Jump to content

Զապրուդերի ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զապրուդերի ֆիլմ
անգլ.՝ Zapruder film
Ֆիլմի 228֊րդ կադրում նախագահը վիրավորվել է պարանոցից
ԵրկիրԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ, համր կինո և սիրողական ֆիլմ
ԹեմաՋոն Քենեդու սպանություն
Թվական1963
ՌեժիսորԱբրահամ Զապրուդեր
ՕպերատորԱբրահամ Զապրուդեր
Նկարահանման վայրԴալաս
Տևողություն26,6 s
 Zapruder film Վիքիպահեստում

Զապրուդերի ֆիլմ (անգլ.՝ Zapruder film) 26 վայրկյան տևողությամբ սիրողական վավերագրական կինոնկար, որը նկարահանել է Աբրահամ Զապրուդերը (անգլ.՝ Abraham Zapruder) 1963 թվականի նոյեմբերի 22-ին, Դալասում՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Քենեդիի սպանության օրը։ Ֆիլմում արձանագրված է նախագահի մեքենայի ընթացքը Հյուսթոն սթրիթի և Էլմ սթրիթի խաչմերուկում, որտեղ տեղի են ունեցել կրակոցները[1]։

Զապրուդերի ֆիլմը հանդիսանում է Քենեդիի սպանության պահից ամենաամբողջական տեսագրությունը, այն դարձել է գործի կարևորագույն վկայություններից մեկը։ Այն նաև հանդիսանում է որպես իրադարձությունների ժամանակագրական ուղեցույց, քանի որ սպանության վայրից վերցված այլ լուսանկարները և տեսանյութերր հաճախ համադրվում են այս ֆիլմի կադրերի հետ՝ համապատասխանեցնելու իրենց ժամանակային հաջորդականությունը։

1994 թվականին Կոնգրեսի գրադարանը Զապրուդերի ֆիլմը ներառել է Ֆիլմերի ազգային ռեգիստրում, որտեղ ներառվում են մշակութային, պատմական կամ գեղարվեստական նշանակություն ունեցող ֆիլմերը[2]։

«Bell&Howell 414PD Director Series» սիրողական տեսախցիկ, որով նկարահանվել է ֆիլմը

Ֆիլմի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի նոյեմբերի 22-ին՝ մոտ 12:00-ի սահմաններում, դալասցի բիզնեսմեն, նախագահ Քենեդիի երկրպագու Աբրահամ Զապրուդերն իր քարտուղարուհի Մերիլին Սիցմանի հետ դուրս է եկել ընկերության գրասենյակից, բարձրացել է Հյուսթոն սթրիթի և Էլմ սթրիթի խաչմերուկի մոտ գտնվող խոտածածկ բլուրը, որպեսզի տեսնի և նկարահանի նախագահական ավտոշարասյան անցումը Դալասով: Նա հարմար դիրք է զբաղեցրել և նկարահանել, թե ինչպես է նախագահական մեքենան անցնում Հյուսթոն սթրիթի և Էլմ սթրիթի խաչմերուկով։ Հենց այդ հատվածում մեքենան գնդակոծվել է, և նախագահը մահացու վիրավորվել է։ Ինչպես պատմել է Մերիլին Սիցմանը, Զապրուդերը, հասկանալով, թե ինչ է նկարահանել, իջեցրել է տեսախցիկը, բղավել՝ «Նրանք սպանեցին նրան»։

Դրանից հետո Զապրուդերը վերադարձել է իր գրասենյակ և «Դալաս Մորնինգ Նյուզ» թերթի լրագրող ՄաքՔորմիկին պատմել տեսագրության մասին։ Վերջինս Զապրուդերի գրասենյակ է հրավիրել իր ծանոթին՝ Դալասի շրջանի ԱՄՆ Գաղտնի ծառայության հատուկ գործակալ Ֆորեսթ Սորելսին, որը եղել է նախագահական ավտոշարասյան առաջին մեքենայում՝ հենց Քենեդիի մեքենայի առաջ[3][4]։ Զապրուդերը համաձայնել է փոխանցել ֆիլմը Սորելսին, պայմանով, որ այն կօգտագործվի միայն հետաքննության նպատակներով։ Նույն օրը, «Կոդակ» ընկերության Դալասի մասնաճյուղում ֆիլմը մշակվել է, իսկ «Jamieson Film Company» ընկերությունում պատճենահանվել է երեք օրինակ։ Բնօրինակն ու պատճեններից մեկը մնացել են Զապրուդերի մոտ, իսկ երկուսը փոխանցվել է Դալասի Գաղտնի ծառայության գրասենյակ։

Մի քանի օր անց «Լայֆ» շաբաթաթերթը գնել է բնօրինակ ֆիլմը 150․000 դոլարով[5]։ Առաջին վճարումը՝ 25․000 ԱՄՆ դոլարը Զապրուդերը փոխանցել է Քենեդիի սպանության օրը Լի Հարվի Օսվալդի կողմից սպանված ոստիկան Ջ.Ռոջերսի այրուն և երեխաներին։

Ֆիլմից մոտ երեք տասնյակ սև-սպիտակ պատկերներ հրապարակվել են նոյեմբերի 29-ի «Լայֆ» ամսագրի համարում։ Գունավոր լուսանկարներ հրապարակվել են Քենեդիի հիշատակին նվիրված դեկտեմբերի 7-ի հատուկ համարում, ինչպես նաև 1964 թվականի հոկտեմբերի 2-ի համարում (Վորենի հանձնաժողովի զեկույցի հոդվածում) և 1966 թվականի նոյեմբերի 25-ի և 1967 թվականի նոյեմբերի 24-ի համարներում։ Զապրուդերը պնդել է, որպեսզի 313-րդ կադրը, որտեղ երևում է նախագահի գլխի վնասվածքը, չհրապարակվի։

