի ավելի արքայական թաղումը», չնայած այն բանին, որ դա հանգուցյալի կամքն է եղել[50]։ Էլիզաբեթը հուղարկավորվել է իր 2-րդ ամուսնու կողքին, Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի մատուռում[8]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրեյից[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ IV-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլիզաբեթ Յորք (1466 թվականի փետրվարի 11 — 1503 թվականի փետրվարի 11) ամուսին՝ 1486 թվականի հունվարի 18-ից Հենրի VII (1457 թվականի հունվարի 28 — 1509 թվականի ապրիլի 21), Ռիչմոնդի կոմս 1462 թվականից, Անգլիայի թագավոր 1485 թվականից։
  • Մարիա Յորք (1467 թվականի օգոստոսի 11— 1482 թվականի մայիսի 23);
  • Սեսիլիա Յորք (1469 թվականի մարտի 20—1507 թվականի օգոստոգսի 24); 1-ին ամուսինը՝ 1485 թվականից (ամուսնալուծություն՝ 1486 թվականին) Ռալֆ Լե Սկրոուպ (1459 թվականից հետո— 1515 թվականի սեպտեմբերի 17), Մեսեմի 8-րդ բարոն Սկրոուպ՝ մոտ 1512 թվականից։ 2-րդ ամուսինը՝ 1487 թվականի նոյեմբերի 25-ից 1488 թվականի հունվարի 1-ը՝ Ջոն Ուելս (մահացել է 1499 թվականի փետրվարի 9-ին), Ուելսի 1-ին վիկոնտը 1485/1486 թվականի փետրվարի 8-ից։ 3-րդ ամուսինը՝ 1502 թվականի մայիսի 13-ից մինչև 1504 թվականի մարտ՝ Թոմաս Կայմը Ուեյնֆլիտից։
  • Էդուարդ V ( 1470 թվականի նոյեմբերի 1-4— 1483 թվական ?), Մարչի և Պեմբրուկի կոմս 1479 թվականից, Անգլիայի թագավոր՝ 1483 թվականից։
  • Մարգարետ Յորք (1472 թվականի ապրիլի 10 — 1472 թվականի դեկտեմբերի 11)։
  • Ռիչարդ Շրուսբերի (1473 թվականի օգոստոսի 17— 1483 թվական ?), Յորքի դուքս՝ 1474 թվականից, Նոթինգհեմի կոմս՝ 1476 թվականից, Նորֆոլքի դուքս, Սյուրեյի և Վարեննի դուքս ՝ 1477 թվականից։
  • Աննա Յորք (1475 թվականի նոյեմբերի 2— 1511 թվականի նոյեմբերի 23), ամուսինը՝ 1495 թվականի փետրվարի 4-ից՝ Թոմաս Հովարդ (1473 թվական—1554 թվականի օգոստոսի 25), Սյուրեյի 2-րդ կոմսը 1514 թվականից, Նորֆոլքի 3-րդ դուքսը՝ 1524 թվականից։
  • Ջորջ Վինձորից (1477 թվական—1479 թվականի մարտ);
  • Քեթրին Յորք (1479 թվականի օգոստոսի 141527 թվականի նոյեմբերի 15), ամուսինը՝ 1495 թվականից՝ Վիլյամ Կուրտենե (մոտ 1475 -1511 թվականի հունիսի 9), Դևոնի 1-ին կոմս՝ 1511 թվականից։
  • Բրիջիտ Յորք (1480 թվականի նոյեմբերի 10 կամ 20— մինչև 1513 թվականը), միանձնուհի Կենտի Դարթֆորդի վանքում։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ IV-ի սերը իր կնոջ նկատմամբ հիշատակվում է Ֆիլիպ Սիդնիի Astrophel and Stella[en] 75 սոնետներում[51] (գրվել է 1586 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1591 թվականին)։ Էլիզաբեթը շեքսպիրյան Հենրի VI, Մաս 3 և Ռիչարդ III պիեսների կերպարներից մեկն է։

Բացի այդ, Էլիզաբեթ Վուդվիլը, այսպես թե այնպես, հետևյալ գրական ստեղծագործությունների կերպարն է՝

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո

  • Ռիչարդ III (1911, դերը կատարել է Վայոլեթ Ֆարեբրազերը)
  • Ռիչարդ III (1912, դերը կատարել է Քերի Լիը)
  • Էդուարդի երեխաները (1914, դերը կատարել է Ժաննա Դելվեյրը)
  • Ջեյն Շոր (1915, դերը կատարել է Մոդ Ջեյթսը)
  • Մահվան աշտարակ (1939,դերը կատարել է Բարբարա Օ'Նիլը)
  • Ռիչարդ III (1955, դերը կատարել է Մերի Քերրիջը)
  • Ռիչարդ III (1973, դերը կատարել է Ռիտա Բեկեշը)
  • Ռիչարդ III (1995, դերը կատարել է Անեթ Բենինգը)
  • Ռիչարդի որոնումները (1996, դերը կատարել է Պենելոպե Ալենը)
  • Ռիչարդ III (2005, դերը կատարել է Քերոլին Բյորնս Կուկը)
  • Ռիչարդ III (2008, դերը կատարել է Մարիա Կոնչիտա Ալոնսոն)

Հեռուստատեսություն

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Վուդվիլի անունը երկու դպրոց է կրում՝ Գրոուբիում Լասթերշիրի տարրական դպրոցը (1971)[52] և հանրակրթական դպրոցը[en] Նորթհեմփթոնշիրում (2013)[53].

