Jump to content

Զիյա Բունիյաթովի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիյա Բունիյաթովի սպանություն
Ziya Bünyadovun qətli
Տեսակահաբեկչական ակտ և քաղաքական սպանություն
Երկիր{{{2}}} Ադրբեջան
Գրոհի վայրԳ. Սեյիդբեյլի փողոց[1]
ՏեղադրանքԲաքու
Տարեթիվ1997 թվականի փետրվարի 21, մոտ 18:00
Գրոհի միջոցֆիննական դանակ, Մակարովի ատրճանակ
ԶոհվածներԶիյա Բունիյաթով
ԱհաբեկիչներՆիզամի Նագիև, Գալիբ Բաբաև
ԿազմակերպիչներՎիլայաթ ալ-Ֆաքիհ Հեզբոլահ
ԿասկածյալՏարիել Ռամազանով, Ջավանշիր Ասլանով, Վյուսալ Նազարով
40°21′41″ հս․. լ. 49°49′41″ ավ. ե.HGЯO

Զիյա Բունիյաթովի սպանություն (ադրբ.՝ Ziya Bünyadovun qətli), քաղաքական սպանություն[2], որի զոհ է դարձել ադրբեջանցի գիտնական, արևելագետ, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, Խորհրդային միության հերոս, ակադեմիկոս Զիյա Բունիյաթովը։ Վերջինս տարբեր գիտնականների կողմից բազմիցս մեղադրվել է Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի պատմության կեղծարարության մեջ[3][4]։

Հետաքննության տվյալներով՝ ակադեմիկոսի սպանությունը կազմակերպվել է արմատական «Վիլայաթ ալ-Ֆաթիհ Հեզբոլահ» (Հեզբոլահի Բաքվի մասնաճյուղը) իսլամիստական խմբավորման անդամների կողմից, որոնք Բունիյաթովին հայտարարել էին իսրայելական հատուկ ծառայությունների՝ «Մոսադ»-ի գործակալ։ Պատճառը Բունիյաթովի մի շարք հոդվածներն ու ելույթներն էին։ Բունիյաթովի սպանությունը տեղի է ունեցել 1997 թվականի փետրվարի 21-ի երեկոյան Բաքվում՝ այն շենքի շքամուտքի մոտ, որտեղ բնակվում էր Բունիյաթովը։ Հարձակում գործած անձինք ակադեմիկոսին հասցրել էին դանակի հինգ հարված, իսկ այնուհետ ատրճանակից արձակելով երկու կրակ՝ թաքնվել դեպքի վայրից[5]։

2001 թվականի սկզբին հանցագործության անմիջական կատարողներից երկուսը՝ Նիզամի Նագիևը (մարդասպաններից մեկը) և Մահիր Զեյնալովը (վարորդ) դատապարտվեցին ցմահ ազատազրկման[5][6]։ Խմբավորման ևս հինգ անդամներ դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման, իսկ երկրորդ մարդասպան Գալիբ Բաբաևը սպանվել էր դեռ 1997 թվականի մարտին՝ իրանա-ադրբեջանական սահմանի հատման փորձի ժամանակ[5]։ Խմբավորման ղեկավար Տարիել Ռամազանովը և մի քանի այլ անդամներ այդպես էլ չեն հայտնաբերվել[5][6]։ Նրանք կարողացել են լքել Ադրբեջանը: Մինչ այդ նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում[7]։

Բունիյաթովի հանելուկային սպանությունը ցնցել էր ողջ Ադրբեջանը[8][9][10]։ Հուղարկավորության ժամանակ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը այդ սպանությունն անվանել է ահաբեկչություն, որն ուղղված է եղել ադրբեջանցի ժողովրդի, երկրի պետականության, Ադրբեջանի անկախության և դրա ղեկավարության դեմ[11]։ Տեղական լրատվամիջոցները քննադատել են հատուկ ծառայություններին՝ ոչ բավարար աչալրջության համար[9]։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամի վերաբերյալ Զիյա Բունիյաթովի ուսումնասիրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների կեսերից՝ վերակառուցման ժամանակաշրջանում, ադրբեջանական հասարակությունում սկսեց աստիճանաբար մեծանալ իսլամի նկատմամբ հետաքրքրությունը։ «Սև հունվար» անունը ստացած դեպքերից հետո պարզ դարձավ, որ Ղուրանը դարձել է ադրբեջանական անհատականության ու խորհրդային իշխանության դեմ բողոքի խորհրդանիշը։ Ինչպես պնդում էին թյուրքագետ ու պատմաբան Ալթայ Գյոյուշովը ու Բունիյաթովի նախկին գործընկեր Նարիման Գասըմօղլուն, Զիյա Բունիյաթովը սկսել էր հավատալ, որ իսլամը պետք է լինի նոր անհատականության և ազգային ինքնագիտակցության ամենակարևոր բաղադրիչը։ Գյոյուշովի խոսքով՝ «թյուրքամետ» ուղղվածության պատմաբանների դեմ Բունիյաթովի հակազդեցությունը եղել է այն գլխավոր գործոնը, որը նրան դրդել է ուսումնասիրելու իսլամը՝ որպես հետազոտությունների նոր ոլորտ[12]։

