Jump to content

Զամբյուղ (ծաղկաբույլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զամբյուղ, (Calathidium), աստղածաղկազգիների ընտանիքին բնորոշ մոնոպոդիային ծաղկաբույլ` տափակած պարարտ առանցքով (ծաղկաբույլի պատյան)։ Զամբյուղը ըստ երևույթին, ունի բազմացեղային (պոլիֆիլետիկ) ծագում (ծաղկաբույլերի տարբեր տիպերից)։ Զամբյուղի պատյանը համարում են երկրորդային գոյացություն, որը ծագել է իրար մոտեցած և կարճացած ծաղկակոթերով տարբեր տիպերի ծաղկաբույլերի միջև փուխր պարենքիմի զարգացման հաշվին։ Նրա վրա պարուրաձև դասավորված են իրար կիպ կպած և ծայրամասից դեպի կենտրոն բացվող ծաղիկները։ Վերջինները շրջապատված են ամուլ ծաղկատերևներից բաղկացած ծածկոցով։ Զամբյուղումմ ծաղիկների թիվը 10-ից մինչև 1000 է։ Աստղածաղկազգիների տարբեր ցեղերի զամբյուղներում բոլոր ծաղիկները կամ միատեսակ են (լեզվակավոր), կամ ոչ միատեսակ և տարբերակված են ծայրայինների՝ զիգոմորֆների (կեղծ լեզվակավոր, ձագարաձև երկշուրթ), և միջնակաների՝ ակտինոմորֆների (խողովակավորներ)։ Բոլոր ծաղիկները (ներքին և ծայրային) կարող են լինել լեզվակավոր (խատուտիկ, եղերդակ) կամ խողովակավոր (ներքին ծաղիկների դեպքում), ծայրայինները կարող են լինել կեղծ լեզվակավոր (արևածաղիկ, օշինդր), ձագարաձև (տերեփուկ), երկշուրթ (հերբերա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։