Զաքարի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարի խաչքար
Զաքարի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունՆախկինում գտնվել է Սուրմալուի գավառի Խալֆալու գյուղում։
Ներկա տեղադրությունԿանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ արձանագիր պատվանդանին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՀովհաննեսի որդի Զաքարին։
ԽաչագործԱնհայտ է։
ՊատվիրողԱնհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվԽաչքարը՝ 16-17-րդ դարեր, պատվանդանը 1282 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց
Քարտեզ
Քարտեզ
 Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում

Զաքարի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.3)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում, միանավ եկեղեցու արևմտյան կողմում, արձանագիր, տեղադրված՝ արձանագիր պատվանդանին[2]։ Նախկինում գտնվել է Սուրմալուի գավառի Խալֆալու գյուղում[3]։

Խաչքարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը իր քանդակային և հնագրական արձանագրություններով թվագրվում է է 16-17-րդ դարեր[2][3]։

Խաչքարի վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին 2 տող վիմական արձանագրություն[2][3].

  1. [ՍԲ] ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ԶԱԳԱՐԻՆ :ՈՐԴՈ
  2. ՈՎԱՆԻՆԷՍԻՆ ՈՎ ՈՐ ԿԱՐԴԱՅ ՈՂ[ՈՐՄԻ]

Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Հովհաննեսի որդուն՝ Զաքարին։

Պատվանդանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվանդանն ունի 0.98 X 0.70 չափերը, որի արևմտյան երեսին փորագրված գիրն առնված է ուղղանկյուն, իսկ վերին հատվածը՝ եռակամար կիսաշրջանակում, որն առանձնանում է իր տեսակի մեջ։ Հետաքրքիր է նաև արձանագրության թվականի քանդակային լուծման եղանակը, որը փորագրված է կենտրոնական կամարագծի աջ և ձախ անկյուններում՝ պարկանման քանդակների մեջ, որոնք ևս եզակի են որպես այդպիսիք։

Պատվանդանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրմալուի գավառի Խալֆալու գյուղի[4] Վանքատեղ կոչված վայրում 1874 թվականի գտնվել է պատվանդանը.

Համաձայն Ղևոնդ Ալիշանի տեղեկության՝ 1874 թվականին.

«…գեղջն Գալֆալու յայտնեցան յայլևայլ ժամանակս մնացուածք վաղեմի շինութեանց և անօթոց, ընդ որս և տապանագիրս այս...»
- Ղ. Ալիշան, Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, 1890, էջ 125

Ըստ Բասմաջյանի վկայության՝ Վանքատեղը, որտեղից գտնվել է պատվանդանը.

«...հին մենաստան մը եղած է, ինչպէս ցոյց կուտան անունն եւ հոն գտնուած փոքրիկ եկեղեցւոյ մը աւերակն, որ այժմ Ս. Յովհաննէս կը կոչուի եւ ուխտատեղի դարձած է մօտակայ բնակչաց։
- Կ. Բասմաջեան, Մեր հնութիւնները, «Բանասէր. հանդէս հնախօսական, պատմական, լեզուաբանական եւ քննական», Փարիզ, 1901, Ν 1-4, էջ 133

Պատվանդանի վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվանդանին առկա է 8 տող վիմական արձանագրություն[2][3].

  1. ԹՎ[ԻՆ] ՉԼԱ. (1282)
  2. ՇՆՈՐՀԻՒՆ Ա̅Յ ԵՍ ՎԱՀՐԱՄ ԿՍԿԾ
  3. ԱԼԻ, ՈՐ ԵՒ ԶԽԱՉՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԱՌ ՔՍ ԲԱՐԷ
  4. ԽԱՒՍ Ի ՇՆՈՀՈՐԿԱՆ ԵՒ ԹԱՄԱՄԻ ՏՂԱՅ ԵՂԵ[Ա]Լ
  5. Ք ՅԱՅՍՄ [ԱՇԽ]ԱՐՀԻ ԿՍԿԻԾ ԹՈՂԻՆ ԱՆՄՈՌ[Ա]Ն
  6. ԱԼԻ ՀԱՒՐՆ ԵՒ ՄԱՒՐՆ ՍԵՒԱՍՏԻ, ՈՎ ԿԱՐԴԱ
  7. ՑՈՂ[Ք] [Ա]ՅՍՄՆ ԳՐԻ, ԶՄԵԶ ՅԻՇԵՑԷՔ ՏՐՆ ՈՂՈՐ
  8. Մ[Ի] [ԱՀԵ]Ղ [ԱՒՈՒ]Ր ԴԱՏԱՍՏԱՆԻ

Համաձայն վիմագրության` Վահրամը «կսկծալին» խաչքար է կանգնեցրել իր զավակների` Շնոհորիկի և Թամամի հիշատակին, որոնք կյանքից հեռացել են երիտասարդ հասակում` կսկիծ թողնելով ծնողների սրտում։ Արձանագրությունում հիշատակվում է նաև Վահրամի կնոջ` Սևաստի անունը։ Հր. Աճառյանն այդ անձնանվան հիշատակությանը հանդիպում է միայն մեկ անգամ` այն էլ հիշյալ վիմագրում։

Պատվանդանի թվագրության ճշտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղ. Ալիշանը պատվանդանի թվականը կարդացել է ԼԱ. (582)[5]:

Ղ. Ալիշանը նշում է, որ այս տապանագիրը տասնչորս տարի անց՝ 1888 թվականին, իրեն է ուղարկել Վրաստանի Հայոց առաջնորդ Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը, ով հավելել է նաև հույժ կարևոր մի ծանոթություն.