Որպես իսլամագետի Բունիյաթովի հեղինակությունը սերտորեն կապված է ադրբեջաներեն Ղուրանի թարգմանության հետ, որը նա իրականացրել է արևելագետ Վասիմ Մամեդալիևի հետ[13]։ Ղուրանի այդ թարգմանությունը հրատարակվել է 1991 թվականին՝ Մամեդալիևի նախաբանով ու Բունիյաթովի մեկնաբանություններով[14]։ Նույն տարում այդ հրատարակությունն արժանացել է Տագիևի անվան մրցանակի[13]։ Զարդուշթ Ալիզադեի և Արիֆ Յունուսովի խոսքով՝ 1980-ական թվականների սկզբից, հավանաբար իրանական հեղափոխության ներշնչանքով, ադրբեջաներենով սկսեցին ի հայտ գալ Ղուրանի նոր թարգմանություններ։ Մասնավորապես, արաբագետներ Տարիել Հասանովը և Նարիման Գասըմօղլուն դեռ 1980-ական թվականների վերջին իրականացրել էին Ղուրանի թարգմանություններ, իսկ 1988 թվականի սկզբից Գասըմօղլուն հրապարակում էր Ղուրանից հատվածներ։ Գասըմօղլուի խոսքով՝ իր թարգմանությունը պահպանել էր Ղուրանի առավել բանաստեղծական բնույթը, քան Բունիյաթովի և Մամեդալիևի տարբերակը։ Սակայն Զիյա Բունիյաթովը համարվում էր Ադրբեջանի ամենահայտնի գիտնականը և համարվում էր երկրի բարոյական դեմքը, ինչի պատճառով նրա թարգմանությունը մինչ օրս մեծ հեղինակություն ունի[15]։

Զիյա Բունիյաթովը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Բունիյաթովը մեկ այլ աշխատության մեջ շարունակել է իսլամի վերաբերյալ իր հետազոտությունները։ Խոսքը ադրբեջաներենով հրատարակված «Կրոններ, աղանդներ, կրոնական շարժումներ» հանրագիտարանային բառարանի մասին է, որը գրվել է 1993-1995 թվականներին ու հետմահու հրատարակվել է 1997 թվականին[16]։ Նախաբանում Բունիյաթովն իր մոտիվները բացատրում է հետևյալ կերպ[16].

Այս հանրագիտարանն ինձ համար բարոյական պարտք է մարդկանց առաջ։ Մինչ օրս մեր ժողովուրդը կրոնի ու կրոնական շարժումների վերաբերյալ իր գիտելիքները ստանում էր միայն աթեիստական մոտեցման ու մարքսիզմ-լենինիզմ պրիզմայի միջոցով։ Բոլոր գրքերը, հոդվածները և գրքույկները, որոնք գրվել են խորհրդային ժամանակաշրջանում, ամբողջությամբ ենթակա են այդ հեռանկարին։ Ու այդ հանգամանքը տվյալ ժամանակաշրջանի բոլոր գրվածքները դարձնում է սուբյեկտիվ։ Այլ բառերով ասած, կրոնի մասին ողջ տեղեկությունը եղել է կեղծ ու մարդկանց խանգարել իմանալ ճշմարտությունը։

Հանրագիտարանի ամենաէական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Բունիյաթովի ուշադրությունը կենտրոնացած էր ոչ միայն իսլամի, այլև ընդհանուր առմամբ մյուս կրոնների վրա։ Սառա Կրոմբախի կարծիքով՝ հանրագիտարան գրելու Բունիյաթովի մոտիվը կարող էր լինել ոչ միայն իսլամական աշխարհում, այլև առավել լայն համատեքստում հետխորհրդային Ադրբեջանի ինտեգրումը։ Ինչպես նշում է Կրոմբախը, երիտասարդ երկրի համար, որը բախվում էր հետգաղութատիրականության խնդիրների հետ, դա կարող էր անհրաժեշտ քայլ լինել, որպեսզի Ադրբեջանը դիտարկվի ոչ միայն Արևելքի, այլև Եվրոպայի մաս[17]։

