Զատիկը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զատիկ, Սուրբ Հարություն։

Հայոց բոլոր ազգագավառներում Զատիկ անունով հայտի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին և նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը, այսինքն մարտի 21-ից մինչև ապրիլի 25-ն ընկնող այն կիրակին, որը կհաջորդի առաջին լուսնի լրմանը։ Զատիկի տոնի 35–օրյա շարժականությամբ են պայմանավորված տոնացույցի մյուս շարժական տոները, ինչպես Համբարձման, Պայծառակերպության (Վարդավառ) և այլն։ Տոնի եկեղեցական անունը Հարություն, լիարժեք արտահայտում է գարնանային այս տոնի թե՜ եկեղեցական, թե՜ ժողովրդական բովանդակությունը։ Ըստ եկեղեցական տոնացույցի այդ օրը տոնվում է Քրիստոսի հարություն առնելու հրաշքը։ ժողովրդական տոնահանդեսի հիմքում ընկած է այն իրողությունը, որ հայ ժողովուրդը, աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման, վաղնջական ժամանակներից գարնանային գիշերահավասարին նշել է ձմռան ցրտերին հաջորդող բնության «հարությունը». վերազարթոնքը, կյանքի շարունակելիության ու հավերժության ամենամեծ խորհուրդը։ Հնագույն ժամանակներում դա նաև տարեսկզբի նոր տարվա տոնն էր, քանզի տարվա սկիզբը համարվել է բնությամբ կարգավորվող «Սկիզբը»՝ սկիզբը կյանքի, սկիզբը զարթոնքի, սկիզբը գյուղատնտեսական-երկրագործական աշխատանքների, սկիզբը տնտեսական տարվա... Հետագայի տոմարական փոփոխությունները փոփոխություններ են բերել նաև տոնացույցում, սակայն բնության երևույթը նշելու ավանդականությունը գոյատևել է։ Զատիկին նախորդող Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա տոնական հանդիսությունները հարություն առնող կյանքի խորհրդանշական հավաստումն էին, իսկ բուն Զատիկն արդեն զարթոնքի ու հարության կատարված փաստի արձանագրումը։ Մեծ պասի ինքնամաքրումով մարդիկ նոր որակով, ֆիզիկապես ու բարոյապես մաքրված, նոր կյանք էին սկսում, և այդ նոր կյանքի խորհրդանշական մուտքը կատարվում էր հավերժության խորհրդանիշի` ձվի ճաշակումով։ Զատիկի առավոտը բոլոր մարդկանց համար սկսվում էր թաթախումով, զարթոնքի խորհրդանշական կարմիրով ներկված ձվերը այդ օրվա տոնական սեղանների և տոնը շնորհավորելու միջոցների ոչ միայն բաղկացուցիչներն էին, այլև գլխավոր և անհրաժեշտ ուտեստի տարրը, որով «պասը բացում», թաթախվում էին և որը այնուհետև, երկու շաբաթ շարունակ, պետք է ուղեկցեր բոլոր խնջույքներին։ Զատիկին ներկվող, թելերով փնջվող, ուլունքազարդ, նկարազարդվող և այլ ձևերով զարդարվող ձվերը, հիրավի. ժողովրդական ստեղծագործության, անսպառ երևակայության դրսևորման լավագույն ձևերից էին։ Զարդարված ձվերը հարսնացուները նվեր էին ուղարկում փեսացուներին, ազգականները միմյանց, դրանցով զարդարում էին տոնականորեն հարդարված տները և այլն։ Միաժամանակ տոնի ընթացքում ամենասիրված խաղերը ձվերի շուրջն էին ձվակռիվները, ձու գլորելը և այլն։ Տոնը շարունակվում էր երկու շաբաթ և այդ օրերին կարմիր ձվի կճեպներով ծածկվում էին բակերն ու փողոցները։ Զատիկին էին կատարվում տարվա ամենասպասված մատաղները։ Գլխավոր մատաղը հասարակական էր, այն արվում էր համայնքի բարեկեցությունը ապահովելու նպատակով և համայնքի բոլոր անդամների մասնակցությամբ։ Գիշերը խոշոր կաթսաներում եփված մատաղն առավոտյան բաժանվում էր համայնքի բոլոր ընտանիքներին՝ տնտեսական բարեմաղթություններով։ Լոռիում, օրինակ, այդ ընթացքում երգում էին. -Օրհնվի և պահպանվի Ձեր դաշտն ու սարը, այծն ու ոչխարը, կովն ու կթանը, չութն ու գութանը, վարն ու վաստակը, գլուխն ու տակը, հանդն ու հանդաստանը, արոտն ու այգեստանը, կախ ու ջաղացը, ցորենն ու հացը, ձին ու էշը, եզն ու գոմեշը, գառնարածն ու ոչխարածը, տվարածն ու հորթարածը... Արվում էին նաև մեծ քանակությամբ անհատական մատաղներ։ Շատերը տարվա ընթացքում ուխտ էին անում Զատիկին մատաղ անել և այդ երկար սպասված օրը, հատկապես Մեծ պասի տևական ժուժկալությունից հետո, վեր էր ածվում տևական տոնահանդեսի առաջին օրվա, որ այնուհետև պիտի շարունակվեր երկու շաբաթ, որոնց ընթաց քում այցելությունները, միմյանց «զատկափայ» ուղարկելը, զբոսախնջույքները, բացօթյա պարերը, ձիարշավները, ձվախաղերը լի ու լի փոխհատուցում էին այս տոնին նախորդած ինքնազսպման տևականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։