Զատիկ Մուրադյան
Զատիկ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1930[1][2] Բուխարեստ, Ռումինիա[2] |
Մահացել է | հունվարի 22, 2020[1][2] (89 տարեկան) Բուլոն Բիյանկուր[2] |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | ակադեմիկոս և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Bucharest Astronomical Observatory? և Փարիզյան աստղադիտարան |
Անդամակցություն | Ռումինիայի գիտությունների ակադեմիա, Միջազգային աստղագիտական միություն, Եվրոպական աստղագիտական ընկերություն և Աստղագիտության և աստղաֆիզիկայի ֆրանսիական միություն |
Ալմա մատեր | Բուխարեստի համալսարան (1954) |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1965) |
Տիրապետում է լեզուներին | ռումիներեն և ֆրանսերեն |
Զատիկ Համբարձումի Մուրադյան (հուլիսի 10, 1930[1][2], Բուխարեստ, Ռումինիա[2] - հունվարի 22, 2020[1][2], Բուլոն Բիյանկուր[2]), հայազգի աստղաֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1965)։ Ռումինիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1994)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զատիկ Մուրադյանը ծնվել է 1930 թվականին, Բուխարեստում։ 1954 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանը։ 1957-1980 թվականներին եղել է Բուխարեստի աստղագիտական ինստիտուտի, 1959-1997 թվականներին՝ Փարիզի աստղադիտարանի Մեդոնի մասնաճյուղի գիտական խմբի ղեկավար, 1997 թվականից՝ գիտաշխատող[3]։
Ավելի քան երկու հարյուր գիտական հոդվածի հեղինակ և համահեղինակ է։ Նրա աշխատանքները վերաբերում են Արեգակի ֆիզիկային, մասնավորապես՝ գունոլորտից արևապսակ նյութի արտահոսքին (արևային քամի), տաքանալիս հրվիժակների անհետացմանը, մագնիսական հոսքեր առաջացնող պինդ մարմնի պտույտ ունեցող տիրույթներին։ Նրա բացահայտած «Մուրադյանի էֆեկտը» թույլ է տալիս շառավղային արագությունների միջոցով բացահայտել Արեգակի վերին շերտում ընթացող երևույթները։ Արեգակի ակտիվ տիրույթի մագնիսական դաշտի էվոլյուցիայի առաջին դիտումը արեգակնային բռնկումից առաջ, բռնկման ընթացքում և բռնկումից հետո, Արեգակի գունոլորտից դեպի արևապսակ սպիկուլների միջոցով նյութի տեղափոխման` արեգակնային քամու հիմնական պատճառի հայտնաբերումը, Արեգակի ծայրահեղ եզրի (լիմբի) մթնեցման չափումը, տաքացման հետևանքով արեգակնային հրվիժակների ջերմային անհետացման հայտաբերումը, Պիկ դյու Միդի աստղադիտարանի (Պիրենեյան լեռներ, Ֆրանսիա) համար մինչ օրս աշխատող 8մ արեգակնային սպեկտրոգրաֆի նախագծումը և կառուցման ղեկավարումը, «Արեգակնային ակտիվության սինոպտիկ քարտեզների» թվային գրանցման, վերլուծության, գծագրման և հրատարակման համակարգչային ծրագրի սկզբունքի մշակումը և ղեկավարումը (աշխարհում գոյություն ունեցող համակարգչային կառավարմամբ միակ սինոպտիկ քարտեզները), արեգակնային ակտիվության պտտման արագության չափի նոր մեթոդի առաջարկումը, որը բացահայտում է արեգակնային ակտիվության նոր պարամետրեր։
Զատիկ Մուրադյանը եղել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, 1970), Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ), Աստղագիտության և աստղաֆիզիկայի ֆրանսիական միության, Ռումինիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 2008 թվականից` նաև որպես Հայաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ և 2009 թվականից` Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ[3]։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին միջազգային