Զինվորական փառքի քաղաք (ստելա, Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Զինվորական փառքի քաղաք» ստելա
«Զինվորական փառքի քաղաք» ստելան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և սյուն
Ստեղծումմայիսի 6, 2010
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Շինության ձևՍտելա
ՈճNew Classical architecture?
Նյութգրանիտ և բրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to City of Military Glory (Rostov-on-Don) Վիքիպահեստում

«Զինվորական փառքի քաղաք» ստելա (ռուս.՝ Стела «Город воинской славы»), հուշակոթող, որը գտնվում է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Պերվոմայսկի թաղամասում։ Ստեղծվել է ի նշանավորումն քաղաքին Ռուսաստանի Դաշնության «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում շնորհելու։ Հանդիսավորությամբ բացվել է 2010 թվականի մայիսի 6-ին օդանավակայանի դիմաց գտնվող հրապարակում, որը ստացել է «Զինվորական փառքի հրապարակ» անվանումը[1][2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գագաթին Ռուսաստանի բրոնզե զինանշանով 6,5 մ բարձրությամբ գրանիտե կլոր կարմիր սյուն է։ Սյան քառակուսի պատվանդանի մի կողմում Դոնի Ռոստովի զինանշանն է, իսկ մյուս կողմում` Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի տեքստը քաղաքին «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում շնորհելու մասին։ Սյունը շրջապատված է չորս քառակուսի մույթերով Ռոստովի ռազմական պատմության և նացիստների նկատմամբ տարած հաղթանակների թեմայով խորաքանդակներով[1]։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Յ. Դվոռնիկովը և ձևարար Ա. Մուսիենկոն։ Խորաքանդակների հեղինակներն են քանդակագործներ Ս. Օլեշնյան, Գ. Մյասնիկովը և Ա. Դեմենտևը։ Խորաքանդակները ձուլվել են Ռոստովի պետական շինարարական համալսարանի գեղարվեստական ձուլման արհեստանոցում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի սկզբին վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան Ռոստովին «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում շնորհելու նախաձեռնությամբ։ Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովը հավանություն տվեց այդ նախաձեռնությանը, և Ռոստովի քաղաքային դումայի պատգամավորները ՌԴ նախագահին ուղարկեցին Ռոստովին «Զինվորական փառքի քաղաք» կոչում շնորհելու միջնորդագիր[3]։ Ռուսաստանի Դաշնության «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում Դոնի Ռոստով քաղաքին շնորհվեց նախագահի 2008 թվականի մայիսի 5-ի թիվ 556 հրամաագրնով` «Հայրենիքի ազատության և անկախության համար պայքարում քաղաքի պաշտպանների ցուցաբերած քաջության, դիմադրության և զանգվածային հերոսության համար»[4]։

Ռուսաստանի նախագահի հրամանագրի համաձայն` «Զինվորական փառքի քաղաք» կոչման արժանացած բոլոր քաղաքներում տեղադրվում են ստելաներ, որոնք ստեղծվել են մեկ նախագծով։ Որպես տեղադրման վայր դիտարկվում էին Կարլ Մարքսի հրապարակը, Բոլշայա Սադովայա փողոցը (Գորկու անվան զբոսայգու կենտրոնական մուտքի մոտ), Թատերական հրապարակը[5]։ Սակայն այդ առաջարկներից մի քանիսը ենթադրում էին հին հուշարձանները նորով փոխարինումը, ուստի մերժվեցին։ Արդյունքում որոշվեց ստելան տեղադրել Ռոստովի օդանավակայանի շենքի առջևի հրապարակում[6]։

Ստելայի տեղադրության վայրի ընտրությունը հիմնավորվել է այն փաստով, որ օդանավակայանը տեղակայված է ճակատի հյուսիսարևմտյան խմբավորման հիմնական հարվածի ուղղությամբ։ Ներկայացվել են նաև այլ փաստարկներ. օդանավակայանը քաղաքի օդային դարպասն է, և M4 «Դոն» ավտոճանապարհը Ռոստովի գլխավոր մուտքն է։ Բացի այդ, օդանավակայանի առջևի հրապարակն ունի լավ լանդշաֆտ։ Ապագայում օդանավակայանը նախատեսվում է տեղափոխել քաղաքից դուրս և նրա տեղում կառուցել բնակելի թաղամաս։ Սակայն ստելայի տեղադրման վայրի քննադատները նշում են, որ այս վայրում մարտեր չեն եղել[6]։

Ռոստովի քաղաքային դուման ստելայի շինարարության համար հատկացրել է 19 միլիոն ռուբլի[6]։ «Զինվորական փառքի քաղաք» ստելան հանդիսավորությամբ բացվել է 2010 թվականի մայիսի 6-ին` Հաղթանակի 65-ամյակի նախօրեին։ Այն հրապարակը, որտեղ տեղադրվել է հուշահամալիրը, կոչվել է «Զինվորական փառքի հրապարակ»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Стела воинской славы установлена в Ростове-на-Дону». РИА Новости. 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  2. 2,0 2,1 «В Ростове-на-Дону установлена стела «Город воинской славы»». rostov-region.ru. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Депутаты Ростовской гордумы намерены ходатайствовать о присвоении Ростову звания "Город воинской славы"». yugregion.ru. 2007 թ․ փետրվարի 19. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  4. 5 мая 2008 года № 556 «О присвоении городу Ростову-на-Дону почётного звания Российской Федерации „Город воинской славы“»
  5. «Стела в честь присвоения Ростову звания «Город воинской славы» будет установлена на Театральной площади». yugregion.ru. 2008 թ․ մայիսի 15. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 Ольга Космынина. В Ростове появится площадь Воинской славы Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Ростов Официальный. — 2009. — № 50 (785).