Էլեկտրոլիտային անհավասարակշռություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոլիտային անհավասարակշռություն կամ ջրա-աղային անհավասարակշռություն, օրգանիզմում էլեկտրոլիտների կոնցենտրացիայի նորմայից շեղում։ Օրգանիզմում հոմեոստազի պահպանման գործում էլեկտրոլիտներն ունեն կենսական կարևոր նշանակություն։ Նրանք օգնում են կարգավորել սրտի և նյարդային համակարգի ֆունկցիաները, հեղուկների հավասարակշռությունը, թթվածնի մատակարարաումը, թթվա-հիմնային հավասարակշռությունը։ Ջրա-աղային անհավասարակշռություն կարող է առաջանալ ինչպես էլեկտրոլիտների չափից շատ կամ քիչ կիրառման, այնպես էլ օրգանիզմից դուրսբերման խանգարումների դեպքում։

Էլեկտրոլիտային խանգարումներ դիտվում են մի շարք հիվանդությունների դեպքում և բժշկության մեջ համարվում են հիվանդների բուժման կարևոր մաս[1]։ Այս խանգարումների պատճառները, ծանրության աստիճանը, բուժումը և ելքերը կարող են լայնորեն տարբերվել՝ կախված էլեկտրոլիտի տեսակից[2]։ Ամենալուրջ էլեկրոլիտային խանգարումները դիտվում են նատրիումի, կալիում և կալցիումի մակարդակների փոփոփությունների դեպքում։ Այլ Էլեկտրոլիտային շեղումներ դիտվում են ոչ այքան հաճախ և սովորաբար զուգակցված են լինում հիմնական Էլեկտրոլիտային փոփոխությունների հետ։ Երիկամները համարվում են ջրա-աղային հավասարակշռությունը կարգավորող աամենակարևոր օրգանները, սակայն այլ գործոններ նույնպես խաղում են կարևոր դեր, օրինակ՝ հորմոնալ փոփոխությունները կամ ֆիզիոլոգիական սթրեսը[1]։ Լուծողականների քրոնիկակական չարաշահումը, ծանր դիարեան (փորլուծություն) և փսխումը կարող են հանգեցնել ջրազրկամն և նրա հետ զուգակցված էլեկտրոլիտային անհավասարակշռության։ Էլեկտրոլիտային խանգարումների ռիսկի խումբ են կազմում բուլեմիայով և անորեքսիայիով հիվանդ անձինք։ Էլեկտրոլիտային անհավասարակշռությունը արագ և պատշաճ կերպով չշտկելու դեպքում կարող է հանգեցնել սրտային անբավարարությամբ պայմանավորված մահվան[3][4][5]։

Ընդհանուր ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոլիտները շատ կարևոր դեր ունեն մարդու օրգանիզմում, քանի որ նրանց միջոցով բջիջները (հատկապես՝ նյարդային, սրտի, մկանային բջիջները) ապահովում են բջջաթաղանթի վոլտաժը, ինչպես նաև նրանց միջոցով իրականացվում է էլեկտրական իմպուլսի (նյարդային իմոպուլսներ, մկանային կծկումներ) հաղորդումը մի բջջից մյուսը։ Երիկամների շնորհիվ արյան մեջ կայուն են պահվում էլեկտրոլիտների կոնցենտրացիաները՝ անկախ օրգանիզմում դրանց փոփոխություններից[3][5]։ Օրինակ՝ ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում դիտվևմ է էլեկտրոլիտների՝ մասնավորապես նատրիումի և կալիումի կորուստ քրտինքի միջոցով[5]։ Նատրիումի մակարդակը պահելու համար երիկամնեը նոսրացնում են մեզը[5]։ Հիպոնատրեմիան էլեկտրոլիտային անհավասաևակշռության ամենահաճախ հանդիպող տեսակն է[6][7]։