1966 թվականից սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ռիչարդ Սպրագը երկար տարիներ որպես փորձագետ աշխատել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ, ուսումնասիրել էր Զապրուդերի ֆիլմը և այլ լուսանկար-կինոնկարներ՝ կապված Քենեդիի սպանության հետ։ Սպրագի եզրահանգումները կտրուկ տարբերվում էին պաշտոնական վարկածից։ Նրա համեմատական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են ոչ երկու-երեք, այլ վեց կրակոց, որոնք եղել էին երեք տարբեր ուղղություններից, և դրանցից ոչ մեկը չի արձակվել Օսվալդի ենթադրյալ դիրքից։

1992 թվականի հոկտեմբերին նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշը ստորագրել է Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող նյութեր հավաքելու մասին օրենք (անգլ.՝ President John F. Kennedy Assassination Records Collection Act of 1992), որը նախատեսում էր ազգային վարչությունում պահպանել Քենեդիի սպանությանը վերաբերող բոլոր նյութերի արխիվները։ Բոլոր նյութերը, այդ թվում՝ Զապրուդերի ֆիլմի բնօրինակը, դարձել են պետության սեփականությունը։ Զապրուդերի ժառանգները (Զապրուդերը մահացել է 1970 թվականին ստամոքսի քաղցկեղից) դիմել են վարչություն՝ խնդրելով վերադարձնել ֆիլմը, սակայն նրանց մերժել են։

1998 թվականին Զապրուդերի ընտանիքը թողարկել է ֆիլմի նոր տարբերակ՝ լրացուցիչ նյութերով, DVD ֆորմատով՝ «Սպանության պատկեր֊Նոր հայացք Զապրուդերի ֆիլմում» (անգլ.՝ «Image of an Assassination֊A New Look at the Zapruder Film») վերնագրով[6]։

Տեխնիկական մանրամասներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բաղկացած է 486 կադրից և տևում է 26,6 վայրկյան, առանց ձայնի։ Նկարահանման համար օգտագործվել է «Bell&Howell 414PD Director Series» սիրողական տեսախցիկ[7]։ Տեսախցիկն ունի Bell&Howell Varamat 1,8/9-27 մմ ֆոկուսային հեռավորությամբ փոփոխվող ոսպնյակ։ Այդ մոդելը «Bell & Howell» ընկերության սիրողական տեսախցիկների շարքի բարձրակարգ տարբերակն էր։ Զապրուդերն այն գնել է 1962 թվականի նոյեմբերին «Peacock Jewelry» խանութից, որը գտնվում էր այն փողոցի վրա, որտեղ սպանվել է Քենեդին[8]։ Նույն ժապավենի վրա Զապրուդերը նոյեմբերի 22-ից մի քանի օր առաջ նկարահանել է իր ընտանիքի առօրյան։

Զապրուդերը նկարահանման պահին գտնվել է նախագահական ավտոշարասյան աջ կողմում՝ փողոցի միջին մասից մոտ 20 մետր հեռավորության վրա։ 131-133 կադրերի միջև Զապրուդերը դադարեցրել է նկարահանումը՝ սպասելով, որ մոտոցիկլետներն ու նախագահական մեքենան շրջադարձ կատարեն Էլմ սթրիթում։ Քենեդիի մեքենան առաջին անգամ հայտնվել է 133-րդ կադրում։ Նախագահի մեքենայի վրա կրակոցները նկարահանվել են 189-ից 313-րդ կադրերում։

Կան նաև այլ կինոժապավեններ, որոնք նկարահանվել են սպանության պահին, այդ թվում՝ «Նիքսի ֆիլմը», «Մերի Մաքմորի ֆիլմը» և «Բելի ֆիլմը»։ Սակայն դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած այնքան էլ տեղեկատվական չէ, որքան Զապրուդերի ֆիլմը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Карта Дили Плаза с указанием позиции Запрудера
  2. «U.S. National Film Registry — Titles». Արխիվացված օրիգինալից 2012-10-20-ին. Վերցված է 2008-10-02-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 28 (օգնություն)
  3. «Presidential motorcade schematic listing, November 22, 1963, by Todd Wayne Vaughan, 1993» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019-11-20-ին. Վերցված է 2019-08-15-ին.
  4. «Special Agent in Charge of the Dallas district Forrest Sorrels. Who Was He?». Արխիվացված օրիգինալից 2019-08-15-ին. Վերցված է 2019-08-15-ին.
  5. «Kennedy's Assassination: How LIFE Brought the Zapruder Film to Light». LIFE.com. 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. Image of an Assassination: A New Look at the Zapruder Film (Documentary, History), Peter Dean, Joseph Barabe, Phil Chamberlain, MPI Teleproductions, Վերցված է 2025-03-07-ին{{citation}}: CS1 սպաս․ այլ (link)
  7. PASTERNACK, ALEX (2012-11-23). «The Other Shooter: The Saddest and Most Expensive 26 Seconds of Amateur Film Ever Made». VICE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-03-07-ին.
  8. «Sidewalk along Elm Street, Dallas, Texas, 1973». Արխիվացված օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-03-07-ին.
  9. «Mary Ferrell Foundation. Motorcade Films». Արխիվացված օրիգինալից 2019-08-17-ին. Վերցված է 2019-08-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զապրուդերի ֆիլմ» հոդվածին։