Ադրբեջանում Հեզբոլահի գաղափարների տարածումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի անկախության վերականգնումից անմիջապես հետո Իրանը սկսեց ակտիվորեն նպաստել Ադրբեջանում իսլամական հեղափոխության և պետականության գաղափարների տարածմանը։ Ազդցության հիմնական թիրախ դարձան փախստականների ճամբարները։ Ադրբեջանական երիտասարդության ներկայացուցիչները հավաքագրվում էին Իրանում կրոնական դպրոցներում և Հեզբոլահի ճամբարներում ուսանելու համար։ Վերադառնալով Ադրբեջան՝ նրանք տարածում էին Հեզբոլահի քաղաքական գաղափարները[18]։

Փախստականների վրանային ճամբար Ադրբեջանի՝ Իրանին սահմանակից Բեյլագանի շրջանում:

Այսպես, 1993 թվականի վերջին Արցախյան առաջին պատերազմի ժամանակաշրջանում, երկրի հարավում՝ Իրանի սահմանին զուգահեռ, ինչպես նաև հանրապետության կենտրոնում տեղակայվեց տեղահանվածների մեծ մասը։ Հանրապետության մայրաքաղաքում նրանց հայտնվելը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ, ինչի պատճառով 1993 թվականի օգոստոսին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով փակվեցին բոլոր ճանապարհները, որոնք տանում էին Բաքու ու հանրապետության մյուս խոշոր քաղաքներ։ Սակայն իշխանությունները հասկանում էին, որ դա բավարար չի լինի, այդ իսկ պատճառով դիմեցին Իրանի օգնությանը։ 1993-1994 թվականներին իրանական իշխանություններն Ադրբեջանի հարավում հիմնեցին փախստականների 7 ճամբար, որտեղ տեղավորվեց մինչև 100 000 մարդ։ Դրանք Ադրբեջանում փախստականների համար նախատեսված առաջին վրանային ճամբարներն էին։ Շատ շուտով այդ ճամբարներից սկսեցին ստացվել տեղեկություններ այն մասին, որ իրանական կողմը նրանց օգտագործում է փախստականների շրջանում շիական դոգմաների քարոզման համար։ Արդյունքում պարզ դարձավ, որ Իրանը միաժամանակ Ադրբեջանում սկսել է ստեղծել բացահայտ արմատական և ծայրահեղական իսլամիստական կազմակերպություններ, որոնց թվում իր ակտիվությամբ և հեղինակությամբ հայտնի է Հեզբոլահ քաղաքական խմբավորումը[19]։ Վերջինիս հիմնադիրները հիմնվում էին «վիլայաթ ալ-ֆաքիհ» կամ «հոքումաթ-ի իսլամի» («իսլամական կառավարում») հայեցակարգերի վրա, որոնք մշակվել էին այաթոլահ Ռուհոլլահ Խոմեյնիի կողմից։ Այս հայեցակարգը կայանում էր նրանում, որ իմամի, այսինքն՝ ումմայի օրինական ղեկավարի բացակայության պայմաններում, առաջնորդումը դրվում է աստվածաբանների վրա, որոնց վստահվում է Ղուրանի ճիշտ մեկնությունը[20]։

Մուհամմադի մզկիթը Բաքվում։

Muhammad Mosque, Baku, 2006.jpg

1993 թվականին «վիլայաթ ալ-ֆաքիհ»-ի իրանցի քարոզիչները Բաքվում իրենց շարքեր են ներգրավում երիտասարդ ադրբեջանցիների և ստեղծում Հեզբոլահի տեղական մասնաճյուղը՝ «Վիլայաթի ալ-Ֆաքիհ Հեզբոլահ»-ը[20]։ Հետաքննության տվյալներով՝ Հեզբոլահի Բաքվի ստորաբաժանումը ստեղծվել է Մուհամեդ և Նասրուլա անունով տղամարդկանց կողմից, որոնք ներկայացել են որպես Իրանի քաղաքացիներ[21]։ Ընդհուպ մինչև 2000 թվականը կազմակերպության ղեկավարը եղել է Տարիել Ռամազանովը։ Կազմակերպության կազմում եղել է մի քանի տասնյակ մարդ։ Արդյունքում Հեզբոլահի ոչ մեծ ստորաբաժանում է ստեղծվել նաև Ադրբեջանի հարավում, Լենքորան քաղաքում[20]։

