Զևքսիս (հուն․՝ Ζεύξις[1], մ.թ.ա. 5-րդ դար, Heraclea Lucania, Պոլիկորո, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա - մ.թ.ա. 4-րդ դար, Աթենք, Հունաստան), մ․թ․ա․ 5-րդ դարի վերջի և 4-րդ դարի սկզբի հին հունական գեղանկարիչ։ Հռչակվել է բնությանը նմանակելու իր ձիրքով և, հատկապես, մեծ արվեստով նատյուրմորտներ պատկերելու վարպետությամբ[2]։ Ըստ ավանդազրույցի՝ Զևքսիսը մահացել է ծիծաղից, որը նրան պատճառել էր երգիծական շնչով իր իսկ պատկերած Աֆրոդիտե դիցուհին, ում համար որպես մոդել ծառայել էր նկարը պատվիրած պառավը՝ վերջինիս համառ, անզիջում պնդմամբ[3]։
Զևքսիսի նկարները («Տեդինե», «Կենտավրոսների ընտանիք») հայտնի են ըստ անտիկ գրականության սկզբնաղբյուրների հետագայում վերապատկերված հռոմեական որմնանկարների (Վետտիների տուն, Պոմպեյ) և խճանկարների (Ադրիանոսի վիլլան Տիվոլիում, Հռոմի մոտ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 688)։