գեոֆիզիկայի տարի էր, և աստղադիտարանում բացվեց 2 հաստիք, որից մեկը զբաղեցրեց Զադիգը։ Նա առավելապես ցանկանում էր մասնագիտանալ տիեզերագիտության ոլորտում, սակայն աստղադիտարանում թափուր տեղը արևային ֆիզիկայի բնագավառն էր։ Մեկ տարի աշխատելուց հետո երիտասարդ Զադիգը որոշեց իր գիտելիքները ավելի խորացնելու համար մեկնել Ֆրանսիա։ 1959 թվականին նա աշխատանքի է անցնում Ֆրանսիայի աստղադիտարանի արևային ֆիզիկայի բաժնում՝ միաժամանակ լծվելով գիտական թեզի պատրաստման գործին։ 1965 թվականին Սորբոնի համալսարանում հաջողությամբ պաշտպանեց գիտական ատենախոսությունը և դարձավ հետազոտող։ Նա որոշ ժամանակ զբաղեցրել է Ֆրանսիայի աստղադիտարանի արևային ֆիզիկայի բաժնի վարիչի պաշտոնը, սակայն վարչական գործեր չսիրելու պատճառով շուտով դուրս է գալիս և մնում է որպես հետազոտող։ Հինգ տարի դասավանդել է Բուխարեստի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Նրա գլխավորությամբ 6 հետազոտող պաշտպանել են իրենց թեկնածուական աշխատանքները։ Այսօր նա աշխատում է. հետևում է աստղերի ու Արևի շարժին՝ Փարիզի Մեդոնի աստղադիտարանից՝ տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականից մինչև այսօր Զադիգ Մուրադյանը համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ, 1997 թվականից մինչ օրս Տիեզերական հետազոտությունների և աստղաֆիզիկայի սարքավորումների լաբորատորիայի հետ։ Անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը, Եվրոպական աստղագիտական միությանը, Ֆրանսիական աստղագիտական միությանը, Ռումինիայի գիտության ակադեմիային, Հայկական աստղագիտական միությանը։ Զադիգ Մուրադյանն առաջին անգամ Հայաստան այցելեց 1989 թվականին՝ մասնակցելու IAU137 գիտաժողովին։ Իսկ սկսած 1990-ական թվականներից՝ համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արթուր Նիկողոսյանի հետ։ Զադիգ Մուրադյանը 1995 թվականին անկախ Հայաստանի՝ Բյուրականի աստղադիտարանում հայֆրանսիական առաջին գիտաժողովի կազմակերպիչներից էր, որը նվիրված էր աստղաֆիզիկայի տարաբնույթ խնդիրների։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի գիտական գործունեությունից՝ երիտասարդ տարիներին նա Ֆրանսիայի հայ համայնքում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել։ Նրա ջանքերով 1980-ական թվականների սկզբներին Ֆրանսիայում կազմակերպվել է հայ երաժիշտների համերգների մի շարք, որտեղ հանդես եկան Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադամ Խուդոյանը, Էդուարդ Միրզոյանը։ Անդամակցել է Ֆրանսիայում գործող հայ գիտնականների ասոցիացիային։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Զադիգ Մկրտիչ Մուրադյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում աստղաֆիզիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ[4]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային աստղագիտության միության անդամ (1970)[3]։
- Ֆրանսիայի աստղագիտության և աստղաֆիզիկայի անդամ (1978)[3]։
- Եվրոպական աստղագիտական ընկերությունների անդամ (1990)[3]։
- Հայաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։
- Հայկական աստղագիտական ընկերության անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին նա ամուսնացել է Աիդա Բասմաջյանի հետ, ունեցել երկու զավակ՝ Վան Տրդատը և Թալինը, որոնց հայեցի դաստիարակություն է տվել։ Դուստրը՝ Թալինը, այսօր բավական ակտիվ գործում է Փարիզի հայկական բարեգործական միությունում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|