Էդվարդ Ավետիսյան (բարերար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդվարդ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդվարդ Ավետիսյան
Ծնվել էհուլիսի 23, 1937(1937-07-23) (86 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ

Էդվարդ Խորենի Ավետիսյան (հուլիսի 23, 1937(1937-07-23), ԱՄՆ), հայազգի բարերար, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների (ԱՀԱԸ) խորհրդի անդամ, «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի հիմնադիր[1], երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ավետիսյանը ծնվել է 1937 թվականին ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Փոթակետ քաղաքում։ Էդվարդի ծնողներն Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից էին և ցեղասպանությունից հետո տեղափոխվել են ԱՄՆ։ Ընտանիքում եղել են չորս երեխա՝ Փարամազը, Զվարթը, Էդվարդը և Պողոսը։ Մայրը օգնում էր գտնել Հայոց ցեղասպանությունից կորցրած մարդկանց հարազատներին, օգնում էր նրանց աշխատանք գտնելու հարցում, գրում էր բանաստեղծություններ, որոնք պարբերաբար հրատարակվում էին հայկական մամուլում։ Էդվարդի հայրը մահանում է 1952 թվականի ապրիլի 19-ին։ Էդվարդն այդ ժամանակ տասնչորս տարեկան էր։ 1955 թվականին Էդվարդը ընդունվում է քոլեջ։ Քոլեջն ավարտելուց հետո հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբերի, բալետի և օպերայի երաժիշտների հետ, նվագել է կլառնետ Boston Pops նվագախմբում։ Հանդես է եկել նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ։ Էդվարդ Ավետիսյանը տաս տարի շարունակ դասավանդել է նաև Բոստոնի համալսարանում։ Բարելավելով իր ֆինանսական վիճակը՝ Ավետիսյանը զբաղվել է բարեգործությամբ։ 1999 թվականին Էդվարդ Ավետիսյանի միջոցներով Երևանում կառուցվում է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը,որը կրում է նրա ծնողների անունը։ 2014 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էդվարդ Ավետիսյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով[2]։

Դպրոցը ծննդյան օրվա նվեր էր մայրիկիս։ Հայրս մահացավ 1952 թվականին, երբ ես ընդամենը 14 տարեկան էի։ Մեր ընտանիքի ամբողջ հոգսը մորս ուսերին էր։ Դպրոցը կառուցվել է մորս ու հորս պատվին։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր աշակերտները ստանան լավագույն կրթությունը, որ կարող ենք տալ նրանց։ Ցանկանում ենք ոգեշնչել նրանց։ Երեխաները չեն վճարում իրենց կրթության համար։ Նրանք կարող են նույն կերպ կրթությունը շարունակել Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Էդվարդ Ավետիսյան։

Էդվարդ Ավետիսյանի առաջարկով կառուցվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքը, և եղբոր՝ Փարամազ Ավետիսյանի մահից հետո այն անվանակոչվել է նրա պատվին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Avedisian School». Ավետիսյան դպրոց. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  2. ««ՀԱՅ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» կրթական հիմնադրամի «ԽՈՐԵՆ և ՇՈՒՇԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑ և ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» կրթօջախի նորակառույց համալիրի պաշտոնական բացման արարողություն». Ավետիսյան դպրոց. 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Միանանք հանուն բնության պահպանման». ImYerevan.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.(չաշխատող հղում)