Զուևի հանրապետություն
| Ստեղծում | 1941 | |
|---|---|---|
| Մայրաքաղաք | Zaskarki | |
| Արժույթ | Reichsmark, ԽՍՀՄ ռուբլի | |
| Լուծարման ամսաթիվ | 1947 | |
| Official religion | հնահավատներ | |
«Զուևի հանրապետություն», «հնադավանների հանրապետություն» — Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բելառուսի Պոլոցկի շրջանի Զասկորկի գյուղում և դարձյալ հիմնականում հնադավաններով բնակեցված շրջակա մի քանի բնակավայրերում ստեղծված ինքնավար վարչատարածքային միավոր: Կոչվել է գյուղի ավագի (староста-ի)՝ Միխայիլ Եվսեևիչ Զուևի (մոտավորապես 1890 — 1945 թվականից հետո) անունով:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուևի ընտանիքի անդամները, համագյուղացի շատ ու շատ հնադավանների պես, նախքան պատերազմը բռնաճնշումների էր ենթարկվել խորհրդային մարմինների կողմից:
Ահա թե ինչու 1941 թվականի ուշ աշնան-վաղ ձմռան ժամանակաշրջանում Կարմիր բանակի նահանջելուց հետո Զուևը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, գյուղում ինքնավարություն հիմնեց[1]: Գյուղի բնակիչների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, որոնց կազմում ընդգրկվեցին զենք կրելու ունակ շուրջ 300 տղամարդ ու կին: Ընդ որում՝ մշտապես գործող կորիզը բաղկացած էր 100 մարդուց:
Գերմանական օկուպացիոն վարչակազմը բնամթերքով որոշարկված հարկավճարի և խորհրդային պարտիզանների մուտքը գյուղի տարածք թույլ չտալու դիմաց փաստացի ճանաչեց ինքնավարությունը, որի վարչական կենտրոնը գտնվում էր Զասկորկի գյուղում: Ինքնահռչակ «հանրապետությունում» վերականգնվեց մասնավոր սեփականությունը, բացվեցին հնադավան պաշտամունքային կառույցներ[2]: Օկուպացիոն իշխանությունները «հանրապետության» գործերին փաստացի չէին միջամտում, հնադավաններն էլ սկզբնական շրջանում ձգտում էին չմասնակցել մարտական գործողությունների, չեզոքություն պահպանել[3]:
«Զուևի հանրապետության» ղեկավարները բարեկամական հարաբերություններ հաստատեցին սպիտակվտարանդիական Ժողովրդական աշխատանքային միության հետ։ Հետագայում, գերմանացիների աչքում շարժումը պաշտոնապես օրինականացնելու համար, «հանրապետության» ղեկավարներից շատերն իրենց հայտարարեցին որպես Բ.Կամինսկու ղեկավարած Ռուսաստանի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության տեղական մասնաճյուղի անդամներ, բայց իրականում իրենց հեռու էին պահում այդ կուսակցությունից։
1941 թվականին զուևցիները հաշվեհարդար տեսան խորհրդային պարտիզանների մի խմբի հետ, ովքեր նրանցից օգնություն էին խնդրել: Զուևը մեկ այլ խմբի պարեն տվեց, բայց թույլ չտվեց գյուղում մնալ։ Սկսվեց պայքարը պարտիզանների դեմ. 1941 թվականի աշնանը և ձմռան սկզբին Զուևի ջոկատները հետ մղեցին մոտ տասնհինգ հարձակում: Սկզբում կռիվ մղում էին սեփական ուժերով, բայց տարեվերջին Զուևը դիմեց գերմանացի հրամանատարին և ստացավ մի քանի տասնյակ հրացան ու զինամթերք։ 1942 թվականին «հանրապետությունը» անցավ հարձակման և մի քանի գյուղ միացրեց իր տարածքին[3]։
Երբ գերմանական բանակը նահանջեց, Զուևն ու նրա մարդկանց մի մասը շարժվեցին դեպի Արևմուտք: Մյուս հնադավանները մնացին և պարտիզանական կռիվներ մղեցին Կարմիր բանակի դեմ: Այդ նպատակով գերմանացիները նրանց մոտ զենք ու պարեն էին թողել։ Պարտիզանական այդ խմբերը Պոլոցկի մերձակայքում գտնվող անտառներում մնացին մինչև 1947 թվականը[4]։
Զուևը և նրա ընկերակիցներից մի քանիսը ընդգրկվել են կոլաբորացիոնիստական կազմակերպության՝ Ռուսաստանի ժողովուրդների ազատագրման կոմիտեի Գերագույն խորհրդի կազմում: 1945 թվականին նա փորձել է վերադառնալ խորհրդային տարածք՝ ընդհատակյա շարժում կազմակերպելու համար և անհետացել է։
Զուևի գործունեության հետ կապված որոշ փաստաթղթեր պահվում են Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ ազգային արխիվում (օրինակ՝ ոմն Վ. Վոլժանինի «Zuyev’s Republic» ձեռագիրը (1951), NA RG 338, P-124)։
Բացի Զուևի «հանրապետությունից», Բելառուսի վերոնշյալ և հարևան շրջաններում կային նաև այլ գրեթե անկախ սուբյեկտներ, ինչպիսիք են Ռոսոնոյի հանրապետությունը Ռոսոնսկի շրջանում և Պետուխովի Հանրապետությունը Վիտեբսկի մերձակայքում:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Elliott Mark R. Pawns of Yalta: Soviet refugees and America’s role in their repatriation. University of Illinois Press, 1982. P. 16.
- ↑ Igor Petrov, Oleg Beyda Joining Hitler’s Crusade: European Nations and the Invasion of the Soviet Union, 1941 / D. Stahel. — Cambridge: Cambridge University Press, 2017. — С. 419-422.
- ↑ 3,0 3,1 Республика Зуева: староверы между двух огней Արխիվացված 2022-04-25 Wayback Machine - Дилетант // 28.04.2019
- ↑ Соколов Б. В. Оккупация. Правда и мифы. Гл. Меж двух диктатур. М.: АСТ-Пресс Книга, 2005, с. 205.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Каров Д. Партизанское движение в СССР 1941—1944 гг. Мюнхен, 1954.
- Под немцами. Воспоминания, свидетельства, документы. Сост. К. М. Александров. Санкт-Петербург: Скрипториум, 2011.
- Wladimir W. Posdnjakoff. Zuyev’s Republic. Historical Division, European Command, Foreign Military Studies Branch (1947).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Батшев, В. Партизанщина: мифы и реалии. — «Лебедь», № 519, — 18 марта 2007 года.