Էլեկտրոլիտային անհավասարակշռության բուժումը կախված է այն բանից, թե կոկնրետ որ էլեկտրոլիտի մակարդակն է շեղվել և նրա մակարդակը նորմայից ցածր է, թե բարձր[2]։ Խանգարման ծանրության աստիճանից կախված կարող են փոխվել բուժման մեթոդները և ագրեսիվությունը[2]։ Եթե էլեկտրոլիտի մակաևդակը շատ ցածր է, անհավասարակշռությունը կարելի է շտկել՝ նշանակելով էլեկտրոլիտային հավելում։ Եթե ներգրավված էլեկտրոլիտը նատրիումն է, ամենայն հավանականությամբ խնդիրը ոչ թե նրա անբավարության մեջ է, այլ՝ հեղուկի ավելցուկի, ինչն էլ հանգեցնում է անհավասարակշռության։ Այս դեպքում էլեկտրոլիտային հավելումը կշտկի անհավասարակշռությունը, սակայն դա կլինի ծավալային գերբեռնման հաշվին, որը կարող է շատ վտանգավոր լինել, հատկապես նեոնատալ տարիքում[3]։ Քանի որ յուրաքանչյուր էլեկտրոլիտ տարբեր կերպ է ազդում օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա, պետք է առանձին դիտարկել նրանցից յուրաքանչյուրի շեղման պատճառները, բուժումները և բարդությունները։

Նատրիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումը և նրա հոմեոստազը մեծապես կախված են օրգանիզմում հեղուկի մակարդակից։ Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 60% հեղուկից, այս տոկոսը հայտնի է նաև որպես օգանիզմի ընդհանուր հեղուկ, որը բաժանվում է 2 մասի՝ ներբջջային հեղուկ և արտաբբջջային հեղուկ։ Օրգանիզմի նատրիումի մեծ մասը գտնվում է արտաբջջային հեղուկում[8]։ Արտաբջջային հեղուկը կազմում են բջիջները շրջապատող և արյունատար անոթներում գտնվող հեղուկը։ Արտաբջջային հեղուկում նատրիումի ընդհանուր կենցենտրացիան կազմում է մոտավորապես 140 mEq/L[8]։ Քանի որ բջջաթաղանթները թափանցելի են ջրի համար, բայց ոչ՝ նատրիումի, բջջաթաղանթների միջով ջրի տեղաշարժը ազդում է արյան մեջ նատրիումի մակարդակի վրա։ Նատրիումը գործում է որպես «քաշող » ուժ, որը ստիպում է ջրին տեղաշարժվել նատրիումի ցածր կոնցենտրացիայի վայրից դեպի բարձր կոնցենտրացիայի վայր։ Սա իրականացվում է օսմոս կոչվող պրոցեսի միջոցով[8]։ Երբ գնահատում ենք նատրիումի անհավասարակշռությունը, պետք է դիտարկել և′ օրգանիզմի ընդհանուր հեղուկը, և′ նատրիումի ընդհանուր կոնցենտրացիան[2]։

Հիպերնատրեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերնատրեմիան արյան մեջ նատրումի կոնցենտրացիայի բարձրացումն է։ Նատրիումի 145 mEq/L-ից բարձր մակարդակը համարվում է հիպերնատրեմիա։ Հիպերնատրեմիան բնորոշ չէ այն անձանց, ովքեր չունեն որևէ այլ առողջական խնդիր[2]։ Այս խանգարմամբ հիվանդների մեծ մասը ունենում է դիարեայի պատճառով հեղուկի կորուստ, ծարավի զգացողության փոփոխություն, մեզի խտացման հետ կապված երիկամային խնդիրներ կամ կերակրի աղի չարաշահում[2][8]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում ենք հիպերնատրեմիայի 3 տեսակ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում պատճառները տարբեր են[2]։ Առաջին դեպքում դիտվում է ջրազրկում՝ զուգակցված օրգանիզմի ընդհանուր նատրիումի ցածր մակարդակի հետ։ Այն ամենից հաճախ առաջանում է ջերմային հարվածից, այրվածքներց, առատ քրտնարտադրությունից, փսխումից և դիարեայից[2]։ Երկրորդ տեսակին բնորոշ է օրգանիզմի ընդհանուր հեղուկի ցածր քանակություն, իսկ նատրիումի նորմալ քանակություն։ Այն կարող է առաջանալ ոչ շաքարային դիաբետի, երիակամային հիվանդությունների, հիպոթալամիկ դիսֆունկցիայի, մանգաղաբջջային սակավարյունության և որոշակի դեղորայքների կիրառման դեպքում[2]։ Երրորդ տեսակի դեպքում դիտվում է նատրիումի կոնցենտրացիայի բարձրացում ներծծման ավելացման, Կոնի համախտանիշի կամ Կուշինգի համախտանիշի հետևանքով[2]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերնատրեմիայի ախտանիշները կարող են տարբեր լինել անհավասարակշռության տեսակից և առաջացման արագությունից կախված[8]։ Ընդհանուր նշաններն են ջրազրկումը, սրտխառնոցը, փսխումը, հոգնածությունը, թուլությունը, ծարավի ուժեղացումը, միզարձակման ավելացումը։ Որոշ հիվանդների դեպքում անհավասարակշռությունը կարող է պայմանավորված լինել որոշ դեղորայքների, օրինակ ՝ միզամուղների կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կիրառմամբ[8]։ Որոշ հիվանդներ կարող են ակնհայտ ախտանիշներ ընդհանրապես չունենալ[8]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարևոր է նախ գնահատել հիվանդի կայունությունը։ Շոկի նշանների առկայության դեպքում, օրինակ՝ հաճախասրտություն կամ հիպոտենզիա, անհրաժեշտ է անմիջապես ներերակային լուծույթներ ներարկել[2][8]։ Հիվանդի վիճակի կայունացումից հետո անհրաժեշտ է որոշել հիպերնատրեմիայի պատճառը, քանի որ այն կարող է ազդել բուժման պլանի վրա[2][8]։ Բուժման կարևոր քայլ է համարվում հիվանդի մոտ օրգանիզմի ընդհանուր հեղուկների դեֆիցիտը հաշվարկումը և վերականգնումը այն ներերակային և խմելու հեղուկների միջոցով[2][8]։ Հեղուկների լրացման արագությունը կախված է այն բանից, թե ինչքան ժամանակ է հիվանդը եղել հիպերնատրեմիկ։ Նատրիումի մակարդակի շատ արագ նվազեցումը կարող է բերել ուղեղի այտուցի[8]։

Հիպոնատրեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոնատրեմիան արյան մեջ նատրիումի կոնցենտրացիայի նվազումն է։ Նատրիումի 135 mEq/L-ից ցածր մակարդակը համարվում է հիպոնատրեմիա[9]։ Այս համեմատաբար հաճախ հանդիպող էլեկտրոլիտային խանգարումը կարող է հիվանդության նշան լինել, սակայն ավելի հաճախ դիտվում է հիվանդանոցում հիպոտոնիկ լուծույթների կիրառման դեպքում[9][10]։ Հիվանդների մեծամասնության մոտ դիտվում է թեթև արտահայտված հիպոնատրեմիա, երբ նատրիումի մակարդակը բարձր է լինում 130 mEq/L-ից, միայն հիվանդների 1-4%-ի դեպքում է նատրիումի կոնցենտրացիան 130 mEq/L-ից ցածր լինում[10]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոնատրեմիան ունի մի շարք պատճառներ, ներառյալ՝ սրտային անբավարարությունը, խրոնիկական երիկամային հիվանդությունը, լյարդի հիվանդությունները, թիազիդային միզամուղներով բուժումը, փսիխոգեն (հոգեծին) պոլիդիպսիան (ծարավի պաթոլոգիկ ուժող զգացողություն), անտիդիուրետիկ (հակամիզամուղ) հորմոնի ոչ պատշաճ արտազատման համախտանիշ[9]։ Այն կարող է նկատվել նաև հետվիրահատական շրջանում, ինչպես նաև ջրային ինտոքսիկացիայի դեպքում, որը կարող է դիտվել ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում[9]։ Երեխաների մոտ հիպոնատրեմիայի պատճառ կարող են լինել փորլուծությունը, հաճախակի կերակրումները նոսր կերակուրով, ջրային ինտոքսիկացիան (թունավորում) ջրի չափից շատ կիրառմամբ պայմանավորված, հոգնաները[9]։ Կեղծ հիպոնատրեմիան (փսևդոհիպոնատրեմիա) նատրիումի կեղծ ցածր ցուցանիշն է՝ պայմանավորված արյան մեջ ճարպերի և սպիտակուցների բարձր պարունակությամբ[9][10]։ Նոսրացման հիպոնատրեմիա դիտվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, երբ գլյուկոզայի բարձր մակարդակը «քաշում է» ջուր դեպի արյան հուն, ինչի հետևանքեվ նվազում է նատրիումի կոնցենտրացիան[9][10]։ Հիպոնատրեմիայի պատճառի հայտնաբերումը հիմնված է 3 ցուցանիշների հիման վրա․ օրգանիզմում ընդհանուր հեղուկի ծավալ, պլազմայի օսմոլյարություն, մեզի օսմոլյարություն[9][10]