Սպանության նախապատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես պարզ է դառնում մեղադրական եզրակացությունից, Նիզամի Նագիևը, Մահիր Զեյնալովը, Գալիբ Բաբաևը և Ջավանշիր Ասլանովը, Տարիել Ռամազանովի հանձնարարությամբ, Ջալիլաբադի շրջանում ապօրինաբար հատել են Իրանի հետ սահմանը։ Թեհրան քաղաքից ոչ շատ հեռու, շուրջ երեք ամիս, նրանք ձեռնամարտի, փողոցային ու գյուղական տեղանքներում մարտերի կուրսեր են անցել, ինչպես նաև պատրաստվել գաղտնի հետևելու համար[22]։

Նիզամի Նագիևի խոսքով՝ Տարիել Ռամազանովի հետ նա ծանոթացել է դեռ 1983 թվականին բանակում։ Դրանից հետո նրանք հաճախ են հանդիպել։ Ռամազանովն աշխատում էր Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներից մեկում, որտեղ նրա հայրը՝ Ռամիզ Ռամազանովը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու էր։ 1992 թվականին, Ռամազանովի հրավերով, Նագիևը սկսում է նամազ կատարել ու այցելել Իչերի Շեհերում գտնվող Մուհամմադի մզկիթ, որն այդ ժամանակ վերանորոգվել էր հենց Ռամազանովի միջոցներով։ Նագիևի խոսքով՝ մզկիթում այցելուների կողմից Տարիել Ռամազանովը համարվում էր առաջնորդ, բոլորը փորձում էին լսել նրան և կատարել վերջինիս հանձնարարությունները։ Այստեղ Նագիևը ծանոթացել է Ջավանշիր Ասլանովի հետ։ 1992 թվականի ամռանը Ռամազանովը Նագիևին առաջարկում է ուսման նպատակով մեկնել Իրան[23]։

Իրանից վերադառնալուց հետո Նիզամի Նագիևին Տարիել Ռամազանովը փոխանցում է 32 000 ԱՄՆ դոլար։ Այդ գումարով նա տուն է ձեռքբերում Բաքվի Ջալիլ Մամեդգուլուզադեի անվան փողոցի 85/259ա հասցեում։ Ավելի ուշ, այդ տան նկուղում նա հոր է փորում՝ զենքեր թաքցնելու համար, որոնք պետք է փոխանցվեին խմբավորման մյուս անդամներին։ 1996 թվականի մարտին, Տարիել Ռամազանովի կարգադրությամբ, Նագիևը Ջավանշիր Ասլանովի հետ միասին այդ տանը թաքցնում է 2 ինքնաձիգ, 1 գնդացիր, տարբեր տեսակների 5 ատրճանակ, 3 խլացուցիչ, ձեռքի 1 նռնակ, ինչպես նաև տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Այդ սպառազինությունը պատկանում էր Տարիել Ռամազանովին, Մահիր Զեյնալովին, Գալիբ Բաբաևին և Մաարիֆ Ալիևին, որոնք մասնակցել էին նկուղում հորի փորմանը[24]։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ խմբավորման անդամները 1997 թվականի հունվարին Բաքվում հանդիպում են անցկացրել։ Դրան մասնակցել են Նիզամի Նագիևը, Ջավանշիր Ասլանովը, Մահիր Զեյնալովը, Գալիբ Բաբաևը, Տարիել Ռամազանովը, ինչպես ոմն Նասրուլա, որը եղել է Իրանի քաղաքացի։ Խմբավորման անդամները որոշել են վերջ դնել ակադեմիկոս Զիյա Բունիյաթովի ծառայողական և քաղաքական գործունեությանը։ Հավաքի ժամանակ ընդգծվել է, որ իրանցի հոգաբարձուների կողմից «ֆեթվա» է հայտարարվել ակադեմիկոսի մահվան համար։ Նրանք պնդել են, որ Զիյա Բունիյաթովը, իբր, կոպիտ սխալներ է թույլ տվել իսլամական պատմության աղբյուրների թարգմանության հարցում։ Մշակվել է սպանության իրագործման պլան, իսկ մասնակիցներ իրար մեջ դերաբաժանում են արել[25]։ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տվյալներով՝ Հեզբոլահի առաջնորդները Բունիյաթովին մեղադրում էին նրանում, որ վերջինս հանդիսանում է իսրայելական հատուկ ծառայությունների՝ Մոսադի գործակալ ու Ադրբեջանում տարածում սիոնիզմի գաղափարախոսությունը[2]։

