Զբաղվածության պետական գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբաղվածության պետական գործակալություն

Զբաղվածության պետական գործակալություն, Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում, որի առաքելությունը զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացումն է։ Գործակալության հիմնական նպատակն աշխատանք փնտրող անձին կայուն զբաղվածությամբ ապահովելն է, ինչպես նաև աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացումը։ Զբաղվածության պետական գործակալությունն իր կազմում ներառում է 51 զբաղվածության տարածքային կենտրոններ, որից 10-ը՝ Երևանում, իսկ մյուսները հանրապետության այլ մարզերում[1]։

Գործակալության գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվածության պետական գործակալությունը կատարում է հետևյալ գործառույթները.

  1. Իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում
  2. ՀՀ կառավարության սահմանված կարգով ապահովում է աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը
  3. Իրականացնում է աշխատանք փնտրող անձանց հաշվառումը, հաշվառումից հանումը, գործազուրկի կարգավիճակ տալը, դրա կասեցումը, վերականգնումը և դադարեցումը
  4. Հաստատում է ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը
  5. Մշակում և իրականացնում է ամենամյա ծրագիրը
  6. Բաշխում է ամենամյա ծրագիրը՝ ըստ մարզերի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների)
  7. Իրականացնում է ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը
  8. ՀՀ կառավարության սահմանված կարգով կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ
  9. Համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ
  10. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին հաղորդակից է դարձնում զբաղվածության պետական ծրագրի իրականացմանը
  11. Հաշվառում և հաշվառումից հանում է իր հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը
  12. Իր հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը ներառում է իր պաշտոնական կայքէջի հրապարակված ցանկում և հանում է ցանկից
  13. Աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին՝ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ։
  14. Վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջ և ձևավորում տեղեկատվական շտեմարան՝ աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման համար
  15. Ապահովում է հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորումը և արդյունավետ գործունեությունը
  16. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչների գրավոր հարցման հիման վրա տրամադրում է տեղեկատվություն ամենամյա ծրագրի իրականացման մասին
  17. Զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար և էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն
  18. Ապահովում է ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի տվյալներով Հայաստանի մարզերում ամենապահանջվածը եղել են բժշկի ու ուսուցչի մասնագիտությունները։ Զբաղվածության պետական գործակալության Տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը հայտնում է, որ 2017 թվականի ընթացքում մարզերում շարունակաբար կրկնվել են բժիշկների, ուսուցիչների թափուր աշխատատեղերը՝ հիմնականում տեղերում համապատասխան մասնագետների բացակայության պատճառով։ Նրա խոսքով, Երևան քաղաքում էլ շարունակաբար կրկնող աշխատատեղերը ցածր վարձատրվողներն են եղել։ Գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները, դասավանդողները (մարզերում), համակարգչային մասնագետները, ճարտարագետները, ճարտարապետները և հարակից մասնագետները, հաշվապահները։ Միջին մասնագիտական՝ ֆինանսների և առևտրի բնագավառների աշխատողները, առևտրական-առևտրային ծառայությունների գործակալները, միջին բժշկական անձնակազմի աշխատողները՝ (օժանդակ անձնակազմ), գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների աշխատողները։ Նախնական մասնագիտական՝ խանութների վաճառողներ և ապրանքների ցուցադրողները, սննդի արդյունաբերության, տրանսպորտի բնագավառի, մանածագործական արդյունաբերության բանվորները, տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող, և հանրային սննդի կազմակերպությունների աշխատողները, շինարար–տեղակայողները և հարակից զբաղմունքների մասնագետները, գործիքագործ-փականագործները, հաստոցավարները, կարգաբերողները և հարակից զբաղմունքների մասնագետները, վարորդները[2]։

2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում աշխատանքի է տեղավորվել 8400 աշխատանք փնտրող, 5300-ը ` կին, 2800-ը ՝ երիտասարդ, 200-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, որից 1366-ը զբաղվածության ծրագրեր միջոցով։ Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում 4.3%-ը առաջին անգամ աշխատանք փնտրող է։ Տարեսկզբից կասեցվել է 459 և դադարեցվել 22033 գործազուրկի կարգավիճակը։ Ընդ որում 4.3%-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 38.5%-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 0.2%-ի կարգավիճակը՝զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու պատճառով, 57%-ի կարգավիճակը՝ այլ պատճառներով[2]։

Ըստ տնտեսության ճյուղերի աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝ 19,0%, սպասարկման այլ ծառայությունների՝ 17.7%, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 17.3%, կրթության՝ 10% ոլորտներում[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Զբաղվածության ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերի ժողովածու։ Եր.: Անտարես, 2016։ Էջ 12 Արխիվացված 2018-08-30 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 «Մարզերում բժիշկներն ու ուսուցիչները, Երեւանում՝ համակարգչային մասնագետներն ու ճարտարագետներն են պահանջված». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.