Էդուարդ Բաբայան (հոգեբույժ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Բաբայան (այլ կիրառումներ)
Ծնվել է | օգոստոսի 31, 1920 |
---|---|
Մահացել է | մայիսի 12, 2009 (88 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ |
Էդուարդ Արմենակի Բաբայան (օգոստոսի 31, 1920 - մայիսի 12, 2009[1]), հայ բժիշկ, հոգեբույժ, թմրաբան, առողջապահական գործի կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991)։ ՌՍՖՍՀ վաստակավոր բժիշկ։ ԽՍՀՄ թմրաբուժական ծառայության համակարգի նախաձեռնող, կազմակերպիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Բաբայանը ծնվել է 1920 թվականին։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը՝ բուժական գործ մասնագիտությամբ։ 1941-1947 թվականներին եղել է զինվորական բժիշկ։ Մասնակցել է Հայրենական պատերազմին, հասել Լեհաստան, Գերմանիա, Չեխոսլովակիա։ 1947-1953 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության հոգեբուժության ինստիտուտի և Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի գիտաշխատող։ Թեկնածուական թեզը նվիրված է եղել գլխուղեղի մելանոբլաստոմայի մետաստազների հոգեբուժական կլինիկային և ախտաբանական անատոմիային։ 1953-1967 թվականներին աշխատել է ԽՍՀՄ առողջապահության նախարարությունում, եղել բուժկանխարգելիչ օգնության գլխավոր վարչության հոգենյարդաբուժական օգնության բաժնի տեսուչ, պետ, վարչության գլխավոր մասնագետ։ 1967-1986 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության Նոր դեղամիջոցների և բժշկական տեխնիկայի ներդրման վարչության պետ։ 1978 թվականին ընտրվել է Թմրանյութերի հսկողության գիտամեթոդական բաժնի ղեկավար։ Եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության ընդհանուր և դատական հոգեբուժական փորձաքննության հարցերի մշտական խորհրդի նախագահ, նախարարության ուսումնական խորհրդի նախագահության անդամ։ 1971 թվականին Վիեննայի և 1972 թվականին Ժնևի կոնֆերանսներում ԽՍՀՄ կառավարության անունից ստորագրել է այդ դիվանագիտական կոնֆերանսների եզրափակիչ ակտերը՝ հոգեմետ դեղերի հսկողության համաձայնագիրը և թմրանյութերի հսկողության արձանագրությունը։ 1986 թվականից եղել է Մոկվայի Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության գիտական կենտրոնի դատա-դեղաբանական և բժշկա-իրավական փորձաքննության բյուրոյի ղեկավար և Թմրանյութերի հսկողության մշտական կոմիտեի նախագահ։ 1976 թվականից դասավանդել է Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, ԱՀԿ մոսկովյան դասընթացներում, ՌԴ ՆԳՆ դատաքննչական աշխատողների որակավորման բարձրացման ինստիտուտում[2]։
Հեղինակ է բժշկական ինստիտուտի և ուսումնարանի համար նախատեսված թմրաբուժության 3 դասագրքերի[3]։ Բաբայանի ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք թեկնածուական և դոկտորական թեզեր։ Մշակել է բժշկական ինստիտուտի կլինիկական դեղաբանության, հոգեբուժության, թմրաբուժության ամբիոններում կիրառվող տերմինների դասակարգումը։ Հրատարակել է նյարդա-հոգեկան հիվանդությունների, թմրամոլության, թունամոլության կլինիկա-անատոմիական առանձնահատկություններին, թմրաբուժության իրավական խնդիրներին թմրանյութերի հսկողությանը վերաբերող ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն ավելի քան 200 հոդվածներ[4]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-1997 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական կոմիտեի անդամ։
- 1964 թվականից եղել է ԽՍՀՄ և ՌԴ Նյարդաբույժների և հոգեբույժների ընկերության նախագահության անդամ։
- 1970 թվականից Բժշկա-տեխնիկական ընկերության նախագահության պատվավոր անդամ։
- 1974 թվականին ընտրվել է Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի պատվավոր անդամ։
Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեխոսլովակիայի բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
- Էդուարդ Բրաունինգի անվան մրցանակ, 1973
- Ն. Սեմաշկոյի անվան մրցանակ, 1978
- Սկրյաբինի անվան մրցանակ, 1983
- ՌՍՖՍՀ վաստակավոր բժիշկ, 1984
- «Պատվո նշան շքանշան»
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սովետական հոգեբուժություն (անգլերեն), Նյու Յորք, 1976։
- Ուշադրությու՛ն, թույն է, Մոսկվա, 1980։
- Ուշադրությու՛ն, թույն է (հայերեն), Երևան, 1982, 1986։
- Թմրաբուժության ուսումնական ձեռնարկ։ Բժշկական ուսումնարանների ուսանողների համար (համահեղինակ), Մոսկվա, 1981։
- Թմրաբուժություն, Ուսումնական ձեռնարկ բժշկական ինստիտուտի ուսանողների համար (համահեղինակ), Մոսկվա, 1987։
- Թունամոլության հոգե-դեղաբանական և բժշկա-իրավական ասպեկտները (համահեղինակ), Մոսկվա, 1988։
- Թմրաբուժություն։ Ուսումնական ձեռնարկ բժշկական ուսումնարանների ուսանողների համար (համահեղինակ), Մոսկվա, 1990։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Время новостей: N°82, 15 мая 2009»։ www.vremya.ru։ Վերցված է 2016-11-23
- ↑ «Бабаян Эдуард Арменакович - Биография»։ www.biografija.ru։ Վերցված է 2016-11-23
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Բաբայան, Էդուարդ Արմենակի»։ haygirk.nla.am։ Վերցված է 2016-11-23
- ↑ «Русская линия / Библиотека периодической печати: Эдуард Бабаян: Наркотики не пробовал и никому не советую»։ rusk.ru։ Վերցված է 2016-11-23
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։
|
- Օգոստոսի 31 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Մայիսի 12 մահեր
- 2009 մահեր
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հոգեբույժներ
- Հայ բժիշկներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- ՌՍՖՍՀ վաստակավոր բժիշկներ