Էդուարդ Ֆրանցևիչ Նապրավնիկ, (օգոստոսի 12 (24), 1839, Býšť[1] - նոյեմբերի 10 (23), 1916, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[2][3]), դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտական գործիչ։ Ազգությամբ չեխ։ 1861 թվականից բնակվել է Սանկտ Պետերբուրգում, աշխատել իշխան Ն․ Ցուսուպովի նվագախմբում որպես կապելմայստեր, 1863 թվականից՝ Մարիինյան թատրոնի կապելմայստերի օգնական, 1867 թվականից՝ երկրորդ, 1869 թվականից՝ առաջին կապելմայստեր՝ կես դար ղեկավարելով ռուս, խոշորագույն օպերային թատրոնը։ Նապրավնիկը բարձր վարպետության է հասցրել թատրոնի կատարողական մակարդակը, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ Սակավ նշանակալից է Նապրավնիկի կոմպոզիտորական գործունեությունը (գրել է օպերաներ, նվագախմբային երկեր, խմբերգեր, կամերային գործիքային անսամբլներ, դաշ նամուրային պիեսներ, ռոմանսներ և այլն)։ Ժամանակակից թատրոնների խաղացանկում պահպանվել է միայն «Դուբրովսկի» օպերան (ըստ Ալեքսանդր Պուշկինի, 1895)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։