Զաքար Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զաքար Սլավայի Ավանեսյան
Զաքար Ավանեսյան.jpg
1970, մայիսի 13 - 1992, հունիսի 29
ԾննդավայրՀադրութ
Մահվան վայրՏոնաշեն գյուղ, Մարտակերտ
Արցախ Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Մարտակերտի (Թալիշ. Մաղավուզ). Ասկերանի (Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտեր

Զաքար Սլավայի Ավանեսյան (1970, մայիսի 13, Հադրութ, ԼՂԻՄ - 1992, հունիսի 29, գ. Տոնաշեն (Մարտակերտի շրջան), Արցախ). ուսանող-ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքար Ավանեսյանը ծնվել է 1970 թվականի մայիսի 13-ին Արցախի Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, իրավաբանի ընտանիքում[1]: 1977-1987 թթ. բարձր առաջադիմությամբ սովորել է Երևանի Նար-Դոսի անվան №14 դպրոցում։ 1987-1989 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայությունից հետո ընդունվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի պատմաբանասիրական ֆակուլտետը։

Արցախյան պատերազմի սկզբին զինվորագրվել է Արցախյան ազատագրական շարժմանը: Թեժ մարտերի օրերին Զաքարը մեկնել է Հյուսիսային Կովկաս՝ անհրաժեշտ բեռներ ու զինամթերք բերելու։ Հայտնվելով Ադրբեջանի հատուկջոկատայինների տեսադաշտում՝ 1990 թվականին Արթուր Մկրտչյանի աջակցությամբ վեց ընկերների հետ տեղափոխվել է Երևան։ Նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, սակայն դասերին հաճախելու փոխարեն կրկին մեկնել է Արցախ։ Այնտեղ նա զինվորագրվել է «Ցեղակրոն» կամավորական ջոկատին: Կռվել է ամենաթեժ կետերում (Շուշի, Կիչան, Բերդաձոր, Վաղուհաս, Արմենավան, Կրկժան)։ Մասնակցել է Մարտակերտի (Թալիշ. Մաղավուզ), Ասկերանի (Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Զաքարը «Հայ ազգայնականների ճակատ» կազմակերպության ակտիվ անդամներից էր, նրա ջանքերով ստեղծվել են մարտական ջոկատներ։ Մասնակցել է նաև զենք հայթայթելու, հետախուզական, քարտեզ գծելու աշխատանքներին, Մարաղայի կոտորածից հետո ապահովել է Արցախ ուղևորվող բարոնուհի Քերոլայն Քոքսի անվտանգությունը, մասնակցել է խորհրդարանի նիստերին, օգնել զոհված ազատամարտիկների հարազատներին[1]:

Զոհվել է 1992 թվականի հունիսի 29-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում մղված թեժ մարտերի ժամանակ։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր պանթեոնում։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով[2], Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այն դպրոցում, որտեղ սովորել է Զաքարը, նրա անվամբ կոչվել է դասասենյակ։ Նրա անունով է կոչվում նաև ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալայան Վ., Բալայան Ռ., Հարությանյան Մ. «Հուշամատյան սխրանքի» (կենսագրական պատումներ), Ս., 2002
  • Շահեն Հարությունյան «Հուշամատյան»
  • Ս. Նանագուլյան «Արծիվները բարձունքներ են տենչում»
  • Գոհար Մարտիկյան «Ապրելու բանաձեւը»
  • Կ. Ավանեսյան «Զաքար՝ մեր օրերի Նժդեհ»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png