Էլիզաբեթ Վուդվիլի նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թեպետ ազգանվան գրելաձևը արդիականացվել է որպես Woodville, Քեքստոնի հրապարակումներում ազգանունը գրվում է այսպես՝Wydeville, իսկ Վինձոր ամրոցի Սուրբ Գևորգի մատուռում գտնվող Էլիզաբեթի գերեզմանին կա մի գրություն, որում ազգանունը գրառված է Widvile.
  2. Հովհան Անհողը գահակալումից անմիջապես հետո ամուսնալուծվել էր կնոջից՝ Իզաբելլա Գլոստերցուց, և վերջինս երբեք չի կառավարել։ Հենրի IV-ի կինը՝ Մարիա դե Բոգունը, մահացել է նախքան ամուսնու թագավոր դառնալը։.
  3. Էլիզաբեթ թագուհու ծննդյան մասին ոչ մի գրառում չի պահպանվել։ Այդուհանդերձ, նրա ծնողները ներում են ստացել առանց թագավորի թույլտվության ամուսնության համար, 1437 թվականի հոկտեմբերի 24-ին, և պատմաբան Դեյվիդ Բոլդուինը ենթադրում է, որ ներումը կարող էր համընկնել Էլիզաբեթ Վուդվիլի՝ զույգի առաջնեկի ծնվելու հետ[7]։
  4. Ժակետան, որպես այրի, ժառանգել էր դքսի կարողության մեկ երրորդը[9]
  5. Կայսրուհի Մաթիլդայի գահակալումը հանգեցրել է քաղաքացիական պատերազմի[23].
  6. Սրբավայրի շենքը գտնվում էր աբբայության հյուսիս-արևմտյան անկյունում՝ Սուրբ Մարգարիտայի գերեզմանատան վերջում, որտեղ այժմ Վեստմինստերի ռատուշան է։ Շենքը կառուցվել է տասնմեկերորդ դարում Էդվարդ Խոստովանողի կողմից և ուներ հաստ քարե պատեր, բավականին ամուր՝ պաշարմանը դիմակայելու համար․ նրանք դժվարությամբ քանդվել են 1750 թվականին, քանի որ այդ ժամանակ սրբավայրերի պրակտիկան վաղուց արդեն չէր օգտագործվում։ Մի կաղնե հաստ դուռը տանում էր դեպի խաչաձև ինտերիերը, որը բաղկացած էր երկու մատուռներից՝ մեկը մյուսի վրա։ Օրինապահ քաղաքացիները օգտագործում էին վերին մասը, հանցագործները՝ ստորին։ Վեստմինստերում սրբավայրի իրավունքը տարածվում էր նաև դրան հարող մերձակա և եկեղեցական արքունիքների վրա[31].
  7. Հենրի Թյուդորի հավակնությունները գահի հանդեպ թույլ էին Հենրի IV-ի հրովարտակի պատճառով, որով արգելված էր գահ բարձրանալ իր հոր՝ Ջոն Գոնտի և նրա երրորդ կնոջ՝ Քեթրին Սուինֆորդի օրինական ցանկացած ժառանգի։ Գոնտի և Սուինֆորդի երեխաների օրինականացման ակտի բնօրինակը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից և Պապի բուլայով, իրականում նրանց օրինականացրել է ամբողջությամբ, ինչը արդեն իսկ կասկածի տակ է դրել իր՝ Հենրի IV-ի հռչակագրի լեգիտիմությունը։
  8. Էլիզաբեթը դիտվում էր որպես ապստամբների պոտենցիալ դաշնակից։
Источники
  1. http://www.bbc.co.uk/history/0/22840690
  2. A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 463. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Kindred Britain
  4. Karen Lindsey Divorced, Beheaded, Survived. — Perseus Books, 1995. — С. xviii.
  5. Helen Jewell Women in Medieval England. — Manchester UP, 1996. — С. 135.
  6. David Baldwin Elizabeth Woodville: Mother of the Princes in the Tower. — Stroud: Sutton Pub., 2002. — 238 с. — ISBN 0750927747
  7. David Baldwin Elizabeth Woodville: Mother of the Princes in the Tower. — Stroud: Sutton Pub., 2002. — ISBN 0750927747
  8. 8,0 8,1 8,2 8,3 Michael Hicks Elizabeth (c.1437–1492)(անգլ.) // Oxford Dictionary of National Biography. — Oxford University Press, 2004. — doi:10.1093/ref:odnb/8634
  9. Calendar of the Patent Rolls Preserved in the Public Record Office / Great Britain. Public Record Office. — H.M. Stationery Office, 1907. — Т. 3. — С. 53.
  10. A. R. Myers Crown, Household and Parliament in Fifteenth-Century England. — London and Ronceverte: A&C Black, 1985. — С. 182. — 400 с. — ISBN 082644685X, 9780826446855
  11. George Smith The Coronation of Elizabeth Wydeville. — Gloucester: Gloucester Reprints, 1975. — С. 28.