Ակադեմիկոսին հետևել է մարդասպանների երկու խումբ։ 1997 թվականի հունվարի վերջից մինչև փետրվարի սկիզբը Նիզամի Նագիևը, Ջավանշիր Ասլանովը և Տարիել Ռամազանովը ուսումնասիրել են տեղանքը, որտեղ գտնվում է Զիյա Բունիյաթովի տունը, ելքն ու մուտքը։ Մահիր Զեյնալովը և Գալիբ Բաբաևը այլ անձանց օգնության գաղտնի հետևել են Զիյա Բունիյաթովին ու նրա ծառայողական մեքենային՝ կազմելով վերջինիս տեղաշարժի սխեման[26]։

Զիյա Բունիյաթովի վրա հարձակում գործած անձանցից մեկը՝ Նիզամի Նագիևը։

1997 թվականի փետրվարի 21-ին, տեղի ժամանակով 16:00-ի սահմաններում խմբավորման անդամները բաժանվեցին երկու խմբի։ Տարիել Ռամազանովն ու Ջավանշիր Ասլանովը, որոնք զինված էին «Ուզի» տեսակի գնդացիր-ատրճանակով ու գտնվում էին ակադեմիկոսի տան մոտ կայանած ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենայում (АЗ-10-ДФ-581 պետհամարանիշներով), բջջային հեռախոսով երկրորդ խմբին հայտնեցին տուն Զիյա Բունիյաթովի վերադարձի մասին։ Նիզամի Նագիևը զինված էր ֆիննական դանակով, իսկ Գալիբ Բաբաևը՝ Մակարովի ատրճանակով, որն ուներ խլացուցիչ։ Մահիր Զեյնալովի հետ միասին, ՎԱԶ-2106-ի մեջ, որը դարձյալ կայանած էր Բունիյաթովի տան մոտ, նրանք սպասում էին հաջորդ զանգին[1][27]։

Երեկոյան մոտ 18:00-ին Տարիել Ռամազանովը Մահիր Զեյնալովին հայտնում է Զիյա Բունիյաթովի ժամանման մասին։ Զեյնալովը մնում է մեքենայում, որպեսզի հայտնի օտար մարդկանց հնարավոր ժամանման մասին։ Գալիբ Բաբաևը կանգնում է շենքի անկյունում, իսկ Նիզամի Նագիևը՝ գնում 3-րդ շքամուտքի մոտ։ Սպասելով Գալիբ Բաբաևից ազդանշանին առ այն, որ Բունիյաթովը միայնակ է գնում դեպի իր բնակարան, Նիզամի Նագիևը մտնում է շենքի 3-րդ շքամուտք[28]։ Սովորաբար, մինչև բնակարան, Բունիյաթովին ուղեկցում էր նրա անձնական վարորդը։ Մարդասպանների պլաններում էր նաև նրա սպանությունը։ Սակայն, Բունիյաթովը ազատ էր արձակել վարորդին ու մենակ գնացել տուն[1]։

Առաջին և երկրորդ հարկերի միջև գտնվող աստիճանահարթակին Նագիևը թիկունքից մոտենում է Բունիյաթովին և դանակի 5 հարված հասցնում ձախ ձեռքի հետևի հատվածի արտաքին մակերևույթին ու փորի շրջանում՝ աջ ու ձախ կողերի հատվածում։ Միևնույն ժամանակ դեպքի վայր է հասնում Գալիպ Բաբաևն ու տեսնում, որ Բունիյաթովը դեռևս ողջ է։ Բաբաևը ատրճանակից կրակ է արձակում Բունիյաթովի աջ այտի ու պարանոցի հատվածում։ Ակադեմիկոսը տեղում մահանում է, իսկ հարձակում գործած անձինք Զեյնալովի ավտոմեքենայով հեռանում դեպքի վայրից[1][29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Бабаев Р. Мрачные даты для убийц академика Зии Буниятова // Эхо. — 2001. Архивировано из первоисточника 23 հուլիսի 2022.
  2. 2,0 2,1 Political Islam: Critical Concepts in Islamic Studies / Edited by Barry M. Rubin.. — London and New York: Routledge, 2007. — Т. III. — С. 278. — ISBN 0415404533, 9780415404532

    In February 1997, a famous Azerbaijani scholar, the academician Ziya Bunyatov, was assassinated in Baku. The Ministry of National Security (MNS) accused Hizballah of the political assassination. Leaders of Hizballah, according to MNS, accused Bunyatov of being an agent of the Israeli Mossad and of disseminating Zionism in Azerbaijan.

