Խոշոր, նոսրասաղարթ, բրգաձև բույս է՝ մինչև 1,5 մ բարձրությամբ։ Տերևները խիստ կտրտված են, կրկնակի փետրաձև։ Ծաղկաբույլերը խոշոր են, լեզվակավոր, սպիտակ, վարդագույն կամ կարմիր։ Հանդիպում են հասարակ և լիաթերթ տեսակներ։
Լուսասեր է և ցրտադիմացկուն։ Լավ է աճում բոլոր տիպի հողերում, առանձնապես զգայուն չէ հողում եղած սննդանյութերի նկատմամբ։ Օրգանական նյութերով հողը պարարտացնելու դեպքում զարդենին սովորականից ուշ է ծաղկում։
Սերմերը ցանում են գարնանը անմիջապես բաց գրունտում։ Հետագայում ծիլերը նոսրացնում են՝ թողնելով բույսը բույսից 30 սմ հեռավորության վրա։ Ծաղկում է ցանքից երկուսուկես ամիս հետո` հունիսի կեսերից մինչև ուշ աշուն։ Տալիս է ինքնացանք։
Օգտագործվում են լանդշաֆտային ձևավորումներում՝ հատկապես ծաղկային օջախներում՝ գազոնի ֆոնի վրա, միքսբորդերներում և պարտերային ձևավորումներում։ Պիտանի է կտրած ծաղիկներ ստանալու համար, որոնք օգտագործվում են տարբեր բնույթի ծաղկային վերադաշնակումներում։ Պիտանի է Հայաստանի բնակլիմայական բոլոր պայմաններում մշակելու համար։ Զարդենու բազմաթիվ արժեքավոր տեսակներ օգտագործվում են ամենուրեք[1]։