  12. Jane Bingham The Cotswolds: A Cultural History. — Oxford University Press, 2009. — С. 66.
  13. Robert Fabian The New Chronicles of England and France / ed. Henry Ellis. — London: Rivington, 1811. — С. 654. — 723 с.
  14. John Allen Giles, John Warkworth Hearne’s Fragment of an Old Chronicle, from 1460–1470 // The Chronicles of the White Rose of York. — 2. — London: James Bohn, 1845. — P. 15–16. — 310 p.
  15. Ralph A. Griffiths The Court during the Wars of the Roses // Princes Patronage and the Nobility: The Court at the Beginning of the Modern Age, cc. 1450–1650 / еd. Ronald G. Asch, Adolf M. Birke. — New York: Oxford University Press, 1991. — P. 59–61. — 507 p. — ISBN 0-19-920502-7
  16. Charles Boutell A Manual of Heraldry, Historical and Popular. — London: Winsor & Newton, 1863. — С. 277.
  17. The House of York Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  18. Weir, 2013, էջ 30
  19. Weir, 2013, էջեր 31—32
  20. Weir, 2013, էջ 36
  21. Weir, 2013, էջեր 36—37
  22. 22,0 22,1 Loades, 2009, էջ 71
  23. Линдсей, 1996, էջ 108
  24. Weir, 2013, էջ 37
  25. Weir, 2013, էջ 38
  26. Weir, 2013, էջ 39
  27. 27,0 27,1 Weir, 2013, էջ 40
  28. Gairdner, 1889, էջ 200
  29. 29,0 29,1 Weir, 2013, էջ 43
  30. Okerlund, 2009, էջ 6
  31. Weir, 2013, էջեր 40—41
  32. Weir, 2013, էջ 42
  33. 33,0 33,1 Weir, 2013, էջ 44
  34. Weir, 2011, էջ 143
  35. Weir, 2013, էջեր 44—45
  36. Weir, 2013, էջ 45
  37. Anne Sutton and Livia Visser-Fuchs A Most Benevolent Queen': Queen Elizabeth Woodville's Reputation, Her Piety, and Her Books. — The Ricardian, 1995. — Т. X. — С. 111, 118–119.
  38. C. T. Wood Richard III, William, Lord Hastings and Friday the Thirteenth // Kings and Nobles in the Later Middle Ages / R. A. Griffiths and J. Sherborne (eds.). — New York, 1986. — P. 156–161.
  39. Charles Ross Richard III. — University of California Press, 1981. — С. 81.
  40. Philipe de Commines The memoirs of Philip de Commines, lord of Argenton. — H.G. Bohn, 1855. — Т. 1. — С. 396–397.
  41. Genealogical Tables in Morgan. — 1988. — С. 709.
  42. «Parliamentary Rolls Richard III». Rotuli Parliamentorum A.D. 1483 1 Richard III Cap XV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  43. Richard III and Yorkist History Server Արխիվացված 2006-07-09 Wayback Machine
  44. «Rotuli Parliamentorum A.D. 1485 1 Henry VII – Annullment of Richard III's Titulus Regius». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  45. «Rotuli Parliamentorum A.D. 1485 1 Henry VII – Restitution of Elizabeth Queen of Edward IV». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  46. Arlene Okerlund England's Slandered Queen. — Stroud: Tempus, 2006. — С. 245.
  47. Bennett, Michael Lambert Simnel and the Battle of Stoke. — New York: St. Martin's Press, 1987. — С. 42; 51.
  48. Elston, Timothy Widowed Princess or Neglected Queen // Queens and Power in Medieval and Early Modern England / Levin & Bucholz (eds). — University of Nebraska Press, 2009. — P. 19.
  49. Margaret of Denmark. Facts, informtion, pictures.
  50. 50,0 50,1 J. L. Laynesmith The Last Medieval Queens: English Queenship 1445–1503. — New York: Oxford University Press, 2004. — С. 127–128.
  51. University of Toronto Library, Astrophel and Stella, sonnet 75
  52. Elizabeth Woodville Primary School
  53. «Elizabeth Woodville Secondary School». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]