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույլ արտահայտված հիպոնատրեմիայի դեպքում կարող են ախտանիշներ չդիտվել։ Ախտանիշների դրսևորումը ուղիղ կապի մեջ է հիպոնատրեմիայի աստիճանի և զարգացման արագության հետ[9]։ Բնորոշ ախտանիշներն են ախորժակի կորուստը, սրտխառնոցը, փսխումը, շփոթվածությունը, գրգռվածությունը և թուլությունը[9][10]։ Ավելի ծանր ախտանիշներ դիտվում են նյարդային համակարգի ախտահարման դեպքում․ կարող են դիտվել ցնցումներ, կոմա և ուղեղաբնի ճողվածքով պայմանավորված մահ[9][10]։ Այս ամենը հնարավոր է, երբ նատրիումի մակարդակը նվազում է 120 mEq/L-ից[9]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանիշների ծանրությունը, սկսման վաղեմությունը, նատրիումի կոնցենտրացիան և օրգանիզմի հեղուկների ծավալը թելադրում են բուժման մոտեցումները[10]։ Երբ նատրիումի մակարդակը ցածր է 120mEq/L-ից, առկա են նյարդաբանական ծանր ախտանիշներ կամ հիվանդության սկիզբը եղել է արագ, անմիջապես նշանակվում է հիպերտոնիկ աղային լուծույթ[10]։ Ոչ հրատապ իրավիճակներում շտկումն անհրաժեշտ է իրականացնել դանդաղ՝ օսմոտիկ դեմիելինիզացնող համախտանիշից խուսափելու համար[9][10]։ Շտկման մեթոդի ընտրությունը կախված է անհավասարակշռության պատճառից։ Եթե հիվանդի մոտ առկա է օրգանիզմի ընդհանուր հեղուկի և նատրիումի ցածր մակարդակ, նշանակվում է ներերակային ֆիզիոլոգիական լուծույթ[9]։ Եթե հիվանդի մոտ առկա է հեղուկի ավելցուկ սրտային կամ երիկամային անբավարարությամբ պայմանավորված, կարելի է սահմանափակել ընդունվող հեղուկների քանակը կամ նշանակել կանթային միզամուղներ[9]։ Եթե հիվանդն ունի օրգանիզմի ընդհանուր հեղուկի նորմալ ծավալ, անհրաժեշտ է ընդունվող հեղուկների քանակի սահմանափակում[9]։

Կալիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիումը գլխավորապես ներբջջային էլեկտրոլիտ է, դրանով պայմանավորված նրա կոնցենտրացիան արյան մեջ տատանվում է 3․5-5 mEq/L-ի սահմաններում[10]։ Երիկամները պատասխանատու են նրա ավելցուկը օրգանիզմից հեռացնելու համար[10]։ Դա նշանակում է, որ երիկամներն ունեն վճռական դեր կալիումի հոմեոստազի պահպանման գործում։

Հիպերկալեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալեմիան արյան մեջ կալիումի մակարդակի բարձրացումն է։ Կալիումի մակարդակի 5 mEq/L-ից բարձրացումը համարվում է հիպերկալեմիա[9][10]։ Այն կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների և նույնիսկ մահվան[9]։ Որպես այդպիսին, հիպերկալեմիան համարվում է ամենավտանգավոր էլեկտրոլիտային խանգարումը[9]։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար հիպերկալեմիայի պատճառ են հանդիսանում երիկամների արտազատական ֆունկցիայի նվազումը, կալիումը տեղաշարժը դեպի արտաբջջային տարածություն, կալիումով հարուստ սնունդը՝ երիկամային անբավարարության դեպքում[9]։ Հիպերկալեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառը լաբորատոր սխալն է՝ արյան փորձանմուշի բջիջների քայքայման և կալիումի ատազատման հետևանքով[10]։ Այլ հաճախ հանդիպող պատճառներից են երիկամի հիվանդությունները, բջիջների մահը, ացիդոզը և երիկամներն ախտահարող դեղամիջոցները[9]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալեմիայի վտանգավորության պատճառներից մեկը այն է, որ հաճախ այն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում է միայն հիվանդի առաջնային զննման ժամանակ նշանակվող լաբորատոր հետազոտության ժամանակ[9]։ Կալիումի մակարդակի բարձրացման հետ կարող են դիտվել սրտխառնոց, փսխում, դիարեա [9]։ Արտահայտված հիպերկալեմիայի դեպքում (>7 mEq/L) կարող են դիտվել մկանային ջղաձգումներ, թմրածություն, ծակծկոցներ, ռեֆլեքսների բացակայություն և պարալիզ (լուծանք)[9][10]։ Բնորոշ են նաև առիթմիաները, որոնք կարող են հանգեցնել մահվան[9][10]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի հիպերկալեմիայի բուժման 3 հիմնական ուղղություն․ Սրտի բջիջների կայունացում, կալիումի տեղափոխում ներբջջային տարածություն, օրգանիզմից կալիումի հեռացում[9][10]։ Սրտի բջիջների կայունացումն իրականացվում է ներերակային կալցիումի միջոցով[9]։ Կալիումի տեղափոխումը ներբջջային տարածություն իրականացվում է ինսուլինի և ալբուտերոլի ինհալյացիայի միջոցով[9]։ Օրգանիզմից կալիումի հեռացումն իրականացվում է հեմոդիալիզի, կանթային միզամուղների կամ խեժի միջոցով, որը նպաստում է կալիումի հեռացմանը կղանքի միջոցով[9]։

Հիպոկալեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալեմիան արյան մեջ կալիումի մակարդակի նվազումն է։ Կալիումի մակարդակի 3.5 mEq/L-նվազումը համարվում է հիպոկալեմիա[9]։ Այն հաճախ դիտվում է մագնեզիումի ցածր մակարդակի հետ զուգակցված[9]։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԻպոկալեմիայի պատճառ կարող են հանդիսանալ օրգանիզմից կալիումի էքսկրեցիայի (հեռացման, արտազատման) ուժեղացումը, կալիումով հարուստ սննդամթերքի քիչ կիրառումը, կալիումի տեղաշարժը դեպի բջջի ներս և որոշ էնդոկրին հիվանդություններ[9]։ Կալիումի էքսկրեցիայի ուժեղացումը հիպոկալեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառն է և կարող է պայմանավորված լինել միզամուղներով, մետաբոլիկ ացիդոզով, դիաբետիկ կետոացիդոզով, հիպերալդոստերոնիզմով կամ երիակամային խողովակային ացիդոզով[9]։ Կալիումի կորուստ կարող է դիտվել փսխման և դիարեայի հետևանքով[10]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալեմիան հաճախ ընթանում է անախտանիշ։ Ախտանիշներ կարող են դիտվել, երբ կալիումի մակարդակը նվազում է <2.5 mEq/L-ից[10]։ Բնորոշ նշաններն են մկանային թուլությունը և ջղաձգումները։ Կալիումի մկարդակի նվազումը կարող է հանգեցնել նաև սրտային առիթմիաների[9][10]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումն իրականացվում է կալիումի լրացման միջոցով, որը կարելի անել ինչպես ներերակային այնպես էլ բերանացի եղանակով[9][10]։ Քանի որ հիպոկալեմիան սովորաբար զուգակցված է լինում մագնեզիումի ցածր մակարդակի հետ, հիվանդներին նշանակվում է նաև մագնեզիում[10]։

Կալցիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալցիումի օրգանիզմի ամենամեծ քանակությունն ունեցող էլեկտրոլիտն է, սակայն այն մեծ մասամբ գտնվում է ոսկրային հյուսվածքում[10]։ Կալցիումը մեծ մասամբ կլանվում և հեռացվում է աղեստամոքսային համակարգի միջոցով[10]։ Կալցիումի մեծ մասն ունի արտաբջջային տեղակայում և վճռական նշանակություն նեյրոնների, մկաննների, ֆերմենտների ֆունկցիաների և արյան մակարդման հարցում[10]։

Հիպերկալցեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԻպերկալցեմիան արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացումն է։ Կալցիումի մակարդակի 10.5 mEq/dL-ից բարձր լինելը համարվում է հիպերկալցեմիա[9]։ Արյան մեջ կալցիումի շատ բարձր մակարդակը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների[9]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալցեմիայի ամենահաճախ դիտվող պատճառներն են քաղցկեղի որոշակի տեսակները, հիպերպարաթիրեոիդիզմը, ֆեոքրոմացիտոման, վիտամին D-ի չարաշահումը, սարկոիդոզը և տուբերկուլյոզը[9]։ Հիպերպարաթիրեոիդիզմը և չարորակ հիվանդությունները համարվում են գերակշռող պատճառներ[10]։ Հիպերկալցեմիա կարող է առաջանալ նաև բջիջների քայքայման, երկարատև անշարժ լինելու և ջրազրկման հետևանքով[9]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալցեմիայի գերակշռող նշաններն են որովայնային ցավը, փորկապությունը, երիկամային քարերը, ծարավի և միզարձակման ավելացումը, սրտխառնոցը և փսխումը[9][10]։ Ծանր դեպքերում, երբ կալցիումի մակարդակը գերազանցում է 14 mEq/dL-ը կարող են դիտվել շփոթվածություն, հոգեկան վիճակի խանգարումներ, կոմա և ցնցումներ[9][10]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալցեմիայի հիմնական բուժումը ներերակային հեղուկնեերն են[9]։ Եթե հիպերկալցեմիան է արտահայտված է և/կամ զուգակցվում է քաղցկեղի հետ, կարեղ են կիրառվել բիֆոսֆոնատներ[9][10]։ Խիստ արտահայտված հիպերկալցեմիայի դեպքում արյունից կալցիումի հեռացման համար կարելի է դիտարկել հեմոդիալիզի հարցը[9][10]։

Հիպոկալցեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալցեմիան արյան մեջ կալցիումի մակարդակի նվազումն է։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալցեամիայի ամենահաճախ դիտվող պատճառները հիպոպարաթիրեոիդիզմը և վիտամիn D-ի անբավարարությունն են[9]։ Այն կարող է դիտվել նաև թերսնուցման, արյան փոխներարկման, էթիլենգլիկոլով թունավորման և պանկրեատիտի դեպքում[9]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալցեմիայի ամենահաճախ դիտվող դրսևորումները նյարդաբանական և սիրտանոթային ախտանիշներն են[9][10]։ Հիվանդները կարող են նշել մկանային ջղաձգումներ և ցնցումներ, բերանի և մատերի շրջանում թմրածություն։ Կարող են դիտվել նաև շնչարգելություն, արյան ցածր ճնշում և սրտային առիթմիաներ[9]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԻպոկալցեմիայի դեպքում բուժումն իրականացվում է ներերակային կամ բերանացի եղանակով կալցիումի ընդունմամբ[9]։ Ներերակային կալցիում նշանակվում է արտահայտված հիպոկալցեմիայի դեպքում[9][10]։ Անհրաժեշտ է նաև ստուգել մագնեզիումի մակարդակը և անհրաժեշտության դեպքում շտկել[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Balcı Arif Kadri, Koksal Ozlem, Kose Ataman, Armagan Erol, Ozdemir Fatma, Inal Taylan, Oner Nuran (2013)։ «General characteristics of patients with electrolyte imbalance admitted to emergency department»։ World Journal of Emergency Medicine 4 (2): 113–116։ ISSN 1920-8642։ PMC 4129840։ PMID 25215103։ doi:10.5847/wjem.j.issn.1920-8642.2013.02.005 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Walls Ron M., Hockberger Robert S., Gausche-Hill Marianne (2018)։ Rosen's Emergency Medicine: Concepts and Clinical Practice։ Philadelphia, PA: Elsevier։ էջեր 1516–1532։ ISBN 978-0-323-35479-0 
  3. 3,0 3,1 3,2 Bockenhauer D, Zieg J (September 2014)։ «Electrolyte disorders.»։ Clinics in Perinatology 41 (3): 575–90։ PMID 25155728։ doi:10.1016/j.clp.2014.05.007 
  4. Tisdall M, Crocker M, Watkiss J, Smith M (January 2006)։ «Disturbances of sodium in critically ill adult neurologic patients: a clinical review.»։ Journal of Neurosurgical Anesthesiology 18 (1): 57–63։ PMC 1513666։ PMID 16369141։ doi:10.1097/01.ana.0000191280.05170.0f 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Moritz ML, Ayus JC (November 2002)։ «Disorders of water metabolism in children: hyponatremia and hypernatremia.»։ Pediatrics in Review 23 (11): 371–80։ PMID 12415016։ doi:10.1542/pir.23-11-371 
  6. Dineen R, Thompson CJ, Sherlock M (June 2017)։ «Hyponatraemia – presentations and management.»։ Clinical Medicine 17 (3): 263–69։ PMC 6297575 ։ PMID 28572229։ doi:10.7861/clinmedicine.17-3-263 
  7. Ályarez L E, González C E (June 2014)։ «[Pathophysiology of sodium disorders in children].»։ Revista chilena de pediatria (Review) 85 (3): 269–80։ PMID 25697243։ doi:10.4067/S0370-41062014000300002 
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Tintinalli Judith E., Stapczynski J. Stephan, Ma O. John, Yealy Donald M., Meckler Garth D., Cline David M. (2016)։ Tintinalli's Emergency Medicine: A Comprehensive Study Guide։ New York, NY: McGraw-Hill։ ISBN 978-0-07-179476-3 
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,36 9,37 9,38 9,39 9,40 9,41 9,42 9,43 9,44 9,45 9,46 9,47 9,48 9,49 Walls Ron M., Hockberger Robert S., Gausche-Hill Marianne (2018)։ Rosen's Emergency Medicine: Concepts and Clinical Practice։ Philadelphia, PA: Elsevier։ էջեր 1516–1532։ ISBN 978-0-323-35479-0 
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 Tintinalli JE, Stapczynski J, Ma O, Yealy DM, Meckler GD, Cline DM (2016)։ Tintinalli's Emergency Medicine: A Comprehensive Study Guide։ New York, NY: McGraw-Hill։ ISBN 978-0-07-179476-3