«Այս տապանագիր գտաւ 14 ամօք յառաջ (1874), յիմում ծննդավայրի, ի Խալֆալու գեղջ Սուրմալու գաւառի, հեռի յԻգտիր աւանէ 5 վերստիւ ի փորելն գիւղականաց՝ գիւտի նպատակաւ զհողակոյտս ընդարձակ տեղւոջ միոյ ի հարաւակողմն գեղջ՝ այժմ ի բնակչաց Վանքատեղ անուանելոյ։ Պատահմամբ ի հայտ եկեալ յողողմանէ տեղւոյն ի ջուրցª արծաթեայ և պղնձեայ դրամբք՝ գրգիռ ետուն գիւղականաց փորփորելոյ զտեղին. և աշխատութիւն նոցա երբեմն զպահեստ

արծաթի դրամոց, երբեմն զմեծամեծ գինւոյ և զայլ անօթս ի յայտ ածելով, ի վերջոյ ած յերեւան ի փոշիախառն հողակուտէն զհիմունս փոքրիկ եկեղեցւոյ միոյ ի տաշեալ քարանց, և ընդ քանի մի կիսաբեկ խաչքարանց՝ զքարն անխաչ, որոյ վերայ տապանագիրն է վերոյիշեալ, որ երեւի լինել պատուանդան խաչքարի։

Թէպէտև թուական տապանագրոյն որպէս եդեալն է՝ կրէ այժմ միայն զԼ և Ա տառս, սակայն յանեղծութենէ և ի ձեւոյ տառիցն՝ մարթ է կասկածել վասն այդչափ հնութեան. և հաւանելի է թէ յառաջ քան զտառսն զայնոսիկ լեալ իցէ Չ գիր, որոյ հազիւ իմն աղօտ նշմարելի հետսª հաւանեալ եմ ընդունել։

Գիւղացիք զքանի մի խաչքարինս տարեալ եդեալ են ի վերայ գերեզմանաց»
- Ղ. Ալիշան, Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, 1890, էջ 125

«Բանասէր» հանդեսում հրատարակած «Մեր հնությունները» հոդվածում Կարապետ Բասմաջյանը անդրադառնում է նաև հիշյալ արձանագրությանը՝ նշելով[6].

«…երկաթագիր արձանագրութիւնն ալ կը գտնուի Գէորգեան ճեմարանի բակում, եւ դուրս բերուած է Սուրմալի վիճակի Խալֆալու գիւղի ՙՎանքատեղ՚ կոչուած աւերակներից»

Փաստորեն, մինչ Սուրբ Հռիփսիմեի վանք հասնելը պատվանդանը Խալֆալուից բերվել ու դրվել է Մայր տաճարի տարածքում, մասնավորապես Գևորգյան ճեմարանի դիմաց։

Բասմաջյանը նշում է նաև, որ արձանագրությունն Ալիշանի մոտ հրատարակված է թերի ու սխալաշատ, և եթե թվականն իրոք կարդանք ԼԱ (= 582), ապա գործ կունենանք բավականին հին արձանագրության հետ։ Սակայն կասկածից վեր է, որ թվականը ընդգրկող քանդակից դուրս՝ քիչ վեր, փորագրված է փոքրիկ «Չ», ինչն էլ հուշում է, որ արձանագրությունն ունի ոչ թե «ԼԱ» (582), այլ «ՉԼԱ» (1282) թվականը։

Թվականի` ՉԼԱ. (1282) տարբերակին է հակված նաև Պ. Հակոբյանը. նա կարծում է, որ կասկածները ծագել են այն հանգամանքից, որ «Չ» գիրը փորագրված է զարդաքանդակից դուրս` ավելի փոքր չափով, համաչափությունը չխախտելու համար[7]։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սևաստ անվան ծագումը Հր. Աճառյանը կապում է հունական «օգոստափառուհի», «վեհափառուհի» ձևերի հետ. բացի այդ հայտնի է եղել կայսրուհիներին տրվող մի տիտղոս, որ հին հունարենում կարդացվել է «սեբաստէ» կամ «սեվաստի»[2][3][8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Արսեն հարությունյան, Մի խաչքար Ս. Հռիփսիմե վանքից, «ՎԷՄ», Դ (Ժ) ՏԱՐԻ ԹԻՎ 1 (37), ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ 2012
  4. Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Եր., 1988, էջ 628։
  5. Ղ. Ալիշան, Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, 1890, էջ 125
  6. Կ. Բասմաջեան, Մեր հնութիւնները, «Բանասէր. հանդէս հնախօսական, պատմական, լեզուաբանական եւ քննական», Փարիզ, 1901, Ν 1-4, էջ 130-133
  7. Պ. Հակոբյան, Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր­Մկրտչյանի վերծանմամբ, էջ 86։
  8. Հրաչեայ Աճառեան։ Հայոց անձնանունների բառարան, Երևանի Պետական Համալսարան, Երևան, 1948։ Հատոր 4, Էջ 484