  3. Албанский миф. Глава из кн.: В. А. Шнирельман, «Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье», М., ИКЦ, «Академкнига», 2003.
  4. Урекаванк. Непредсказуемое прошлое Արխիվացված 2008-06-02 Wayback Machine Глава из книги: Томас де Ваал. Черный сад. Армения и Азербайджан между миром и войной
  5. 5,0 5,1 5,2 5,3 Məmmədəliyev E. Akademik Ziya Bünyadovun mübhəm ölüm işi – cinayət dosyesi(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2018.
  6. 6,0 6,1 Алекперова И. Исламисты охотились за исламоведом. В Азербайджане осуждены убийцы Героя Советского Союза // Время новостей. — 2004. — № 12. Архивировано из первоисточника 9 մայիսի 2019.
  7. Юнусов, 2004, էջ 180
  8. Thomas de Waal. Black Garden. — New York: New York University Press, 2003. — С. 164.

    Buniatov later went into politics. His strange career ended with his mysterious assassination in the doorway of his house in February 1997.

  9. 9,0 9,1 Ибрагимов Н. Азербайджан – лакомый кусок для сброда вроде террористов, фанатиков, спецслужб враждебных стран? // Эхо. — 2001. Архивировано из первоисточника 11 հուլիսի 2022.
  10. Crombach, 2019, էջ 184
  11. Речь Президента Азербайджанской Республики Гейдара Алиева на церемонии прощания с видным ученым и общественным деятелем, академиком Зией Буниятовым — Центр культуры имени Шахрияра, 23 февраля, 1997 года // Бакинский рабочий. — 1997. Архивировано из первоисточника 22 հունիսի 2016.
  12. Crombach, 2019, էջ 174
  13. 13,0 13,1 Crombach, 2019, էջ 175
  14. Л. М. Оруджева, З. Э Шихалибейли. Развитие арабской филологии в Азербайджане. — Баку: Институт востоковедения Академии наук Азербайджана, 2004. — С. 84. — 107 с.
  15. Crombach, 2019, էջ 177
  16. 16,0 16,1 Crombach, 2019, էջ 178
  17. Crombach, 2019, էջ 179
  18. Crombach, 2019, էջ 173
  19. Юнусов, 2004, էջ 105
  20. 20,0 20,1 20,2 Юнусов, 2004, էջ 120
  21. Məmmədəliyev E. Akademik Ziya Bünyadovun mübhəm ölüm işi – cinayət dosyesi(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2018.
  22. Məmmədəliyev E. Akademik Ziya Bünyadovun mübhəm ölüm işi – cinayət dosyesi(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2018.
  23. Məmmədəliyev E. Ziya Bünyadovun qatili həbsxanada danışdı(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 1 ապրիլի 2018.
  24. Məmmədəliyev E. Akademik Ziya Bünyadovun mübhəm ölüm işi – cinayət dosyesi(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2018.
  25. Məmmədəliyev E. Akademik Ziya Bünyadovun mübhəm ölüm işi – cinayət dosyesi(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2018.
  26. Məmmədəliyev E. Akademik Ziya Bünyadovun mübhəm ölüm işi – cinayət dosyesi(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2018.
  27. Məmmədəliyev E. Akademik Ziya Bünyadovun mübhəm ölüm işi – cinayət dosyesi(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2018.
  28. Məmmədəliyev E. Akademik Ziya Bünyadovun mübhəm ölüm işi – cinayət dosyesi(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2018.
  29. Məmmədəliyev E. Akademik Ziya Bünyadovun mübhəm ölüm işi – cinayət dosyesi(ադրբ.) // Yeni Müsavat. — 2018. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2018.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Юнусов А. С. Ислам в Азербайджане / Под ред. доктора исторических наук, профессора Рауфа Гусейнова (Национальная академия наук Азербайджана). — Б.: «Заман», 2004. — 388 с. — ISBN 9952-8052-0-9
  • Crombach S. G. Ziia Buniiatov and the Invention of an Azerbaijani Past. — University of Amsterdam, 2019.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]