Զալցկամերգուտ

Զալցկամերգուտ (գերմ.՝ Salzkammergut), պատմական մարզ Ավստրիայում, Զալցբուրգից արևելք: Գտնվում է Վերին Ավստրիայի (72 %) և Շտիրիայի (12 %) նահանգների տարածքում: Հարուստ է լճերով, լեռներով: Զբոսաշրջության հայտնի ուղղություն է: «Զալցկամերգուտ» անվանումը, որ բառացի նշանակում է «Աղի պալատի ունեցվածք», հիշատակումն է այն ժամանակների, երբ շրջակայքի աղի հանքերը շահագործվում էին Վիեննայի կայսրական իշխանության կողմից: 1997 թվականին Հալշտատ քաղաքը և Դախշտայն լեռն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և՛ բնական լանդշաֆտի բացառիկության, և՛ մարդկության զարգացման պատմության մեջ իրենց ավանդի համար. Զալցկամերգուտի աղի հանքերը շահագործվել են մ. թ. ա. 2-րդ հազարամյակից[1]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքի լանդշաֆտը նախորոշում է Տրաուն գետի համակարգը` իր 76 մեծ ու փոքր լճերով, շրջակա լեռներով, որոնցից են Դախշտայնը, Մեռած ու Անձավային լեռները: Զալցկամերգուտի հիմնական երեք լանդշաֆտներն են ալպյան նախալեռները, միջին լեռները և ալպյան բարձր լեռները` կրաքարից ձևավորված: Զալցկամերգուտը ձևավորվել է սառցադաշտից, որի հալված մասերից եղանակի տաքացման հետևանքով առաջացել են լճերն ու բարձրլեռնային ճահիճները: Կրաքարային լեռներում տարածված են քարանձավները, այդ թվում` Խիրլացը, որն ունի 96 կմ երկարություն:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զալցկամերգուտում հանդիպող մարդկային հնագույն մշակույթը վերաբերում է ուշ նեոլիթի շրջանին` մ. թ. ա. 3600-3300 թվականներին: Այդ շրջանին բնորոշ մոնձեյան մշակույթի ներկայացուցիչները կարողացել են տներ կառուցել ջրերի վրա և մշակել պղինձ: Լավ ուսումնասիրված է Հալշտատի հնագիտական մշակույթը (մ. թ. ա. 900-400): Հալշտատի անունով կոչված այդ մշակույթը լայնորեն տարածված է Ֆրանսիայի հյուսիսից մինչև Ալբանիա:
15-րդ դարի կեսերին աղի հանքերի շրջանը Հաբսբուրգների ենթակայության տակ են եղել[2]: «Զալցկամերգուտ» անունն առաջին անգամ հիշատակվել է 1656 թվականին: 18-19-րդ դարերում ավստրիական պետությունը իր ձեռքերում էր պահում աղի եկամտաբեր մենիշխանությունը` մշտապես տարածքում ծառահատումներ իրականացնելով, ինչն անհրաժեշտ էր հանքարդյունաբերությունում անհրաժեշտ վառելիքի համար: Տարածքի ժամանակակից սահմանները սահմանվել են միայն 20-րդ դարի կեսերին:
Լճեր ու քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զալցկամերգուտի տարածքի մեջ են մտնում տասը շրջաններ.
- Աուսզերլանդ
- Վոլֆհանգզե
- Ներքին Զալցկամերգուտ
- Տրաունզե
- Ատերզե
- Բադ-Իշլ
- Մանձե
- Ֆուքսզեե
- Ատերգաու
- Ալմտալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զալցկամերգուտ կատեգորիայում։ |
|