Զրնգան վիհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զրնգան վիհ
Զրնգան վիհի մոտավոր կառուցվածքը
ՏեսակԿարստային վիհ-անձավ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՎարչատարածքՏավուշի մարզ
Աշխարհագրական
տեղադրություն
Գանձաքարի մոտակա լեռներ
Խորություն40 մ (ուղղահայաց վիհ)
Մուտքերի քանակ1
ՆյութԿարստ
Հայտնաբերման տարիԱնհայտ
Այցելուների հասանելիությունՄիայն ալպինիստական սարքավորումներով
ԼուսավորությունՉունի

Զրնգան վիհ (նաև՝ Զրնգան քարանձավ), կարստային ուղղահայաց անձավ, վիհ Հայաստանի Տավուշի մարզի Գանձաքար գյուղի հարակից լեռներից մեկի գագաթին[1][2][3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ժողովրդական պատմությունների, երբ վիհի մեջ քար են գցել, այն երկար ժամանակ զրնգան ձայներ արձակելով իջել է ընդերքը։ Ձայներն առաջացել են այն պատճառով, որ ընկնելիս վիհի ընդերքում քարը դիպչել է բյուրեղյա գոյացություններին։ Հենց այս պատճառով էլ վիհը հայտնի է դարձել Զրնգան անունով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրնգան վիհի մասին հայտնի են մի շարք առասպելներ, որոնք պահպանվել են մոտակա բնակավայրի բնակիչների մոտ։ Ըստ այդ խոսակցություններից մեկի՝ մարդիկ հեռու են մնում այդ խորը փոսից, քանի որ այն օձերի բնակատեղին է։ Այնտեղից նրանք տարին մի անգամ դուրս են գալիս ու կռիվ են գնում Մասիսի օձերի վրա։ Ժողովրդական մյուս խոսակցությունն այն է, որ օրվա մեջ մի ժամ կա, որ արևի ճառագայթներն ընկնում են Զրնգանի մեջ և լուսավորում։ Այդ պահին իբր երևում է վիհի հատակը, որտեղ կան բազմաթիվ մարդկանց ոսկորներ։ Ըստ Գանձաքար գյուղի տարեց բնակիչների՝ գյուղացիներից մեկը որոշում է իջնել վիհը, քանի որ, ըստ նրա, հատակին ոսկիներ կան։ Երբ համագյուղացիների օգնությամբ պարաններով մի փոքր իջնում է, բղավում է, որ շուտ վերև բարձրացնեն։ Նրան հարցնում են, թե ի՞նչ պատահեց, պատասխանում է, որ երբ հպվել է պատերին, իրեն թվացել է, թե սատանաներն են փաթաթվում։ Դեպքից հետո գյուղացին խելագարվում է[1]։

Առաջին հայտնի հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրնգան վիհ իջնելու մասին առաջին տեղեկությունը վերաբերվում է հայ քարանձավագետներին։ Դժվարին անձավի նվաճումը տեղի է ունեցել Խորհրդային Հայաստանի տարիներին՝ 1980-ական թվականներին։ Քարանձավագետ Էդվարդ Սարգսյանի խումբը Խորհրդային Հայաստանի տարածքում որոնելիս է եղել կարստային քարանձավներ, որոնց գոյության մասին ժխտում էին ժամանակի գիտական շրջանակները[1]։

Այդ խմբի անդամներից Կարենը մի օր հայտնում է, որ Իջևանի շրջանի լեռներից մեկի վրա՝ գետնի մեջ կա մի անցք, որն ունի բավական մեծ խորություն։ Այս տեղեկությունն ստանալուց հետո 17 հոգանոց քարանձավագետների խումբը մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղից երկար քայլելով հասել են դեպի վիհի մոտ։ Էդվարդ Սարգսյանի խոսքով սալ քարերի արանքում մի ճեղք էր երևում, որի մոտով անցնելիս նույնիսկ չէիր նայի այդ կողմը։ Առանց ալպինիստական գույքի և պարանների, անհնար էր իջնել այնտեղ։ Որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո արշավախմբից առաջինը վիհի մեջ իջել է Դավիթը։ Հասնելով ցեխով լցված հատակին՝ նա պարզել է, որ վիհը շարունակվում է։ Նրանից հետո ներքև է իջել խմբի անդամ Արտոն, այնուհետև մնացածը։ Վիհի ներքևում գտնվել են կենդանիների ոսկորներ, որոնք թաղված էին հաստ ցեխի ու տիղմի մեջ[1]։

Հայտնի է, որ 2010-ական թվականներին մի քանի արշավականների կողմից կրկին նվաճվել է Զրնգանի վիհը։

Երկրաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրնգան վիհի մուտքը ոչ մեծ, անկանոն տրամագծով անցք է։ Ուղղահայաց ձևով շարունակվելով դեպի ներքև՝ այն լայնանում է։ Ուղղահայաց հատվածի խորությունը շուրջ 40 մետր է։ Ներսում օդը շատ խոնավ է, պատերը՝ թաց, որոնցից տեղ-տեղ ջուր է կաթում։ Վիհի հատակին կուտակված է ցեխ։ Այդ հատվածից դեպի անձավները փոքր առվակ է հոսում, որը այնուհետև մտնում է կավացեխից կազմված գետնի վրա բացված փոքր անցքի մեջ։ Վիհի առաջին անձավը ոչ մեծ, կարծես սրբատաշ պատերով, գմբեթաձև սրահ է։ Դրանից հետո բացվում է ընդհարձակ տարածություն, որը առաստաղից թափված քարերի հետևանքով բաժանվել է առանձին դահլիճների։ Այս հատվածում նույնպես կուտակված է մեծ քանակությամբ մածուցիկ ցեխի զանգված։ Այդ ընդհարձակ տարածության պատերը պատված են սպիտակ, կարմիր, կապույտ գոյացություններով, իսկ առաստաղից կախված են շթաքարեր։ Այս դահլիճի ծայրում է ավարտվում փոքր առվակը, որտեղից լսելի է գետնի տակ մտնող ջրի ջրվեժի ձայնը[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Էդվարդ Սարգսյան․ «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները», Երևան, «Հայաստան», 1989 թվական, ISBN 5-540-00074-9
  2. 2,0 2,1 P. А. Мандалян, «О развитии карста в Тавушской области Армении» (Представлено академиком С. В. Григоряном 8/IV 2002), Национальная Академия Наук Армении, Доклады, Том 102, 2002г., № 4, УДК 551.435.8
  3. 3,0 3,1 М.А. Мовсесян, В.П. Асатрян, А.Л. Ананян, Г.О. Вартанян, «Некоторие вопросы четвертичного карстообразования на территории Арм. ССР», Ученые записки Ереванского Государственного Университета, 1, 1983, Естественные науки, УДК 551.24