Զլոբինյան մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զլոբինյան մեթոդ, նախկին Խորհրդային Միությունում բրիգադային տնտեսական հաշվարկի ձև շինարարության մեջ։ Ներդրվել է 1971 թվականին, սոցիալիստական աշխատանքի հերոս Նիկոլայ Զլոբինի առաջարկությամբ։ Իր նպատակն է համարել սոցիալիստական արտադրության կառավարմանը ներքին օղակների մասնակցության ընդլայնումը, շինարարության ժամկետի կրճատումը, աշխատանքի արտադրողականության և որակի բարձրացումը, շինմոնտաժային աշխատանքների ինքնարժեքի իջեցումը։

Ըստ զլոբինյան մեթոդի, շինմոնտաժային կազմակերպությունը պետք է պայմանագիր կնքեր կառուցող բրիգադի հետ․ վերջինս պարտավորվում էր աշխատանքը կատարել սահմանված ժամկետում և նախահաշվային արժեքով, շինմոնտաժային կազմակերպությունը՝ կառույցը ժամանակին ապահովել տեխնիկական փաստաթղթերով, շինանյութերով և այլն։ Բրիգադի բանվորները վարձատրվում էին գործավարձային պարգևատրման համակարգով։ Աշխատավարձի չափը որոշում էին վարպետն ու բրիգադիրը, վերջնական հաշվարկը պետք է կատարվեր ըստ ակորդային կարգագրի՝ աշխատանքն ավարտելիս։ Բրիգադը պարգևատրվում էր շինարարության նորմատիվային ժամկետը կրճատելու (աշխատավարձի ֆոնդից), կառույցը ժամանակին կամ ավելի շուտ շահագործման հանձնելու (պատվիրատուի հաշվին) և կատարվող աշխատանքների հաշվարկային արժեքի տնտեսման համար (տնտեսված գումարի 40,30 կամ 10 տոկոսի չափով՝ ելնելով կառույցին տրված գնահատականից)։

1973 թվականի հոկտեմբերի 24-ին մշակվեց «Բրիգադային տնտհաշվարկի նոր ձևի մասին» կանոնադրություն, ուր տրված էին զլոբինյան մեթոդի հիման վրա բրիգադները տնտհաշվարկի փոխադրելու կարգն ու շինարարությունում աշխատանքի կատարելագործման ուղիները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 696