Զբոսաշրջությունը Թունիսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավերակներ Կարթագեն քաղաքում

Զբոսաշրջությունը Թունիսում առավել զարգացածն է Հյուսիսային Աֆրիկայի երկրների շարքում, երկրորդը՝ Եգիպտոսից հետո ամբողջ Աֆրիկա մայրցամաքի տարածքում։ Թունիսի առավել հայտնի զբոսաշրջային կենտրոններից է մայրաքաղաք Թունիսը, հնագույն քաղաք Կարթագենը, Ջերբայի մուսուլմանական ու հրեական թաղամասերը, Միջերկրական ծովի ափը։ Երկիրը հայտնի է իր «ոսկե ծովափերով, արևային եղանակով ու մատչելի շքեղություններով»[1]։

Տարեկան Թունիս է այցելում ավելի քան 5 միլիոն զբոսաշրջիկ։ Տուրիզմը՝ որպես արդյունաբերական ոլորտ, զբաղեցնում է Թունիսի ՀՆԱ-ի 6.5%-ը։ Այն աշխատանքով է ապահովում 340,000 մարդու, որոնցից 85000 աշխատատեղը կապված են սպասարկման ոլորտի հետ։ Դա աշխատող բնակչության 11.5%-ն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունիսի զբոսաշրջային արդյունաբերությունը մեծապես կախված է Միջերկրական ծովի ափին գտնվելուց։ Բազմաթիվ եվրոպացիներ ժամանում են այստեղ՝ անցկացնելու իրենց հանգիստը՝ գերադասելով տարածաշրջանը Արևելյան Եվրոպայից[2]։ Զբոսաշրջության պատմությունն այստեղ սկսում է 1960 թվականից։ Սկզբում Թունիս էին ժամանում որոշակի ընտանեկան կամ գործընկերային խմբեր։ 1962 թվականին Թունիս էր այցելել արդեն 52,000 զբոսաշրջիկ, որոնց համար երկրում կային 4000 անկողնային տեղեր։ Զբոսաշրջությունն աստիճանաբար դառնում է գերիշխող ճյուղ՝ երկրի տնտեսության մեջ[3]։ Եվրոպական շատ երկրներից եկող տուրիստներին, ինչպես և ԱՄՆ քաղաքացիներին Թունիս մուտքի համար վիզա չի պահանջվում։ Այդուհանդերձ, ամերիկացի զբոսաշրջիկները 21-րդ դարի ընթացքում հիմնականում չէին այցելում Թունիս՝ կապված սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետ[2]։

Կայրավանի մեծ մզկիթը

20-րդ դարի ընթացքում Թունիսի զբոսաշրջային հիմնական վայրը հյուսիսարևելյան հատվածն էր՝ ծովափը, իսկ 1990-ականներից սկսած փորձեր են արվում երկրի այլ շրջաններում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից[2]։ 2003-2004 թվականներից զբոսաշրջիկների կտրուկ աճ է նկատվում, 2007 թվականի դրությամբ այն 3%-ով ավելին էր, քան 2006 թվականին[4]։ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը չորս հիմնական զբոսաշրջային շուկաներն են։ Այդ պատճառով, կապված 2011 թվականի «արաբական գարնան» հետ, Թունիսը մեծ վնասներ կրեց. միայն 500 հազարով կրճատվեց Թունիս եկող գերմանացիների քանակը[4]։

Զբոսաշրջության զարգացման համար մեկ այլ խոչընդոտ էին 2015 թվականի Բարդոյի թանգարանի և Սուսեի ահաբեկչական գործողությունները[5]։ Միայն 2011 թվականի հունվարի 14-ին Թունիսում տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքով Թունիսի տնտեսության զբոսաշրջային ճյուղը, որ Թունիսի տուրիզմի ազգային Բյուրոյի տվյալներով կազմում էր թունիսյան տնտեսության ՀՆԱ-ի 7%-ը, 370000 աշխատատեղ և կարևոր բաժին էր հանդիսանում երկրի տարեկան արտադրափոխանակման մեջ, այդ տարի կորցրել է մոտ 3000 աշխատատեղ և ստացել էր ընդհանուր եկամուտից մոտ երկու անգամ վնաս, իսկ զբոսաշրջիկների ընդհանուր քանակը կրճատվել է մեկ երրորդով։ Զբոսաշրջությունից ստացվող եկամուտները նվազել են 38,5%-ով։ La Temps Օրաթերթը հայտնում է որ չնայած տուրիզմի նոր նախարարության լավատեսության, Թունիսի տնտեսության տուրիստական բաժինը հավանական է, որ ավելի շատ է տուժում քան ի սկզբանե թվում էր։ Հյուրանոցային տեղերի կանխավ պատվիրումն իջել է աննախադեպ 53%-ի։ Բացի այդ երկիրը կորցրեց ֆրանսիական շուկայի 42%-ը, գերմանական շուկայի 42%-ը և իսպանական շուկայի 79.2%-ը, այս բոլորը ներկայացնում են Թունիսի տուրիստական խոշոր գործընկերներին։ Թունիսում կրքերի քիչ թե շատ հանդարտվելուց հետո էլ հարևան Լիբիայի անկայունությունը մեծ հարված հասցրեց Թունիսի տուրիստական բիզնեսին։ Մասնավորապես Ջերբա կղզի այցելում էին Թունիսի 7 միլիոն զբոսաշրջիկներից 1,5 միլիոն լիբիացիներ։

Պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունիսը գտնվում է Միջերկրական ծովի հարավային ափին՝ Հյուսիսային Աֆրիկայում։ Հյուսիսային շրջանում գերազանցապես միջերկրածովյան կլիմա է՝ շոգ և չոր ամառներով (հուլիս՝ 26 °C), մեղմ ու խոնավ ձմեռներով (հունվար՝ 10 °C)։ Երկրի հարավային մասում կլիման արևադարձային է՝ Սահարա անապատից փչող տաք քամիներով. այստեղ գրեթե նույն եղանակն է, ինչ հյուսիսում (հուլիս՝ 33 °C, հունվար՝ 11 °C): Տեղումները խիստ սակավաթիվ են. երկրի հիմնական մասում դրանց միջին քանակը տատանվում է 100-200 մմ-ից 400-600 մմ սահմաններում։

Թունիսն ունի բազմազան տնտեսություն՝ գյուղատնտեսությունից և նավթի արդյունահանումից ու մշակումից մինչև տուրիզմ։ Երկիրն ունի լավ զարգացած տուրիստական ենթակառուցվածք, բայց նրա արդյունաբերական այդ ճյուղի ներուժը զիջում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի երկու առաջատարների՝ Եգիպտոսի ու Մարոկկոյի ներուժին։ Միջերկրական ծովը բաժանում է Թունիսը Սարդինիայից, Կորսիկայից, Մալթայից ու Սիցիլիայից։ 7 միջազգային օդանավակայան և 8 նավահանգիստ միավորում են Թունիսը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։

Բացի Միջերկրածովյան ծովափերից՝ Տաբարկա (արաբ․՝ طبرقة‎‎), Համամեթ (արաբ․՝ حمامات‎‎), Սուսե (արաբ․՝ سوسة‎‎‎‎‎‎) և Ջերբա (արաբ․՝ جربة‎‎‎‎), զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավում նաև արաբամուսուլմանական ճարտարապետության կոթողներն ու փյունիկյան ու հռոմեական քաղաքակրթությունների մնացորդները, որոնք գտնվում են Կարթագենում և երկրի այլ շրջաններում։ Հայտնի են Կայրավանի մեծ մզկիթը՝ մուսուլմանական աշխարհի չորրորդ սուրբ վայրը, և Էզզիտունի մեծ մզկիթը Թունիսի հին քաղաքի՝ մադինայի կենտրոնում։

Զբոսաշրջության համար երկրի ականավոր և բեղմնավոր տարրերից մեկը Սահարան է (արաբ․՝ الصحراء‎‎, բառացի՝ անապատ), որը գտնվում է երկրի հարավում։ Այն խթանում է նրանում անապատային տուրիզմի զարգացմանը։ Այստեղ է նկարահանվել «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի մի մասը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատային տուրիզմ՝ սաֆարի

2000 թվականի դրությամբ Թունիսում կային 722 հյուրանոցներ՝ 197,400 անկողնային տեղով ու 95,977 սենյակներով, որտեղ զբաղվածությունը հասնում էր 56%-ի[6]։ Այդ տարի այցելուների թիվը կազմել էր 5,057,193 մարդ[6]՝ երկրի տնտեսության մեջ ներդնելով $1.5 միլիարդ գումար[6]։ 2002 թվականին ԱՄՆ դեպարտամենտի վիճակագրական տվյալների համաձայն, միջին գիշերակացը Թունիսում հասնում էր $146-ի (Կարթագեն), իսկ այլ վայրերում՝ $114[6]։

Զբոսաշրջիկների հիմնական զանգվածը այստեղ էր գալիս հիմնական մասը՝ Լիբիայից (1,472,411 այցելու), Ֆրանսիայից (1,234,735), Ալժիրից (945,324), Գերմանիայից (547,403), Իտալիայից (464,323) և Մեծ Բրիտանիայից (350,693)[3]։ Մեծ քանակությամբ խմբեր էին ժամանում նաև Արևելյան Եվրոպայից։ 2006 թվականի դրությամբ արդեն 1,251,251 զբոսաշրջիկներ այստեղ էին մնացել 2.75 միլիոն տուրիստական գիշերով[7]։

Տարի Այցելուներ, միլիոն Եկամուտ (դինար)
2009 6.901.406 3.471,9
2010 6.902.749 3.522,5
2011 4.781.896 2.432,6
2012 5.590.464 3.175,3
2013 6.268.582 3.229,4
2014 6.068.593 3.575,6
2015 5.359.309 2.354,6
Զեյթունիա մզկիթը Թունիսում
Զեյթունիա մզկիթը Թունիսում


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elaine Glusac (22 November 2009). "A Night, and Day, In Tunisia at a New Resort". The New York Times.
  2. 2,0 2,1 2,2 Nagle Garrett (2000)։ Advanced geography։ Oxford University Press։ էջ 417։ ISBN 0199134073 
  3. 3,0 3,1 Bouamoud Mohamed (2007-11-12)։ «Radioscopie du tourisme tunisien 2003-2006»։ Webmanagercenter (ֆրանսերեն)։ Վերցված է 2008-05-27 
  4. 4,0 4,1 Heyer Hazel (2008-03-12)։ «Tunisia tourism moves forward by sticking to the old»։ eturbonews.com։ Վերցված է 2008-05-27 
  5. Chetcuti Kristina (9 July 2015)։ «Maltese strike Tunisia off destination list»։ Times of Malta։ Վերցված է 9 July 2015 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Tunisia: Tourism, travel, and recreation»։ Nations Encyclopedia։ Վերցված է 2008-05-28 
  7. Skander Galia (2007-12-25)։ «Le tourisme intérieur : un vrai potentiel négligé»։ Tunisie Affaire (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին։ Վերցված է 2008-05-27